ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ
ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անմիջապես ուշադրությունդ գրավում են պատվո տախտակին փակցված գերազանցիկ կուրսանտների լուսանկարները: Նրանք իրենց առաջադիմությամբ, գիտելիքներով շարունակում են բարձր պահել ուսումնական հաստատության հեղինակությունը, պատիվն ու բարի համբավը: Ինստիտուտի 20-ամյակի կապակցությամբ զրուցեցինք գերազանցիկ կուրսանտներից մի քանիսի հետ:
Արտեմ Շահազիզյանը 2006թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադարձավ հայրենիք: Դպրոցն ավարտելուց հետո որոշեց ընդունվել ռազմական ավիացիոն ինստիտուտ: Արդեն չորս տարի է` յուրացնում է ուղղաթիռի տեխնիկի մասնագիտությունը. «Փոքր ժամանակ միշտ կոնստրուկտորի տուփ էի նվեր ստանում: Սիրում էի կոնստրուկտորով ուղղաթիռ պատրաստել: Ոչ ոք չէր կասկածում, որ ապագայում ուղղաթիռների հետ եմ գործ ունենալու: Մեր ընտանիքում զինվորականներ չկան, ես առաջինն եմ: Իմ պարտականությունն է տեխնիկան մշտապես պահել սարքին, մարտունակ վիճակում: Կարեւորում եմ գործս, քանի որ ընկերներիս անվտանգ թռիչքի համար ես էլ եմ պատասխանատու լինելու: Զինվորականը պետք է սիրի իր զենքը. իմ զենքն էլ մարտունակ ուղղաթիռն է: Հիշում եմ` 2009 թ. ձմեռը, երբ առաջին անգամ գնացինք պրակտիկայի: Այդ օրը ես վերջապես մոտիկից տեսա ռազմական ուղղաթիռը: Ուղղակի անհնար է նկարագրել, թե ինչ ուրախություն ապրեցի. կարծես տարիներ սպասված ընկերոջս էի հանդիպել: Մոտիկից տեսա այն, ինչի մասին վարպետորեն, հետաքրքիր ու մանրամասն պատմում էին բանիմաց ու փորձառու մեր դասախոսները: Ուղղաթիռի ամենակարեւոր մասը, իհարկե, շարժիչն է, որի անխափան աշխատանքը ապահովում է անվտանգ թռիչք, մեր ինստիտուտի շարժիչ ուժն էլ բարեխիղճ, կրթված, իրենց առաքելությունը հասկացող կուրսանտներն են, որոնք, վաղը ծառայության անցնելով զինված ուժերում, որակապես հզոր օդուժի մասնիկն են դառնալու»:
Արթուր Խուդիյանին հանդիպեցինք վարժասրահում: Նա 18 կգ 300 գրամ կշռող «Ասեղ» ուսումնական վարժասարքով (դյուրակիր զենիթահրթիռային «Իգլա» համալիր 9K38) փորձում էր խոցել պայմանական թիրախները: Ամեն անգամ մոնիտորին հայտնվում էր նույն հաղորդագրությունը. «Վարժությունը ավարտված է: Նպատակակետը խոցված է ձեռքի ռեժիմով: Գնահատականը` 5»: Արթուրը նշում է, որ այս համալիրը օդաչուների սարսափն է, իսկ դասախոսն ընդգծում է, որ Արթուրը վարժասարքով կրակելիս միշտ խոցում է թիրախները, ինչը նշանակում է, որ իրականում էլ վրիպումը բացառվում է: Կուրսանտը բարձրաձայնում է գերազանց արդյունքի իր գաղտնիքը. «Համապատասխան կոճակը սեղմելուց առաջ դու պետք է մտովի խոցես թիրախը. մտքի արագությունը կարեւոր է: Եթե հայրենասեր ես ու անգամ տեխնիկան շահագործել չգիտես, վտանգի պահին մի բան կանես ու հաստատ հակառակորդին կվնասես»:
