ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
40 ՐՈՊԵ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ
Ազատամարտիկ Արտյոմ Պողոսյանի մասին մեր ակնարկը «Հայ զինվորում» հրապարակվեց ամիսներ առաջ։ Տակավին պատանի՝ պատերազմ մեկնած ազատամարտիկի հուշերը անհնար էր տեղավորել մեկ հոդվածի շրջանակներում, եւ ահա դրանցից մի քանիսը այսօր ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը… Ոգեկոչելու այն հերոսական ու վեհ տարիները, երբ Արցախյան պատերազմի բոցերում ծնվում էին բազմաթիվ ասքեր ու դյուցազներգություններ, երբ Արցախի անկախության զոհասեղանը ներկվում էր քաջերի արյամբ ու հառնում էր անկախ ու հզոր Հայաստանի տեսլականը։
Հոսպիտալում էի։ Ոտքս նոր էին անդամահատել։ Ես ընդամենը 20 տարեկան էի ու չէի կարողանում հաշտվել ոտքս կորցնելու մտքի հետ։ Փորձում էի ուժեղ երեւալ, բայց չէր ստացվում։ Շատ ընկճված էի։ Բոլոր երազանքներս մի քանի վայրկյանում փշրվել էին, ես չգիտեի՝ ինչպես եմ շարունակելու ապրել…
…Նույն ծանր, հուսահատեցնող մտքերով էի, երբ հիվանդասենյակի դուռը բացվեց, եւ ներս մտավ ո՛չ ավել, ո՛չ պակաս Շառլ Ազնավուրը։ Մենք 40 րոպե զրուցեցինք։ Նա ասես կարդում էր մտքերս ու մեկ առ մեկ պատասխանում էր իմ մտահոգություններին, կասկածներին, իմ բազում անպատասխան հարցերին։
-Այս պատերազմը մեզ ավելի ուժեղ ու միասնական է դարձնելու։ Մենք համախմբելու ենք ամբողջ հայությանը ու օգնելու ենք, որ մեր երկիրը արագ ոտքի կանգնի։ Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները…
Նա այնքան վստահ ու վճռական էր խոսում, այնքան համոզիչ ու ոգեւորող։ Թվում էր՝ ամեն նախադասության հետ ինչ-որ գերբնական ուժ է փոխանցում ինձ։
-Հիմա գիտությունը այնքան է զարգացել, այնպիսի պրոթեզներ են ստեղծել, որ կարող են լիովին փոխարինել ոտքին եւ օգնել, որ դուք ապրեք լիարժեք կյանքով։ Դուք դեռ վայելելու եք կյանքը, գնալու եք ձեր երազանքների հետեւից եւ երջանիկ եք լինելու…
Նա բռնել էր ձեռքս։ Նրա ձայնը, բառերը, աչքերը, նրա էներգիան խաղաղությամբ, լույսով, ուրախությամբ, լավատեսությամբ էին լցնում հոգիս։ Հետո խնդրեց, որ սեղանիս դրված իմ լուսանկարը նվիրեմ իրեն։ Ես այդ նկարում 16 տարեկան էի ու զինվորական համազգեստով։ Չգիտեմ՝ նկարս մեծն Շառլ Ազնավուրի ինչին էր պետք (գուցե բոլորովին էլ պետք չէր), բայց այդ պահին ես այնպիսի հզոր ապրումներ ունեցա։ Ինձ այնքան կարեւորված ու վարձատրված զգացի։ Ասես բոլոր կորուստներս, ցավերս փոխհատուցվեցին։ Ասես ուժի հզոր ակունք բացվեց սրտիս մեջ՝ ապրելու, պայքարելու, հաղթահարելու…
ՇՂԱՐՇԵ ՎԶՆՈՑՈՎ ԿԻՆԸ
Աչքերս բացեցի սպիտակ պատերով լուսավոր սենյակում։ Սպիտակ խալաթով, երիտասարդ սիրունիկ աղջիկները աշխույժ ներսուդուրս էին անում։ «Որտե՞ղ եմ»… Հիշեցի՝ « УАЗ»-ով էինք, դիրքերից էինք վերադառնում։ Հետո հզոր, խլացուցիչ պայթյուն լսվեց… «Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկները»։ Պատկերն աղոտ էր, մշուշի մեջ։ «Ոտքս»… Փորձեցի զգալ մարմինս, ցավ չկար։ Կրկին նայեցի շուրջս. ամեն ինչ սպիտակ էր՝ պատերը, աղջիկները… «Էդ դրա՞խտ եմ ընկել, թե երազի մեջ եմ»՝ ջանացի արթնանալ։ Ոչինչ չստացվեց։
-Որտե՞ղ եմ,- ես լսեցի իմ ձայնը։
-Ստեփանակերտի հոսպիտալում։
Ոտքս… միտքը շամփրեց ուղեղս։ «Միայն թե ոտքս կտրած չլինեն»։ Կտրուկ շարժումով վերմակը նետեցի մի կողմ. ոտքս չկար։ Կտրուկ շարժումի՞ց էր, թե թմբիրից դուրս եկա. հանկարծ սուր ցավ սկսվեց։ Ոտքս։ Ոտքս։ Ոտքս… Ասես ինչ-որ մեկը մուրճով հարվածում էր գլխիս։ …Ես ընդամենը 18 տարեկան էի։ Ու աշխարհն ասես փուլ էր եկել գլխիս, կյանքն ավարտվել էր ինձ համար։ Կատաղության նոպա սկսվեց՝ գոռում էի, սպառնում ոտքս կտրած բժիշկներին, փորձում էի բարձրանալ անկողնուց ու քայլել… Մեկ էլ զգացի, որ հայտնվել եմ պատգարակի վրա ու տեղաշարժվում եմ։ Քիչ անց ուղղաթիռում էի։ Շնչելու օդ չկար, ուղղաթիռը լիքն էր՝ արնաշաղախ մարմիններ, տնքոցներ… Իսկական դժոխք։ Հանկարծ օծանելիքի նուրբ բույրը հասավ ռունգերիս։ Շրջվեցի՝ գեղեցիկ, երիտասարդ կին էր, ճաշակով հագնված, շպարված, մետաքսե թափանցիկ վզնոցը օղակել էր ճերմակ պարանոցը։ Մի պահ ցավերս մոռացա՝ «էս ո՞վ էր»։ Նույն պահին ուղղաթիռ բարձրացավ Առաքել Մովսիսյանը եւ պահանջեց, որ կինը իջնի ուղղաթիռից. «Քո փոխարեն մի վիրավոր կհասցնենք Երեւան, տեղ չկա, իջի՛ր»։ Կինը սկսեց հակաճառել։ Նա խոսում էր ռուսերեն՝ օտարերկրացու առոգանությամբ։ Կինը իջավ ուղղաթիռից, բայց վայրկյաններ անց կրկին մտավ ուղղաթիռ։ Առաքել Մովսիսյանը այս անգամ գրեթե բռնությամբ, հարկադրաբար դուրս հանեց կնոջը ուղղաթիռից։ Քիչ անց կինը կրկին բարձրացավ ուղղաթիռ. «Ես կզանգեմ պրեզիդենտին. նա թույլատրել է ինձ…»։ Կինը ինչ-որ տեղ զանգեց ու հեռախոսը մեկնեց Առաքել Մովսիսյանին։ Վերջինս միանգամից փափկեց՝ եղավ, իհարկե, ճիշտ այդպես։ Հետո ձայները լռեցին, եւ օծանելիքի բույրը մնաց ուղղաթիռի մեջ։
…Ցավերս այնքան ուժեղ էին, որ քիչ անց ես մոռացա կնոջն էլ, նրա օծանելիքի բույրն էլ, պարանոցը գրկող մետաքսե վզնոցն էլ ու սկսեցի բարձրաձայն տնքալ, պահանջել, որ ցավազրկեն… Հանկարծ ինչ-որ սառը խոնավություն դիպավ ճակատիս։ Աչքերս բացեցի՝ նա էր, նուրբ բուրմունքով կինը, սիրով ու հոգատարությամբ մաքրում էր ճակատիս քրտինքը։ Մինչեւ Երեւան երիտասարդ, գեղեցիկ կինը խնամեց ինձ, ասես իմ պահապան հրեշտակը լիներ։ Ես չհամարձակվեցի որեւէ բան հարցնել նրան, նույնիսկ անունը չիմացա։
Տարիներ անց, երբ պատերազմն ավարտվել էր, պատահաբար հեռուստացույցով տեսա իմ անծանոթ խնամակալին։ Ցվետանա Պասկալեւան էր։
КРАСОТА
Ես ու ընկերս՝ Ղուկաս Ղուկասյանը, Գյուլիբերդ գյուղի դիրքերում էինք։ Ոնց էր եղել՝ խրամատում աչքներս կպել էր։ Խրամատ ասածն էլ մի մարդաբոյ նեղ փոս էր։ Հանկարծ խլացուցիչ պայթյուն լսեցի։ Այնքան ուժեղ, որ մի պահ չհասկացա՝ ինչ կատարվեց։
Նայեցի վեր՝ ավտոմատի փողը նշան էր բռնել գլխիս։ Վերջ, մտածեցի թուրքերն են, ու փակեցի աչքերս։ Կրակոցն ուշանում էր։ Նորից նայեցի վեր ու մշուշի մեջ նշմարեցի հրամանատարիս՝ Լյովա Գեւորգյանին։ Գոռոց, խոսքերի տարափ, լուտանք… բղավում էր կոկորդով մեկ։ Քիչ-քիչ սկսեցի հասկանալ՝ եկել է ստուգելու դիրքերը եւ մեզ քնած է տեսել։
-Իմ փոխարեն կարող էին ադրբեջանցիները գալ…,- հո չի գոռում,- նրանք իմ նման խրամատի մեջ չէին կրակի, ուղեղներդ ցրիվ կտային, ավտոմատի փողը կդնեին ականջներիդ մեջ, ու չէիք էլ հասկանա, թե ինչ կատարվեց… Չէ, սկի փամփուշտ էլ չէին փչացնի, մի մետաղալարը հերիք էր. կգցեին վզներդ ու թեթեւ կձգեին… Էլ չեմ ասում, որ կարող էին գերի վերցնել…
…Ես միայն մի բան էի ուզում, որ նա լռի։ Առանց այդ էլ գլուխս պայթում էր փոքրիկ, փակ տարածքում արձակված կրակոցի ձայնից ու թափից, Լյովա Գեւորգյանի ձայնը մխրճվում էր ուղեղս, սիրտս… Բայց նա գնալով ոգեւորվում էր ու շարունակում նկարագրել, թե ինչպիսի մահ էր սպասվելու մեզ, եթե իր փոխարեն ադրբեջանցիները մեզ քնած տեսնեին։
-Դուք դիակ եք, դուք չկաք։ Դուք արդեն պիտի մեռած լինեիք։ Առաջ ընկեք, պիտի պատժեմ ձեզ։
Շարժման ուղղությունից հասկացանք, թե ինչ պատիժ է սպասվում մեզ։ Հարավարեւելյան սահմանին մի քանի դիրքեր շատ վտանգավոր տարածքում էին, ուղիղ թշնամու նշանառության տակ։ Օր չկար, որ զոհ չունենայինք այդտեղ։ Հրամանատարը մեզ տանում էր այդ դիրքերը պաշտպանելու։
…Լուսաբաց էր։ Չքնաղ բնություն, թռչունների դայլայլ, մաքուր օդ… հրամանատարն էլ վերջապես լռել էր։ Մենք վայելում էինք պահը։ Երկու ընկեր՝ խոսում էինք, ծիծաղում, կատակներ անում։
-Լռե՛ք,- հանկարծ լսեցի հրամանատարի ձայնը։ Մտածեցի՝ մեզ լռեցնում է, որ ինքն սկսի խոսել։
-Լռեք,- այս անգամ ավելի բարձր ու տագնապած կանչեց, ու մինչ կհասցնեինք հասկանալ՝ ինչ է կատարվում, Լյովա Գեւորգյանը նետվեց մեզ վրա ու ուժով պառկեցրեց գետնին։
«Էս գժվե՞ց,- մտածեցի,- ջղայնությունից խելքը թռցրե՞ց»…
Շուրջբոլորը լռություն էր, խաղաղ, անվրդով։
-Պրոպելերի ձայն է…,- շշնջաց հրամանատարս։
Ապշած մնացի։ Պրոպելերը կասետային ռումբի մաս է, որը բութ դժժոց է արձակում։
-Ի՞նչ պրոպելեր այս համատարած լռության մեջ,- չհասցրի միտքս ավարտել, հանկարծ տարածքը միանգամից լուսավորվեց։ Մեզնից ընդամենը 5 մետր հեռավորության վրա կրակե զանգվածը մոտավորապես 1 հեկտար տարածք սանրելով՝ շարժվում էր առաջ՝ բազմաձայն ու բազմագույն պայթյուններով։
Մենք կարկամել էինք։ Երբ կրակը շրջանցեց մեզ ու անցավ առաջ, Լյովա Գեւորգյանը բարձրացրեց գլուխը, նայեց շուրջը եւ հիացած բացականչեց.
– Красота…
Անգամ այս միջադեպը մեզ չփրկեց վերահաս պատժից։ Հրամանատարը մեզ հասցրեց դիրքեր ու հետ դարձավ։ Հրաժեշտ տալիս ասաց.
-Եթե Աստված կամենա՝ ողջ մնաք, երկու շաբաթից կգամ ձեր հետեւից.
…Աստված կամեցավ։ Երկու շաբաթ հետո հրամանատարը մեզ տարավ վաշտ։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #14 (981) 11.04.2013 – 17.04.2013, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից