ԴՈՒ ԵՍ ՔՈ ԵՐԿՐԻ ՏԵՐՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ
Անտառապատ սարերով շրջապատված ձորահովտում է գտնվում Բարեկամավան գյուղը։ Աշխարհագրական դիրքի, բնական պայմանների շնորհիվ այստեղ ամեն տեսակ թուփ ու ծառ կա՝ կաղնի, բոխի, թխկի, տանձենի, թզենի… Իսկ կարմրին տվող հոնի եւ նռան ծառերն է՛լ ավելի շքեղ ու անկրկնելի են դարձնում գյուղի բնապատկերը։
-Բա՞ մեր բռինչը, զկեռը, տխիլը, կծոխուրը…,- հաստատ կավելացնի բարեկամավանցին։
Բարեկամավանը Նոյեմբերյանի հյուսիսարեւելյան սահմանագլխի վերջին գյուղն է, եւ որքան նպաստավոր է աշխարհագրական դիրքը բնության շռայլ բարիքների համար, նույնքան էլ անբարենպաստ է բնակիչների անվտանգության առումով. այս բնակավայրին թշնամու տարածքներն ավելի մոտ են, քան հայկականը. գյուղի հյուսիսում՝ 3-6 կմ հեռավորության վրա, Ղազախի շրջանի երեք ադրբեջանական գյուղերն են, որոնց սահմանակից են Բարեկամավանի վարելահողերն ու այգիները (քանի՜ տարի անմշակ են), իսկ Բարեկամավանին ամենամոտը հայկական գյուղերից Կոթին է, որը հեռու է 9 կմ։
Ինչե՜ր ասես չի տեսել գյուղը՝ գերեվարում, տեղահանություն, բազում ավարառություններ, վայրագություն։ Սկզբում, մինչեւ ազգային բանակի ձեւավորվելը, գյուղի բնակիչներն իրենք էին հերթապահում սահմանին. հող մշակող գյուղացին դարձել էր զինվոր եւ սահմանապահ։ Թշնամին հարձակվում էր հնձվորի վրա, հրդեհում գյուղտեխնիկան, ականապատում հանդամասերը։ Անգամ իրենց այգու շեմին մարդիկ էին զոհվում, հաշմանդամ դառնում. ականներն ամենուր էին։ Հարսանիք, քեֆ, ուրախություն, անգամ թաղումը հարամվում էր. հակառակորդը, երբ բազմություն էր տեսնում, կրակում էր այդ ուղղությամբ։
Բարեկամավանցին ապրեց օրհասական պահեր՝ արյան գնով պահելով նախնիներից ժառանգած հողը։ Գյուղում տուն չկա, որ կորուստ չունենա, պատերազմի դաժանությունը ճաշակած չլինի։
Զրուցում եմ գյուղի բնակիչ Ռաֆիկ Միրզոյանի հետ։ 79-ամյա այս մարդը եւս զերծ չի մնացել թշնամու վայրագություններից։ Քանի՜ տարի է անցել այն դեպքից, բայց էլի պատմելիս Ռաֆիկ պապի աչքերը խոնավանում են։
-1994թ. գարունն էր։ Անասունը տարել էի հանդ։ Մեկ էլ մոտիկ ջրհորի մոտից լսում եմ՝ «էյ, էրմանի, ձեռքերդ վեր», եւ ավտոմատավոր թուրքեր են մոտենում։ Ինձ չկորցրի, հարձակվեցի նրանցից մեկի վրա եւ ավտոմատը խլեցի։ Բայց, դե՛, հողի մարդ եմ, զենքի լեզուն չգիտեմ։ Սրանք գլխի ընկան, ոհմակի պես վրա տվին ու երկաթով ուժեղ խփեցին գլխիս։ Թոփուզ շունս կատաղած հարձակվեց նրանց վրա, բայց խեղճ շանս վրա կրակեցին։ Ինձ տարան Ղազախի մեկուսարան։ Ծեծ ու ջարդ տվեցին, եռման ջուր էին լցնում վրաս, աքցանով հանեցին ատամներս, ճզմում էին լեզուս, պարտադրում, ստիպում էին, որ ասեի՝ «Ալիեւի ցավը տանեմ»։ Չէի ասում, ու դրանից ավելի էին կատաղում ու ավելի շատ տանջում։
-Փրկվեցի,- ասում է հոգոց հանելով,- բանակցությունների միջոցով ազատվեցի էդ դժոխքից։ Երբ զինվորները եկան մեր գյուղը պաշտպանելու, սրտներս հանգստացավ, խաղաղվեցինք,- հիմա ինքն էլ մի քիչ խաղաղված շարունակում է,- գյուղի ժողովուրդը հենց զինվոր էր տեսնում, կանչում էր, հյուրասիրում։ Տնից-տեղից կտրված՝ եկել էին մեր գյուղը պաշտպանելու։ Գյուղն իր զավակների պես, հարազատի պես էր վարվում զինվորների հետ։ Կինս՝ Կիման (հազար ողորմի, հիմա չկա), աշխարհքով մեկ էր լինում, օրհնանքի տուտը բացում էր, հա՛ բացում ու միայն զինվորներին չէր օրհնում, այլ մի քանի պորտ էլ այն կողմ, ապա մի լավ հյուրասիրում էր։ Ու թե զինվորների մեջ էլ այդ ժամանակ ծառայող մեր զինվոր թոռներից մեկի անվանակիցն էր լինում, այդ զինվորին առանձնակի ջերմությամբ էր շրջապատում, ամենահամեղ պատառը նրան տալիս՝ ասելով. «Կե՛ր, դարդդ տանեմ, կե՛ր, բալա ջան»։ Մի անգամ էլ շտապելուց շուշի բանկան կոտրվել էր, ձեռքը վնասել, բայց արնոտ ձեռքն արագ կապել էր ու զինվորներին կաթ-մածուն հասցրել։ Տղերքը միշտ ասում էին. «Մեր բանակի վերադարձի քեֆերին, հարսանիքներին անպայման ձեզ կանչելու ենք»։
…Գյուղի, Նոյեմբերյանի սահմանային կռիվներին իմ տղերքն էլ են մասնակցել՝ Ռուբիկս էլ, Ռոստոմն էլ, Վանուշն էլ։ Թոռներս էլ զինվորական կյանքին անծանոթ չէին, դեռ սահմանային կռիվների ժամանակ նրանք գնում էին դիրքեր, սնունդ հասցնում կռվողներին, զինվորներին հավասար հերթապահում, ով ինչքան կարող էր։ Մեծ թոռս՝ Ռոմանը, մասնակցել է Բարեկամավանի ինքնապաշտպանական կռիվներին։ Ծառայությունը հենց գյուղում էլ անցկացրեց։ 1992-94 թվականներն էին՝ ամենադժվար ու ամենածանր տարիները։ Հետո Ռոմանիս եղբայրը՝ Ռադիկս գնաց բանակ։ Երբ ինձ պատանդ էին տարել, Ռոմանս ու Ռաֆիկս հասել էին թշնամու թիկունք (էդ տարածքներում շատ էին խաղացել, ծանոթ էին տեղանքին)։
Ես սկզբում կարծում էի, չէ, ավելի շուտ՝ հավատում էի, թե էս կռիվը երկար չի տեւի, աշխարհը կխաղաղվի, հող ու ջուրը հանգիստ կշնչի, կշնչավորվի։ Բայց դե, հասկացա, որ օտարը հո քո հողը չի պահի։ Դու ես քո հողի, քո երկրի տերն ու զինվորը։ Ռադիկիցս հետո Լեւոն եւ Լորիկ երկվորյակ թոռներս գնացին ծառայության։ Հիշում եմ՝ Լեւոնիկիս ու Լորիկիս բանակ գնալու քեֆը կարգին չարեցինք էլ. էդ օրը հողը հերկելիս թշնամու գնդակից սեփական հողում զոհվել էր Սերյոժա Վիրաբյանը։ Տխուր բանակի քեֆ էր, բայց բոլորիս մտքում մի բան էր պտտվում՝ մեր զինվորով է աշխարհը, կյանքը խաղաղվելու։
Հետո Սոսը, Ստյոպան ու Արծրունը բանակ գնացին։ Թոռներիս զորամասեր էլ եմ այցելել։ Գնացել եմ տեսնելու, թե ոնց են ծառայում։ Էս ամառը Երեւան եկա, որ ամենափոքր թոռանս՝ իմ անվանակցին՝ Ռաֆիկին բանակ ճանապարհեմ։ Հա՛, բոլոր թոռներիս քեֆերին էլ պարտադիր մասնակցել եմ՝ հա՛մ գնալու, հա՛մ էլ վերադառնալու։ Բա ո՞նց, պիտի ուրախությամբ ու քեֆով զինվորին ճամփու դնես, որ ուրախությունով էլ դիմավորես։ Ափսոս, հիմա ջահել չեմ, առաջվա ուժս չկա, շատ կուզեի Ռաֆոյիս զորամաս էլ այցելել։ Գնայի, իմ աչքով տեսնեի, թե ոնց է ծառայում։ Թոռս գոհ է, չի բողոքում, չի տրտնջում։ Բայց դե, ես հո միամիտ մարդ չեմ, գիտեմ՝ ծառայություն է, հո խաղ ու պար չէ, դժվար կլինի։ Է՜, ժամանակն արագ է թռչում։ Երեկ փոքր երեխեք էին, էսօր արդեն սահման են հսկում։ Արդեն քանի անգամ է դիրքեր բարձրացել։
Մեծ մարդ եմ, կյանքս ճիշտ ու սխալ ապրած, էլ ի՞նչ պիտի ուզեմ էս աշխարհից. մենակ խաղաղություն, որ խաղաղություն լինի, ամեն ինչ էլ կստեղծվի։ Իսկ խաղաղության համար մեզ ուժեղ բանակ է պետք։ Ուժեղ ոչ միայն զենքով, այլ նաեւ հրամանատարի ու զինվորի հարգանքով։ Ուզում եմ, որ մեր էս զինվոր զավակները, թոռները խաղաղ պայմաններում ծառայեն, հետ գան, տեր լինեն իրենց քաղաքին, գյուղին, իրենց պապերի հող ու ջրին։ Օտարի հող չգնան, այլ իրենց էս մի բուռ հողը շենացնեն ու ծաղկեցնեն։ Ամեն մարդ ուժեղ է իր հայրենիքում։ Շատ եմ ուզում, որ հայը հարգանքով, պատվով ապրի մեր երկրում եւ այդ ժամանակ կհասկանա, որ հայրենիքից դուրս երջանկություն չկա։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր