Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՐԵՐԻ ՄՇՈՒՇԻՑ



«Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»:
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կան մարդիկ, որոնց կարող ես տեսնել մեկ անգամ և չմոռանալ ամբողջ կյանքում: Այդպիսին էր Մոնթե Մելքոնյանը` Ավոն, բյուրեղյա մաքրությամբ, ազնվությամբ օժտված հրամանատարը: Ես բախտ եմ ունեցել ընդամենը երկու օր շփվելու նրա հետ:

1992-ի սկզբին Արցախում վիճակը ծանր էր, մանավանդ՝ Մարտունու շրջանում, որտեղ ինքնապաշտպանության ուժերի հրամանատարն էր Հ.Հարոյանը, որի տեղակալ նշանակվեց Մոնթե Մելքոնյանը, որին ի սկզբանե բոլորն իբրեւ Ավո էին ճանաչում:

1992-ի հունվար-փետրվար ամիսներին խորհրդային բանակը դուրս եկավ Ղարաբաղից: Մեծ դժվարությամբ նրանցից կարողացանք վերցնել որոշ զենք-զինամթերք: Ստեփանակերտի մատույցներում` ձորի մեջ, նրանք թողեցին հարյուրմիլիմետրանոց անսարք մի հրանոթ: Մարտունու շրջանի Աշան գյուղի ջոկատի տղաները հրամանատար Արմեն Ավագյանի գլխավորությամբ տրակտորով այդ հրանոթը հասցրին գյուղ և իրենց միջոցներով նորոգեցին: Անմիջապես երևանաբնակ աշանցիների և հարակից գյուղերի համայնքների առջև խնդիր դրվեց արկեր հայթհայթել: Նրանց հանգանակած գումարով Վրաստանից ձեռք բերվեց 100 հատ համապատասխան արկ, 30 հակատանկային ական, ավտոմատի փամփուշտ: Դրանք մեծ դժվարությամբ գիշերով տեղափոխվեցին Երևան:

Այդ դեպքերից շուրջ 1 ամիս առաջ ազատագրվել էր Խոջալուի օդանավակայանը, և օդաչուների անձնուրաց կամքի և մեծ աշխատանքի շնորհիվ Երևանից չվերթներ էին իրականացվում` տեղափոխելով զենք-զինամթերք, վառելանյութ, սնունդ: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով` ձեռք բերված արկերն ու ականները տեղափոխվում են «Էրեբունի» օդանավակայան` դրանք հարմար պահի Ստեփանակերտ, այնուհետև Աշան տեղափոխելու համար:

Մի քանի օր սպասելուց հետո վերջապես եկավ պահը, և օդանավակայանի ղեկավարությունը մեզ խոստացավ տրամադրել «Յակ-40» ինքնաթիռը:

Սկսեցինք բարձել զինամթերքն ավտոմեքենայի վրա և մոտեցրինք ինքնաթիռին: Այդ ժամանակ հեռվից մեզ մոտեցավ դաշտային համազգեստով, ավտոմատը ուսին մի մորուքավոր մարդ: Նա արևմտահայերենով բացականչեց.

-Կացե՛ք, կացե՛ք, մի՛ բարձեք, ավելի կարեվոր բան կա տանելու…

Չճանաչելով այդ մարդուն, չկարևորելով նրա ասածները` ծիծաղեցինք: Այդ պահին մոտեցավ մարտունեցի մի երիտասարդ, որը ցանկանում էր մեկնել Արցախ և ասաց, որ արևմտահայերենով խոսողն Ավոն է: Ավոն, որի մասին արդեն լեգենդներ էին պատմում: Չհավատալով երիտասարդի ասածին, հումորով շարունակեցի.

-Եթե նա Ավոն է, ուրեմն ես էլ Վազգեն Սարգսյանն եմ: Հանգիստ բարձե՛ք, տղանե՛ր:

Հետզհետե հասկացանք, որ այդ մարդը, իրոք, Ավոն է` Մոնթեն: Ես նրան ասացի, որ ամբողջ ռազմամթերքն Աշան գյուղի համար է` մտածելով, որ նա դրանից շատ կուրախանա,սակայն նա ասաց.

-Շատ լավ է, սակայն ավելի կարևոր բաների կարիք կա, մասնավորապես՝ «Շիլկայի» արկերի, /շիլկան զենիթային հակաօդային հրանոթ է/, քանի որ հակառակորդի ինքնաթիռները շատ են «համը հանում»:

Ստացվեց այնպես, որ մեր և Մոնթեի ողջ ռազմամթերքը տեղավորեցինք ինքնաթիռում, պառկեցինք արկղերի վրա և ուղեւորվեցինք դեպի Ստեփանակերտ:

Դեռևս ուսանողական տարիներից, երբ հաճախ էի օգտվում Երեւան-Ստեփանակերտ օդային կամրջից, ես գիտեի, որ թռիչքը «Յակ-40» ինքնաթիռով տևում է 35-45 րոպե: Անցավ շուրջ 1 ժամ, ինչ արդեն օդում էինք: Ես կատակով ասացի Մոնթեին.

