ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾ ՀԱՅՈՒՀՈՒ՝ ՆՈՅԵՄԶԱՐԻ ՀՈՒՇԵՐԸ
Մշո Մկրագոմ գյուղից էր Նոյեմզարը՝ օժտված բացառիկ գեղեցկությամբ։ Նույնիսկ ծեր տարիքում, երբ ողջ գերդաստանը Նանե պատվանունով էր դիմում նրան, Նոյեմզարը պահպանել էր դեմքի թարմությունն ու գեղեցկությունը, իսկ շեկ ու առատ մազերը մինչեւ խոր ծերություն մասամբ էին միայն ճերմակել։ Սակայն նրա գեղեցկության պսակը երկնագույն աչքերն էին, որոնց գույնն ու խորությունը մի քանի տասնյակի հասնող թոռներից քչերին բախտ վիճակվեց ժառանգել։ Նրա խոշոր ու զուլալ աչքերը պղտորվում էին այն ժամանակ, երբ նա արտասանում էր կոդօրում ու փախէփախ բառերը։
Ամուսնուն՝ Դանիելին, սպանել են Վարդավառի տոնի օրը։ Հայտնի է, որ Մշո դաշտում կոտորումն սկսվեց հենց այդ օրը։ Բերենք մի փոքրիկ գրառում Մեմզարի պատմածներից։
«Վարդավառի կիրակին էր։ Լույսը դեռ նոր էր բացվել, երբ մեր գյուղում վայնասուն բարձրացավ, թե քրդերը Մշո դաշտն առել են ոտքի տակ, տղամարդկանց հավաքում-տանում են, կանանց ու երեխաներին լցնում են մարագներն ու վառում։ Երեխաներիս վերցրի, մտա մարագը, մի քիչ մնացի, հետո բարձրացա տանիք։ Տեսա, ի՜նչ. մեր գյուղի ծայրի տներից կրակ ու ծուխ է ելնում, երկինքը ծածկում։ Իմ փոքրիկ աղջիկը գրկանոց երեխա էր։ Ավիսարը, Գրիգորը, Սոսեն, Քյարամը, Սաթիկը. հինգ երեխա։ Ի՞նչ անեմ. մոլորվեցի-մնացի։ Այնուհետեւ դուրս եկանք, զգուշությամբ ճամփա ընկանք, որ փախչենք։ Հեռվից քրդերը նկատեցին։ Եկան, մեզ էլ մարագը նետեցին։ Տեսնեմ՝ մեր հարեւան կանայք էլ այնտեղ են, լալիս են, ճչում։ Իմ փոքրիկ աղջիկն էլ ձայնը գլուխը գցեց։ Քուրդը դուռը մեզ վրա փակեց ու գնաց։ Շատ մնացինք այդտեղ, թե քիչ, մեկ էլ տեսնեմ մարագի անկյունը փլված է, եւ լույս է երեւում։ Մեկ-երկու քար էլ ես փլեցի, երեխաներիս այդ անցքից դուրս հրեցի։ Սոսեն աչքիցս կորավ, չգտա, որ դուրս հանեի։ Ապա ես էլ դուրս սողացի, վազելով փախանք, մտանք մոտակա տան գոմը։ Այնուհետեւ թաքնվեցինք դեզի մեջ։ Մեկ էլ ճչոցներ լսվեցին։ Քրդերը մարագն այրել էին։ Բոլորը ճչում էին, կրակը ճարճատում էր։
Վա՜յ, զավակս, այդ ի՜նչ էր, այդ ի՜նչ էր… Բոլորովին չեմ մոռանում այդ օրերը…»։
Հետո Նոյեմզարին հայտնում են ամուսնու զոհվելու լուրը։ Փախեփախին հազար ու մի դժվարություն հաղթահարեց, հազար անգամ մահվան աչքերին նայեց։
Բարեբախտաբար, Մեմզարին հաջողվեց իր երեք տղաներին փրկել, հասցնել Ախուրյանի այս ափը, իսկ գեղեցկուհի Սոսեն անհետ կորավ այն չարաբաստիկ օրը։ Պարզ չէ, այրվե՞ց մարագի մեջ, թե՞ դուրս փախավ ու կորավ գաղթի ճանապարհին կամ խեղդվեց գետը անցնելիս։ Գուցե թուրքերն ու քրդերը տարան։ Գաղթի տառապալից ճանապարհին ծարավից մեռավ նաեւ ծծկեր Սաթիկը, որն անվերջ ջուր էր խնդրում՝ բո՜ւ-բո՜ւ կանչելով։
Ինչեւէ։ Մեմզարն իր զավակներով փրկվեց ջարդից, հետո կրկին ամուսնացավ եւ ապավինեց իր բախտին՝ ամեն երեկո քուն մտնելուց առաջ շնորհակալություն հայտնելով Տիրոջը` ապրած օրվա համար եւ ամեն լուսաբացի հետ փառաբանության փոքրիկ ծես կատարելով ու աղաչելով Աստծուն. «Ցամաք աչօք մահ իդաս»։
Ապրեց նա երկար եւ մնաց միշտ գեղեցկատես ու գեղեցիկը գնահատող։ Դեռ կենդանության օրոք Նոյեմզարի թոռների ու ծոռների թիվը վաղուց անցել էր հարյուրի սահմանը։
Ըստ Մարուսյա Հովհաննիսյանի
«Ոսկեհասկ (Մոլլա-Մուսա) գյուղի պատմությունը,
ազգագրությունը եւ
բանահյուսությունը» գրքի