Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ



Արցախյան պատերազմն ի հայտ բերեց բազմաթիվ հերոսների ու դրա հետ մեկտեղ` հերոսածին մայրերի: Կանայք, որոնց կյանքը իրենց զավակներին կորցնելուց հետո հերոսության շարունակական դաս է: Կանայք, որոնք իրենց տոկունությամբ ու ոգու արիությամբ կրթում են իրենց որդիների հերոսացմանը արժանի հետնորդների:

Արցախյան պատերազմը հայոց մեջ վերահաստատեց կին-ազատամարտիկի ֆենոմենը: Այն կնոջ, որ պատերազմ է անցել հայ տղամարդու կողքին՝ ուս ուսի: Կնոջ, որի ներկայությունը միայն բավական է, որ տղամարդը հանուն հայրենիքի զենք վերցնի:

Արցախյան պատերազմի արդյունքում մեր կյանք, մեր կենցաղ մտավ զինվորական համազգեստով կնոջ կերպարը, որ պատվով ծառայում է ազգային բանակում: Անվիճելի է նրա դրական ազդեցությունը ԶՈՒ շարքերում. յուրաքանչյուր տղամարդ ձգտում է բարձրանալ կնոջ աչքում ամեն պահի եւ ամենուր: Որքան եւս առավել` բանակում:

Կանայք իրենց բնույթով հանդարտ են, բարեխիղճ, ջանասեր, զուտ կանացիորեն դիմացկուն, եւ նրանց ազնվացնող ներկայությունն անհրաժեշտ է բանակին:

Արցախյան պատերազմը հայ աղջիկներին եւ երիտասարդ կանանց սովորեցրեց երախտագիտությամբ վերաբերվելու երկրի արական բնակչությանը, որը կանգնած է ամուր իրենց պատվի եւ ապագա զավակների պաշտպանության դիրքերում: Ըստ էության` հայ աղջիկները սովորեցին տղամարդուն գնահատել իրական չափանիշներով: Այլ կերպ ասած` Արցախյան պատերազմը դաստիարակեց հայրենասեր մայրերի մի սերունդ, որոնք, մեծն Նժդեհի խոսքով ասած, Հայրենիքի հանդեպ սեր եւ նվիրում պետք է ներշնչեն իրենց որդիներին ու նրանցով էլ պիտի ճանաչվեն ու գնահատվեն:

Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք ազատամարտիկների մայրերին, քույրերին ու դուստրերին, կին ազատամարտիկներին, կին զինծառայողներին եւ բոլոր հայրենասեր կանանց, մաղթում նրանց սեր, երջանկություն, տոկունություն եւ արիություն:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #13 (980) 4.04.2013 – 10.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/04/2013