Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1942Թ. ՍՏԱԼԻՆԳՐԱԴ



…Ռազմաճակատի հրամանատարությունը ստուգայց է կատարում 62-րդ բանակում (հրմ. բանակի գեներալ Չույկով)։

Այդ բանակի կազմում Ստալինգրադը պաշտպանում էր 76-րդ հայկական դիվիզիան։

Մարշալ Տիմոշենկոն ուշադիր նայում է բարձրահասակ, աթլետիկ կազմվածքով մի զինվորի։

-Այս ինչքա՜ն ենք մենք իրար նման… որտեղացի՞ ես…

-Հայ եմ, Հայաստանից,- պատասխանում է զինվորը։

-Բայց իմ հայրը Հայաստանում չի եղել։ Որտեղի՞ց է մեր նմանությունը.- ծիծաղում է մարշալը։

-Իսկ իմ հայրը Ռուսաստանում հաճախ է եղել,- համարձակորեն պատասխանում է զինվորը։

Բոլորը ապշած նայում են մարշալին։ Դրությունը փրկում է ռազմական խորհրդի անդամ Ն. Ս. Խրուշչովը։

-Մի անգամ մեր գյուղի կալվածատերը ուշադիր նայում է վառարանը վառող մուժիկին.

«Մուժի՛կ, այս ինչքա՞ն ենք մենք իրար նման, արդյոք մայրդ մեր տանը աղախին չի՞ աշխատել»։

-Չէ, բարին, հայրս էլ է ձեր տանը վառարան վառել,- պատասխանում է մուժիկը։

Բոլորը ծիծաղում են… ու բոլորից բարձր ծիծաղում է մարշալ Տիմոշենկոն…

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՎ ԿԱՏԱԿՈՒՄ Է Ն. Ս. ԽՐՈՒՇՉՈՎԸ

«Я вам покажу «Кузкина мать »,- ՄԱԿ-ի ամբիոնից սպառնում էր Ն. Ս. Խրուշչովը 1963-ին…

100 մետրանոց ջրածնային ռումբը կոչվում էր Իվան, սակայն Ն. Ս. Խրուշչովը այն կոչեց «Кузкина мать»։

♦♦♦

ԽՍՀՄ-ում ջրածնային ռումբ ստեղծած Սախարովը, սպառազինությունների մրցավազքից ահաբեկված, դիմում է Խրուշչովին, որպեսզի այսուհետ գիտնականները մասնակցեն երկրի ղեկավարների կողմից քաղաքական կարևոր որոշումների ընդունմանը։ Նիկիտա Սերգեևիչը իրեն հատուկ հումորով պատասխանում է.

-Մի անգամ ծերուկը գիշերով աղոթում է «Տեր Աստվա՛ծ, ամրացրու և ուղղություն տուր»։ Պառավը լսում է և շշնջում. «Թող Տեր Աստված ամրացնի, ուղղությունը ես կտամ…»։

Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։

♦♦♦

-Վիետնամում ԽՍՀՄ դեսպան Սուրեն Թովմասյանը քարահունջի օղիով հյուրասիրում է երկրի ղեկավար Հո Շի Մինին։ Խմելուց հետո 78-ամյա ծերուկը մի քանի օր ուշքի չի գալիս։ Լուրը հասցնում են Խրուշչովին։ Նա էլ զանգում է Հայաստան, ՀԿԿ առաջին քարտուղար Յ. Ն. Զարուբյանին։

-Յակով Նիկիտիչ , էդ քո հայրենակիցը ի՞նչ օղի է հյուրասիրել Հո Շի Մինին, երեք օր է՝ խեղճ ծերուկը ուշքի չի գալիս։

-Քարահունջի հայկական օղի է, Նիկիտա Սերգեևիչ,- հանգիստ պատասխանում է արդեն վաղօրոք տեղեկացված Զարուբյանը։

-Բեր փորձենք։

Նույն օրը Զարուբյանը Մոսկվայում էր։ Հիացած օղու համից ու թնդությունից՝ Խրուշչովը զմայլանքով դիմում է Զարուբյանին.

-Յակով Նիկիտի՛չ, դու էլ, քո հայրենակիցն էլ խելացի մարդիկ եք, բայց… չգիտեք՝ ում ինչով հյուրասիրել…

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Պատմության էջերից


18/04/2013