Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՐԳԻՐ՝ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ



Փորձությունն ի սկզբանե էր։ Քոչվորի թրի տակ, բարբարոսի կողքին՝ քարաստան հայրենիքդ, որ հոգուդ ու բազուկներիդ ջերմությամբ դրախտ ես դարձրել։ Եվ արարիչ ես, ոչ թե սպանող, եւ խաղաղարար ես, ոչ թե կռվազան։ Բայց պիտի դիմանաս փորձությանը, որ ձգվում է դարեր ու չի ավարտվում…

Հայրենիքի առեղծվածը մենք վերծանել ենք ողջ կյանքում, սերնդեսերունդ, փնտրել-գտնել-կորցնելով մեր գոյության խորհուրդը, մեր կյանքի բովանդակ էությունը՝ հայրենիքի մեջ ու հայրենիքից դուրս։ Հեռավոր Ավստրալիայում, Ամերիկայում կամ Հնդկաստանում ծնված-մեծացած հայը հանկարծ այնքան որոշակի ու տիրական լսել-զգացել է հայրենիքի կանչը, մայր հողի ձգողական ուժը։ Փորձել է ազատվել այդ քաղցր-հարազատ-տառապալից բեռից ու … չի կարողացել։ Երանելի ցավով, շոշափելի ու հստակ, բոլոր զգայարաններով, արյան բոլոր բջիջներով զգացել է հեռու հեռավոր հայրենիքում, չտեսած-չիմացած մայր հողի կենսատու ընդերքում ապրող-շնչող իր արմատը՝ հատված, մաս-մաս, վիրավոր, բայց անհաղթ ու անվախճան։ Քանի որ մեր արմատը հայրենի հողում չի մեռնում, շարունակում է իր տրոփը մեր արյան, մեր գենի հիշողության մեջ։ Ու կանչում է։ Մենք մեր քարքարոտ էրգրին դրախտավայր ենք ասել, հայրենիք ենք երազել՝ կորուսյալ դրախտի պատկերը մեր հոգում, մինչդեռ հայրենիք-դրախտի քարտեզը ձեւել-վերաձեւել են քոչվորն ու վաչկատունը, արյունարբուն ու բարբարոսը։ Նրանք չեն հաղթել, նվաճել են, սպանել, գողացել են, ոչնչացրել, պարտության դատապարտվածի հուսահատ դաժանությամբ, քանի որ ուրիշի հողը հայրենիք չի դառնում, ուրիշի դրախտը դժվար-քարքարոտ լեռնակույտ է ընդամենը, որի մի բուռ հողը ամուլ է, անպտուղ օտար սերմի համար։ Այդ հողը ճանաչում է իր սերմը ու մեկը հազար է անում։ Թշնամին գերեվար հող էր ժառանգում իր սերունդներին, մենք հողի կարոտ էինք կտակում։ Իրական հողը ամրակուռ սահմաններով հայրենիք չէր դառնում թշնամու զավակի համար, մինչդեռ հայի հոգում հողի կարոտը, հայրենիքի սերը խաչքար էր դառնում, պաշտամունք, երկրպագություն։ Մենք հաղթում էինք պարտվելով, թշնամին պարտվում էր հաղթելով։ Մեր սերը եկեղեցի էր դառնում, կոթող։ Քարը շունչ էր առնում, խոսում-պատմում էր հայերեն, հայաբարբառ, հայեցի, իսկ թշնամու ատելությունը մոխիր ու ավեր է սփռում՝ օտարաշունչ, օտարաբառ, թշնամին ասում էր՝ չկա, չի եղել, վանք ու մատուռ, խաչքար ու կոթող անթեղում էր հողի տակ, հողի տերերին տնավեր էր անում, ցրում աշխարհով մեկ։ Բայց երկրագնդի ամենահեռավոր ծայրում մենք կրկին խաչքար էինք կերտում, քարի վրա մեկիկ-մեկիկ ասեղնագործում էինք նվիրական անուններ՝ մեր հոգուց, մեր սրտից հանած՝ Մուշ, Վան, Սասուն, Անի… Ու կար՝ասում էինք։ Ու կա՝ ասում ենք։ Ու լինելու է, քանի որ կա մեր հոգու մեջ, մեր անպարփակ սիրո անդաստանում, մեր արյան ու գենի հիշողության մեջ։ Մենք զգում ենք նրան, ինչպես կտրված ծառն է զգում իր արմատը։

