ՈՒՐԱ՛Խ ԵՂԻՐ, ՀԱՍԱ՛Ն
Մեծ եղեռնից հետո ցեղասպանությունից վերապրած հայերի մեջ գոյացավ թաքուն հայերի մի ահռելի շերտ: Հրաշքով վերապրածները ողջ մնալու ահից ճարահատ ապաստանեցին մահմեդականների տներում. բռնի կրոնափոխվածներից որի՛ն կնության առան, որի՛ն դժվարտանելի աշխատանքի լծելով հալումաշելու աստիճան ծառայեցրին, որի՛ն որդեգրեցին: Թեհրանից, օրինակ, Աիդա Մուսախանյանը մի օր նամակ ուղարկեց մեզ, մեջը` լուսանկարներ: Ծրարված ներփակը որպես քուրդ ապրած երեք հայի ոդիսականն էր, ամեն մեկը, առանձին վերցրած, Մեծ եղեռնի հետևանքների մասին պատմող ֆիլմի համար արժանի նյութ: Ողբերգական պատումները, որ անմշակից անմշակ էին, հարկ եղավ դասդասել, համակարգել, վերաշարադրել` պահպանելով վավերական ատաղձի զգայացունց շունչը: Արդյունքում՝ այն դարձավ երբևէ իմ պատրաստած և վարած ապրիլքսանչորսյան ամենահոգեմաշ հաղորդումներից մեկը:
Թաքուն հայերի մասին ինձ պատմեց Դիարբեքիրում ծնված, այնուհետև Եվրոպա փոխադրված մի զտարյուն քուրդ` բռնությունների թեման գիտական հետազոտության առարկա դարձրած սոցիոլոգ Համիդ Բոզարսլանը: Փարիզաբնակ գիտնականի հետ ծանոթացա Ադանայի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի օրերին: Համիդ Բոզարսլանի պատմածը գումարվեց իմ իմացական այն տարաշերտ պաշարին, որ կաթիլ-կաթիլ ամբարվել էր մեջս` սկսած վաղ մանկությունից (հասակ եմ առել Արևմտյան Հայաստանից մազապուրծ ընտանիքներով բնակեցված երևանյան թաղամասերից մեկում):
Ծպտյալ հայերի հետ ինձ բախտ է վիճակվել հանդիպելու թե՛ Արևմտահայաստանում, թե՛ Եվրոպայում: Դրանք, ըստ էության, տարիներով զուգահեռվող հանդիպումներ են եղել: Կրոնափոխության ենթարկված հայերի արյան մեջ հետապնդման վախն այնաստիճան սուր է եղել, որը ոչնչով երբեք էլ չի մեղմվել` նույնիսկ որպես զբոսաշրջիկ պատմական հայրենիք այցի գնալը, ոտքի տակ նախնյաց հո՛ղն անգամ զգալը: Իրենց հայ լինելուց չխոսեցին և նրանք, որոնց ես հանդիպեցի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո: Կարծրացած սարսափն աչքերի մեջ` վախվորած իրենց շուրջն էին նայում ծպտյալ հայերը… Ի դեպ, թաքուն հայ ասելով` նկատի ունեմ թե՛ նրանց, որոնց հայտնի է իրենց հայ լինելը, բայց մտածված թաքուն են պահել իրենց ծագումը, թե՛ նրանց, որոնց տասնամյակներ անց մի օր հուշել են, որ իրենք ծագումով հայ են, և թե՛ նրանց, ովքեր իրենք հայկական արմատներին այդպես էլ անտեղյակ, հեռացան աշխարհից: Այսօր հայկական ծագման բացահայտման նկատմամբ վերաբերմունքն էլ, ի դեպ, միանշանակ չէ. մեծ է հետևանքների՛ վախը:
♦♦♦
