Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾԻԾԵՌՆԱԿ, ԾԻԾԵՌՆԱԿ…



…Քանզի մեռյալների մոխիրն է ամենապինդ կիրը,

Ամենապինդ շաղախը եւ առհավատչյան,-

Եվ նրանո՛վ է դառնում երկիրը-երկիր,

Եվ ժողովուրդը-ժողովուրդ, եւ գալիքը-գալիք…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Մինչեւ հայրենիք տեղափոխվելը ես երեք հայրական տուն եմ տեսել. Թեհրանի այն տունը, որտեղ ծնվել եմ, Փերիայի հայաբնակ գավառի Բոլորան գյուղի տունը, որտեղ հայրս էր ծնվել եւ երրորդը, որ այդպես էլ կիսակառույց, անավարտ մնաց…

Իմ հայրական տան պատմությունը, թերեւս, ճիշտ կլինի, որ սկսեմ վերջինից՝ անավարտից։ Այն ժամանակ ես դպրոցական տղա էի։ Ամեն օր անհամբեր սպասում էի՝ հայրս գործից գա, որ միասին գնանք, մեր նոր տունը տեսնենք։ Տան աղյուսե գեղեցիկ ու ողորկ պատերը շատ արագ բարձրացան։ Մի օր էլ հայրս ուրախ-ուրախ ասաց. «Մնաց ամենակարեւորը՝ ծածկը»։

Հաջորդ օրն այլեւս չսպասեցի հորս, մենակ գնացի։ Տեղ հասա այն պահին, երբ վարպետը՝ Ալի աղան, նոր էր ուզում ծածկը կապել, ավելի ճիշտ՝ շարել։ Տեսա՝ մեծ սենյակի առաստաղը հինգ հաստ երկաթե չորսուով վեց հավասար մասերի բաժանված։ Ալի աղան բարձրացավ տախտակամածի վրա ու սկսեց չորսուների արանքի տարածքը աղյուսով կիսակամարաձեւ շարել։ Երկու բանվորներից մեկը աղյուս էր մատակարարում, մյուսը՝ շաղախ։ Ես՝ բերանս բաց, նրանց էի նայում։ Ասես կրկեսում լինեի. վարպետը աճպարարի նման մի ձեռքով բանվորի նետած աղյուսն էր բռնում, մյուսով ցեխ էր քսում եւ աղյուսը աղյուսի վրա դնում։ Ընդամենը մի պահ ձեռքով պահում էր, մինչեւ շաղախը բռնի, ապա հաջորդ պահին արդեն նույն ձեռքով դեպի իրեն թռչող մյուս աղյուսն էր որսում… Ինձ թվում էր՝ Ալի աղան ոչ թե պատշար է, այլ կրկեսի արտիստ։ Բանվորները չէին հասցնում վարպետին աղյուս ու ցեխ մատակարարել։ Թե այդ կախարդանքը որքան տեւեց, չիմացա, միայն այն զգացի, թե ինչպես սենյակը, որի դռան առաջ կանգնած էի, նկատելիորեն մթնեց։ Կամարակապ ծածկը հասել էր սենյակի համարյա կեսին… Հանկարծ՝ հենց այն պահին, երբ վարպետը ձեռքը աղյուսից պոկեց՝ հաջորդը բռնելու համար, ամբողջ շարվածքը սարսափելի դղրդյունով ցած թափվեց… Ալի աղան սարսափած նայում էր այն ուղղությամբ, որտեղ քիչ առաջ կամարն էր… Մի քանի բերան աղոթք մրմնջաց ու դառնալով բանվորներին՝ ասաց. «Էսօր էլ չենք աշխատելու, ազատ եք»։ Աղյուսները մաքրեցին շաղախից, գործիքները լվացին ու տուն գնացին։ Հայրս տեղի ունեցածին առանձնապես կարեւորություն չտվեց՝ «ցեխից կլինի»։ Եվ երբ հաջորդ օրը նորից նույնը պատահեց, Ալի աղան հրաժարվեց մեր տան ծածկը շարելուց. «Մսյո Սեդրակ,- դիմեց հորս,- գաջը մեղք չունի։ Ուրիշ մարդ կանչի»։ Նա հրաժարվեց նաեւ հորս առաջարկած գումարից։ Չոր, ճաքճքած ափով գլուխս շոյեց, շուռ եկավ ու գնաց։ Հայրս էլ էր ընկճվել. ինչո՞ւ ծածկը չի պահում։ Շինարարությունը ահագին ժամանակ, տարբեր պատճառներով, ձգձգվեց՝ մինչեւ այն օրը, երբ հայրս տուն մտավ ու ասաց. «Մեր թղթերը դուրս են եկել. գնում ենք Հայաստան»։ Եվ այլեւս մոռացվեց կիսատ տունն էլ, փլված ծածկն էլ…

