Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐՈՆԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԼԻԲԵՐԱԼԻԶՄ



Օրենքը եւ բարոյականությունը` հակադիր բեւեռներում

Արցախյան պատերազմի մասնակից, մահապարտների «Արծիվ» գումարտակի մարտիկ Աղասի Կարապետյանը ապրիլի 7-ին ֆեյսբուքյան իր էջում ընթերցողներին էր դիմել օգնության խնդրանքով. «Այսօր` իմ ծննդյան օրը, որը համընկնում է Մայրության և գեղեցկության տոնի հետ, կարծես կրկնակի տոն պետք է լիներ ընտանիքիս ու հատկապես մորս համար, բայց, ցավոք, …հայտնվել եմ մի իրավիճակում, որից չեմ կարողանում միայնակ ելք գտնել:

Մեկ տարի առաջ մայրիկիս` Խանում Կարապետյանին, շտապ օգնության մեքենայով սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխեցինք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկը ստուգելուց հետո դուրս եկավ հիվանդասենյակից և ասաց, որ ես ընդամենը 10 րոպե ժամանակ ունեմ, այսինքն՝ կա՛մ վճարում եմ, կա՛մ հիվանդին, այսինքն մայրիկիս, հետ ենք տանում տուն: Իհարկե, այլ ելք չկար, անգամ մտածելու մասին խոսք լինել չէր կարող: Խնդրանքներիցս հետո համաձայնեցին իմ ստորագրությամբ մայրիկիս վիրահատել:

Մի կերպ 400.000 դրամ վճարեցի, մնացած 635.000 դրամն առ այսօր չեմ կարողացել վճարել: Հիմա էլ խեղճ 77 տարեկան մորս դատի են տվել: Երբեք չեմ շահարկել Արցախյան պատերազմին մասնակցած լինելս, բայց այսօր ստիպված եմ նշել, որ մայրս այն կինն է, որ աչքն անգամ չթարթեց, երբ ես, լինելով նրա միակ տղան, մեկնեցի ռազմաճակատ: Պարգևատրվել եմ ՀՀ և ԼՂՀ պետական և գերատեսչական բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով», -գրել է ազատամարտիկը` օգնություն հայցելով մարդկանցից և հատկապես Հայաստանի Հանրապետության կառավարությունից:

Արդեն ապրիլի 9-ին Աղասի Կարապետյանը տեղեկացրեց, որ անհայտ մի քաղաքացի պատրաստակամություն է հայտնել վճարելու 635.000 դրամը, իսկ ապրիլի 10-ին այդ գումարը մուտք արվեց հիվանդանոցի հաշվեհամարին: «Անկեղծ եմ ասում, չեմ ճանաչում, թե ով է այդ գումարը տվել: Բայց ի սրտե շնորհակալ եմ նրան եւ այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չգտնվեցին եւ իրենց աջակցությունը հայտնեցին»,-ասաց Աղասին: Մեզ հետ զրույցում նա նաեւ նշեց, որ իր օգնության խնդրանքին արձագանքել են տասնյակ մարդիկ, որոնց հանգանակած գումարը կբավարարի նաև սոցիալական ծանր վիճակում գտնվող ուրիշ ազատամարտիկների օգնելու համար: Ապրիլի 10-ի դրությամբ պետական որևէ մարմնից արձագանք չկար:

Մի պահ ենթադրենք, որ սա պատահել է ոչ թե ազատամարտիկի, այլ մեկ ուրիշ՝ սովորական քաղաքացու հետ: Ի՞նչ է ստացվում. փող ունես` բուժօգնություն կստանաս, չունես` կմեռնես: Մեզ հետ զրույցում Ա.Կարապետյանը մանրամասնեց, որ մեկ տարի առաջ բժիշկն իրեն հենց այդպես էլ ասել էր` «Դուք 10 րոպե ժամանակ ունեք. կա՛մ վճարում եք, կա՛մ հիվանդը կմեռնի»: Ցավոք, սա մեր հասարակության մեջ ձևավորված հարաբերությունների այնպիսի դրսևորումներից է, երբ կարեկցանքը, մարդասիրությունը, անշահախնդրությունը, բժշկի առաքելության մասին վեհ պատկերացումները մղվում են մարդկային հոգու խավար, մութ անկյուն՝ տեղի տալով «ազատականացման» հովեր առած հոռի բարքերին: Մի՞թե այսպիսի հարաբերություններ էինք երազում Անկախությանը «այո» ասելիս: Հազիվ թե: Այդ դեպքում՝ ինչպե՞ս ձևավորվեցին դրանք` ի հեճուկս մեր կամքի:

Արտաքուստ ամեն ինչ օրենքի սահմաններում է. բժիշկն աշխատել է և իր օրինական աշխատավարձն է պահանջում: Նա վաճառել է իր աշխատանքը և պատրաստ է դատարանի միջոցով հիվանդից գանձելու իր հասանելիք գումարը: Ամեն ինչ ճիշտ է` գործող օրենքի և ներկայիս լիբերալիզմի փիլիսոփայության տեսանկյունից: Միայն թե հարց է ծագում` բարոյական տեսանկյունից ի՞նչ հասարակության ենք վերածվում` նման փիլիսոփայությանը հետևելով: Չէ՞ որ հայ բժիշկն ու փող չունեցող հայ հիվանդը դառնում են թշնամիներ, չէ՞ որ այսպես վարվելու դեպքում` յուրաքանչյուրն իր բնագավառում, վերջին հաշվով՝ հայ հարուստն ու հայ աղքատը դառնում են թշնամիներ, որովհետև նրանցից մեկը պատրաստ է հանուն փողի խլելու մյուսի կյանքը կամ անտարբեր դիտելու, թե ինչպես է նա մեռնում: Մի՞թե սա հասարակությունը պառակտելու ճանապարհ չէ:

Համաձայնեք՝ եթե հայ հարուստը պետք է «յոթ կաշի քերթի» հայ աղքատից, ապա նրանք չեն կարող սիրել միմյանց: Բայց չէ՞ որ թե՛ հարուստ հայն ու թե՛ աղքատը ունեն նույն արտաքին թշնամին, որը հնարավորության դեպքում պատրաստ է երկուսին էլ մորթելու: Մի՞թե կարելի է մոռանալ այս մասին: Չէ՞ որ այսօր սահմանին կանգնած են, պե՛տք է կանգնեն բոլոր շերտերի ներկայացուցիչները` պաշտպանելու թե՛ մեկի, թե՛ մյուսի ունեցածն ու չունեցածը, ի վերջո` կյանքը: Չէ՞ որ սահմանին կանգնող յուրաքանչյուր զինվորի դաստիարակում ենք տարոնականության ոգով, այսինքն` պահանջում, որ նա պատրաստ լինի հանուն հայրենիքի և հանուն իր հայրենակիցների զոհաբերելու սեփական կյանքը: «Մեր քարոզած տարոնականությունն այլ բան չէ, եթե ոչ մեռնելու կամք` մեր վտանգված Հայրենիքի և Ցեղի համար»,- ասում է Գարեգին Նժդեհը: Վերջին հաշվով, մենք զինվորից ու սպայից պահանջում ենք, որ նրանք իրենց հայրենակիցներին սիրեն ավելի շատ, քան իրենց կյանքը: Եվ այդ սերը պետք է փոխադարձ լինի:

Իսկ հիմա հիշենք, որ Աղասի Կարապետյանը ազատամարտիկ է, իսկ նրա մայրը հայրենիքին է նվիրաբերել իր միակ որդուն, ապա և հարց տանք` հայրենակիցները սիրո՞ւմ են նրանց: Հենց նույն բժիշկը, որ հրաժարվել է առանց փողի վիրահատել, հիվանդանոցի տնօրենը, որ դատի է տվել 77-ամյա կնոջը, մեծահարուստ հայը, որ խուսափում է հարկեր մուծելուց, պատգամավորը, որ ակտիվ չի մասնակցում ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովումը կարգավորող օրենսդրության մշակմանը… Նրանք սիրո՞ւմ են ներկա, նախկին և ապագա զինվորին ու սպային: Չե՛ն սիրում: Չե՛ն սիրում, բայց սեր են պահանջում:

Նժդեհյան գաղափարախոսությունը, որի էությունը տարոնականությունն է, Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն է: Եվ ուրեմն կարելի է պնդել, որ հասարակության մի զգալի մասը պետք է առաջնորդվի զոհաբերման ու ինքնազոհաբերման վեհ գաղափարով: Անկասկած, այդպես էլ կա: Հենց միայն այն փաստը, որ ազատամարտիկի օգնության խնդրանքին արձագանքել են տասնյակ մարդիկ, այդ մասին է վկայում: Դարձյալ ցավոտ հարց է ծագում` ինչո՞ւ այն, ինչը կարող են անել առանձին մարդիկ, անհատները, թերանում, կամ, որ ավելի վատ է, հրաժարվում են կատարել պետական-օրենսդրական կառույցները: Ազատամարտիկների որոշ խմբեր (մասնավորապես՝ հաշմանդամության կարգ ունեցողները) օգտվում են արտոնություններից, մյուսները` ոչ: Բայց վերը նշված դեպքը ցայտուն օրինակ է այն բանի, որ օգնության կարիք ունեն նաև նրանք:

Եվ եթե մահապարտ ազատամարտիկի (որին հասարակությունը պարտք է առնվազն բարոյական տեսանկյունից) նկատմամբ է այս վերաբերմունքը, ուրեմն՝ ինչպիսի՞ն կլինի սովորական մարդու նկատմամբ: Վերջին հաշվով, Հայաստանում բոլորն էլ վաղվա զինվորն են, բոլորն էլ պետք է ամեն պահի պատրաստ լինեն պատերազմի, և ուրեմն՝ վաղվա զինվորի հանդեպ անբարո վերաբերմունքն անընդունելի է:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/04/2013