ՄԵՐ ԳԵՐՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է…
Փոխգնդապետ Արմեն Սաղյանը ԼՂՀ պաշտպանության բանակի փառապանծ Կենտրոնական պաշտպանական շրջանի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալն է։ Ավելի քան քսան տարի նա անձնվիրաբար ծառայում է հայրենիքին, հարազատ զորամասին, ապրում վերջինիս հաջողություններով։
Փոխգնդապետ Սաղյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1989թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը։ 1991թ. դեկտեմբերին, հանձնելով կիսամյակային քննությունները, արցախցի մի խումբ ուսանողների հետ դժվարությամբ հասել է Ստեփանակերտ ու միացել շրջանի պաշտպաններին։
-Երբ բացվեց Լաչինի միջանցքը, թվաց, թե պատերազմն ավարտվեց։ Բայց ոչ, շուտով պարզվեց, որ պատերազմում նոր, ավելի ծանր փուլ է սկսվում…
Արմենը հընթացս կազմավորվող զորամասի կազմում մասնակցել է 1992-93-94թթ. գրեթե բոլոր մարտական գործողություններին։ 1994թ. ապրիլին վիրավորվել է, բուժվել և մեկ տարի անց՝ 1995թ. վերադարձել ծառայության։
Տարիների ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Եղել է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատարի տեղակալ։ Վերապատրաստության դասընթացներ է անցել Ռուսաստանի Դաշնության ռազմական համալսարաններից մեկում։
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար փոխգնդապետ Արմեն Սաղյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, խորհրդային բանակի նախկին 366-րդ մոտոհրաձգային գնդի վետերանների միության մեդալով, բազմաթիվ այլ պարգևներով։ Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ։
Զրույցը փոխգնդապետի հետ ոչ թե անցած՝ պատերազմական ժամանակաշրջանի, այլ բարձր զարգացման հասած և բանակում լավագույնը ճանաչված զորամասի զինծառայողների շրջանում իրականացվող ռազմահայրենասիրական, բարոյահոգեբանական աշխատանքների մասին է։
-Պարոն փոխգնդապետ, Ձեր զորամասում բավական շատ են ազատամարտին մասնակցած սպաները: Ի՞նչ են նրանք տալիս պատերազմ չտեսած զինվորների այսօրվա սերնդին։
-Զորամասում քիչ չեն այն զինվորները, որոնց ծնողները կամ հարազատները զոհվել, հաշմանդամ են դարձել ադրբեջանցիների դեմ մղված ազատագրական պայքարում։ Այդ տղաների արյան մեջ նստած է իրենց հայրերի վրեժը մեր հակառակորդի զինվորի, հակառակորդ բանակի նկատմամբ։ Վրեժ, որը 1988-ի զարթոնքից ի վեր մեզ ուժ էր տալիս, մղում արդարության վերականգնման, արժանապատվության վերահաստատման…
Երիտասարդ զինվորների կողքին պատերազմ տեսած սպաների, ենթասպաների ներկայությունը չափազանց կարևոր է։ Յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում նրանք վերհիշում, պատմում են առանձին դեպքեր ու դրվագներ պատերազմից՝ բացահայտելով մեր դարավոր թշնամու իրական դեմքը։ Զինվորները հավատում, վստահում են վետերաններին, վստահում են նրանց փորձին՝ լավ իմանալով, որ եթե կրկին պատերազմ լինի, նրանք լավագույնս կղեկավարեն ենթակա ստորաբաժանումները։ Ասեմ նաև, որ զինվորներին հաճախ են այցելում, արիության դասեր տալիս պատերազմի այն մասնակիցները, որոնք այժմ բանակում չեն, բայց ցանկացած պահի պատրաստ են համալրելու մեր շարքերը։ Առածն ասում է. «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան իր անունն է»։ Վետերաններն իրենց ներկայությամբ ուժ ու կորով են հաղորդում մեր զինվորներին…
-2012թ. բոլոր «քննություններից» զորամասը բարձր գնահատականներ ստացավ: Չարձանագրվեցին նաև ծառայական կարգապահության լուրջ խախտումներ։