Մեզ ճակատագիրը երես չի տվել։ Մենք զինվորապաշտ ու անզորք, նախնիների կորուսյալ փառքի հպարտությունը մեր սրտում։ Ու զինվորի պաշտամունքը՝ հայրենիք պաշտելու պես, ու զինվորի սերը՝ հայրենիք սիրելու նման։ Մեզ հատուկ կրքով ու անմնացորդ, անմոռաց՝ ասես աղոթք, հաստատուն՝ ասես հավատք, փոխանցել ենք սերնդեսերունդ։ Զորքը կորցրել ենք, իսկ հպարտությունը պահել աննվաճ։ Պետությունը կորցրել ենք, իսկ անկախությունը պահել անկորուստ մեր հիշողության, մեր երազների թաքուն խորքերում։ Ու ըմբոստության մարմրող խարույկը սնել-բորբոքել ենք մեր սրտակեղեք ցավով, անպարփակ կարոտով, անպարագրելի սիրով, ապստամբ վրիժառությամբ, երբ հայորդին զրկվել է զենք ու զրահ կրելու հպարտությունից, իր հայրենիքը պաշտպանելու պարտքից, իր օջախին տեր ու տիրական լինելու հնարավորությունից։ Զրկել են։ Երկիրը թողել անզորք, զինաթափ ու անտիրական։

Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի՝ կոչել-զորակոչել է հայ մայրը։ Դարեդար, սերնդեսերունդ, անձանձիր ու հավատավոր… Ու մի օր էլ զարթնել է զավակը, նայել է Արարատին ու` քո զավակն եմ, ասել է։ Ասել է՝ տեր եմ երազիդ։ Օղակ-օղակ հավաքել է մեր մասնատ պատմությունը հաղթանակների ոսկեկուռ թելին՝ Ավարայրից մինչեւ Սարդարապատ, մինչեւ ազատագրված Արցախ։ Ու խառնել է թուրքերի բոլոր հաշիվները։

…Սեփական ժողովրդին խաբելու թուրքական կառավարության ջանքերն այսօր ավելի հաճախ են ձախողվում, ու աշխարհի խիղճը գնելու փորձերն ավելի հաճախ են մատնվում անհաջողության։ Հզոր, ահարկու, բարբարոս ու ամենահաղթ թուրքն այսօր զոհի դիմակ է հագել։ Եղեռնի հուշարձան է կառուցում՝ ի հիշատակ «հայերի ձեռքով սպանված խեղճ ու անմեղ թուրքերի»։ 21-րդ դարասկզբին թուրքերը հանկարծ հիշեցին, որ հայ ժողովուրդը իրենց ազգը վերացնելու ծրագիր է մտմտացել։ Կհավաքվեն թուրքերը, կողբան հուշարձանի մոտ, թաշկինակի արանքից՝ աչքերը աշխարհի արձագանքին։ Բայց ոչ ոք չի արձագանքի։ Թուրքերը լաց կլինեն, մեկ տարի, երկու, հետո կլռեն, որովհետեւ կհասկանան, որ աշխարհը փոխվել է, որ օր օրի մոտենում է հատուցման պահը, որ ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, մանավանդ՝ եթե մորթված նախնիների հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը դառնում են հավատաքննիչ ու պահանջատեր, կոչում արդար դատաստանի։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Ճակատագրեր


23/04/2013