Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ



25 տարի առաջ՝ 1984թ., ապրիլի 13-16-ը Փարիզում կայացավ ժողովուրդների մշտական ատյանի նստաշրջանը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Տարբեր երկրների հայտնի գիտնականներից, իրավաբաններից, քաղաքական գործիչներից բաղկացած հասարակական այս դատարանն իր ընդունած եզրափակիչ փաստաթղթի նախաբանում ամրագրեց, որ քրեական առումով չկա ավելի ծանր հանցանք, քան էթնիկ պատկանելության համար որեւէ ժողովրդի կանոնավոր բնաջնջման կանխամտածված պետական քաղաքականությունը։ 1915-ից ի վեր թուրքական բոլոր կառավարությունները հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։ Շատ պետություններ աշխարհաքաղաքական նկատառումներով պաշտպանում են թուրքական կառավարության ջանքերը՝ թույլ չտալով հարցի որեւէ անկողմնակալ հետազոտություն եւ խոչընդոտում խնդրի իրավական լուծմանը։

Այնուհետեւ փաստաթղթում մանրամասն շարադրվում են հայերի ցեղասպանության նախապատմությունն ու փաստերը՝ դրանք հաստատելով միջազգային աղբյուրների վկայություններով։

Ատյանը անդրադառնալով միջազգային տարբեր իրավական ակտերին ու հռչակագրերին, իր որոշման մեջ սահմանում է.

«1. Հայ ժողովուրդը եղել եւ մնում է մի ժողովուրդ, որի թե՛ անհատական, թե՛ միասնական հիմնարար իրավունքները պետք է հարգվեին եւ պետք է հարգվեին միջազգային իրավունքին համապատասխան։

2. 1948-ի դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի սահմանմամբ՝ հայ ժողովրդի ոչնչացումը, տեղահանությունների եւ զանգվածային սպանությունների միջոցով, ցեղասպանություն է, քանի որ նրանում խոսքն այն օրենքների մասին է, որոնք արդեն գործում էին այն ժամանակաշրջանում, երբ կատարվեցին այդ հանցագործությունները։

3. Երիտթուրք կառավարությունը պատասխանատվություն է կրում այդ ցեղասպանության, 1915-17-ին կատարված մեղսագործությունների համար։

4. Հայերի ցեղասպանությունը նաեւ «միջազգային հանցագործություն է», որի համար պատասխանատվությունը պիտի կրի թուրքական պետությունը՝ չխուսափելով մեղսակցությունից՝ պատրվակ բերելով այն ժամանակվա եւ ներկա թուրքական պետության միջեւ հաջորդայնության բացակայությունը։

5. Այդ պատասխանատվությունը պարտավորեցնում է պաշտոնապես ընդունել ցեղասպանության փաստը եւ որպես հետեւանք՝ հատուցել հայ ժողովրդին կրած կորուստների դիմաց։

6. ՄԱԿ-ը եւ նրա յուրաքանչյուր անդամ իրավունք ունի պահանջել այդպիսի ճանաչումը եւ աջակցել այդ գործում հայ ժողովրդին»։

Խորագիր՝ Պատմության էջերից


23/04/2013