Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉՈՂԲԱՆՔ, ԲԱՅՑ ՉՄՈՌԱՆԱՆՔ



Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում շուտով կտոնվի քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձը: Հայ ազատամարտիկը կարողացավ ազատագրել հայրենի երկիրը և Արցախը միավորել մայր հայրենիքին: Այսպիսով՝ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք աշխարհին, որ ինչպիսի ոճիր էլ իրականացվի հայ ազգի նկատմամբ, միևնույն է՝ մենք գոյատևելու ենք, հզորանալու ենք և հաղթելու ենք: 20-րդ դարասկզբին կատարվածի վրեժն ինչ-որ տեղ հանեցինք դարավերջին, երբ միասնական էինք ու վճռական: Եվ ազատագրված մեր շրջկենտրոնում նույնպես կայացավ Հայոց Մեծ եղեռնի մոտ 2 միլիոն անմեղ նահատակների ոգեկոչման ջահերթ, որը կազմակերպել էր շրջվարչակազմը:

Երեկոյան բազմամարդ էր շրջկենտրոնի Խաղաղության հրապարակը, որտեղ բացի շրջանի ղեկավարությունից, բերձորցիներից, ներկա էին նաև մի քանի այլ համայնքների ու բնակավայրերի (Քարեգահ, Գողթանիկ, Վարդուտ, Միրիկ, Տանձուտ, Մոշաթաղ, Իշխանաձոր և այլն) աշակերտներ, ուսուցիչներ, բնակիչներ, հյուրեր, այստեղ արդեն բնակություն հաստատած սիրիահայեր:

Երթն սկսվեց ժամը 20-ին՝ Մեծ եղեռնը դատապարտող տարբեր կարգախոսներով: Հրապարակից քիչ ներքև՝ ճանապարհի եզրին վառվում էր 1915 թվականը խորհրդանշող կրակը: Երթի մասնակիցներն անցան Երևանյան մայրուղով՝ վանկարկելով «Մենք պահանջատեր ենք, ճանաչում, հատուցում» և հասան Սուրբ Համբարձման եկեղեցի, որի դիմացի լանջին վառվող լույսերը նույնպես 1915 թվականն էին հուշում: Շարքերում շատ էին մանուկները, ովքեր իրենց ձեռքերին ջահեր ունեին և տանում էին Հայոց Եռագույնը: Եկեղեցու բակում, որտեղ կանգուն է Մեծ եղեռնին նվիրված խաչքար-կոթողը, շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը դատապարտեց դարասկզբին Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ոճրագործությունը:

«Այս սերունդը չի մոռանա կատարվածը և հիշողությունը կփոխանցի սերնդեսերունդ: Վերջապես քնած խիղճերն արթնանում են. արդարությունը չի կորչի: Այսօր արդեն որոշ երկրներ, միջազգային կազմակերպություններ ճանաչում են Արցախի անկախությունը, շատ երկրներ ճանաչել ու դատապարտել են Մեծ եղեռնը: Ունենք անկախ հայրենիք, և մնում է՝ պահպանենք մեր անկախությունը, լինենք միասնական: Մեզանից է կախված, որ ապացուցենք, թե ով ենք մենք»,- ասաց Հայր Սուրբը՝ ավելացնելով, որ մեր ազգը հավատացել է Հարության խորհրդին և չնայած տեսավ մեծ ոճիր, բայց ծնկի չեկավ: Հոգևոր հովիվը մաղթեց, որ Աստված խաղաղություն և բարգավաճում պարգևի մեր ժողովրդին:

Հնչեցին օրը խորհրդանշող երգեր և բանաստեղծություններ Միրիկի դպրոցի աշակերտների և ուսուցիչների կատարմամբ: Վարդուտի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մերի Սիմոնյանը կատարեց «Կոտորածն անգութ» երգը, որը հպարտ Կիլիկիայում կատարված արյունահեղության մասին է:

Եղեռնը դատապարտող և զգոնության խոսք ասաց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը` հիշեցնելով, որ Եվրոպայի աչքի առաջ կատարվեց մեծ ոճիրը, իսկ Եվրոպան մնացել է նույնը:

Ոգեկոչման արարողությունից հետո Սուրբ Համբարձման եկեղեցում հարյուրավոր մոմեր վառվեցին:

Շրջանի հարավային Կովսական քաղաքում ևս կատարվեց ոգեկոչման ջահերթ, որը կազմակերպել էր ՀՅԴ Քաշաթաղի «Միջնաբերդ» կոմիտեն: Բացի կովսականցիներից, երթին մասնակցում էին շրջակա բնակավայրերի բնակիչները:

Ապրիլի 24-ի առավոտյան Սուրբ Համբարձման եկեղեցու բակում տեղակայված Մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված խաչքար-հուշակոթողին ծաղիկներ դրվեցին շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետի և շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Այնուհետև եկեղեցում Հայր Աթանասը կատարեց հոգեհանգստի արարողություն, աղոթք հնչեցրեց բյուրավոր անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Դատապարտեց թուրքերի իրականացրած ոճիրը՝ ասելով, որ քոչվորները, տիրելով Արևմտյան Հայաստանը և գողացվածն իրենց պահելու նպատակով, չակերտավոր քրիստոնյա հզոր տերությունների աչքի առաջ իրականացրին ցեղասպանությունը: Ավարտելով իր խոսքը՝ Հայր Սուրբը միասնության կոչ արեց՝ հիշեցնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Չորեքչյանը դեմ գնաց մարդակեր Ստալինին, որ հայությանը Ալթայ չաքսորեր, իսկ այժմ հազարավոր հայեր ստիպված են կամավոր Սիբիր մեկնում՝ աշխատանք գտնելու: Հոգեհանգստյան արարողությունից հետո եկեղեցու բակում ծառեր տնկվեցին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Բանակ և հասարակություն


26/04/2013