Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾ` ՄԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀԱՅՐԸ



Աստված կյանք է, լիություն եւ սեր: Նա անպատճառ ու անսկիզբ է, բայց բոլոր կենդանիներին արարողն է եւ կյանք տվողը: Աստված Ինքն Իր գոյության աղբյուրն է: Նրա ամբողջ գործունեությունը եւ հարաբերությունը աշխարհի հետ իրականանում է Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու հայտնութեամբ կամ Ս. Երրորդությամբ: Աստված կատարյալ էություն է եւ մեզ համար անհասանելի. մենք Աստծո մասին գաղափար ենք կազմում Նրա գործերի միջոցով: Աստծո էությունից առաջ եկածը դարձյալ Աստվածային էություն է, ինչպիսիք են Որդին եւ Սուրբ Հոգին: Աստված միշտ նույնն է եւ անփոփոխ: Աստված ոչ ոքի կողմից ստեղծված չէ եւ գոյություն ունի բոլոր հավիտենականներից առաջ ու հավիտյան անվախճան կլինի: Նա բնությամբ է հավիտենական եւ վեր՝ բոլոր պայմանականություններից: Աստված անսահման է, կենդանի երանություն, գթություն, լայնախոհություն, լուսավորություն, մաքրություն ու սրբություն:
Հայր Աստված Սուրբ Երրորդությունում առաջինն է: Նրա էական հատկանիշն է անսահման սկիզբ լինելը: Նա ունի նույն էությունը, ինչ Որդին: «Ճանաչել Քրիստոսին` նշանակում է ճանաչել Հայր Աստծուն»:
Հիսուս շատ անգամներ է խոսում Հոր մասին՝ որպես աստվածային էության (Հովհ. Ա 18, Ե 7, Ժ 30): Ավետարանում կան նաեւ բազմաթիվ վկայություններ Աստծո` մարդկանց համար հայր լինելու մասին. «Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ.Ե 48), «Հայր մեր, որ երկնքում ես…» (Մտթ.Զ 9), «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների » (Մտթ. Զ 14):
Այստեղ շեշտվում է մեր կախվածությունը Աստծուց: Աստված մեր ծնողն է, եւ առանց Նրա չենք կարող լինել: Ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայր Աստված արական սեռի է: Սուրբ Գրքում Աստված համեմատվում է նաեւ կնոջ հետ, երբ խոսվում է մարդկության հանդեպ Աստծո սիրո մասին.«Միթե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, եւ եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա,-ասում է Տերը» (Եսայի 49:15): Չի կարելի Աստծուն վերագրել ո՛չ արական, եւ ո՛չ էլ իգական սեռ: Քանի որ սեռը հատուկ է միայն արարածներին: Մենք Նրան Հայր ենք անվանում, որովհետեւ ինչպես ընտանիքի հայրը, այնպես էլ Հայր Աստված խնամում, հոգ է տանում, ցավում իր զավակների համար: Աստված Հայր է եւ Արարիչ, որովհետեւ ամեն ինչ ստեղծեց իր սիրուց դրդված: Նա արարեց ոչ թե որովհետեւ կարիք ուներ արարելու, այլ իր ստեղծածների փառքի ու պատվի համար: Եվ ինչ որ մարդու համար ստեղծեց՝ երկինք, երկիր, ծով, եւ ամեն ինչ, իր անմնացորդ սիրո դրսեւորումն է: Նա Իր Միածին Որդուն զոհեց մարդկանց փրկության համար: Վառ սիրո ապացույց է նաեւ այն, որ Աստված ուրախանում է, երբ մարդիկ հետ են կանգնում չար գործերից:
Սուրբ Երրորդության անձերը երբեք առանձին չեն գործում: Որովհետեւ ինչպես մեկ է արեւը, եւ իր լույսն ու ջերմությունը, եւ մեկ արեւ է ասվում, ոչ երբեք արեւներ, եւ ինչպես կրակը եւ լույսն ու ջերմությունը մեկ կրակ է ասվում, ոչ երբեք կրակներ, եւ ինչպես աղբյուրը եւ գետն ու ջուրը մեկ ջուր է ասվում, ոչ երբեք ջրեր, եւ ինչպես հոգին եւ միտքն եւ խոսքը մեկ հոգի է ասվում, ոչ երբեք հոգիներ, նաեւ կենդանությունը հոգի է ասվում, իմաստությունը՝ միտք, միակ հոգու խոսողությունը՝ խոսք, այնպես եւ Հայրը՝ անծին իսկությամբ, անսկիզբ էությամբ, Հայր՝ միշտ Որդու համար, որ նրա հետ է, եւ Աստված՝ Հոգու համար, որ նրա հետ է»:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԿԱՎԱԳ ՏԵՐՏԵՐՅԱՆ
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐ

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Հոգևոր-մշակութային


03/03/2011