ԹԱՑԸ ՉՈՐԻՆ ՉԽԱՌՆԵՆՔ
Զինված ուժերում բժիշկը ոչ միայն որակավորում ունեցող մասնագետ է, այլ նաեւ պայքարող ճակատային զինվոր է՝ հանուն առողջության։ Իսկ զինվորին բուժելը, առողջացնելն ու պայքարելը նրա կյանքի համար հերոսություն է։ Ուստի ես ուզում եմ այսօր իմ շնորհակալական խոսքն ուղղել Կենտրոնական կայազորային հոսպիտալի վնասվածքաբանության բաժնի ողջ անձնակազմին՝ գլխավորապես բաժնի վարիչ, մայոր Լևոն Մերուժանի Ժամագործյանին, որը վիրահատեց և ոտքի կանգնեցրեց իմ որդուն։
Երբ տղաս հայտնվեց հոսպիտալում, մենք ծնողներով հոգեկան ծանր վիճակում հայտնվեցինք. հուսահատված էինք և մի տեսակ վախ ու անվստահություն կար բժիշկների նկատմամբ, քանզի իմ երկու որդիները ծառայողներ են, և ես այս 20 ամիսների ընթացքում ուշի ուշով հետևում եմ զինվորական կյանքին, կարդում եմ թերթերում և կայքերում, թե ինչպես է պատահում, որ անփութության պատճառով զինվոր է մահանում։ Խուճապից դուրս եկանք, երբ մեզ հետ զրուցեց Լ. Մ. Ժամագործյանը, մանրամասն ներկայացրեց երեխայի վիճակը, բացատրեց, որ առողջացման միակ ելքը վիրահատությունն է։ Երեխան ենթարկվեց մանրամասն հետազոտման, նրա հետ աշխատում էր ողջ բուժանձնակազմը։ Վիրահատությունը, բժշկի բառերով, անցավ իդեալական։ Երեխան հիմա վերականգնողական փուլում է։
Ես, խնամելով տղայիս, տեսա, թե ինչ հոգատար է պարոն Ժամագործյանը բոլոր զինվորների նկատմամբ, տիրապետելով հզոր տաղանդի, նա ունի մի մեծ առավելություն, որը նրան լավագույն բժիշկ կոչվելու իրավունք է տալիս. նա կարողանում է խաղաղեցնել հիվանդին, գերել և հույս ներշնչել։ Հիպոկրատն ասում է, որ իմաստնության և բժշկության միջև տարբերություն չկա։
Այն բոլոր թյուր կանխակալ կարծիքները, որոնք ինչ-որ ժամանակ պղտորում էին ծնողիս հոգին, ցրվեցին, և ես իմ հոգու պարտքն եմ համարում բոլոր մտահոգ մայրերին ասելու, որ հանգիստ լինեն, քանի որ մեր զինվոր-երեխաների առողջությամբ որակյալ եւ սրտացավ բուժանձնակազմ է զբաղվում։ Եկեք մեծարենք և խոնարհվենք նրանց, նրանց գործի առաջ։ Ոչ ոք դժբախտությունից ապահովագրված չէ, ուստի թացը չխառնենք չորին…
Բժշկի աշխատանքն ամենակարեւորն է. նրանք վերադարձնում են առողջությունը, որը գոյատևման հիմքն է։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ք. Երևան