Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴՈՒՐԺԵՆՔ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ



Քննադատությունն առաջընթացի նախապայմանն է: Բանակում, սակայն, քննադատելը և քննադատություն լսելը հեշտ չէ, ինչը բխում է կառույցի առանձնահատկությունից: Բրիտանացի ռազմական պատմաբան, բարեփոխիչ և ստրատեգ Բեզիլ Լիդլ-Հարտը (1895-1970) գրում է. «Այնպիսի կառույցում, ինչպիսին գործող բանակն է, աստիճանակարգված համակարգն ու սուբորդինացիայի սովորույթը, որոնք խիստ անհրաժեշտ են իրենց տեղում, բացառում են քննադատությունը շատ ավելի, քան որևէ այլ ոլորտում: Գիտնականի մտածելակերպով մարդու համար այս բանը հասկանալը դժվար է: Տեղին է մեջբերելը իմ սիրելի նախկին պետի կեսկատակ-կեսլուրջ արված զգուշացումը.«Դուք դեռ կիմանաք, որ գեներալներն այնքան զգայուն են, ինչքան պրիմադոննաները»: Դրանից հետո ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել գնահատելու այդ արտահայտության իմաստնությունը»:

Հազիվ թե մեր բանակում իրավիճակն այս առումով շատ է տարբերվում բրիտանականից: Համենայն դեպս, զինվորական լրագրողի մեր աշխատանքում տեղ են գտել նաև դեպքեր, երբ երիտասարդ սպան իր խնդիրները թերթում բարձրաձայնելու համար այնպիսի բարոյական ճնշման է ենթարկվել, որ ստիպված է եղել զինված ուժերից հեռանալու որոշում կայացնել, երբ շարքային զինվորը՝ «Իմ կարծիքով, զինվորի և սպայի հարաբերություններում անհնար է բացառել կոնֆլիկտները» ասելու համար նույնպես ենթարկվել է բարոյական ճնշումների: Հանուն ճշմարտության նշենք, որ քննադատության այդպիսի արձագանքները աստիճանաբար վերանալու միտում ունեն: Դրան նպաստում է նախևառաջ ղեկավարության հանդուրժող վերաբերմունքը քննադատության նկատմամբ:

Որպես կանոն, չի ընդունվում այն քննադատությունը, որի մեջ մեղադրանք կա, կամ, որ ավելի վատ է, շեշտվում է քննադատողի գերազանցությունը քննադատվողի նկատմամբ: Քննադատությունն ընդունելուն խանգարում է նաև քննադատվողի մեծամտությունը, իր պրոֆեսիոնալ արժանիքների մասին չափազանցված ինքնագնահատականը: Այլ կերպ ասած` ինչպես քննադատողին, այնպես էլ քննադատվողին անհրաժեշտ է խոհեմություն դրսևորել:

Իհարկե, քննադատությունը կանխելու լավագույն ճանապարհը ինքնաքննադատությունն է, ինչը, սակայն, օբյեկտիվորեն ավելի դժվար է. սխալները, որպես կանոն, ակնառու են դառնում կողքից դիտելիս:

Ամեն դեպքում, չպետք է մոռանալ, որ բանակում ոչ միայն գոյություն ունի ենթակարգության երեւույթ, այլև այնտեղ ծառայում են սկզբունքային, վճռական և խիզախ մարդիկ` սպաներ, որոնց մարդկային որակները թույլ են տալիս հարկ եղած դեպքում վերադասին հայտնելու իրենց անհամաձայնությունը այս կամ այն հարցի շուրջ: Ուրեմն` քննադատությունն ինչ-որ իմաստով նաև հատուկ է բանակային կառույցին:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը քննադատություն լսելու լավագույն օրինակ է բոլոր զինծառայողների համար. զանգվածային լրատվամիջոցներում բանակի հասցեին հնչող նույնիսկ ոչ այնքան անաչառ քննադատությունից նա փորձում է առանձնացնել արդյունավետը և օգտագործել ի շահ բանակի: Եթե պաշտպանության նախարարն է հանդուրժող քննադատության հանդեպ, ապա որքան ավելի հանդուրժող պետք է լինենք մենք: Կարեւորը առողջ քննադատությունն է: Եվ, իհարկե, ասվածից ճիշտ հետեւություն անելը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #15 (982) 18.04.2013 – 24.04.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/04/2013