Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ



Բանակի եւ հասարակության փոխադարձ կապի ամրապնդումը

Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանն էին ուղղված ապրիլի 15-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումները: Դրանց նախաձեռնողը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն էր: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման տարբեր մարմինների, միջազգային և հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ և օտարերկրյա փորձագետներ, լրագրողներ։ Խորհրդարանական լսումների առաջին նիստում ներկայացվեցին ինստիտուցիոնալ տեսանկյունն ու բարեփոխումների առաջնահերթությունները, իսկ երկրորդ նիստում՝ քաղաքացիական հասարակության տեսանկյունը։

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, որը վարում էր նիստը, իր ելույթում նշեց, որ թեման խիստ արդիական է, կարևորելով և՛ բանակի դերը, և՛ հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ, հանձնաժողովը որոշեց համակողմանի քննարկում կազմակերպել թեմայի շուրջ առանցքային տարբեր հարցերի վերաբերյալ։ Հասարակությունը բանակի նկատմամբ առավել պահանջկոտ է դարձել և զինված ուժերից ակնկալում է առավել թափանցիկություն։ Կորյուն Նահապետյանը նկատեց, որ վերջին տարիներին պաշտպանության նախարարությունը առավել թափանցիկ քաղաքականություն է վարում ԶՈՒ բարեփոխումների հարցում։ Նա շեշտեց, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը չի կարող լինել միակողմանի, և այդ ուղղությամբ հստակ պետք է ուրվագծվեն քայլեր թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի և թե՛ հասարակական բոլոր կառույցների կողմից։ Կ.Նահապետյանի խոսքով, խորհրդարանական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ նոր ռազմավարական ուղղություն է, և այդ համատեքստում կարևորեց նոր դերակատարների ներգրավումը զինված ուժերի բարեփոխումներում։

Խորհրդարանական լսումները լինելու են պարբերական՝ ներառելով մեր հասարակությանը հուզող թեմաները բանակաշինության վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն իր ելույթում ընդգծեց, որ խորհրդարանական լսումների թեման, արդիական լինելուց զատ, նաև շարունակական զարգացման միտում ունի։ ՊՆ-ն պատրաստ է իր իրավասության շրջանակներում զորակցելու բանակ-հասարակություն երկխոսությանը նպաստ բերող յուրաքանչյուր նախաձեռնություն և հավելեց, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործընթացը միշտ էլ առաջնահերթություն է եղել համակարգի համար. «Մենք որդեգրել ենք թափանցիկության ապահովման շարունակական ռազմավարություն։ Անվտանգության երաշխիքներից մեկն էլ անվտանգության խնդիրներին տեղյակ և այդ ոլորտում որոշումների կայացմանը մասնակցող հասարակությունն է։ Սակայն հասարակությունը ևս պետք է գիտակցի անվտանգության խնդիրները և չչարաշահի իր տեղեկացվածությունը՝ պայմանավորված բանակի պրոֆեսիոնալ առանձնահատկությամբ»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև բանակում առկա բացասական երևույթներին, դրանց հասարակական գնահատականներին, նախարարության համարժեք արձագանքին։ «Մենք գիտենք նաև մեր թերությունները և համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում»,- նշեց նախարարը։

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանում զարգացում է ապրում ժողովրդական վերահսկողության մշակույթը և զինված ուժերի վրա արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար մատնանշեց դրա երեք գլխավոր բաղկացուցիչները՝ թափանցիկություն, հաշվետու լինելը և հակակշիռ ուժի գաղափարը։ Հակակշիռ ուժն այս դեպքում հենց խորհրդարանն է։ Նա միաժամանակ նշեց, որ բանակը հենց այն առաջամարտիկներից է, որ չի վախեցել խոսելու իր արատների մասին։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը նկատեց, որ բանակի թափանցիկությունը իրապես կբարձրացնի նրա հեղինակությունը հասարակության աչքին։ Նա բանակ-հասարակություն փոխադարձ կապն ու համագործակցության կարևորությունը պայմանավորեց Հայաստանի տարածաշրջանային դիրքով և գոյություն ունեցող մարտահրավերներով։

ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը իր ելույթում մանրակրկիտ կերպով անդրադարձավ բանակի կանոնադրական և իրավական հարաբերություններին, առկա թերություններին, դրանց կանխարգելմանը, բացառմանն ուղղված միջոցառումներին ու ծրագրերին։ Խոսեց նաև այն դրական տեղաշարժի մասին, որ արձանագրվել է բանակում՝ նշելով, որ այս ամենին նպաստում են նաև հասարակական և գերատեսչական խմբերը, վետերանների և ծնողների խորհուրդները։ Անդրադարձավ նաև զորամասերի և հանրակրթական դպրոցների լայնաշերտ համագործակցությանը, նախազորակոչային տարիքի երեխաների հետ տարվող համատեղ աշխատանքին։

ԶՈՒ ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ասոցացված ավագ գիտաշխատող, փորձագետ Վալերի Ռատչևն իր ելույթում շեշտեց, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները միայն զինվորականներին չեն վերաբերում, այլ ողջ հասարակությանը, և անհատապես ամեն մեկը պետք է կարևորի իր դերը։

ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը նշեց, որ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը ակտիվ կերպով ներգրավված է ԶՈՒ բարեփոխումների գործընթացում, համագործակցում է հայաստանյան և օտարերկրյա ոչ կառավարական գիտակրթական և ակադեմիական շրջանակների հետ։ Նա կարևորեց քաղաքացիական վերահսկողության մակարդակի հետագա զարգացումը՝ նշելով, որ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը պլանավորում է ապագայում ևս ակտիվորեն մասնակցել այս ոլորտում իրականացվող միջազգային համագործակցությանը:

Առաջին նիստը եզրափակվեց հարցուպատասխանով։ Քննարկման երկրորդ մասը նվիրված էր բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը քաղաքացիական հասարակության տեսանկյունից, որը կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում։

(շարունակելի)

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարը` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/04/2013