Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՌՆ ԱՊՐՈՒՄ Է…



Ուղիղ 20 տարի առաջ ապրիլի 13-ին Ռուզան և Գնել Գալստյանների ընտանիքում մեծ ուրախություն էր. առաջնեկն էր ծնվել, արու զավակ, որը պիտի դառնար օջախի սյունը, հենարանը։ Փոքրիկին անվանակոչեցին Գոռ։ Գոռը դեռ մանկության տարիներից աչքի էր ընկնում իր ունակություններով, զարմացնում, հիացնում էր շրջապատին՝ անասելի հպարտություն պարգևելով ծնողներին։ Վերջիններս էլ անում էին հնարավորը, որ որդին է՛լ ավելի զարգացնի իր ընդունակությունները։ Դպրոցում Գոռը լավ էր սովորում, զուգահեռ գնում էր պարի, ասմունքի, լողի, մարմնամարզության։ Այս ամենի հետ մեկտեղ հասցնում էր հաճախել նաև պատանի իրավապահների դպրոց։ Ասես հոգնություն չունենար, ասես՝ շտապում էր։ Նրա համար կյանքը չէր քայլում, այլ վազում էր… Ուզում էր շուտ հասնել նպատակների իրագործմանը, հասնել գագաթին։ Նրան կտեսնեիք «Արծաթե բանալի» մանկական երաժշտական հաղորդաշարում հանդես գալիս, «Երեք ույու չորս» մանկական թատերական խմբակում, «Հարի Փոթերում», «Հայրենիք» ալիքով մանկական լուրեր հաղորդելիս։ Բնությունը շռայլորեն օժտել էր Գոռին։ Իսկ ի՜նչ հոգատար զավակ էր, ի՜նչ գորովով էր փարվում ծնողներին, ասես ուզում էր սրտի ամբողջ ջերմությունը միանգամից տա՜լ, բաշխել, ի՜նչ հոգատար էր կրտսեր եղբոր նկատմամբ։ Գոռին բոլորն էին սիրում և հարգում՝ անկեղծ նվիրումի, պարզության և շիտակության համար։ Նպատակասլաց էր, ինչ անում էր, հոգով էր անում, սրտով նվիրվում։ Ատում էր կեղծը, պիղծը։ Միտքը, խոսքը այնքան խորաթափանց էին, որ թվում էր՝ դիմացդ հասուն, կյանքի բովում իմաստնացած մարդ է կանգնած։

Դպրոցից հետո ընդունվեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժինը, միաժամանակ աշխատում էր հանրային ռադիոյում որպես հաղորդավար։ Ինչքա՜ն լուսավոր երազանքներ ուներ, ի՜նչ նպատակներ։ Որ բնագավառն էլ ընտրեր, հաստատ է, մեծ բարձունքների էր հասնելու։

Եկավ բանակ զորակոչվելու օրը։ Արդեն հայրենիքի զինվոր Գոռը ծառայավայրում նույնպես աչքի էր ընկնում իր գիտելիքներով, վայելում ծառայակիցների հարգանքը։ Որոշել էր՝ ծառայությունից հետո շարունակելու էր ուսումը, ապա կամուսնանար, զավակներ կունենար ու մեկ առ մեկ կիրագործեր իր բոլոր երազանքները, սակայն…

Սեպտեմբերի 24-ին հեռուստատեսության և ռադիոյի բոլոր ալիքներով ցավալի մի լուր էր պտտվում. «Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում զինվորական ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ շարքային 19-ամյա Գոռ Գալստյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է…»։

Գոռին ճանաչողներից ոչ մեկը չէր կարողանում հավատալ, որ կյանքով այդքան լեցուն տղան այլևս ողջ չէ… Անփարատելի է կորստյան ցավը։ Անագորույն վշտից ուշքի չեկող մայրն արցունքն աչքերին պատմում է, խոսում իր նվիրված, ծնողասեր, հրաշք որդու մասին։ Ու ամեն հիշողություն ծվատում է մոր սիրտը։ Սեղանին Գոռի թղթերն են, թերթերը, շնորհակալագրերը, գովասանագրերը, որը մայրը միշտ խնամքով հավաքում էր, պահում՝ ներքուստ հպարտանալով որդու հաջողություններով։ Աշխարհում ամենադժվարը որդեկորույս մորը, ծնողին մխիթարելն է։ Փորձում եմ բառեր փնտրել սփոփանքի, բառերս խամրում են, անգունանում։ Կոկորդս սեղմվում է, բառերս դառնում են արցունք ու կաթում նոթատետրիս վրա արված հատուկենտ նշումներիս վրա։

