Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՆՉԵՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ…



♦ «Foreign Policy». «Ադրբեջանը կազմաքանդվող պետություն է»:
♦ Ինչո՞ւ Ալիեւը վռնդեց իր «գլխավոր ստրատեգին»:
♦ Ադրբեջանի բնակչությունը հոգեբանորեն պատրաստ չէ պատերազմի:

ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը գրում է, որ արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխությունների ալիքը կարող է հասնել Ադրբեջան, որտեղ իրավիճակը շատ դեպքերում նույնիսկ ավելի վատ է, քան նշված երկրներում: Խոսքը բռնատիրության դաժան դրսեւորումների, կոռուպցիայի ահռելի չափերի, սոցիալական խնդիրների սրության մասին է: Ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը Ադրբեջանը նույնպես ներառել է այն երկրների ցանկում, որտեղ հեղափոխություն է սպասվում:
Այս կանխատեսումներն ունեն գիտական հիմք: «Foreign Policy» հանդեսի մասնագետները մանրակրկիտ եւ բազմակողմանի հետազոտության արդյունքում աշխարհի 177 երկրներն ամեն տարի դասակարգում են ըստ կայունության եւ կազմաքանդվելու հավանականության: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնող պետությունը ամենաանկայունն է, ամենավերջինը` ամենակայունը: 2008թ. Ադրբեջանն այդ ցուցակում զբաղեցրել է 64-րդ տեղը, 2009թ.` 56-58-րդը, 2010-ին` 55-րդը (Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Հայաստանը ցուցակում 111-րդն էր): Ակնհայտ է, որ վերջին տարիներին Ադրբեջանն այդ ցուցակում տեղաշարժվում է վերեւ, այսինքն` դեպի անկայունություն. պետականության հիմքերը խարխլվում են:
Նշենք պետության կազմաքանդմանը նպաստող մի քանի գործոն.
ա) երկրում տնտեսական զարգացման անհամասեռությունն ըստ տարածքի եւ բնակչության սոցիալական կազմի, այսինքն` երկրի տարբեր շրջանների ու սոցիալական տարբեր խավերի տնտեսական զարգացման աստիճանի ու կենսամակարդակի տարբերությունը: Այս ցուցանիշի (նաեւ մյուսների) առավելագույն արժեքը 10 միավոր է, որը համապատասխանում է անհամասեռության ամենամեծ աստիճանին: 2010թ. Ադրբեջանի գնահատականն էր 7.3-ը:
բ) պետության մեջ տարբեր խմբերի` կլանների ազդեցության աստիճանը. 2010թ. Ադրբեջանի գնահատականը` 7.9 միավոր: Սա նշանակում է, որ իշխանությունը գործնականում պատկանում է կլաններին, իսկ ժողովուրդն ու ազգային փոքրամասնությունները զրկված են դրանից:
գ) պետական անվտանգության ապարատի ազդեցության աստիճանը. Ադրբեջանում` 7.3 միավոր: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոստիկանական պետություն է:
դ) բնակչության մեջ իշխանությունից դժգոհների եւ նրա նկատմամբ վրեժխնդրությամբ համակվածների քանակը. Ադրբեջանում` 7.9 միավոր: Այդ մարդկանց թվում են, մասնավորապես, հարկադիր տեղահանվածները եւ բնական աղետներից տուժածները, որոնց մեջ շատ են գործազուրկները, աղքատները, անտունները, չինովնիկների կամայականությունների զոհերը: Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անում Ադրբեջանում:
ե) իշխանական կառույցների քրեականացման աստիճանը, որը վերջին տարիներին Ադրբեջանում աճելու միտում ունի. 2007թ.` 7.8 միավոր, 2008թ.` 8.1 միավոր, 2009թ.` 8.2 միավոր, 2010թ.` 8 միավոր (քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով, անցյալ տարի այդ ցուցանիշի` 0.2 միավորով նվազելը պայմանավորված էր խորհրդարանական ընտրություններով):
զ) երկրի ներքին գործերին այլ պետությունների կամ քաղաքական սուբյեկտների միջամտության աստիճանը, որը նույնպես վերջին տարիներին Ադրբեջանում աճելու միտում ունի. 2007թ.` 6.5 միավոր, 2008թ.` 6.5, 2009թ.` 7, 2010թ.` 7.4: Սա նշանակում է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեծապես ենթակա է արտաքին ճնշումներին, որոնք տարեցտարի մեծանում են (http://voskanapat.info/news/s_ ilkhamom_v_tartarary/2010-07-31-656):
Այսպիսով, հեղափոխության վտանգն Ադրբեջանում իրական է, եւ զարմանալի չէ, որ Ալիեւի վարչակարգը խուճապի մեջ է:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ Է ԵԿԵԼ

