ՀԱՐԱՆՈՐ ՊԱՏՄՈՒՃԱՆԸ
«Մերկ էի, եւ ինձ հագցրեցիք»
(Մատթ. 25;36):
Ո՞վ է մերկ մարդը։ Մերկը Աստծո արդարությունից եւ սրբությունից մերկացած մարդն է։ Մերկը աստվածապարգեւ անմահությունը կորցրած անհատն է։ Մերկը Աստծո ներկայության առաջ կանգնելու փափագից եւ հաճույքից դատարկված էակն է։ Մերկը Աստծո հետ ամեն տեսակի կապ, հաղորդակցություն եւ հարաբերություն դադարեցրած արարածն է։
Մերկ են նկատվում բոլոր նրանք, որոնք իրենց անհավատության եւ անհնազանդության պատճառով չեն վայելում Աստծո ընկերակցությունն ու պաշտպանությունը։ Մերկը, ուրեմն, անպաշտպան, անպահապան, անընկեր եւ լքված անհատն է։ Մեղավոր մարդը մերկ մարդ է, իսկ մերկ մարդը ենթակա է չար ու պիղծ ոգիների ձաղկման եւ ծաղրանքի առարկան դառնալուն։
Նա, ով Քրիստոսով շնորհված արդարության պատմուճանով չի ծածկում իր հոգեւոր մերկությունը, կդառնա Սատանայի կողմից արձակված մեղքի նետերի մնայուն թիրախը։ Հետեւաբար, մերկին հագցնել, կնշանակում է առաջնորդել նրան առ Քրիստոս, որպեսզի նրանից ստանա լավագույն պատմուճանը (Ղուկ. 15;22)։
Մարդկությունը հոգեւոր մերկությունը ժառանգեց Ադամից։ Ահա թե ինչո՛ւ այդ մերկությունը յաճախ կոչվում է «Ադամական մերկություն»։ Աստված չստեղծեց Ադամին հոգեւոր առումով մերկ։ Ադամը այդ հոգեւոր մերկության մեջ ընկավ Սատանայի եւ նրա պիղծ ու չար ոգիների ձեռքով։ Դա է փաստում բարի Սամարացու առակը։ Այնտեղ կարդում ենք. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում։ Ճամփին ավազակների ձեռքը ընկավ, որոնք կողոպտելով՝ մերկացրին նրան□» (Ղուկ. 10;30)։ Որո՞նք են այստեղ հիշված ավազակները, որոնք հարձակվում են մարդու վրա եւ մերկացնում են նրան։ Ս. Գրիգոր Նարեկացին, Իգնատիոս Վարդապետը, Ստեփանոս Սյունեցին եւ ուրիշներ, հաստատում են, որ ավազակները ներկայացնում են Սատանային եւ նրա չար գնդերը։
Աստվածորդին գթաց մարդուն եւ աշխարհ գալով մերկացավ մարդու ձեռքով եւ մարդու համար (Մատթ. 27;28), որպեսզի ազատագրի մարդուն Ադամական մերկությունից։ Քրիստոս Լավոդիկեի եկեղեցուն ասում է. «Ողորմելի ես դու, թշվառ եւ աղքատ, մերկ եւ կույր: Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկության անվայելչությունը չերեւա» (Հայտ. 3; 17-18)։ Ճերմակ հագուստը պատկերացումն է Քրիստոսապարգեւ արդարության, սրբության եւ անմեղության։ Այդ հագուստը լվացված եւ ճերմակեցված է Գառնուկի արյունով (Հայտ. 7;14)։ Մերկին հագցնելը, ուրեմն, ուրիշ բան չէ, եթե ոչ` ուղղել մեր նմանի քայլերը դեպի խաչի վրա մեռած Գառնուկը, որպեսզի Աստված այդ Գառնուկի բրդով ծածկի նրա մերկությունը եւ Գառնուկի շնչով ջերմացնի նրա սիրտն ու հոգին։
