Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ



(վեպ-ռեքվիեմ)

Սկիզբը՝ նախորդ համարում

Ես կարծում եմ` դա անգամ հիվանդություն չէ: Պատիժ է` ի վերուստ մարդուն Աստծուց ուղարկված իր աններելի վարքի համար… Միրըղ Մուզաֆֆարի տնից քիչ ներքև Կաբան Ղուլամի տունն է: Տեսնո՞ւմ ես, թե ինչ վիճակում է նրա թոռը: Բարձրանում է ցանկապատի վրա և այնտեղից անցորդների վրա քարեր նետում: Հիմա, տե՛ս, թե ինչ է կատարվում մյուս տներում, որոնք ջարդերի ժամանակ նույնպես հայերից են զավթվել: Բեյազի որդի Գաֆիլն արտաքուստ կարգին մարդ է թվում, բայց նա էլ է շիզիկ: Օրերս փողոցում ճանապարհս կտրեց և մի ամբողջ ժամ պատմեց, թե Մուհամմեդը սև ձիու վրա համբառնալով` ինչպես է Սինա լեռան վրա հանդիպել Ալլահին:

Լավ, թողնենք հոգեկաններին: Ոչ մի մարդ Այլիսում, որ այն ժամանակ հայերի հանդեպ բռնությունների միջոցով մտադիր է եղել բարեփոխել իր կյանքը, մինչև հիմա հանգիստ չունի: Ինքդ ես լսում, թե ինչպես են ամեն երեկո գոռգոռում ու հայհոյում մահտեսի Ալեքսանի տունը զավթած Գազանֆարի երկու որդիները: Այդ եղբայրները պատրաստ են իրար կոկորդ կրծել: Ահա այսպես են զավակները պատիժ կրում իրենց ծնողների գործած մեղքերի համար: Նրանց հոգիները, որոնց մենք տանջամահ ենք արել, մեզ թույլ չեն տալու հանգիստ ապրել: Ահա մսագործ Մամեդաղան. փողոցում դաշույնով մորթել է Մկրտիչ քահանայի աղջկան: Ես նրան ծեր ժամանակ չեմ տեսել: Միայն Բաքու գնացածներից լսել եմ, որ շան նման սատկել է: Սկզբում լրիվ կուրացել է, հետո կաթվածահար եղել` բերանը ծռմռվել է մինչև ականջները: Էլ չասած` ահավոր տառապանքներ է կրել փորկապությունից: Երբ նա կքում էր զուգարանում, աղաղակները Զանգեզուր էին հասնում: Հիմա էլ ցանկացած մարդ պատրաստ է թքել նրա գերեզմանին: Մի խոսքով, երիտասա՛րդ, ես արդեն չեմ հավատում, որ երբևէ այստեղ լավ ժամանակներ կգան: Եվ տեսնում եմ, որ իրենք` այլիսցիներն էլ դրան չեն հավատում:

♦♦♦

Գուլիի տնից քիչ հեռանալուց հետո բժիշկ Աբասալիևը բաց արեց առաջինը պատահած դռնակը և բակ մտավ:

Տանտիրուհին` պառավ Նուբարը, նստել էր պատշգամբում և, բուրդ գզելով, բարձրաձայն խոսում էր ինքն իր հետ: Տեսնելով հյուրերին` նա ամբողջ հոգով ուրախացավ:

– Նե՛րս եկեք, նե՛րս եկեք,- ողջունեց նրանց,- բարով եք եկել: Էդ ինչպե՞ս հանկարծ ինձ հիշեցիր, դոխտո՛ւր1: Ասում են` արդեն մի ամիս է` էստեղ ես, իսկ ես առաջին անգամ եմ տեսնում:

– Իսկ ո՞վ է մեղավոր: Տնից դո՞ւրս ես գալիս, որ հնարավոր լինի քեզ տեսնել:- Բժիշկ Աբասալիևը հայացքով զննեց բակը.- Փա՛ռք Աստծո, քո բակը գեղեցիկ է: Ջուրն էլ կարծես բավարարում է:

– Թող Տերը քեզ էլ ամեն ինչով ուրախացնի, Զուլֆի՛ գարդաշ2: Դեռ ուժս տեղն է, հետևում եմ տնտեսությանս: Ջուրն էլ, մեր բախտից, այս տարի բավականացնում է: Անցյալ տարվանից շատ ավելի լավ է: Հենց հիմա ինքնաեռը կվառեմ ու ձեզ թեյ կտամ:

-Մի՛ անհանգստացիր, մենք հիմա գնում ենք: Մի րոպեով մտա, տեսնեմ՝ ինչպե՞ս ես ապրում: Դու դեռ մենա՞կ ես, ի՞նչ է:

– Մենակ եմ, դոխտուր, մենակ,- խեղճացած ասաց ծեր Նուբարը:- Դուստրերիցս մեկին կորցրի դեռ աղջիկ ժամանակ: Սիրահարվեց մի խարդախ սրիկայի, հետո էլ հիմարաբար իր վրա նավթ լցրեց, վառեց: Մյուս երկու դուստրերիս հեռու եմ ամուսնացրել: Որդիս էլ հենց գնաց ռուսի հետ ամուսնացավ, հետքն էլ չի երևում:

– Իսկ դու հիշո՞ւմ ես այս տանն ապրած հային:

Պառավ Նուբարը զարմացավ.

– Է՜, հա՛, Առաքելն էր, ինձանից լավ գիտես: Կարծես երեկ լիներ` ինչպես նրա կին Եղսին ժայռից նետվեց: Ինչքա՛ն էլ սիրուն էր: Հիշո՞ւմ ես` ոնց էր հարսանիքներին երգում: Ե՛վ իրենց, և՛ մեր` մահմեդականներիս… Անիծվեր Էդիֆ բեյը: Երբ նրա բանակը Այլիս եկավ, դժբախտ Եղսին անմիջապես խելքը թռցրեց: Դու իհարկե հիշում ես` ամեն օր, երբ արևը մայր էր մտնում, նա արդեն Խշկաշենում3 էր լինում, այնտեղ ժայռի վրա էր բարձրանում ու արտասվելով բարձրաձայն երգում.

«Էդի՛ֆ բեյ, մեզ մի՛ ծեծիր, մի՛ ծեծիր մեզ,

Այլիսի ծաղիկն ենք մենք, գթա մեզ, խղճա դու մեզ»:

-Իսկ Առաքելին ո՞վ սպանեց այս տանը,- անվստահ հարցրեց բժիշկ Աբասալիևը:

-Առաքելին տանը չսպանեցին, դոխտուր,- զարմացած պատասխանեց պառավ Նուբարը:- Առաքելին իր հողամասում օձորս Աբդուլալիի տղան սպանեց: Ես գիտեմ, թե խոսքդ ուր ես թեքում, բայց այս տանը ոչ մեկի արյունը չի թափվել:

Բժիշկը լրջորեն մտածմունքի մեջ ընկավ:

-Միգուցե,- ասաց նա:- Հավանաբար, սխալվեցի: Իսկ ո՞ւմ հետ էիր խոսում, երբ մենք բակ մտանք:

-Էլ ո՞վ ունեմ, որ հետը զրուցեմ:- Պառավ Նուբարի աչքերում արցունքներ երևացին:- Ինքս ինձ հետ եմ միայն խոսում:

Ծեր Նուբարի արցունքներն ակնհայտորեն հուզեցին բժշկին:

– Իսկ դու հավատո՞ւմ ես հոգիներին,- հարցրեց նա բեկված ձայնով:

– Հավատում եմ, դոխտո՛ւր: Ինչպես Ալլահին ու Մարգարեին եմ հավատո՛ւմ: Չէ՞ որ հենց ոգիները մեզ էս օրին հասցրին, Զո՛ւլֆի, ցավդ տանեմ: Դու հիշո՞ւմ ես էն մարաղացի իրանցուն: Հիշո՞ւմ ես, վերջին անգամ էստեղ գալուց, հայերի կոտորածից դեռ շատ առաջ, ինչ ասաց այդ մարաղացի վաճառականը, որ հաճախ էր գալիս այստեղ ու ամենատարբեր համեմունքներ՝ արմավ, մաստակ, կոճապղպեղ, դարչին էր ծախում… «Քանի դեռ ուշ չէ, հեռացե՛ք այստեղից,- ասում էր,- մարդը չի կարող ապրել առանց աղետներ տեսնելու այնտեղ, որտեղ այսքան գերեզմաններ կան»:- Պառավ Նուբարը ժպտաց արցունքների միջից և հանկարծ այնպիսի ծանր ու խոր հոգոց քաշեց, որ նրա ծերացած կրծքից երկարատև խզզոց դուրս թռավ:- Բայց, ազնիվ խոսք, Զո՛ւլֆի գարդաշ, Այլիսի մահմեդականները, թեկուզ հազար տարի ապրես, ոչ մի դեպքում չար բան չէին անի իրենց վաղեմի հարևաններին: Էդ միայն անիծված Էդիֆ բեյի հրամանից հետո մերոնք ագահությամբ լցվեցին: Եթե քո հայր Հաջի Հասանն այն ժամանակ էստեղ լիներ, գուցե մարդիկ ամաչեին նրանից, չթալանեին հայերին: Հինգ-վեց չարագործներ, որոնք նրանց ունեցվածքի վրա վաղուց աչք էին տնկել, հանուն դրա էլ իրենց ձեռքերը արյան մեջ թաթախեցին:

Ծեր Նուբարի պատմությունը բժիշկ Աբասալիևը լսեց այնպիսի ուշադրությամբ, կարծես իր համար նորություն էր: Թեև ընդամենը մի քանի օր առաջ ինքն էր Սադային պատմում այդ պատմությունը, ըստ որում` գրեթե նույն մանրամասներով: Նուբարը Այլիսի բնակիչների ավագ սերնդին էր պատկանում, սակայն Այլիսում այդ ժամանակ դեռ միջին տարիքի շատ մարդիկ էլ կային, որոնք իրենց աչքով տեսել էին Այլիսի հայերի ահավոր ջարդը:

Ջարդի մասին ամեն մեկն իր ձևով էր պատմում` ելնելով մարդու և մարդկայնության սեփական ըմբռնումներից: Այնուամենայնիվ, դեպքերի ականատեսներից ոչ մեկը չէր թաքցնում տեսածը: Տարբեր մարդկանց պատմություններում հավաստիորեն տեղ էին գտնում միևնույն փաստերը: Մարդկանց կարծիքները, թե ինչպես է սկսվել այդ ամենը, ինչպես է ավարտվել, լիովին համընկնում էին:

Այսպես էր եղել. որպեսզի Այլիսի հայ բնակչությունը նախապես ոչնչի մասին չկռահեր, Էդիֆ բեյի երեսուն-քառասուն թուրքական հեծյալները վաղ առավոտից շրջել էին բոլոր տները` և՛ հայերի, և՛ մահմեդականների, և հայտարարել, որ այդ օրը զինադադար է հայտարարվելու, որի համար բոլորն անհապաղ պետք է հավաքվեն այսինչ հայի բակում: Հենց պայմանավորված վայրում ժողովուրդը հավաքվեց, թուրքական զինվորները մահմեդականներին բաժանեցին հայերից և նրանց շարք կանգնեցրին բակի տարբեր ծայրերում: Հանկարծ ինչ-որ տեղից բարձրագոչ հրաման լսվեց. «Կրա՛կ», և բոլոր կողմերից բակը շրջապատած թուրք զինվորները փամփուշտների կարկուտ տեղացին հայերի վրա: Շատերն անմիջապես զոհվեցին, ողջ մնացածների` մինչև վերջին մարդու կոկորդները դաշույնով կտրեցին կամ սվինահարեցին: Նրանց, ում հնարավոր էր միանգամից բակում և այգում թաղել, հոր փորեցին ու թաղեցին: Ում համար էլ տեղ չճարվեց բակում և այգում, լցրեցին մոտակա տների գոմերն ու մարագները և այրեցին: Մահմեդական կանայք, որոնք այդ օրը նույնիսկ չհամարձակվեցին տնից դուրս գալ, հետագայում այսպես էին նկարագրում տեղի ունեցածը. «Բոլոր առուներում ջուրը մի ամբողջ շաբաթ արյունից կարմրել էր»: «Էդիֆ բեյը ագռավի նման սև ձի ուներ: Էդիֆը ձիու վրա էր` տան դարպասի մոտ: «Կրա՛կ» բղավելով` նա ձիուն մտրակեց ու սլացավ: Եվ իսկույն գնդակների անձրև թափվեց, թվում էր` երկինքը փուլ է գալիս, վերևից մոխիր է թափվում: Այնպիսի աղաղակ բարձրացավ, որ երբեք ոչ ոք չէր լսել աշխարհի արարումից ի վեր: Միանգամից բակերի բոլոր շները ոռնացին: Կռավեցին ծառերի բոլոր ագռավները: Վախեցած կաչաղակներն ու աղավնիները միանգամից անհետացան գյուղից, թռան` թաքնվելու սարերից այն կողմ: Թվում էր՝ դժոխքը բացվել է, արևը, ուր որ է, կփլվի երկրի վրա…»:

Սադայ Սադըղլին երբեք չէր լսել, որ որևէ մեկը առանց սարսափի ու կարեկցանքի հիշեր Այլիսի այս կոտորածի մասին: Եվ Սադայի` իր փոքր հայրենիքի մասին բոլոր գիտելիքները սերտորեն կապված էին այդ ողբերգական իրադարձությունների հետ:

Միայն բժիշկ Աբասալիևի հետ ծանոթությունից հետո դերասանը սկսեց լիովին հասկանալ իրական արժեքը Այլիս կոչվող այդ փոքրիկ աշխարհագրական տարածքի, որը գուցե իր բարեկարգության, փողոցների աներևակայելի մաքրության ու կոկիկության շնորհիվ մի ժամանակ «փոքրիկ Փարիզ» կամ «փոքրիկ Ստամբուլ» է կոչվել: Միայն այդ ժամանակ նա հասկացավ աննախադեպ մշակույթի նշանակությունը, որ ստեղծվել էր Աստծուն խորապես հավատացող մարդկանց աշխատանքով և մտքով: Բժիշկ Աբասալիևը, իր իսկ արտահայտությամբ, ոչ թե պարզապես «Այլիսի մոլեռանդն» էր, այլ նաև պատմաբանը, հոգեբանը, նույնիսկ յուրօրինակ փիլիսոփան: Միայն բժիշկ Աբասալիևից Սադայ Սադըղլին իմացավ, որ նշանավոր վանական Մեսրոպ Մաշտոցը հենց Այլիսում է ստեղծել հայոց այբուբենը4, որ հայտնի գրող Րաֆֆին ժամանակին դասավանդել է տեղի դպրոցում…: «Այլիսը, երիտասա՛րդ, Աստվածային կատարելությո՛ւն է,- հաճախ բացականչում էր բժիշկ Աբասալիևը` դիմելով Սադային:- Եվ այն բանի համար, ինչ մենք ենք արել նրա հետ, պատասխան պետք է տանք Աստծո առաջ` Դատաստանի օրը»:

Բժիշկ Աբասալիևի խոսքով` մի հայ աղջիկ, ում հաջողվել է փրկվել 1919 թվականի կոտորածից, նոր ծաղիկ է աճեցրել Ֆրանսիայում, որը Ագուլիս է անվանել, այսինքն` Այլիս: Իսկ Թբիլիսիում ապրում է նկարչուհի Գայանե Խաչատրյանը, որ ինը-տասը տարեկանից իր ամբողջ կյանքում միայն Այլիսի եկեղեցիներն էր նկարում: Մի խոսքով` բժիշկ Աբասալիևի պատմածներից պարզվում է, որ Այլիսը Աստծու հազար ու մեկ անուններից մեկն է: Եվ, հնարավոր է, Այլիսի հանդեպ նրա սերը ոչ մի առնչություն չուներ ո՛չ հայերի, ո՛չ մահմեդականների հետ: Այն, ավելի շատ, Ճշմարտությանը հավատարիմ ծառայող մարդու ևս մի յուրօրինակ և հիրավի ազնիվ դրսևորում էր:

Շարունակելի

1 Ադրբեջաներեն` բժիշկ,

2 Ադրբեջաներեն` եղբայր,

3 Լեռ և համանուն թաղամաս Ագուլիսում,

4 Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենի ստեղծմանը նախորդող տարիներին ճգնել է Ագուլիսից ոչ հեռու գտնվող և հետագայում Մեսրոպավան (Մսրվանիս, Նասրվազ) անունն ստացած գյուղին մերձակա քարայրներում:

ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ

Ռուսերեն հեղինակային բնագրից
թարգմանությունը`
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Հոգևոր-մշակութային


11/04/2013