Խուճապի վկայություններից մեկը, ըստ անկախ վերլուծաբանների, Եգիպտոսում կատարված հեղափոխությունից անմիջապես հետո Ադրբեջանում կոռուպցիայի դեմ սկսված լայնածավալ «պայքարն» է. կաշառակերության մեղադրանքով ձերբակալվում են տասնյակ պաշտոնյաներ, աշխատանքից ազատվում հարյուրավորները, կատարվում են կադրային փոփոխություններ, պետական հիմնարկների կոլեկտիվների ժողովներ` կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով: Իհարկե, «խոշոր շնաձկներին» ոչ ոք չի անհանգստացնում, եւ հենց սա էլ վերլուծաբաններին հիմք է տալիս եզրակացնելու, որ կաշառակերների դեմ ծավալած կամպանիան ժողովրդի աչքին «թոզ փչելու», նրա դժգոհությունը մեղմելու նպատակ է միայն հետապնդում:
Իշխանական վերնախավում խուճապի մյուս վկայությունն է այն, որ իշխանությունը առգրավում է բնակչության արբանյակային ալեհավաքները (դրանք, իբր, փչացնում են շենքերի արտաքին տեսքը), մենաշնորհ հաստատում մալուխային լրատվամիջոցների նկատմամբ, այլ կերպ ասած` փորձում սահմանափակել տեղեկատվության ազատությունը:
Բացի դրանից, Ադրբեջանի իշխանությունը, ըստ «Ենի մուսավաթ» թերթի տեղեկությունների, փորձում է հանրահայտ «Wikileaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժից գնել Ադրբեջանին վարկաբեկող բոլոր դիվանագիտական փաստաթղթերը, որոնք նրա տրամադրության տակ են: Ըստ թերթի` Ալիեւի հանձնակատարներն առնվազն երկու հանդիպում են ունեցել Ասանժի փաստաբանի հետ: Սա նշանակում է, նախ, որ արդեն իսկ հրապարակված փաստաթղթերը լուրջ վնաս են հասցրել Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը: Երկրորդ՝ դեռեւս չհրապարակված փաստաթղթերը այնպիսի տեղեկություն են պարունակում, որի հրապարակումից Ադրբեջանի իշխանությունը վախենում է:
Վերջապես՝ ուշագրավ հանգամանք. փետրվարի 16-ին Ալիեւի հրամանով առանց մեկնաբանության աշխատանքից ազատվեց Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Նուրիեւը: Պատճառը կարելի է միայն ենթադրել: Ըստ ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի` Նուրիեւը, իբր, երկրում ժողովրդավարական բարեփոխումների կողմնակից է եղել, եւ նրան աշխատանքից ազատել են իր «այլախոհության» համար:
Սա քիչ է հավանական. հազիվ թե իշխանական կերակրամանից օգտվող եւ նախագահի վստահությունը վայելող անձը, որի վերլուծական զեկուցագրերի հիման վրա երկրի բարձրագույն ղեկավարությունը քաղաքական որոշումներ է ընդունում, իշխանության դեմ դուրս գար: Թերեւս, ավելի հավանական է այն, որ Ալիեւը իր «գլխավոր ստրատեգին» աշխատանքից ազատել է աշխարհաքաղաքական զարգացումները (հեղափոխություններ արաբական երկրներում) եւ երկրին սպառնացող մարտահրավերները («հեղափոխական իրադրություն» Ադրբեջանում) ժամանակին չկանխատեսելու համար, ինչի հետեւանքով Ալիեւի իշխանությունը հանկարծակիի է եկել:

ԽՈՒՃԱՊԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Տագնապի մեջ է նաեւ ադրբեջանական հասարակությունը: Պատճառը ահաբեկչության սպառնալիքն է: Փետրվարի 7-ին պայթեցվեց Բաքվից 230կմ հարավ գտնվող Մասալայի շրջանի ավտոմատ հեռախոսակայանը, ինչի հետեւանքով փլվեց քառահարկ շենքի մի մասը, զոհվեց 2, վիրավորվեց 4 մարդ, 24500 բաժանորդ զրկվեց հեռախոսակապից:
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը երկու անգամ (!) հայտարարեց, որ ահաբեկչության սպառնալիքի պատճառով ԱՄՆ քաղաքացիների ներկայությունն Ադրբեջանում ցանկալի չէ, եւ մոտ 20 ամերիկացի գործարարներ ընտանիքներով մեկնեցին երկրից: Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան էլ հայտարարեց. «Եթե մենք երկրորդ անգամ ենք նախազգուշացրել ահաբեկչական սպառնալիքի մասին, նշանակում է, որ հարցը շատ լուրջ է»: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մամուլի քարտուղարն ընդունել է, որ ահաբեկչության սպառնալիքն իրական է:
Անցյալ շաբաթ պայթյուններ եղան նաեւ Բաքվի ռեստորաններից մեկում, «Շիրվան» անունով նավի վրա, զոհվեց մեկ, վիրավորվեց երկու մարդ: Այժմ մետրո մտնելիս Ադրբեջանի քաղաքացիները մանրամասն ենթարկվում են խուզարկության:
Ակնհայտ է, որ եթե Ադրբեջանի անվտանգության մարմինները չեն կարող ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը, ապա առավել եւս` հասարակ ադրբեջանցիներինը: Այս օրերին Ադրբեջանի բնակչությունը տագնապի մեջ է, եւ կան զանգվածային խուճապի նախադրյալներ:
Սա նշանակում է, որ ադրբեջանական հասարակությունը, մեղմ ասած, պատրաստ չէ պատերազմի, եւ եթե Ալիեւը, այնուամենայնիվ, արկածախնդրության դիմի, ապա Ադրբեջանի ԶՈՒ առաջին իսկ պարտության դեպքում ամբողջ երկիրը կհուսալքվի:
Այս պայմաններում Բաքվի իշխանությունը դարձյալ դիմում է հուսահատ քայլերի` սեփական ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու եւ նրա ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու համար: Այդպիսի մի հուսահատ քայլ էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում փետրվարի 17-ին հակառակորդի նախաձեռնած դիվերսիոն փորձը: Իսկ թշնամու փախուստը հերթական անգամ ցույց տվեց, որ բավական է հայերն անցնեն հակահարձակման, եւ թշնամին նորից կփախչի:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Ռազմաքաղաքական


03/03/2011