Վանի միջնաբերդ բարձրանալիս ինձ ուղեկցեց Աքբարը: Վերջում նա ինձնից ոչ միայն փող չուզեց, ինչը անխտիր բոլոր քրդերն են անում, այլև հրաժարվեց առաջարկվածից: Հաջորդ այցիս, իսկ դա երեք տարի անց էր, միջնաբերդի շուրջ փնտրեցի Աքբարին. ես նրան հուշանվեր ունեի տալու: Ուղեկցորդների մեջ, սակայն, Աքբարն այլևս չկար:
Եթե Վանի միջնաբերդի Աքբարի, Վարագավանքի շուրջ զբոսնող կապուտաչյա շիկահեր օրիորդի, Արգինայի տաճարի պատին կռթնած, անվերջ ծխող պապիկի, Խնուսի կիսափուլ տնակի առաջ քարին նստած ծերուկի, Վանի Այգեստան թաղամասի փլատակների մոտ աճող վարդերը ջրող ամոթխած կնոջ հայազգի լինելն ինձ ինչ-որ առումով կարող էր կասկածելի թվալ, ապա նույնը չէի ասի Վանա լճի մերձափնյա խորտկարանատիրոջ մասին: Գանգուր մազերով մրահոն այրն սկզբից ևեթ ասաց, որ իր տիկինը քրդուհի է, և որ չորս զավակ ունեն: Երբ հայերով խմբովի ըմբոշխնեցինք Վանա տառեխը, իսկ Վանա տառեխը մանր, բայց շա՛տ համեղ ձուկ է, և սկսեցինք դեսից-դենից զրուցել, խորտկարանատերը խոստովանեց, որ ինքը քուրդ չէ, հայ է, միայն թե չգիտե` ինչպե՞ս պիտի ասի իր զավակներին: Չէ՞ որ բոլորը գիտեն` ինքը քուրդ է:
Թե ինչպե՞ս դա կասի` չգիտեմ, բայց որ մի օր հաստատ կասի, կասկած չունեմ:
…Երբ ընթերցեցի Թուրքիայում ծնված, իր չխրախուսվող գաղափարական-քաղաքական համոզմունքների համար վտարանդի դարձած, շուրջ երեք տասնամյակ Գերմանիայում ապրող թուրք գրող Քեմալ Յալչընի գիրքը, երևակայե՛լ իսկ չէի կարող, որ գրքի հերոսներին մի օր անձամբ կտեսնեմ, կզրուցեմ հետները, նրանց մասին պատմող հաղորդումներ կպատրաստեմ, որոնք կհեռարձակվեն Հայաստանի հանրային ռադիոյով, նույնաբովանդակ հրապարակագրություն կտպագրվի ինչպես Հայաստանում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս:
2002 թ. գերմանահայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Պեկճյանը Էջմիածնում ինձ նվիրեց թուրք այլախոհ Քեմալ Յալչընի «Հոգիս քեզնով է խայտում» վավերագիրքը և առաջարկեց արևմտահայերենից փոխադրել արևելահայերենի: Կարդացի շատ արագ, ստեպ-ստեպ հետ թերթելով էջերը, ուշի ուշով նայելով տիտղոսաթերթին, որին պատկերված էր հեղինակի լուսանկարը: Նայում էի, որովհետև անհավատալի էր, որ Հայոց ցեղասպանությունը ներկայացնող, փաստերի հախո՛ւռն հեղեղը գրական ասպարեզ բերած անձը, թո՛ղ որ այլախոհ, թո՛ղ որ վտարանդի, կարող էր լինել թո՛ւրք:
Ամիսներ անց առաջնորդանիստ Քյոլն քաղաքում գերմանահայոց թեմի հոգևոր առաջնորդ Գարեգին Պեկճյանը ինձ ներկայացրեց Քեմալ Յալչընին: Հենց եկեղեցում հարցրի թուրք գրողին.