-Մեր օդաչուն երևի շփոթվել է, եթե այսպես շարունակվի, նա մեզ Բաքու է հասցնելու:

Նա քահ-քահ ծիծաղեց իրեն բնորոշ ձևով:

Օդանավակայանից մեքենայով մեկնեցինք Ավոյի տուն, որը մի փոքրիկ սենյակ էր Մատենադարանից ոչ հեռու գտնվող հանրակացարանում: Կարճ ժամանակ անց մեր միջև հաստատվեցին մարդկային ջերմ հարաբերություններ: Ճանապարհի կեսին ես մտածեցի գնալ մարտունեցիներին միավորող «Վարանդա» հայրենակցական բարեգործական միություն, որը Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց էր` Գունավոր մետալուրգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջին հարկում: Երբ Ավոյի հետ ներս մտանք, նախասենյակում բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, միության նախագահ, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանն իր սենյակի բաց դռնից նշան արեց, որ փոքր-ինչ սպասենք: Ինձ համար պարզ էր, որ նրանք ևս չեն ճանաչել Ավոյին: Առանց հապաղելու ներս մտանք, և ես դիմեցի Հ.Աբրահամյանին.

-Ընկե՛ր Աբրահամյան, կներեք, Ավոն շտապում է:

Բոլոր ներկա գտնվողները միանգամից վեր թռան իրենց տեղերից, և ծավալվեց բազմաբնույթ, հետաքրքիր ու մտերմիկ զրույց: Բոլորը հարցեր էին տալիս Ավոյին և ոգևորվում էին, երբ Ավոն ինչ-որ առաջադրանք էր ներկայացնում: Առկա բոլոր խնդիրները կարծես դարձան դյուրին, սակայն հարցերի հարցը Շուշիի երկար սպասված ազատագրումն էր, որը բոլորին էր հուզում: Ավոն ներկայացրեց ռազմական գործողության հետ կապված որոշ մանրամասներ և հույս տվեց, որ երկար չենք սպասելու: Ես այլևս չսպասելով՝ ասացի Ավոյին.

-Բա մնացած 70-80 կիլոմե՞տրը-, կասկածելով, որ նա այդ մասին երևի չգիտի:

Նա ասաց.

-Դժվարը Շուշին է, մնացածը հեշտ կլինի:

Թերահավատորեն վերաբերվեցի նրա ասածներին, սակայն շուտով այդպես էլ եղավ:

Հաջորդ օրը, ըստ պայմանավորվածության, Ավոյի հետ մեկնեցինք «Էրեբունի» օդանավակայան: Նրա մաշված համազգեստը տեսնելով` ես մեքենան վարեցի օդանավակայանից ոչ հեռու գտնվող զորամաս, որը դեռևս խորհրդային էր: Այնտեղ որպես վաշտի ավագ ծառայում էր իմ համադասարանցի Արթուր Հայրապետյանը /նա զոհվել է 2000 թվականի հունվարի 19-ին, վիրավոր զինվորին փրկելու համար օգնության գնացող ուղղաթիռի աղետից/ և համազգեստ խնդրեցի: Երբ Արթուրը բերեց համազգեստն ու կոշիկները, Ավոն չէր ուզում հագնել`պատճառաբանելով, որ ուշանում ենք: Մի կերպ համոզեցինք: Դրանք կարծես կարված էին հենց իր համար: Ավելի դժվարությամբ նրան համոզեցինք, որ չհանի` մտածելով, որ նոր համազգեստը կտա ուրիշին: Հին շորերը նա փաթաթեց թերթի մեջ ասելով.

-Պետք կգան,- եւ վերցրեց հետը:

Ռազմամթերքը հասավ Ստեփանակերտ: Օդանավակայանում էր ԼՂՀ Պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շատ ուրախացավ` տեսնելով ինքնաթիռի պարունակությունը և զարմացավ, որ համայնքների միջոցներով հնարավոր է նման քանակի ու տեսակի զինամթերք ձեռք բերել, սակայն կարգադրեց, որ դրանք տանեն կենտրոնական զինապահեստ, քանի որ Շուշիի ազատագրումը դարձել էր կենսական պահանջ:

Մոնթեի հետ իմ պատահական հանդիպումը, մտերիմ, անկեղծ ու անմիջական զրույցը 2 օրվա ընթացքում ինձ վրա թողել են բացառիկ տպավորություն: Խելացի, անաչառ, պարզ ու շիտակ մեկ այլ հայրենասերի ես դեռ չեմ հանդիպել: Լեգենդ դարձած Ավոյի մեջ հրաշալի միաձուլված էին մտավոր, հոգևոր, ֆիզիկական և մարդկային վեհ հատկանիշները:

ՎԱՉԱԳԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Պատմության էջերից


18/04/2013