19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ
Հարևան գավառների հեղափոխական կառույցների գործողությունները համադրելու և միասնաբար գործելու ծրագրերը մշակելու նպատակով նա նույն տարվա ամռանը Հրայրի ընկերակցությամբ մեկնում է Վան՝ հանդիպելու Վարդգեսի և ՀՅԴ Շամի կենտր. կոմիտեի հետ: Հրայր Դժոխքն ու Վարդգեսը, ինչպես հայտնի է, ընդհանուր ապստամբության կազմակերպման արմատական տեսաբաններն էին ու կողմնակիցները: Թուրք իշխանությունները խստորեն վերահսկում էին Սասուն տանող ուղիները և այդ պայմաններում հնարավոր չէր մեծ քանակությամբ զենք տեղափոխել ու զինել ժողովրդին: Երկաթը իրավացիորեն գտնում է, որ ճիշտ չէ մեկ վայրում մարտական ուժերի ու զենքերի կենտրոնացումը: Նրա կարծիքով՝ համանման իրավիճակում հակառակորդին ավելի մեծ հնարավորություն է ընձեռվում հեշտությամբ խոչընդոտելու եւ խափանելու մարտական ուժերի, զենքի տեղափոխման ձեռնարկումները: Զենք ձեռք բերելու հարցում ժողովրդի մեջ արմատավորվել էր այն վնասակար մտայնությունը, թե իրենք պիտի զինվեին միայն հեղափոխական կազմակերպությունների աջակցությամբ և որևէ քայլ չէին ձեռնարկում զենք ձեռք բերելու անձնական նախաձեռնությամբ: Ազատագրական պայքարը պետք է համաժողովրդական ընդգրկում ունենար, և որևէ հեղափոխական կազմակերպություն, ինչքան էլ հզոր լիներ, միևնույն է, չէր կարող լուծել ժողովրդին զինելու խնդիրը: Երկաթը օրագրում գրում է. «Ժողովուրդը, մարտական տեղական խումբերը, իրենց միջոցով, իրենց դրամով պիտի զինուին, կուսակցութեան օժանդակութեամբ…»:
Եթե ժողովուրդը հասկանար և ճիշտ գնահատեր զինվելու նշանակությունն ու անհրաժեշտությունը, ապա անհամեմատ ավելի դյուրին կլիներ լուծել ինքն իրեն զինելու խնդիրը: Ցանկության ու խելամիտ գործելու դեպքում էլ կարելի կլիներ զենք ձեռք բերել նաև Երկրում, հենց թուրքերի ու քրդերի միջոցով: Մի էական հանգամանք ևս. գրեթե բոլոր գավառներում հայ գյուղացիների առաջնահերթ պահանջը մեկն էր՝ զենք: Նույնիսկ այն վայրերում, ուր հաստատվել ու գործում էին հեղափոխական կազմակերպությունները, զենքի քանակը խիստ սահմանափակ էր: Ո՞ւմ պիտի վստահեին մեծ դժվարությամբ Երկիր հասցրած զենքերը:
«Ամէն անգամ,-գրում է Երկաթը,- որ հոս կը հանդիպին, կազմակերպական զէնք կուզեն: Ես ալ միշտ նոյն պատասխանը կու տամ. «չի կարելի տալ»: Սկզբունքով դէմ եմ այդ հին մեթոտին, որուն տակ բոլոր կազմակերպական ապրանքները ժողովուրդին տոււին եւ վտանգի մը ժամանակ բոլորն ալ կորան ծախուելով կամ փչացնելով»:
Նրա համոզմամբ՝ մարտական այն ուժը, որն ի զորու էր հաջողությամբ առաջնորդել Սասունի մարտական ուժերը, Նիկոլ Դումանն է: Ընդհանուր Ժողովն ավարտելուն պես, Երկաթը շտապում է Կովկաս, որտեղից մարտախմբով պիտի անցներ Սասուն: 1904 թ. մայիսի կեսերին Երկաթն, առաջնորդելով ՀՅԴ Երևանի «Մրգաստան» կենտր. կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված 35 մարտիկներից բաղկացած զինախումբը, մեկնում է Սասուն: Զինախմբի կազմում Երկաթի ընկերակցությամբ Սասուն է մեկնում նաև Թոխմախը (Քղեցի Պողոս կամ Գեղեցիկ Պողոս):
Երկաթի գլխավորած զինախումբը Սասուն պիտի մեկներ Երևան-Իգդիր-Ալաշկերտ-Արճեշ-Ախլաթ-Սասուն երթուղով: Ի դեպ, դա այն ուղին է, որտեղով Երկաթն ու Թոխմախը զենք ու զինամթերք էին տեղափոխել:
Թոխմախը հայտնի անուն էր հայ ազատագրական պայքարում: 1902 թ. Թոխմախին հաջողվել էր զինատար խմբով Կարս-Իգդիր-Ալաշկերտ-Ախլաթ գծով զենք տեղափոխել Ախլաթ: Նրա գործունեության հիմնական կենտրոնավայրը Ծաղկանց լեռներն էին, որտեղից նա կարողանում էր կապեր հաստատել շրջակա քուրդ աշիրեթների հետ և երբեմն նրանց աջակցությամբ զինամթերք տեղափոխել Ախլաթ: Հաստատվելով Ախլաթ գավառում՝ Երկաթը զենքերի տեղափոխությունը իրականացնում էր նաև Թոխմախի աջակցությամբ:
Քրդերը հայդուկների ներկայության մասին անհապաղ հայտնում են մերձակայքում բնակվող քուրդ աշիրեթներին, որոնք գալիս ու պաշարում են զինախմբի ապաստանած այն քարայրը, որը գտնվում է Արճեշից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Ամբողջ օրը հայդուկների և քրդերի կողմից միմյանց վրա տեղացող կրակոցները որևէ արդյունք չեն տալիս: Քրդերը մարտադաշտում հայտնված թուրք զինվորների և ոստիկանների աջակցությամբ ամուր շրջափակում են քարայրը և անընդմեջ կրակոցներով հնարավորություն չեն տալիս հայդուկներին դուրս գալու քարայրից: Այդ դժվարին իրավիճակում Երկաթը կիրառում է կռիվը շարունակելու մի մարտավարություն, որը կարող էր հնարավորություն տալ հայդուկներին դուրս գալու պաշարումից: Երեկոյան Երկաթի հրամանով երկու հոգի դուրս են գալիս քարայրից և փորձում շփոթություն առաջացնել ու ապակողմնորոշել հակառակորդին: Երկաթի մարտավարությունը հաջողվում է: Քարայրից դուրս եկած մարտիկների կրակոցները շփոթություն են առաջացնում: Օգտվելով դրանից` զինախումբը արագորեն դուրս է գալիս քարայրից և փորձում հեռանալ: Այդ պահին տեղի է ունենում մի պատահար, որը վճռում է կռվի ելքը:
Ըստ Ռուբենի «… գնդակ մը կիյնայ այն վայրին մէջ, ուր կը գտնուէր Երկաթը եւ կը դպնայ ձեռնառումբի մը, որ կը պայթի եւ իրեն հետ կը պայթեցնէ վառօդի եւ ռումբի շեղջերը: Այրը իր մէջի մարդկանցով տեղէն կը ցնցուի եւ քարաժայռերը ֆետայիներու արյունոտ դիակներու կտորտուանքներ կը ժայթքեն, թողնելով իրենց տակ ոստիկաններու եւ քրտերու դիակներ եւս»:
Սարսափելի պայթյունից ողջ մնացած զինախմբի 7 մարտիկները բարձրանում են լեռը և շարունակում կռիվը: Թուրք ոստիկանների ու քրդերի դեմ մղված կռիվներում Երկաթի զինախմբի մարտիկներից առավելապես աչքի է ընկնում ռուսական բանակում ծառայած Քանաքեռցի Գասպարը: Հայդուկները գիշերը մնում են լեռան վրա: Լույսը բացվելուն պես ուղեցույց ընդունելով Մասիս սարը, նրանք առաջ են շարժվում և փորձում կտրվել հետապնդողներից: Քրդերը, հայդուկներին գերի վերցնելու մտադրությամբ, շարունակում են հետապնդել ու առաջարկում անձնատուր լինել: Հայդուկները թեպետ սակավաթիվ էին և խիստ հոգնած, այնուամենայնիվ, շարունակում են կռիվը: Անընդմեջ ընթացող մարտերում զոհվում են խմբի ևս 5 անդամներ: Գասպարը, ողջ մնացած մեկ այլ հայդուկի զինակցությամբ, հաջորդ օրը դարձյալ կռվի է բռնվում քրդերի հետ և փորձում առաջ շարժվել Մասիսի ուղղությամբ: Շուտով զոհվում է նրա զինակիցը, իսկ նա վիրավոր, կիսամեռ վիճակում գերի է ընկնում: Քրդերը հարգելով նրա անսահման քաջությունը, ոչ միայն չեն սպանում նրան, այլև խնամում ու հանձնում են Բայազիետի փաշային…
Աշոտ Երկաթն այն բազմաշնորհ ու կարող ազգային-հեղափոխական գործիչն էր, որը կարող էր Բիթլիսի և Վասպուրականի նահանգներում հաջողությամբ փոխարինել Հրայր Դժոխքին, Գուրգենին ու Վարդգեսին և անգնահատելի ծառայություն մատուցել Հայոց ազատամարտին:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր