Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԱԹՈՒԿ ՔԵԶ ՕԳՆԱԿԱՆ



Ծերությունն ու հիվանդությունը Արշակ պապին գամել էր անկողնուն։ Հարազատները, գյուղացիները շրջապատել էին նրան ու հայացքները հառել ծերունու դեմքին։ Լուռ էր, ինքնամփոփ, մտքով նորից հասել էր Սասնո Գելիգուզան գյուղը, իր ծննդավայրը, որտեղ անցել էր իր մանկության երանելի պահերը, եւ սակայն ամեն մի լուսավոր պահ գալիս ու ընդհատվում էր դաժան մի տարեթվով։

Երբ ներս մտավ կրտսեր զավակը՝ Ալֆրեդը, ու քայլեց դեպի մահճակալը՝ ծերունու դեմքին ժպիտ նկատվեց։ Ալֆրեդ Ներսիսյանն Արշակ պապի տասնմեկերորդ զավակն է՝ ամենափոքրը։

-Հայրիկ, վաղը ջոկատով մեկնելու ենք կռվի՝ թուրք ասկյարը նորից գլուխ է բարձրացրել։

Մինչ այդ անխոս ու հանգիստ ծերունու հայացքը մեկեն բոցավառվեց եւ պատանու առույգությամբ իջնելով մահճակալից՝ ընդառաջ գնաց որդուն, համբուրեց ճակատն ու կտրուկ շուռ գալով քայլեց դեպի պատը՝ իջեցրեց գլխավերեւում պատից կախ «Մոսին» հրացանը, երկու ձեռքով ամուր բռնած սեղմեց կրծքին, ծնկի եկավ, ապա համբուրեց ու հանձնելով որդուն՝ ասաց.

-Զավա՛կս, ծնկի՛ր, թող ծունկդ հողին առնի, որ զորանաս: Էս «Մոսինը» իր կռիվը կիսատ թողեց, իմ հոր, իմ պապի, իմ փոխարեն զարկ ասկյարին։ Մեր մուրազն ի կատար ածի, հավատդ՝ անսասան, բազուկդ՝ ամուր, Մարաթուկ քեզ օգնական, գնա՛, զավա՛կս։

Մահճակալի կողքին կանգնած էր ճերմակ մազերով, շապիկ-վարտիքով ծեր սասունցին՝ երջանիկ ժպիտը դեմքին։ Պահը հուզիչ էր, ազդեցիկ։ Ծերունին երանելի ժպիտը դեմքին քայլեց դեպի մահճակալը։ Արագածի փեշերի փոքրիկ գյուղը անէացել էր, ու ծեր սասունցու հայացքի դեմ պատկերվել էր Սասնա բարձրիկ լեռներին թիկնած իր ծննդավայրը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013