Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵԲԱՍՏԱՑԻ ՍԻՄՈՆՆ ՈՒ ՄԱՐԹԱՆ



Սիմոն պապը ծնունդով սեբաստացի էր։ Փոքրամարմին էր, ձյան նման ճերմակ մազերով ու իր բարությամբ՝ գյուղի երեխաների ամենասիրելին։ Վաղ առավոտից ծեր ամուսինները նստում էին թթենու տակի քարերին ու ձեռնափայտերին հենված՝ հայացքն ուղղում հեռու-հեռուները։ Փողոցով անցնող մեծ ու փոքր ծերերին տեսնելիս հարգանքով բարեւում էին։ Մանկան պես ժպտում էին ամեն մի երեխայի։ Մարթա տատը ձեռքը տանում էր գոգնոցի գրպանն ու հյուրասիրում էր նրանց։ Սիմոն պապն էլ սիրով երեխաներին կանչում, բարձրացնում էր թթի ծառը.

-Մա՛նչս, զավա՛կս, կերեք, քաղցր է, ինչո՞ւ զուր տեղը թափվի, ոտի հետ գնա։

Գյուղում թթի ծառեր քիչ կային, եւ երեխաները կուշտ ու գոհ իջնում էին ծառից։ Սիմոն պապի բարության փոխարեն երեխաներից որեւէ մեկը չէր փորձում մտնել նրանց բերքով առատ, ճղակոտոր այգին։ Արդեն գիտեին, որ հասնելուն պես՝ ավանդապահ ու բարի ծերերն իրենց անպայման բաժին կհանեն։

Տեսել էր Զորավարին, կռվել կողք կողքի։ Զորավարի արտասահման մեկնելուց հետո կնոջ՝ Մարթայի հետ բնակություն էր հաստատել Շաղափ գյուղում, որի կեսը թուրքեր էին։ Գյուղացիները պատմում էին, որ արդեն ծերացած, փոքրամարմին պապը, երբ դուրս էր գալիս գյուղամեջ, թուրքի թաղում սկսում էին իրար շշուկով իմաց տալ. «Սիմոն փաշեն իջավ գյուղամեջ»։ Եվ լռում էր թուրքի թաղը։ Իսկ երբ որոտում էր Սիմոն պապը. «Ձեր մասաբն ու դինը»…, քոչվորները կամաց-կամաց հեռանում էին գյուղից։

Երբ խոսք էր լինում Զորավարի մասին, արդեն ծերացած, ձեռնափայտին հենված Սիմոն պապը հայացքը դարձնում էր կողքին կուչ եկած Մարթա կնոջը. «Էս պառավիս սերը չթողեց էրթայի Զորավարի հետ։ Զորավարը, Անդրանիկ փաշեն»… ասում էր, ու երեխայի պես, հոնգուր-հոնգուր արցունքները թափվում, գլորվում էին այտերն ի վար։

Երբ սկսվեց ազատագրական շարժումը, նրանք վաղուց հեռացել էին կյանքից։ Սեբաստացի Սիմոն պապի փոխարեն առաջին իսկ օրից զենքը ձեռքին հայրենի սահմաններ դուրս եկան նրա թոռները՝ Վարդգեսն ու Սամվելը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013