Բացարձակ գերազանցիկ կուրսանտը մասնագիտանում է մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործման գծով: Արթուրն ուզում էր անպայման զինվորական դառնալ, ուստի, երբ առաջին տարին չընդունվեց, չնահանջեց. «Ծնողներս փախստականներ են. 1987թ. Վարդաշենից (քաղաք է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիսային մասում, Օղուզի շրջանի վարչական կենտրոնը) բռնագաղթել են Նոյեմբերյան: Ժամանակին նրանք լավ են ապրել ու հիմա հաճախ են կարոտով դիտում կորուսյալ հայրենիքից արված տեսաձայնագրությունները: Ես միշտ ցանկացել եմ, որ ծնողներս հաղթահարեն իրենց ընկճվածությունը, եւ մտածել եմ, որ զինվորական որդի ունենալը նրանց կոգեւորի: Ուզում էի ուսանել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, բայց աշխարհագրության ուսուցչիս խորհրդին հետեւելով՝ ընդունվեցի Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ: Կարեւորը ինձ համար հակառակորդին վնաս հասցնելն է եւ կարեւոր չէ՝ ուղղաթիռով կլինի, թե ինքնաթիռով, կամ հրթիռով` ոչ մի տարբերություն: Եթե հակառակորդը հասել է քո տարածք, ուրեմն՝ եկել է ընտանիքդ, դպրոցդ կամ մանկապարտեզդ վնասելու»:
Արթուրը վստահ է, որ իր խմբի կուրսանտները կծառայեն պատվով. «Մենք նույն ոգին ունենք, որը տարբեր ֆիզիկական մարմիններում է, եւ մեզանից ոչ մեկը առավել կամ պակաս հայրենասեր չէ: Բոլորս էլ նվիրված ենք մեր գործին, բայց, միեւնույն ժամանակ, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում»:
Երանոս Ալեքսանյանը մասնագիտությամբ կապավոր է, ընդգծում է` զինված ուժերը անհնարին է պատկերացնել առանց կապի միջոցների. «Կապը բանակի արյունատար համակարգն է: Բանակում չկա մի օղակ, որ կարող է գործել առանց կապի` անհատ հետախույզից մինչեւ ստորաբաժանում: Առանց կապի պատերազմում պարտված ես»: Քաղաքացիական կյանքում էլ Երանոսը ձգտում է տեղեկացված լինել, օգտագործում է տարբեր միջոցներ, անկեղծանում է` հեռախոսով խոսել չի սիրում:
Կուրսանտը նշում է, որ ինստիտուտում ձեռք է բերել հասուն մտածելակերպ, խոսելաձև ու գործելակերպ, սովորել է ղեկավարել զգացմունքներն ու մտքերը. «4 տարի առաջ՝ օգոստոսի 10-ին, առաջին անգամ ոտք դրեցի ինստիտուտ՝ որպես կուրսանտ: Հիշում եմ՝ ինչպես ինստիտուտի պետը` գնդապետ Բալայանը, զրուցեց ծնողներիս հետ եւ հորդորեց հանգիստ լինել, ինչպես երեկոյան ստացանք զինվորական համազգեստն ու զգեստափոխվելուց հետո յուրաքանչյուրս իր հերթին դիմացինից հարցնում էր` սազո՞ւմ է, ինչպես էին առաջին ֆիզպատրաստության դասընթացից հետո անսովորության պատճառով ոտքերս ծանրացել ու ցավում… Ծառայությունը կոփում է հոգեվիճակդ, առողջությունդ ու բնավորությունդ. եթե ես նախկինում մի քիչ ձգտող էի, այստեղ լիարժեք ձգտող եմ դարձել, եթե քաղաքացիական կյանքում ինչ-որ գործ անելուց կարեւորում էի միայն արդյունքը, հիմա արժեւորում եմ նաեւ ընթացքը»:
Երանոսը շնորհավորեց ինստիտուտի դասախոսական, սպայական կազմին եւ բարեմաղթեց բոլոր նախաձեռնությունները կյանքի կոչելու ներուժ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