Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ` ԳԵՐԽՆԴԻՐ



Ամփոփվեցին 2013թ. առաջին եռամսյակի արդյունքները

Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքների ամփոփումը, որին մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, զորամիավորման վարչակազմը, Զանգեզուրի կայազորի նորանշանակ դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Տիգրան Սարգսյանը:

Զորամիավորման հրամանատարը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանը` գնդապետ Հ. Ավագյանին զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:

Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արմեն Ամիրխանյանը զեկուցեց առաջին եռամսյակում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության, տեսական և գործնական պարապմունքների և դրանց արդյունքների մասին: Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին, ընդհանուր առմամբ, նա զորամիավորման ու ենթակա զորամասերի կարգապահությունը, մարտական պատրաստությունը և պատրաստականությունը գնահատեց բավարար:

Փոխգնդապետ Կ. Հարությունյանն իր զեկույցում անդրադարձավ առաջին եռամսյակում զորամիավորումում անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժությունների ընթացքին եւ, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին: Նա կարևորեց մարտական հրաձգության ստուգարքների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում անցկացված ներդաշնակումների, ֆիզիկական պատրաստականության միջոցառումների, գործնական և մեթոդական օգնությունների, մարտական մեքենաների վարման, ձեռնամարտի հնարքների ցուցադրման, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի` կատարելագործված հրաձգարանների դերը:

Փոխգնդապետ Հարությունյանը, ներկայացնելով լավագույններին, արձանագրված դրական արդյունքները, միաժամանակ նշեց նաև թերությունների և դրանց վերացման ուղղությամբ առաջիկա անելիքների մասին:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Ա. Համբարձումյանը ներկայացրեց դաստիարակչական աշխատանքների և զինվորական կարգապահության վիճակը՝ ընդգծելով հատկապես այդ գործընթացում զորամիավորման ողջ անձնակազմի, իրավապահ մարմինների ներգրավման դերի, իրավախախտումների բացահայտման, հասարակական ակտիվների ձևավորման, կոնֆլիկտային զինծառայողների, կրտսեր հրամանատարական կազմի շրջանում անցկացված անկեղծ զրույցների, կանխարգելիչ տարբեր միջոցառումների, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին ու նրա դրույթներին զինծառայողների ծանոթացման, սոցիոլոգիական հարցումների կարևորությունը: Նշելով առաջին եռամսյակում գրանցված դեպք-պատահարների, բռնարարքի, ինքնավնասման, կարգապահական տույժերի, խրախուսանքների մասին՝ գնդապետը կարևորեց զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման շարունակական գործընթացի առաջնահերթությունը, ինչպես եւ պաշտոնական չարաշահումների բացառումը, իրավապահ մարմինների հետ վերջերս նկատվող թուլացած կապի ամրապնդումը:

Ելույթով հանդես եկան նաեւ զորամիավորման հրամանատարի մյուս տեղակալները՝ ներկայացնելով առաջին եռամսյակի արդյունքները:

Զորամիավորումում առաջին եռամսյակի ամփոփմանը ելույթ ունեցավ նաև Զանգեզուրի կայազորի նորանշանակ դատախազ Տիգրան Սարգսյանը: Նա նույնպես կարևորեց զորամասերի անձնակազմի հետ անցկացվող պարբերական հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը, բացատրական զրույցները, հնարավոր հանցանքների կանխմանն ուղղված միջոցառումները:

Ելույթի ընթացքում կայազորի դատախազը պատասխանեց հրամանատարներին հուզող մի շարք հարցերի:

Գնդապետ Տիգրան Փարվանյանն ամփոփեց նիստը՝ քննարկված հարցերի շուրջ կատարելով կարևոր հետևություններ ու պարզաբանումներ, ինչպես նաեւ կարևորելով զորամիավորման առաջիկա անելիքները` մարտական պատրաստության և պատրաստականության շարունակական ամրապնդումը:

Առաջին եռամսյակում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին նա հանձնեց պատվոգրեր, շնորհակալագրեր, «Գերազանցիկ» կրծքանշաններ, թանկարժեք նվերներ և դրամական պարգևներ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Ազգային բանակ


18/04/2013