«ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԷԱՊԵՍ ՆՎԱԶԵՑՆԵԼ»
ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, տեխնիկական գիտությունների դոկտոր ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ հարցազրույցը ժամանակակից ռազմարվեստում նկատվող փոփոխությունների եւ արդի միտումների մասին է
ԱՐԿԱԴԻ ԵՐԵՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ ծնվել է Երևանում: Կրթությունը՝ բարձրագույն: Աշխատել է գիտահետազոտական ինստիտուտում, սպայական պաշտոններում ծառայել խորհրդային բանակի և Հայաստանի ԶՈՒ շարքերում: Եղել է ԽՍՀՄ ռազմավարական համակարգերի գլխավոր կոնստրուկտորների խորհրդի անդամ: Ավելի քան 240 գիտական աշխատությունների և հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ մի շարք մենագրությունների, որոնցից են երկհատոր «Հետախուզություն և հակահետախուզություն. հայկական հետք», քառահատոր «20-րդ դարի հայազգի ռազմական գիտնականներ, կոնստրուկտորներ, արդյունաբերողներ և փորձարարներ»: Այժմ աշխատում է «Ոչ ավանդական զենքի մշակման ծրագրային-նպատակային պլանավորումը և կառավարումը» և «Հատուկ ծառայությունների աշխատանքում օպերատիվ գործունեությունն ու կոնսպիրացիան արդի պայմաններում. Տեսություն և պրակտիկա. Գործնական ձեռնարկ» մենագրությունների վրա:
Հրթիռա-տիեզերական տեխնիկայի նախապատվելի նմուշների ստեղծմանն անմիջականորեն մասնակցելու համար երեք անգամ պարգևատրվել է ակադեմիկոս Վ.Ն.Չելոմեյի անվան մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա և յոթ թոռ:
-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ եզրակացություններ կարելի է անել վերջին տարիների ռազմական հակամարտությունների փորձը ուսումնասիրելիս. արդյոք փոխվե՞լ են ռազմավարական նպատակներին հասնելու միջոցները:
– 21-րդ դարում նկատելի է պատերազմի և խաղաղության միջև տարբերությունների վերացման միտում: Պատերազմներն արդեն չեն հայտարարվում, իսկ սկսվելով՝ ընթանում են ոչ սովորականի պես: Վերջին ռազմական հակամարտությունների փորձը վկայում է, որ միանգամայն բարեկեցիկ պետությունը հաշվված ամիսների և նույնիսկ օրերի ընթացքում կարող է վերածվել արյունալի զինված պայքարի ռազմաբեմի, դառնալ օտարերկրյա ներխուժման զոհ, ընկղմվել քաոսի, հումանիտար աղետի և քաղաքացիական պատերազմի հորձանուտը: Զոհերի թվով և ավերածությունների մասշտաբով, սոցիալական, տնտեսական և քաղաքական աղետալի հետևանքներով այդ նոր տեսակի հակամարտությունները համեմատելի են ամենաիսկական պատերազմի հետևանքների հետ:
Էապես փոխվել են նաև պատերազմի կանոնները: Մեծացել է քաղաքական ու ռազմավարական նպատակներին հասնելու ոչ ռազմական միջոցների դերը, որոնք մի շարք դեպքերում իրենց արդյունավետությամբ նշանակալիորեն գերազանցում են զենքի ուժը: Դիմակայության կիրառվող մեթոդներում շեշտը դրվում է քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, հումանիտար և այլ ոչ ռազմական միջոցների լայն կիրառման վրա, ինչը կատարվում է բնակչության բողոքավոր հատվածի ներուժի օգտագործմամբ: Այս ամենը լրացվում է ռազմական գաղտնի միջոցներով, այդ թվում՝ տեղեկատվական դիմակայության միջոցառումների և հատուկ գործողությունների իրականացմամբ:
– Այսինքն՝ ուժի գործադրման նշանակությունը նվազե՞լ է:
– Ուժի բացահայտ գործադրումը խաղաղարարական գործունեության և ճգնաժամային կառավարման տեսքով տեղի է ունենում հիմնականում հակամարտության մեջ վերջնական հաջողության հասնելու համար: Այստեղից օրինաչափորեն բխում են հարցեր՝ ի՞նչ է ժամանակակից պատերազմը, ինչի՞ն պետք է պատրաստել բանակը, ինչպե՞ս պետք է այն զինված լինի: Միայն այս հարցերին պատասխանելով է, որ մենք կկարողանանք երկարաժամկետ հեռանկարում որոշել զինված ուժերի շինարարության ու զարգացման ուղղությունը: Դրա համար պետք է հստակորեն պատկերացնել, թե դրանց կիրառման ի՞նչ ձևեր ու միջոցներ ենք օգտագործելու:
Ներկայումս ավանդականին զուգահեռ ներդրվում են ոչ ստանդարտ հնարքներ: Մեծանում է զորքերի միջզորատեսակային շարժունակ խմբավորումների դերը, որոնք գործում են հետախուզական-տեղեկատվական միասնական տարածությունում՝ շնորհիվ այն բանի, որ օգտագործվում են զինված ուժերի, սպառազինության, մարտական գործողությունների և ապահովման կառավարման շարժունակ ավտոմատացված համակարգեր, ժամանակի իրական մասշտաբում բազմաթիվ տարբերակների հաշվառմամբ լիամասշտաբ մոդելավորվում են մարտական գործողությունների սցենարները՝ հակառակորդի ուժերի ազդեցությունը չեզոքացնելու միջոցով սեփական կորուստները հասցնելով նվազագույնի:
– Փաստորեն, ռազմական գործողությունները դառնում են ավելի դինամիկ:
– Այո՛, ավելի ակտիվ և արդյունավետ: Վերանում են մարտավարական և օպերատիվ դադարները, որոնցից կարող էր օգտվել հակառակորդը: Տեղեկատվական նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս նշանակալիորեն կրճատել զորքերի և կառավարման մարմինների միջև եղած տարածական, ժամանակային և տեղեկատվական հեռավորությունը: Ռազմավարական և օպերատիվ մակարդակում զորքերի (ուժերի) խոշոր խմբավորումների ճակատային բախումն աստիճանաբար մնում է անցյալում: Առանց հակառակորդի հետ անմիջական շփման, հեռահար ազդեցությունը դառնում է մարտի և ռազմագործողությունների ընթացքի վրա ազդելու առաջնային միջոց։ Վերանում են տարբերությունները ռազմավարական, օպերատիվ և մարտավարական մակարդակների, հարձակողական և պաշտպանական գործողությունների միջև: Գերճշգրիտ զենքի կիրառումը կրում է զանգվածային բնույթ: Ռազմական գործում ակտիվորեն ներդրվում են ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված սպառազինությունն ու ռոբոտացված համակարգերը: Լայն տարածում են ստացել ասիմետրիկ գործողությունները, որոնք թույլ են տալիս չեզոքացնելու հակառակորդի գերազանցությունը զինված պայքարում: Ասիմետրիկ գործողությունների թվին են պատկանում հատուկ նշանակության ուժերի և երկրի ներքին ընդդիմության օգտագործումը հակառակորդ պետության ամբողջ տարածքում մշտապես գործող ռազմաճակատ ստեղծելու համար, ինչպես նաև տեղեկատվական ազդեցությունը, որի ձևերն ու միջոցները մշտապես կատարելագործվում են: Կատարվող փոփոխություններն իրենց արտացոլումն են գտնում աշխարհի առաջատար պետությունների հայեցակարգերում և իրականում փորձարկվում են ժամանակակից հակամարտություններում:
– Ձեր նշած փոփոխություններն անխուսափելիորեն նոր պահանջներ են ներկայացնում ռազմական կրթությանը:
– Անշուշտ: Այսօր կտրուկ մեծացել են այն պահանջները, որոնք ներկայացվում են ԶՈՒ սպայական կազմին և, համապատասխանաբար, ռազմական բուհում տրվող կրթության մակարդակի գլխավոր չափորոշիչներին:
Սովորաբար բուհերը գնահատվում են հետևյալ ցուցանիշներով. քանի՞ տարեկան է բուհը, լաբորատոր և փորձադաշտային ի՞նչ բազա ունի, դասախոսական կազմից քանի՞ մարդ ունի գիտական կոչում և գիտական աստիճան, գործո՞ւմ են արդյոք ռազմական մասնագիտությունների գծով ատենախոսական խորհուրդներ, տարեկան քանի՞ դոկտորական և քանի՞ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանվում, հիմնարար և կիրառական ի՞նչ հետազոտություններ են կատարվում, գիտական ի՞նչ աշխատանքներ, մենագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, հոդվածներ են մշակված և հրատարակված, գիտական ի՞նչ կոնֆերանսներ են կազմակերպված և անցկացված, կա՞ն արդյոք գյուտեր և ռացիոնալիզատորական առաջարկություններ, ինչպիսի՞ն է պատենտային-արտոնագրային աշխատանքի վիճակը:
Ռազմական գիտության և ռազմական բուհերի կայացմանը պետք է նպաստի պաշտպանության նախարարության ռազմական (շեշտում եմ) գիտահետազոտական ինստիտուտը, որպիսին, չգիտես ինչու, ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչ օրս չունի՝ ի թիվս այլ կառույցների: Ոչինչ այնքան հեշտությամբ չի ստեղծվում և այնքան թանկ չի արժենում, ինչքան անարդյունավետ կառույցների ստեղծումը: Բուհում գիտական աշխատանքների անքակտելի մասը պետք է կազմեն ռազմական կրթության համակարգի կատարելագործման հիմնախնդիրների հետազոտությունները, որոնք տարեցտարի ավելի արդիական են դառնում: Առանցքային հարցերից են ապագա կուրսանտների ընտրությունն ու նրանց ուսումնառության մեթոդիկան:
– Ի՞նչ տեսանկյունից պետք է մոտենալ մատնանշված հարցերին:
– Ինչպես հայտնի է, մարդու բնավորությունը մեծապես կախված է այն բանից, թե նրա ուղեղի որ կիսագունդն է ավելի ակտիվ: Չէ՞ որ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում միևնույն իրավիճակին: Մեկը չի կոտրվում ճակատագրի հարվածներից, իսկ մյուսը կարող է ինչ-որ մի չնչին բանից հայտնվել ընկճախտի մեջ: Մի շարք հրաշալի հատկությունների համար, ինչպիսիք են կյանքից հաճույք ստանալու կարողությունը, լավատեսությունը, առույգությունը, հույսը, պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը: Իսկ աջը՝ տխրության, հիասթափության և ափսոսանքի: Ուստի, բոլոր հոռետեսների, թերահավատների և ինքնասպանների ուղեղի աջ կիսագունդն ավելի զարգացած է, իսկ լավատեսների՝ ձախը: Վերջիններս կազմում են մարդկանց 30%-ը: Այսինքն՝ սկզբունքորեն ամեն մեկը չէ, որ կարող է սպա դառնալ: Գեները կանխորոշում են ոչ միայն հիվանդությունները, այլև բնավորությունն ու շնորհները: Արդեն ապացուցված է, որ որոշակի տաղանդի հանդեպ հակվածությունը կախված է գեների որոշակի համախմբից: Ի դեպ՝ մշակված է գենետիկական թեստ, որը որոշում է ունակությունների և տաղանդի առկայությունը: Ժառանգական հիվանդությունների ախտորոշման և մարդու հակումների ու ընդունակությունների բացահայտման համար կարելի է օգտագործել «Մալախիտ» ապարատային-ծրագրային համալիրը, որի կիրառումը նպատակահարմար է նախևառաջ այն ժամանակ, երբ սխալը կարող է թանկ արժենալ։ Օրինակ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար կադրեր ընտրելիս:
Մարդու անհատականության որոշ կողմեր, ինչպիսիք են բարեհոգությունը, դյուրահավատությունը, բռնկունությունը պայմանավորված են նրա ժառանգած գեներով և կարող են որոշվել աչքի ցանցաթաղանթի վերլուծությամբ: Ուստի, այս կամ այն կարևոր գործի համար մարդկանց ընտրելիս այդ կարգի հետազոտությունները պարզապես անհրաժեշտ են:
– Իսկ ի՞նչը պետք է փոխել դասավանդման մեթոդիկայում:
– Պետք է հաշվի առնել, որ մարդու հիշողությունը կարող է լինել մոտորացված, ասոցիատիվ, վերլուծական: Ըստ այդմ էլ նյութը պետք է տարբեր կուրսանտներին դասավանդվի տարբեր կերպ: Այսինքն՝ նրանց պետք է ճիշտ ուսուցանել: Այդ ժամանակ էլ կարձանագրվի բարձր արդյունք:
– Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի զինված ուժերում խաղաղ ժամանակ մարտական կորուստների հիմնական պատճառները:
-Մարտական կորուստների պատճառ կարող են լինել՝ մարտական դիրքերի ընտրության, դիրքերի ինժեներական կահավորման, ինժեներական արգելափակոցների տեղադրման և դրանց քողարկման գործում թույլ տրված սխալները, ականապատված տարածքների՝ համապատասխան ձևով նշված չլինելը, հակառակորդի կրակադիրքերի ճշգրիտ հայտնաբերման համար տեխնիկական միջոցների բացակայությունը, այդ թվում՝ նշանառուների կրակադիրքերը և նրանց ժամանակին չվնասազերծելը, արգելափակոցային տեսակի մարտական դիրքերի ապահովման նպատակով դիտարկման, հայտնաբերման և պահպանման ազդանշանային ստացիոնար համակարգերի բացակայությունը, զորային (մարտավարական) հետախուզության թույլ աշխատանքը, անձնակազմի՝ մարտական հերթապահություն իրականացնելու ցածր մակարդակը, պատասխան գործողությունների դեպքում՝ անհաջող ընտրված ռազմավարությունը: Մարտական կորուստները լիովին բացառել անհնար է, բայց կարելի է էապես նվազեցնել:
– Ի՞նչ կասեք ոչ մարտական կորուստների մասին:
– Անձնակազմի ոչ մարտական կորուստների պատճառ կարող են լինել՝ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովների՝ զորակոչիկների շրջանում մանրակրկիտ բուժհետազոտման անարդյունավետ կազմակերպումը (այդ թվում՝ բազմատեսակ զեղծարարությունները), անձնակազմին մատուցվող բժշկական ծառայության անբավարար մակարդակը, արձակուրդում գտնվող զինծառայողի պատահական մահը, խախտումները զորքերի ծառայության կազմակերպման գործում, տարատեսակ աշխատանքների կազմակերպման և կատարման ընթացքում անվտանգության պահանջների խախտումները, զինամթերքի ցածր որակը, հաղորդակցության ուղիների, տեխնիկական փոխադրամիջոցների և վարորդների պատրաստության անբավարար լինելը, հնարավոր արտակարգ պատահարները կանխող տեղեկատվության բացակայությունը և այլն:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ռազմական