Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿԱՆԱՊԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ…



-Լաչինում ահեղ մարտեր էին ընթանում,- վերհիշում է Արամ Պետրոսյանը։ -Կոբրայի դիրքերում Ապարանի ջոկատի տղաները կոտրեցին թշնամու դիմադրությունը։ Թշնամին նահանջեց։ Մենք սկսեցինք հետապնդել և սեպի նման խրվեցինք թշնամու դիրքերը։ Թիկունքից օգնության հույս չկար, և հրաման եկավ անմիջապես հետ քաշվել։ Նահանջեցինք մեր ելման դիրքերը և որոշեցինք մեզ թշնամուն միացնող ճանապարհային այդ հատվածը, ապահովության համար, ականապատել։ Հաջորդ օրը, երբ ականներն էինք տեղադրում, մեր նախորդ օրն անցած ճանապարհի այդ հատվածում 100-ից ավելի ականներ հայտնաբերեցինք։ Մեզ համար գաղտնիք մնաց այդ ականապատ ճանապարհով մեր հարձակումն ու նահանջը։ Իհարկե, այդ ամենում տեսնում էինք Աստծո նախախնամությունը, սակայն նաև այդ իրողությունը ապարանցիների մասին ևս մեկ անեկդոտի հիմք հանդիսացավ։ Այդ օրվանից, երբ հանդիպում էինք մյուս ջոկատների մեր ընկերներին, բոլորը ծիծաղելով հարց էին տալիս.

-Ճի՞շտ է, որ ապարանցիները մինի վրա չեն պայթում։

Էդ օրվանից ողջ ռազմաճակատի գծով պատմում էին այդ անեկդոտ-իրողությունը։ Պատերազմ էր, սակայն կյանքը շարունակվում էր. պատմում էին ու բարձրաձայն ծիծաղում.
-Ասում են՝ ապարանցիները մինի վրա չեն տրաքում…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Հոգևոր-մշակութային


11/04/2013