-Նման առաջընթաց արձանագրելու համար կարևոր նախապայման է հրամանատարական կազմի պարզ, անաչառ, մարդկային վերաբերմունքը զինծառայողների՝ սպաների, ենթասպաների, շարքային զինվորների նկատմամբ։ Ստորաբաժանումների հրամանատարները պետք է լավ ճանաչեն իրենց ենթականերին, տեղյակ լինեն բոլորի անձնական և ընտանեկան խնդիրներին։ Համբերատարությամբ լսելու, խնդիրների մեջ խորամուխ լինելու ունակությունը շատ կարևոր է։ Միաժամանակ, անձնակազմին պետք է ճիշտ և մատչելի պարզաբանվեն առաջադրանքի հետ կապված բոլոր հրահանգներն ու հրամանները։ Միշտ ասվել ու ասվում է, որ ռազմական գործում չկան մեծ ու փոքր խնդիրներ, կարևոր ու անկարևոր գործեր, հարցեր։ Հարկավոր է ժամանակին հենց «մանրուքների» վրա ուշադրություն դարձնել։ Մեր զորամասի անձնակազմը բավականին մեծ է, մարդիկ, պարզ է, ունեն տարբեր բնավորություն, դաստիարակություն, մտածելակերպ։ Եվ մենք այնպիսի բացատրական, դաստիարակչական աշխատանք ենք կատարում, որ որևէ հարցում՝ սկսած կենցաղայինից, վերջացրած ռազմական խնդրի կատարմամբ, մարդիկ իրար չխանգարեն, իրար չվիրավորեն, ընդհակառակը՝ համախմբվեն մեկ կարևոր նպատակի շուրջ։ Իսկ մեր գերնպատակը մեկն է՝ ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը, ինչին հասնելու համար մենք՝ հրամանատարներս, մեր բառապաշարում չունենք «աշխատանքային օրվա ավարտ», «աշխատանքից հետո» հասկացությունները։ Զորամասում մնում ենք այնքան, որքան գործն է պահանջում։ Ծավալուն աշխատանք ենք իրականացնում միջին ու կրտսեր սպայակազմի շրջանում։ Օրինակ՝ այս տարի 70 տոկոսով նոր նշանակումներ են եղել. փորձառուներն առաջ են քաշվել ու նշանակվել ավելի բարձր պաշտոնների. ինչպես մեր, այնպես էլ ուրիշ զորամասերում։ Նրանց փոխարեն նշանակել ենք զորամասը վերջերս համալրած երիտասարդ սպաների և օգնում ենք, որ նրանք կայանան, ամրապնդվեն որպես հրամանատարներ։
-Զորամասում կա՞ «դեդովշչինա» հասկացությունը, կամ կա՞ն դժվար դաստիարակվողներ, այսպես կոչված՝ «հեղինակություններ»։
-«Դեդովշչինան» խորհրդային բանակին հատուկ երևույթ է, որը ստեղծվել էր զորքը հեշտ ղեկավարելու, կառավարելի դարձնելու համար։ Խորհրդային բանակի սպաները սերժանտին հանձնարարություն էին տալիս և նրանց չէր հետաքրքրում, թե առաջադրանքն ով և ինչպես է կատարելու։ Մեզ մոտ ամեն ինչ ստուգվում է։ Մենք ամբողջովին վերահսկում ենք առաջադրանքի կատարման ընթացքը։ Ամեն ինչ նախապես որոշում է հրամանատարական կազմը, թե ովքեր են իրականացնելու այս կամ այն առաջադրանքները։ Կարգապահական խախտումների հակված տղաներ կան ամենուր։ Պարզապես անհրաժեշտ է նրանց հետ բացատրական ճիշտ աշխատանք տանել և մշտապես պահել ուշադրության կենտրոնում։ Կարգապահության ամրապնդման գործում շատ եմ կարևորում այժմյան ակտիվների, հասարակական խորհուրդների դերը։ Յուրաքանչյուր անթույլատրելի արարք անմիջապես արձանագրվում և դառնում է օրակարգային հարց։ Մեկ-երկու նման դեպք, և մարդիկ չեն ուզում, որ իրենց արարքները քննարկման նյութ դառնան։ Ես շատ գոհ եմ զորամասի սերժանտական խորհրդի նախագահ Բաղդասարյանի աշխատանքից։ Ինքնավստահ, ինքնուրույն գործող, համարձակ որոշումներ կայացնող սերժանտ է։ Ասեմ նաև՝ ամեն անգամ, երբ նայում եմ զորացրվողներին, ակամա հիշում եմ, թե նրանցից ով ինչպիսին էր առաջին անգամ զորամաս ոտք դնելիս, հիմա ինչպիսին է դարձել… Անկեղծորեն ներքին բավականություն եմ ապրում։
-Գո՞հ եք զինծառայողների համար կազմակերպվող մշակութային միջոցառումներից։
-Նման միջոցառումների կազմակերպումը բանակի հրամանատարության ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է կազմում։ Մեր յուրաքանչյուր ստորաբաժանմանը կցագրված է հայրենիքի համար զոհվածներից որևէ մեկը։ Հավուր պատշաճի նշվում են նրանց հետ առնչվող բոլոր կարևոր, հիշարժան օրերը։ Շատ ամուր է կապը դպրոցների հետ, ու վերջիններս բավական ակտիվ են զորամասի հետ համատեղ միջոցառումներ կազմակերպելու գործում։ Ունենք գեղարվեստական խմբեր, որոնք յուրաքանչյուր համալրումից հետո թարմացվում են։ Հայտնաբերում ենք շնորհալի տղաներին ու ընդգրկում այդ խմբերում։ Մեզ հաճախ են այցելում մշակույթի գործիչները։ Զորամասն ակտիվորեն մասնակցում է համապետական և քաղաքային բոլոր տոներին, միջոցառումներին, որոնք նույնպես բավական շատ են։ Ես, իրոք, գոհ եմ, մեր զինծառայողները ոչ մի բանից զուրկ չեն մնում։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