Ինչպես Ֆիզիկապես մերկ մարդը չի ուզում իր նմանների ներկայության մեջ կանգնել, այնպես էլ հոգեւորապես մերկ մարդը բնա՛վ չի ուզում Աստծո ներկայության առաջ բերվել։ Դարձի չեկած մարդը չի ուզում լսել Քրիստոսի աշխարհ վերադառնալու մասին։ Իր երկրավոր կյանքի ընթացքում շնորհքի անիմանալի լույսով չլուսավորված մեկը չպիտի կարողանա կանգնել Լույս Աստծո առջեւ։ Քրիստոսով չարդարացած մարդը սարսափում է, երբ լսում է Աստծո արդար դատաստանի մասին։ Մեղքը մարդուն դարձնում է վախկոտ եւ անհամարձակ։
Քրիստոսի կողմից մեզ շնորհված «ճերմակ պարեգօտները» փարատում են մեր ներքին վախը եւ համարձակություն են տալիս մեզ կանգնելու մեր երկնավոր Հոր առջեւ։ Փրկության պատմուճանը մեզ համարձակ է դարձնում մեղքի դեմ մղած մեր պայքարի մեջ։ Մեղքի կյանքը սիրող մարդը անհամարձակ է։ Իսահակ Ասորին ասում է. «Անկարելի է, որ մարմնավորին կապված մարդը աղոթքի ժամանակ կարենա համարձակություն ձեռք բերել»։
Սիրելի՛ ընթերցող, մինչեւ այսօր քանի՞ հոգիներ ես կարողացել հագցնել։ Քանի՞ մարդ ես առաջնորդել Քրիստոսի խաչին։ Քանի՞ անհատի ես հաջողել հավաքել Քրիստոսի պաշտպանարար թեւերի տակ։ Չլինի, որ այլոց փրկության պատճառ լինելու փոխարեն կորստյան պատճառ լինես։ Չլինի, որ դու էլ պատկանես նրանց շարքին, որոնք փոխանակ ծածկելու իրենց նմանների մերկությունը (մեղքերը), ընդհակառակը, հրապարակում են դրանք։
Լավ բան է մեղքերը հրապարակելը, եթե դրանք քոնն են։ Ուրիշի մեղքերը հրապարակելու իրավունք չունես։ Ուրիշի մեղքերի մասին կարող ես պատմել մի՛այն եւ մի՛այն մեղքերի Քավիչին՝ Քրիստոսին։
Որպեսզի կարողանաս հոգեւորապես մերկերին առաջնորդել Քրիստոսի արդարության պատմուճանին, նախ դու ի՛նքդ պետք է արդարացած լինես Քրիստոսի արյունով։ Քրիստոսին իբրեւ Փրկիչ ընդունելուդ պես ճամփա մի՛ ընկիր ուրիշներին փրկության ավետիս տալու։ Նախ թույլ տուր, որ Սուրբ Հոգին թրծի ու եփի քեզ հոգեւոր կյանքի մեջ, եւ ուշադիր եղիր չկորցնելու համար փրկությանդ հագուստը։ Այդ հագուստը կորցնելու կարելիությունը միշտ առկա է։ Ահա թե ինչո՛ւ Քրիստոս ասում է. «Ահա՛ գալիս եմ ինչպես գող. երանի՜ նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպեսզի մերկ ման չգան, եւ իրենց ամոթույքները չերեւան» (Հայտ. 16; 5)։
Աստված արդար եւ փրկության արժանի նկատում է մերկին հագցնող մարդուն (Եզ. 18;5-9)։ Մերկին հագցնելը նրա մարմնի համար հագուստ տալը չէ միայն, այլ նաեւ Տիրոջ խոսքով նրա հոգին ջերմացնելն է։
Ջերմացրու սիրտդ Սուրբ Հոգու կրակով, որպեսզի դու քո հերթին դառնաս ջերմություն մեղքով ցրտահար դարձած այս աշխարհի մեջ
Տեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քհն. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Հոգևոր-մշակութային