Հայաստան գալուց առաջ հորս առաջին գործը պապերի գերեզմանին հրաժեշտ տալը եղավ։ Ես առաջին անգամ էի նրա ծննդավայրը՝ Բոլորան գյուղը տեսնելու եւ ուրախ էի դեպի կենտրոնական Իրան երկարատեւ ճամփորդության համար։ Երբ արդեն անցել էինք Փերիայի գավառի Խունկ, Նամակերտ, Սվարան, Սնկկերտ, Դրախտակ գյուղերը եւ մոտենում էինք Բոլորանին, հայրս ինձ ասաց. «Այ, է՜ն քարով շարած տունը տեսնո՞ւմ ես. ես էդ տանն եմ ծնվել»։ Հորս՝ «քարով շարած» բառերն ինձ անմիջապես տատիս՝ Նարինջ նանին հիշեցրին, որ ասում էր. «Մեր փութ անունը Քարաշարենք ա»։ Փութ, այսինքն՝ ծաղրական, ավելորդ։ Տատս իր համերկրացիների, համագյուղացիների, բոլորի փութ անունները գիտեր։ «Սրանց ասում են Չռթլեմենք (կամ դուրս պրծած, կամ շիլ աչքեր ունենալու համար), Քուռկակերենք (նրանց պապը գիշերը հորթի տեղ էշի քուռակն էր մորթել-կերել), սրանց՝ Պկենք, Սանամենք, Օրոջենք…,- պատմում էր տատս ու հետն էլ զգուշացնում,- հանկարծ ուրիշ տեղ չասե՜ս, ամոթ ա»։ Մեր մեքենան գնաց կանգնեց Քարաշարի այն տան առաջ, որտեղ հայրս էր ծնվել։ Տեսա Քարաշարը գյուղի մյուս բոլոր կավաշեն ու հողաշեն տների համեմատ իսկական քարեղեն ամրոց էր, բերդ էր։ Տեսա ու զարմացա. «Այ տատ, բա Քարաշարենքը փո՞ւթ անուն է»։ Հենց հաջորդ օրը մեր մոտիկ բարեկամներից Հուրիխան նանը ինձ տարավ Քարաշարին ծանոթացնելու։ Սենյակներից շատերը ծածկ չունեին, փլված էին։ «Ինչո՞ւ են փլվել, Հուրիխա՛ն նան»,- հարցնում եմ։ Պատասխան չտվեց, թե՞ չլսեցի։ Տարավ Քարաշարի ամենամեծ օթախը (սենյակ), որի ծածկը կիսով չափ ծռված-փլված էր, մատը տնկեց օճորքի սեւացած գերաններից մեկին ու ասաց. «Էն ճղված գերանը տըսնո՞ւմ աս»։ Մութ էր, բան չէր երեւում, բայց ես մի տեսակ պարտավորված զգացի ասելու՝ «հա՛»։ «Մեր Աղախան պապի ղամի (դաշույն) տեղն ա,- բացատրեց Հուրիխան նանը»։ Այդ պատմությունն ինձ ծանոթ էր. Աղախան պապս, որ գյուղի ամենաբարձրահասակ մարդն էր, ժառանգ չի ունեցել։ Եվ երբ ծնվել է իր եղբոր՝ մեր Ասատուր պապի առաջնեկը, նա երեխային գրկել է, մտել Քարաշարի ամենամեծ օթախը ու, որպես ցնծության նշան, կանգնած տեղից ձեռքի դաշույնով հիշատակ է թողել օճորքի գերանին՝ մի մեծ տալաշ թռցնելով… Հետո ես տեսա Ասատուր պապի եւ Աղախան պապի գերեզմանները։ Աղախան պապի տապանաքարը երկու կտորից էր բաղկացած. նրա հաղթ հասակին հարմար քար չէին գտել…

Քարաշարի փլված ծածկը շատ ծանր տպավորություն թողեց իմ մանուկ հոգու վրա։ Մինչեւ օրս այդ դղրդյունը ականջներումս է…

Ինչո՞ւ քանդվեց Քարաշարը, ինչո՞ւ չպահեց մեր տան ծածկը… Այս հարցի պատասխանը չգիտեր Ալի աղան, չգիտեր Հուրիխան նանը… հայրս, ես…

Ինչո՞ւ. ինքս ինձ անընդհատ հարց եմ տալիս այն օրից ի վեր՝ քառասուն տարի շարունակ։ Արդյոք, ո՞չ այն պատճառով, որ, ինչպես մեր պոեզիայի մարգարեն՝ Չարենցն է պատգամում, մեր նոր կառուցվող տան շաղախին չխառնեցինք մեր նախնիների հազարամյա աճյունափոշին՝ «Քանզի մեռյալների մոխիրն է ամենապինդ կիրը, ամենապինդ շաղախը եւ առհավատչյան…»։

…Ուսանող տարիներին մշտապես մի տեսակ բարի նախանձով ու մի քիչ էլ խանդով եմ նայել իմ այն համակուրսեցիներին, որոնք արձակուրդներից առաջ կամ շաբաթ-կիրակիի նախօրեին ասում էին. «Գնամ գյուղ, մերոնց տուն»։ Եվ մինչ օրս էլ երանի եմ տալիս իմ ընկերներին։ «Գյուղ գնամ, հորս ու մորս տեսնեմ, կարոտել եմ»։ Ես ո՛չ հարազատ գյուղ ունեի, որ գնայի, ո՛չ էլ ծնողներ՝ թեեւ շատերից երիտասարդ էի։ Եվ որքան էի զարմանում, ո՛չ՝ զայրանում, երբ ինչ-որ մեկը, որ շատ էր ուզում քաղաքացի երեւալ, շոգից նեղվելով ասում էր. «Էլ չեմ դիմանում, գնամ դաչա, հանգստանամ»։ «Դաչա՞», ախր, մարդ իր հարազատ տա՞նն էլ դաչա կասի, այն տանը, որտեղ ինքը, իր հայրը, իր պապերն են ծնվել, այն տանը, որ իր հարազատ գյուղում է, իր ապուպապերի հազարամյա շիրիմների կողքին։

Իմ լավ ընկերը՝ Ղուկասը, երեւանյան իր բազմաթիվ վերելքներից ու անկումներից հետո, ի վերջո, վերադարձավ Ուջան ու հիմա հայրենի հարկի տակ իր «բույնն է շինում»… Ի՛ր Քարաշարը։ Նա ժամերով, օրերով կարող է պատմել իր նոր տան ամեն քարի ու սյան մասին։ Ղուկասի նոր տան պատուհանից երեւում են իր մանկության շաղոտ դաշտերը, իր ծնողների հանգստարանը, իր հայրական տունը, եղբայրների, հորեղբոր տղաների կառուցած տները… Ղուկասի տունը կդիմանա փոթորիկներին, կդիմանա ժամանակի փորձությանը, կդիմանա, որովհետեւ Ղուկասի տան շաղախը հազար տարվա է, որովհետեւ Ղուկասի տունը չորս կողմից պաշտպանված է իր եղբայրների, հորեղբոր տղաների, հարազատների տներով։ Որովհետեւ Ղուկասն իր տունը կառուցում է այն տան կողքին, որտեղ ծնվել է…

Իսկ ո՞ւր մնաց իմ տունը… Տարիներ առաջ, երբ գնացել էի Թեհրան, որոշեցի գտնել… Թաղը գիտեի, փողոցն էլ հիշում էի։ Բայց, Աստված իմ, ո՞ր մեկն էր՝ փողոցի ծայրից երրո՞րդը, չորրո՞րդը, հինգերո՞րդը… Հաստա՛տ այս երեք տներից մեկն է, բայց ո՞ր մեկը։ Մոտենում եմ եւ դռները մեկ-մեկ ծեծում. «Գիտեք, ես այն տունն եմ փնտրում, որտեղ ծնվել եմ։ Գուցե սա՞ է. պատուհանի տակ բալենի կար, որի ճյուղերը, երբ մայրս բացում էր լուսամուտը, սենյակս էին խուժում, բակում փոքրիկ ջրավազան կար, մեր դիմացի հարեւանը զինվորական էր…»։ Բոլորը գլուխներն օրորում էին. «Ցավում ենք, բայց օգնել չենք կարող, քառասուն տարում շատ բան է փոխվել»։ Մի ծերունի էլ, թե՝ «ուրիշ բան, եթե ձեր պատուհանի տակի ծառը ընկուզենի լիներ, թթենի… Բալենին շատ կարճ կյանք ունի»։ Երբ բոլոր դռները անպտուղ ծեծելուց հետո գլխիկոր հեռանում էի, հանկարծ մեկն ինձ կանչեց։ Շուռ եկա՝ ծերունին էր։ «Ես այս տունը մոտ 30-35 տարի առաջ եմ գնել,- ասաց ծերունին։ -Իսկապես ինչ-որ ծառ եմ հիշում, ինչ-որ ջրավազան… Զինվորականին էլ եմ հիշում, նա շատ շուտ այստեղից գնաց…»։ Ուրախությունից լաց եղա։ Ծերունին ներս հրավիրեց։ Կարոտով ձեռքերս քսում էի մեր տան պատերին, ինձ այնքա՜ն ծանոթ ու հարազատ դեղնակարմրավուն աղյուսներին… Խնդրեցի՝ թույլ տա՝ տանիք բարձրանամ. փոքր ժամանակ իմ սիրած տեղն էր։ Բարձրացա։ Բազմահարկ շենքերը չորս կողմից փակել էին տեսադաշտս. Ինձ հարազատ, ինձ այնքան ծանոթ հին տեսարանի հետքն էլ չկար։ Լուսանկարվեցի տան պատերի տակ, միջանցքներում, սանդուղքների կողքին, ծերունու հետ եւ ուրախ սրտով ու թեթեւացած հոգով Երեւան վերադարձա։ Հոգիս ցնծում էր։ Գտել էի իմ մանկության տունը… Սակայն իմ ուրախությունը երկար չտեւեց. շուտով իմացա, որ իմ ծնած տունը ես փնտրել ու գտել էի բոլորովին ուրիշ փողոցում։ Ինչպե՞ս թե՝ բա ծերունի՞ն, բալի ծա՞ռը, զինվորակա՞նը…

-Ծերունին քեզ խաբել է,- մտածեցի ինքս ինձ,- նա քեզ պարզապես հայրական տուն ունենալու պատրանք է պարգեւել։

♦♦♦
Ես Թեհրանը շատ եմ սիրում. որքան ինձ հարազատ էր բազմաժխոր այդ քաղաքի շունչը, նրա աղմկոտ, ժամանակակից հեւքը, այն քաղաքի, որն իր սրտում, ինչ-որ տեղ պահում է այն տունը, որտեղ ես եմ ծնվել… Բայց Երեւանն ավելի եմ սիրում, որովհետեւ այստեղ է ծնվել իմ աղջիկը, այստեղ են ծնվել եղբայրներիս, հորեղբորս տղաների երեխաները… Որովհետեւ այստեղ են ամփոփված իմ ծնողների աճյունները:

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


23/04/2013