-Համոզվա՞ծ եք, որ թուրք եք: Արդյոք Ձեր մեջ հայի արյուն չկա՞:
– Ես զտարյուն թուրք եմ: Կասկած չեմ էլ ունեցել,- պատասխանեց:
Վավերագիրքը փոխադրեցի արևելահայերենի։ Խիստ հետաքրքրական նորույթ էր այն, որ թաքուն հայերի մասին գրողը ազգությամբ հայ չէր, թուրք էր: Քեմալ Յալչընի հետազոտությունների համաձայն` Թուրքիայում մեկ ու կես միլիոն թաքուն հայ է ապրում:
Այնպես ստացվեց, որ Գերմանիայում ես հանդիպեցի «Հոգիս քեզնով է խայտում» վավերագրքի որոշ հերոսների. պոլսահայ Մելինեին` Ռաթինգենում, Եվրոպա հյուր եկած կեսարացի Զաքարիային` Բրյուլում, քրդացած Հաջի Իբրահիմին` Քյոլնում: Վերջինս, օրինակ, «Թաքուն հայեր» գլխի գլխավոր հերոսներից է:
Թաքուն հայերի թեման, ինչպես և պետք էր ենթադրել, արծարծվեց թե՛ ռաթինգենաբնակ անգլերենի ուսուցչուհի Մելինեի, թե՛ ստամբուլաբնակ ճարտարապետ Զաքարիայի հետ մեր զրույցներում, որպես կանոն` կայուն ծանրամարս:
♦♦♦
Բեթհովենի ծննդավայր Բոննում, օրինակ, հանդիպեցի ելազըգցի Հակոբին, քրդի ազգանունով ապրած նրա բարեկամ-բարեկամուհիներին: Ծպտյալ ազգակիցներս ժպտում էին սիրառատ, փորձում նույնիսկ հայերեն խոսել, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի բառ գիտեին` Աստված, Հիսուս Քրիստոս, ջարդ, հարամ… Հետո նրանք դրեցին Ելազըգ կատարած ուղևորության տեսանյութը: Ծպտյալներին միացավ և Հակոբի քրդուհի տիկինն, ու բոլորս միասին հեռուստաէկրանին գամված նայեցինք: Ծանր էր հետևել երբեմնի ելազըգցիների ապրումներին, նրանց մարմնի լեզվին, հատկապես այն ժամանակ, երբ տեսաերիզում հերթը հասավ մերձավորների շիրիմներին, որոնք հայերը թողել էին թուրքերին, քրդերին: Տեղաբնակներին վճարած հայերը խնդրում էին, որ հսկեն հայերի շիրիմները, տիրություն անեն, որպեսզի չպղծվեն… Դիտեցինք նաև առանձին հատվածներ Արևմտյան Հայաստան կատարած իմ ուխտագնացությունների տեսագրությունից:
Հայ Դատին անդամագրված մի տիեզերքի քաղաքացի էլ շուրջ երեք տասնամյակ Քյոլնում է ապրում: Խոսքս ութսունականների վերջի թուրքական հեղաշրջման ժամանակ ամբողջ երկու տարի բանտում անցկացրած, քսանհինգ տարի անց հայրենիք վերադառնալիս կրկին թուրքական բանտ նետված, չորս ամիս բանտում անցկացրած, ձերբակալվելու պատճառով հիվանդ հորն այդպես էլ չտեսած, վերջին հրաժեշտն այդպես էլ չտված Դողան Աքանլըի մասին է: Թուրք գրողի հետ մեր վերջին զրույցը բավականին երկար տևեց…
Ցեղասպանության 90-ամյակի օրերին Հայաստանում եղած Դողան Աքանլըին ևս հարցրի.
– Չե՞ս մտածել, որ կարող է հայկական արմատներ ունենաս:
– Կարող է և այդպես լինել, Լարիսա: Այդպես լինելու դեպքո՛ւմ անգամ ես մի օրում չեմ կարող թուրքից հայ դառնալ,- պատասխանեց` չբացառելով:
Թաքուն հայերի մասին ո՞վ գիտե ավելին, քան Դողան Աքանլըն:
Չեմ կարող անտեսել Հայ Դատին անդամագրված մյուս նվիրյալին` քուրդ Ալի Էրթեմին` այն միակին, որը ամեն ամիս քսանհինգ եվրո գումար է փոխանցում` որպես վնասների փոխհատուցում Եղեռնի ենթարկված և հայրենազրկված հայերին…
Ես տասը տարվա մի ծանոթ ունեմ: Անունը Հասան է. Վանում ենք ծանոթացել:
Ինձ ներկայացավ քուրդ և համոզված էր, որ քուրդ է:
Հետո հանդիպեցինք Եվրոպայում:
Ավագ դստերս ընտանեկան հարկի տակ հյուրընկալված Հասանին, ի դեպ, հիացրեց «Արարատ» գեղանկարը. տեսավ թե չէ, բացականչեց` «Մեր Արարատը…»: Լսելիս ես զգացի այն, ինչ կզգա քրդից նույնը լսած ամեն հայ: Բայց լռեցի. հայի համար հյուրը Աստված է, հակառակվելն` անբարեկիրթ…
ԼԱՐԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Հոգևոր-մշակութային