Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԿԱԼԸ



Չկա ոչինչ առավել սարսափելի, քան Մատենադարանի կամարների տակ կյանքի մեծ մասն անցկացրած վաստակաշատ գիտնականի՝ հոգեկան հանկարծահաս խռովքի պահին բարձրաձայն արված խոստովանությունը. «Շուրջդ ես նայում եւ չես գտնում մեկին, որ մի բան հարցնես… Եվ ստիպված գլուխդ կախում ես…»։ Կա՞ արդյոք առավել դառը ինքնախոստովանություն հայ գիտնականի համար… Իսկ ահա մենք խոսում էինք մեր երկրի եւ ժողովրդի ուժի ու թուլության, գիտության երեկվա ու մանավանդ վաղվա օրվա մասին, մեր մշակույթի, գիտության երախտավորների, երախտագիտության ու երախտամոռության մասին… Մենք խոսում էինք Հակոբ Անասյանի մասին։

Հակոբ Անասյան։ Համոզված եմ՝ այս անունը շատ շատերն առաջին անգամ են լսում եւ, ինչ խոսք, այս անունը նրանց ոչինչ չի ասի, բացառապես ոչինչ։ Սակայն նրան ճանաչողների (ավա՜ղ, սակավաթիվ մարդկանց) աչքերի առջեւ նախ կհառնի հայ խոշոր գիտնականի առինքնող կերպարը, ապա եւ, ինչպես արեւմտահայերը կասեն՝ «հայու ճակատագիրը»… Անասյանի պարագայում, սակայն, «հայու ճակատագիր» ասվածը բոլորովին էլ չենք ուզում գործածել «դասական», այն է՝ Մեծ եղեռնից մազապուրծ փրկվածի, աշխարհով մեկ թափառական հայի ճակատագրի իմաստով (թեեւ, ինչ խոսք, Անասյանը ծնված լինելով Թուրքիայում՝ տեսել ու վերապրել էր մեր ժողովրդի այդ մեծ արհավիրքը), այլ հայ գիտնականի որչափ տաղանդավոր, նույնչափ էլ արհամարհված ու անտեսված՝ մեզ այնքան ծանոթ ճակատագրի իմաստով…

Հայ նշանավոր մատենագետի, աղբյուրագետի, պատմաբանի մասին պատմությունները հիմնականում գրոտեսկային բնույթի են, անհավատալի, ասես առասպելաբանության ոլորտից կամ ժողովրդական բանահյուսությունից են քաղված։ Ահա՝ ասում են, որ բոլոր նրանք, ովքեր հայագիտության գրանիտը «կրծել» եւ իրենց «ատամների զորությունը» փորձել են Անասյանի աշխատություններով, երբ առաջին անգամ տեսել են նրան, կարկամել, շփոթվել են՝ ոչ մի կերպ չկարողանալով նույնացնել իրենց առջեւ կանգնած ժպտուն, փոքրամարմին ու ճաղատ մարդու իրական եւ խստահայաց ու խոշոր գիտնականի երեւակայական կերպարները։ Ասում են՝ Անասյանի հրատարակած գրքերից յուրաքանչյուրը շատ ավելի ծանր է կշռել, քան ինքը՝ այդ հսկայածավալ գրքերի հեղինակը… Ասում են՝ երեսուն տարի շարունակ նա առաջինն է Մատենադարան մտել եւ վերջինը դուրս եկել այնտեղից… Ասում են՝ երեսուն տարի շարունակ նա Մատենադարանից տուն եւ տնից Մատենադարան է քարշ տվել այլազան գրքերով ու փաստաթղթերով խցկված իր ծանր ու մեծ կաշվե պայուսակը՝ ճիշտ այն մրջյունի հանգույն, որն իր բույնն է գլորում սեփական քաշը մի քանի անգամ գերազանցող ձմեռվա պաշարը… Ասում են նաեւ, որ այդ պայուսակի մեծությունն ու հատկապես ծանրությունը խիստ կասկածելի է թվացել խորհրդային ֆինանսական, հսկիչ ու վերահսկիչ բաժիններին, մանավանդ, երբ հետամտում ու պարզում են, որ նրա տան լույսը մինչեւ ուշ գիշեր չի մարում։ «Ի՞նչ է անում այս «ախպարը» մինչեւ լույս, պետության աչքից թաքուն՝ գիշերով. բաստուրմա՞ է սարքում, կոշի՞կ է կարում, թե՞…»։ Եվ մի գիշեր անակնկալ տուն են խուժում… բայց լամպի լույսի տակ գրքերին հակված տեսնելով գիտնականին՝ թեւաթափ, մանավանդ ամոթահար ու գլխիկոր, հեռանում են… Ասում են՝ Անասյանը անգիր գիտեր Մատենադարանի հսկայական գրապահոցի յուրաքանչյուր գրքի տեղը եւ կարող էր առանց փնտրելու ոչ գիտակ մարդուն անսխալ հուշել անհրաժեշտ գրականության տեղը անթիվ-անհամար գրքերի շարքում։ Ծանոթ էր, ճանաչում էր Մատենադարանում պահվող ձեռագրերն ու տպագիր բոլոր գրքերը՝ անգամ ձեռագրերի ու գրքերի հինավուրց պատառիկները … Եվ ոչ միայն Մատենադարանի, այլ նաեւ Վենետիկի, Երուսաղեմի մատենադարաններինը։

