ԵՂԵԼ Է ԿԱՄ ԷԼ ՉԻ ԵՂԵԼ…
Բարձրունիի մարտական հենակետում պայմանագրային զինծառայողները հիմնականում Եղեգնաձորի Մալիշկա գյուղից էին՝ Արամը, Արմենը, Արսենը, Գևորգը։ Հայաստանի մյուս բնակավայրերից զինվորագրվածները մշտապես նրանց հոգու հետ էին խաղում` ասելով. «Պառավ թալանողներ»։ Երբ այդ մասին փորձեցի իմանալ, տղաները, ոչ այն է կատակով, ոչ այն է լուրջ, պատմեցին. «Կուբաթլուի գրավումից հետո (շատերն էլ ասում էին՝ առաջ, որովհետև ասում էին, որ մինչև մեր զորքերի մտնելը, քաղաքն արդեն դատարկված էր), մի քանի մալիշկացիներ գնում են, այսպես ասած, «թալանի»։ Նրանցից մեկին բաժին է հասնում մի զգեստապահարան, և սա բանալիով փակելով դռները, մեխելով, բարձում է մեքենան ու հայդա Մալիշկա։ Հաջորդ առավոտ, երբ փորձում են պահարանը տեղաշարժել, ներսից ձայներ են լսվում։ Բացում են դուռը, և ո՜վ զարմանք՝ մի փոքրիկ, չորացած պառավ հացի իր կապոցն է բացել ու անատամ բերանով հաց է լմլմացնում-ծամում։ Նրանք զարմացած իրար են նայում։ Պառավը սկսում է փնթփնթալ։ Սրանք էլ ծիծաղից թուլացած փռվում են գետնին։ Ու գյուղն էլ կնքում են պառավ թալանողների գյուղի։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Հոգևոր-մշակութային