Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՏԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ



Նվիրվում է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
ԿԱՐՈՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ (Ջամբազի արծիվ) հիշատակին

Սկիզբը՝ նախորդ համարում

Արդեն երկրորդ շաբաթն էր, ինչ Լաչինի միջանցքը հաջողությամբ ու անխափան գործում էր, իսկ Գետաշենի ու Մարտունաշենի վիճակը մնում էր նույնը: Ավելին, թուրքերը, աստիճանբար ամրապնդվելով, իրենք էին նախահարձակ լինում եւ հրետանիով ռմբակոծում Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ջոկատների դիրքերը:
Շահումյանում տիրող անհասկանալի իրավիճակը չէր կարող ազատամարտիկների դժգոհությունը չառաջացնել:
Ժամանակն անցնում եւ աշխատում էր հօգուտ թուրքերի: Գետաշենը գրավելու համար պահը ձեռքից բաց էր թողնված, իսկ հակառակորդը քնած չէր: Արդեն նկատվում էր, որ աստիճանաբար նոր ուժեր էին կենտրոնանում Գետաշեն եւ Սարիսու գյուղերում:
Թեեւ ուժերի հարաբերակցությունը գնալով փոխվում էր, սակայն Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, ելնելով Գետաշենի ու Մարտունաշենի ազատագրման հույժ կարեւորությունից, այնուամենայնիվ մշակում է գյուղերի գրավման գործողության ծրագիր, որը նախատեսվում էր իրականացնել հունիսի 13-ին: Ռազմական վերջին խորհրդակցության ժամանակ Շահեն Մեղրյանը արդեն ձեռքի տակ ունենալով հակառակորդի ուժերի եւ մտադրությունների մասին նոր ու ճշգրտված տվյալներ, զգուշացնում է մարտական ջոկատների հրամանատարներին հաջորդ օրը սպասվելիք հնարավոր խոշորածավալ կռիվների ծավալման մասին, բայց Շահումյանում դեռեւս ոչ ոք չէր կարող գուշակել, որ ընդամենը մի քանի ժամ անց իրենց դիրքերի վրա ձեռնարկվող գործողությանը թշնամու կողմից մասնակցելու է Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղաբաշխված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկը: Այս անգամ արդեն իրականացվելու էր ԼՂՀ Շահումյանի շրջանը բռնազավթելու եւ հայաթափելու վաղօրոք ծրագրված գործողությունը:
Հակառակորդի հրամանատարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը գրեթե զուրկ են հակահրասայլային զենքերից ու մարտական ծանր տեխնիկայից (շրջանում կար ընդամենը մեկ հրասայլ, երկու զրահամեքենա, մի քանի հրանոթ եւ երկու «Գրադ» կայանք – Հ. Գ.), վճռում է հրասայլերի, զրահամեքենաների, հրանոթների, «Գրադ» կայանքների ու ռազմական ինքնաթիռների անկասելի հարվածներով արագորեն ընկճել ինքնապաշտպանական խմբերի դիմադրությունը եւ դրանով իսկ մեկընդմիշտ լուծել շրջանը հայաթափելու խնդիրը: Եվ իսկապես. ի՞նչ կարող էին անել միայն ինքնաձիգներով ու մի քանի գնդացրով զինված ազատամարտիկների ջոկատները հզոր զրահամեքենաների ու հրասայլերի դեմ:
Հունիսի 13-ին, ժամը 16. 40-ին, հրետանային հզոր նախապատրաստությունից հետո թշնամու հետեւակը (կռվի մասնակիցների վկայությամբ՝ հետեւակի հիմնական մասը հատուկ նշանակության «Մորեգույն բերետավորների» զինավաշտերն էին – Հ. Գ.) մեծաքանակ զրահամեքենաների, հրետանու եւ ավիացիայի աջակցությամբ, գրոհում է մեր մարտիկների պաշտպանական դիրքերը: Ընդ որում, հարձակումը բոլոր՝ Ղարաչինար, Հայ Բարիս, Էրքեջ-Մանաշիդ-Բուզլուխ ուղղություններով իրագործվում է միաժամանակ:
Բուզլուխի ուղղությամբ թշնամին առաջին հարվածը հասցնում է ալավերդցի ազատամարտիկների պաշտպանած 25-րդ հենակետին, ապա՝ 29□րդ հենակետում տեղաբաշխված Սարո Փամբուխչյանի գլխավորած նաիրցի մարտիկների դիրքերին: Հարձակման առավելագույն արագությունն ու հզորությունն ապահովելու նպատակով ինքնապաշտպանական խմբերի հենակետերին հարվածում են նաեւ «ՍՈՒ- 25» եւ «ՄԻԳ- 25» ռազմական գերձայնային ինքնաթիռները: Հակառակորդի հաշվարկով, հարձակման թափն ու անսպասելիությունը նաեւ հոգեբանական լուրջ ներգործություն պիտի ունենային պաշտպանվողների վրա:
Կարոտը Պետոյին հանձնարարում է իրենց ջոկատի ուժերով փակել այդ տարածքը, իսկ ինքը մեկնում է Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի կենտրոն: Որպես պաշտպանական այդ տեղամասի հրամանատար՝ նա պետք է կազմակերպեր հենակետերին ցույց տրվող անհրաժեշտ օգնությունը: Ըստ Պետոյի վկայության՝ «…Կար մի երկրորդ խումբ, որը մեքենա չուներ: Կարոտը մեքենայով գնում է, որ նաեւ այդ խումբը բերի»:
Մարտադաշտում գործողությունները ծավալվում են աննախադեպ արագությամբ: Հզոր հարվածներ տեղալով ինքնապաշտպանական ուժերի դիրքերին՝ հակառակորդը փորձում է օգտագործել նաեւ բաց տարածությունները եւ թափանցել մեր ազատամարտիկների թիկունք եւ ներխուժել գյուղ:
Առանց համալրման, իր համագյուղացիների՝ գնդացրորդ Մուշեղի, Հրաչի, Վարդգեսի, Արմենի, Դանիելի, Գագիկի եւ բուժականցի Ազատի հետ Պետոն բարձրանում եւ դիրքեր է գրավում 29-րդ հենակետի մոտակայքի բաց մնացած տարածքում:
Նույն օրը Բուզլուխից մինչեւ Մանաշիդ ձգվող տարածքում պաշտպանական դիրքեր է գրավում Ռոմիկ Մարգարյանի (Ներկայումս` ՀՀ բանակի գնդապետ, Երեւանի Շահումյանի շրջանի զինվորական կոմիսար)՝ 32 մարտիկից բաղկացած ջոկատը:
Զգալի կորուստներ պատճառելով թշնամու զորավաշտերին՝ մեր մարտիկներին հաջողվում է կասեցնել թշնամու առաջխաղացումը: Սակայն մարտական տեխնիկայի ու հատկապես հակահրասայլային միջոցների բացակայությունը շատ շուտով իրեն զգացնել է տալիս: Հակառակորդը, առավելապես օգտվելով ինքնապաշտպանական ուժերի հենց այդ խոցելիությունից, կարողանում է գրեթե անարգել, ընդհուպ մինչեւ հենակետերը, բարձրացնել հրասայլերն ու զրահամեքենաները եւ կրակի տակ առնել մեր զինվորների պաշտպանական դիրքերը, ինչպես նաեւ շրջանի գյուղերը:
Հսկայական քանակի հրասայլեր ու զրահամեքենաներ նետելով մարտադաշտ եւ թնդանոթներից ու «Գրադ» կայանքներից կրակե հեղեղ տեղալով Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի դիրքերին՝ հակառակորդին հաջողվում է ստիպել մեր մարտիկներին կատարելու տվյալ իրավիճակում թերեւս միակ, բայց Շահումյանի համար ճակատագրական քայլը: Ավելի քան ութ ժամ մարտնչելուց հետո ղարաբաղյան ուժերի ազատամարտիկները, ի վերջո, անհավասար պայմաններում թողնում են դիրքերը:
«Հակառակորդը,- վերհիշում է 29-րդ հենակետը վերջինը լքած երզնկացի Վիտալը (Վիտալի Կուրղինյան, գյուղ Նոր Երզնկա, ներկայումս` ՀՀ բանակի փոխգնդապետ, Անիի շրջանի զինվորական կոմիսար), որ Աֆղանստանի կռիվներին մասնակցած փորձառու զինվորական է, – մեր դիրքերի վրա հարձակվեց հիմնականում ծանր տեխնիկայի աջակցությամբ: Նրանց հրասայլերը հրետանային հզոր կրակի պաշտպանությամբ ընդհուպ մոտեցել էին մեր դիրքերին: Եթե մենք ունենայինք հակահրասայլային զենք կամ հրետանու գոնե մի փոքր աջակցություն, ապա, անկասկած, կկարողանայինք առավել հաջողությամբ դիմագրավել ռուս զինվորականների եւ օմօնականների գրոհները, բայց անհրաժեշտ տեխնիկայի իսպառ բացակայության պայմաններում մենք ավելին անել չէինք կարող: Երբ հակառակորդի հրասայլերն ու հետեւակն արդեն շատ էին մոտեցել մեր դիրքերին, տղաները, այլեւս ելք չունենալով, վերջին համազարկերը տեղացին թշնամու վրա ու թողեցին դիրքերը: Ես նույնպես ինձ մոտ եղած վերջին երկու նռնակները շպրտեցի հարձակվողների վրա եւ հարկադրված հետեւեցի դեպի բարձունքի ստորոտը թավալգլոր նահանջող իմ ընկերներին: Դժբախտաբար, նահանջելիս ոչ մի հնարավորություն չկար մեզ հետ տանելու նաեւ մեր զոհված ընկերներին` Ալիկին ու Գառնիկին, որոնք մնացին հենակետում»:
Հարյուրավոր ադրբեջանցի զինվորների ու նրանց աջակցող մորեգույն բերետավորների կյանքի գնով թշնամուն հաջողվում է գրավել Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հենակետերը: 25-րդ հենակետի դիրքերում ալավերդցիների ջոկատի մարտիկներից Արարատն ու Բաբկենը նռնականետներով խփել էին մեկ ՀՄՄ-2 եւ մեկ զրահամեքենա:
Ամենածանր պահերն էին: 29-րդ հենակետում դիրքավորված ազատամարտիկները տեսնում էին Ջամբազի բարձունքներից կռվելով ցած իջնող իրենց ընկերներին, եւ ինչպես լքված հենակետերը քիչ անց հեղեղվում են թշնամու զինվորներով: Շրջանցելով գրաված հենակետերը՝ հակառակորդի հրասայլերը, զրահամեքենաներն ու հետեւակը աստիճանաբար մոտենում են պաշտպանական այն հատվածին, որտեղ դիրքավորվել էին Կարոտի ազատամարտիկները:
Կարո՞ղ էին արդյոք Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը հուսալիորեն պաշտպանել իրենց դիրքերը եւ թույլ չտալ հակառակորդին գրավելու եւ հայաթափելու Շահումյանի շրջանը:

(շարունակելի)

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Ճակատագրեր


03/03/2011