ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՕԴԱՅԻՆ «ՀԱՐՁԱԿՈՒՄԸ» ՀԵՏ ՄՂՎԵՑ
Մարտական պատրաստության պլանի համաձայն` օրերս զորամասում, որտեղ ծառայում է մայոր Ա. Ամիրաղյանը, մեկնարկեց հաշվարկների դաշտային ելքը, որն անցկացվում է յուրաքանչյուր ուսումնական փուլի ընթացքում։
Դաշտային ելքը հանդիսանում է մարտական պատրաստության կարևորագույն բաղադրիչներից, որի ժամանակ ուսուցման ընթացքը ամբողջովին մոտեցվում է մարտական իրավիճակին՝ հընթացս կատարելագործելով ստորաբաժանման ներդաշնակումը, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, մասնագիտական, տեխնիկական պատրաստվածության, ռազմատեղագրական գիտելիքների, բարոյահոգեբանական և ֆիզիկական կոփվածության աստիճանը։ Դեռևս ուսումնական փուլի մեկնարկից առաջ անձնակազմի շրջանում անցկացվել են անհրաժեշտ տեսական պարապմունքներ, որոնք էլ ամրապնդվելու են դաշտային ելքի գործնական կիրառմամբ,- մեզ հետ զրույցում ասաց մայոր Սերգո Ամիրաղյանը։
Զորամիավորման հրամանատարի հրամանի համաձայն` դաշտային ելքի առաջին փուլի պարապմունքները մեկնարկեցին զորամասի մշտական տեղակայման վայրում, իսկ վերջին եզրափակիչ փուլը, որի ընթացքում անցկացվեցին միջհաշվարկային նորմացույցների կատարման մրցումներ, և որը եզրափակվեց կայանքներից մարտական հրաձգությամբ, շարունակվեց զորամիավորման ուսումնական կենտրոնում։ Ելքի մեկնող հաշվարկի գործողությունները բավականին հմուտ էր ղեկավարում դասակի հրամանատար, լեյտենանտ Դավիթ Սիմոնյանը։ Դավիթն ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, որից հետո մեկամյա վերապատրաստման դասընթացներ է անցել պաշտպանության նախարարության Ա. Խանփերյանցի անվան ավիացիայի ինստիտուտում։
-Ավարտելուց հետո զինկոմիսարիատում ինձ հարցրին. «Կցանկանա՞ս ծառայել զինված ուժերում», ապա մանրամասն ծանոթացրին ուսումնառության պայմաններին, որոնք հիմնականում սրտովս էին։ Համաձայնեցի և երեք տարով պայմանագիր կնքեցի։ Համաձայնեցի նախ և առաջ Հայրենիքիս առաջ ունեցած պարտքի զգացումից դրդված, և երկրորդ՝ ծառայության անցնելով ԶՈՒ շարքերում՝ կունենամ արժանապատիվ և բարձր վարձատրվող աշխատանք, ինչն ընտանիք կազմելու և ապագա կերտելու համար լավ և հուսադրող հիմք է- անկեղծացավ լեյտենանտ Դ. Սիմոնյանը։
Վաղ առավոտյան դաշտային ելքի պատրաստ ստորաբաժանումը մի մարդու պես շարվել և սպասում էր հրամանի։ Մայոր Ս.Ամիրաղյանը վերջին հրահանգներն էր տալիս իր ենթականերին։
Համաձայն ուսումնական պարապմունքի` երթի ժամանակ շարասյունը օդային հանկարծակի հարձակման է ենթարկվում պայմանական հակառակորդից։ Մայոր Ամիրաղյանը մարտի հրաման է արձակում, և հաշվարկները, նախատեսված ժամանակում բացազատվելով, հրանոթները նախապատրաստում են մարտի։ Հակառակորդի օդային հարձակումը ետ է մղվում` վերջինիս պատճառելով կորուստներ։
Մայոր Ամիրաղյանի գնահատմամբ՝ հաշվարկը կատարեց առաջադրանքը, որի ժամանակ իրենց գործողություններով աչքի ընկան և խրախուսվեցին շարքայիններ Մարզպետ Տիգրանյանը, Գագիկ Այվազյանը և Սարգիս Մելքոնյանը։ Առաջին երկուսը մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերած բարձր առաջադիմության համար օրերս զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ Աթոյանի կողմից խրախուսվել են հերթական արձակուրդով։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