Ապրիլի 13-ին Գոռը կդառնար 20 տարեկան։ Դրսում ապրիլ ամիսն է, ծառերը հարսնացել են, ճերմակ ծաղիկներն ասես հարսնաքող լինեն, իսկ Գոռի սիրած աղջիկը լուռ արտասվելով ծաղիկներ կդնի իր սիրելիի շիրիմին… Դրսում ապրիլ ամիսն է, ապրիլ բառը որքան նման է ապրելուն…:

Գոռն ապրում է, կա՛։ Ասում են՝ մարդն այնքան ժամանակ է ողջ, որքան որ նրան հիշում են։ Իսկ Գոռին առանձնակի ջերմությամբ են հիշում բոլոր նրան ճանաչողները, հարազատները, ընկերները։ Ընկերները նրա անունով ալբոմներ են պատրաստել, իսկ ծննդյան օրը Գոռի հիշատակին նվիրված փոքրիկ պուրակում ցայտաղբյուր կտեղադրվի, հունիսի 3-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա հուշ-երեկո՝ նվիրված Գոռ Գալստյանին՝ «Նա կվերադառնա…»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

ՌՈՒԶԱՆՆԱ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Որդուս

Դու աշխարհ եկար գարնան զարթոնքին,

Իմաստ տվեցիր իմ ապրած կյանքին,

Կյանքս լցրեցիր հազար փափագով,

Սակայն մնացի ես քո պապակով։

Առաջին ճիչդ երբ ես լսեցի,

Աստծո պարգև ես՝ ինքս ինձ ասացի,

Ամբողջ աշխարհն ինձ տվին կարծես…

Որքան խինդ, բերկրանք ինձ պարգևեցիր,

Ապրում էի ես քո երազներով,

Բարձունքիդ սպասում մեծ հույսերով,

Առաջին թոթով, առաջին ատամ,

Առաջին քայլեր ու մանկապարտեզ,

Դպրոց, ստուդիա և համալսարան…

Թվում էր՝ կյանքը երազ է այսպես,

Թվում էր՝ իմն է ամբողջ աշխարհը,

Չգիտեի, որ փոթորկվելու է իմ ներաշխարհը,

Ճակատագիրը ինչ դավ է հյուսել,

Այդ մասին անգամ չէի էլ մտածում,

Խնդրում էի ես տեր իմ Հիսուսին,

Որդուս շառից-փորձանքից միշտ հեռու պահի,

Ապավինում էի ես իմ Աստվածին,

Նա միշտ Գոռիս պահապան լինի…

Մայր հայրենիքին պարտք ունեիր տալու,

Բայց չգիտեի, որ հետ չես գալու…

Երազում էիր տուն վերադառնալ,

Ու շենացնել հայրական տունդ,

Ավարտին հասցնել կիսատ ուսումդ,

Եղբորդ մեջքին կանգնած լինեիր,

Նրան ընկճված երբեք չտեսնեիր։

Երազանքներդ հօդս ցնդեցին,

Կյանքը վերածվեց մի մղձավանջի,

Ճակատագիր էր, դժբախտ պատահար,

Լույսը խավարեց իմ Գոռի համար,

Ինչպես հրեշտակ երկինք բարձրացավ՝

Մորը թողնելով բազում վիշտ ու ցավ։

Սգում է մայրը, ողբում է, լացում,

Հայրը խեղճացել, մի բուռ է դարձել,

Եղբայրը մոլորված ու հուսահատված

Եղբորն է ուզում նա իր կորցրած։

Դու աշխարհ եկար, որ դառնաս հույս,

Ավա՜ղ, գնացիր ու դարձար հուշ։

Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Ճակատագրեր


11/04/2013