Անասյանը երբեք չգնաց գիտության տրորված արահետներով, չգրեց հայտնի, հանրածանոթ թեմաներով… Նա անընդհատ որոնում էր նորը, անհայտը, այն՝ առերեւույթ անտեսանելի գանձերը, որոնք դարեր շարունակ անթեղված էին մնում հնագույն գրքերի ու ձեռագիր մատյանների էջերում։ Եվ երկարամյա տքնանքի ու պրպտումների շնորհիվ նա հայտնաբերում է մատենագիտական բացառիկ բնագրեր… Ասում են՝ նրան՝ այդ փոքրամարմին մարդուն ենք պարտական հայ ազատագրական շարժման արեւմտահայ թեւը հայտնաբերելու համար… Ասում են նաեւ՝ ֆանտաստիկ են եղել նրա գիտական ծրագրերը։ Նա իր կյանքի գործն է համարել հայ մատենագիտության կազմումը, որի երեսուն հատորներում պետք է ամփոփվեր, ի մի բերվեր հայերենով երբեւէ գրված, հրատարակված ձեռագիր ու տպագիր գրականությունը, մի խոսքով՝ մեր ժողովրդի բազմադարյա մտավոր հարստությունը… Ասում են՝ նման ծրագիրը անասելի համարձակություն կարող էր դիտվել անգամ ցանկացած խոշորագույն ու հզոր երկրի ու ժողովրդի համար… Եվ երբ 1959թ. Երեւանում լույս է տեսնում «Հայ մատենագիտության» առաջին հատորը (1300 էջ), իսկ 1976թ.՝ երկրորդ՝ դարձյալ ստվարածավալ հատորը, ավելի ուշ, բայց արդեն Լոս Անջելեսում՝ երրորդ՝ նույնպես հաստափոր հատորը՝ «Մանր երկեր» վերտառությամբ, եւ երբ բոլորը տեսնում են, որ այդ հատորները չեն սպառում անգամ հայոց այբուբենի առաջին երեք տառերը, նոր միայն հասկանում են, թե ո՞ւր էր այդպես օրնիբուն, գիշեր թե ցերեկ, տարիներ շարունակ շտապում այդ անասելի համեստ մարդն ու անխոնջ գիտնականը, եւ թե ինչ ահռելի հոգեւոր հարստության տեր ենք։ Իրավամբ է ասված՝ Անասյանի հրատարակած յուրաքանչյուր գրքի վերջում զետեղված գրականության ցանկն իսկ արդեն մի-մի մենագրություն կարելի է համարել, որոնցից ամեն մեկը կբավեր ակադեմիկոսի կոչմանն արժանանալու… Եվ, երբ քննարկվել է արդեն բազմավաստակ գիտնականին ոչ թե թեկնածուի, այլ միանգամից դոկտորի գիտական աստիճան շնորհելու հարցը, հայրենի հայտնի պատմաբաններից մեկը զարմացած եւ զայրացած առարկել է. «Ինչպե՞ս թե. չէ՞ որ Անասյանը մարքսիզմի աջն ու ահյակը չգիտի»… Ասում են՝ Անասյանը իր իսկ հեղինակած գրքերի ե՛ւ խմբագիրն էր, ե՛ւ սրբագրիչը, որովհետեւ չկային ե՛ւ հունարենին, ե՛ւ լատիներենին եւ թե՛ գրաբարին միաժամանակ տիրապետող մասնագետներ։ Եվ որ տարիներ շարունակ նախ լաբորանտի, ապա եւ՝ գիտաշխատողի իր համեստ աշխատավարձից, նաեւ խմբագրելու եւ սրբագրելու համար ստացած կոպեկներից Անասյանը բաժին է հանել տպարանի բանվորներին ու գրաշարներին՝ օտար ու անծանոթ լեզուներով տառեր ձուլելու՝ նրանց պատճառած չարչարանքն ու նեղությունը գոնե ինչ-որ կերպ փոխհատուցելու համար… Եվ ասում են նաեւ, որ բծախնդիր գիտնականի անվերջանալի խնդրանքներից ու պահանջներից հոգնած ու զայրացած տպարանի աշխատողները մի օր Անասյանի թեւի տակ են տվել նրա գրքի պատրաստի մամուլներն ու տպարանից… վռնդել։

Ահա այսպիսին է կյանքը. սովորաբար այսպես են մեծերը ճանապարհ հարթում դեպի անմահություն… Եվ, այնուամենայնիվ, ճակատագրի բերումով, հայ գիտնական Հակոբ Անասյանը հանգրվանում է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում։ Անկասկած՝ ո՛չ իր կամքով եւ ո՛չ էլ, մանավանդ, վերը նշած պատճառներից կամ հանգամանքներից դրդված:
-Անասյան գիտնականը, առավել քան այլ ոք, գիտակցում էր իր գործի կարեւորությունը եւ ըմբռնում իր կատարելիք աշխատանքի անհրաժեշտությունը…,- մեկնաբանում է պրոֆեսոր Պարույր Մուրադյանը, որ երկար տարիներ բախտ է ունեցել Անասյանի հետ աշխատելու։ -Կայարանում, բացի նրա ընտանիքի անդամներից, մենք էինք՝ երեք հոգի։ Երբ գնացքը շարժվեց, Անասյանը շփոթահար կանգնել էր կառամատույցին եւ տեղից չէր շարժվում… չէր ուզում գնալ։ Վերջին պահին միայն թեւատակից նրան բարձրացրինք (թեթեւ էր) եւ հրեցինք վագոնի դռնից ներս…
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ հայագետը թողեց հայրենիքը, ինչո՞ւ, ի վերջո, համաձայնեց մեկնել,- համառորեն փորձում եմ հասու լինել ճշմարտությանը։
-Համենայն դեպս, ոչ հայրենիքից նեղացած լինելու պատճառով։ Նա, որպես ճշմարիտ գիտնական եւ հայագետ, որպես պետականությունից զրկված ժողովրդի ներկայացուցիչ, որպես սփյուռքահայ, հրաշալիորեն գիտակցում էր, որ ամենավատ պետությունն անգամ շատ ավելին է, քան պետականություն չունենալը։ Նա գնում էր, որովհետեւ, առանց իր ընտանիքի, պարզապես չէր կարող ապրել։ Նա, բացի Մատենադարանից, գնալիք տեղ չուներ, անգամ խանութների տեղը չգիտեր։ Առանց ընտանիքի նա պարզապես սովի կմատնվեր… Նա գնաց իր կյանքի երազանքը իրականացնելու, եւ դա հայրենալքություն չէր։ Նրա մեկնումը հիրավի մի քանի հայրենադարձություն արժեր։ Ավելին ասեմ՝ Անասյանի ԱՄՆ-ում հայտնվելը նոր խթան էր հայագիտության զարգացման համար։ Մի կողմ թողնենք այն նոր՝ արժանապատիվ կենսապայմանները, որում վերջապես սկսում է ապրել նշանավոր հայագետը (նյութական ապահովվածություն եւ անգամ գիտության դոկտորի, պրոֆեսորի կոչումներ՝ շնորհված Լոս Անջելեսի համալսարանի կողմից…)։ Այնտեղից նա շուտով հնարավորություն է ստանում գործուղվել Վենետիկ, Երուսաղեմ՝ շարունակելու իր գիտական պրպտումներն ու որոնումները, մի բան, ինչը հայրենիքում համառորեն մերժվում էր… Այնտեղ՝ դրսում, նա հնարավորություն է ստանում գտնելու, հավաքելու, փոշիացումից փրկելու տարիներ շարունակ սփյուռքահայ մամուլում, աշխարհով մեկ տարբեր պարբերականների էջերում ցրված իր հայագիտական բազում հոդվածներն ու աշխատությունները եւ, ի վերջո, հրատարակել իր կյանքի գիրքը՝ «Մանր երկեր»՝ ավելի քան համեստ վերնագրով մնայուն այդ աշխատանքը։

Մի աշխատություն, որ այսօր եւ վաղը եւ դեռ երկա՜ր տարիներ լինելու է հայագիտությամբ զբաղվողների սեղանի գիրքը…

(շարունակելի)

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


03/03/2011