ՈՒՐԱ՛Խ ԵՂԻՐ, ՀԱՍԱ՛Ն
Բոխումում Հասանի հետ մշակութային միջոցառման մասնակցեցինք. միջազգային սքանչելիորեն գունեղ տոնախմբություն էր: Այդ օրը թուրք գրողի նոր գրքի շնորհանդեսն էր, կյանքումս առաջին անգամ տեսա մեկտեղված գրասեր թուրքերի մի ամբողջ դահլիճ: Հասանի հետ էր, ի դեպ, մեր մյուս ազգակիցը` Բեհզադեն, առողջ հումորով, բացառիկ կենսախինդ, բացսիրտ մի երիտասարդ: Բեհզադեի հայրը ազգությամբ հայ էր, մայրը` պարսկուհի, երկուսն էլ Թեհրանի համալսարանի պրոֆեսորներ: Հիանալի օր էր, թեպետ ստեպ-ստեպ որսում էի Հասանի գնահատող հայացքը. թուրք և քուրդ մտավորականների նկատմամբ իմ վերաբերմունքը անսովոր էր նրա մարդկային կերպին: Ուրախանում էր, մի քիչ էլ զարմանում` ինչպե՞ս կարող է հայ գրողը առանց թշնամանքի շփվել թուրքերի՛ հետ, քրդերի՛ հետ:
Գիտեր, որ ինքս ինձ համար հայտնաբերել եմ «տիեզերքի քաղաքացի» եզրույթը, և որ ձևակերպումը տարածելի է ազգային կապանքներից դուրս եկած ազատամիտ շրջահայացների, այդ թվում` թուրքերի, քրդերի վրա: Եզրույթը նրան շա՛տ էր դուր եկել: Թե հայերեն իմանար, նույնին կհանդիպեր թե՛ իմ գրական երկերում, թե՛ հրապարակագրության մեջ: Բայց Հասանը հայերեն խոսել ու կարդալ չգիտեր: Համոզված էր, որ զտարյուն քուրդ է: Քրդուհի մոր հանդեպ էլ առանձնակի ակնածանք ուներ:
Երբ նվիրեցի Արևմտյան Հայաստան կատարած երկրորդ ուխտագնացությանս անդրադարձած «Փշալարով շուլալված խաչ» վավերագիրքս, հարկ համարեցի Հասանին զգուշացնել.
– Այն, ինչ այս գրքում կկարդաս Բիթլիսի բերդի քրդերի մասին, քեզ` որպես քրդի, հաստա՛տ դուր չի գա: Բայց ավելի լավ է դա լսես ինձնից, քան ուրիշ մեկից:
Հասանը ուշադիր լսեց, ձեռքը թափ տվեց ու ծիծաղելով ասաց.
– Մերոնց, Լարիսա՛, ես լա՛վ եմ ճանաչում:
Համենայն դեպս, հետաքրքրվեց.
– Իսկ ի՞նչ էր պատահել Բիթլիսի բերդում:
Պատմեցի, որ եթե մեր խմբի երեսուներեքամյա Էմին Եղիազարյանը կողքիս չլիներ, թիկունքիս չկանգներ, Բիթլիսի բերդի անբազրիք աստիճաններից քրդերը ուղղակի ցած կգլորեին ինձ. դիպվածը, ի դեպ, գրքում մանրամասն նկարագրված է: Հակիրճ մանրամասնություններին վերջում հավելեցի.
– Ո՞ր ազգի մեջ լավն ու վատը չկա…
Հիրավի, Հասա՛նն էլ էր քուրդ, Բիթլիսի բերդում հանդիպած մյուս արյունարբունե՛րն էլ:
Խիղճս հանգստացավ. հիմա արդեն Հասանը կարող էր հանգիստ կարդալ վավերագիրքս, հարց ծագելու դեպքում` դիմել հեղինակին:
Վերջերս զանգեցի Հասանին: Կենդանի ձայնով շփվելը երկուսս էլ գերադասում ենք շունչ չունեցող էլեկտրոնային չոր ու ցամաք նամակագրությունից:
Զրուցակիցս, որի հետ հեռախոսային խոսակցություն հաճախ եմ ունենում, այդ առավոտ շատ տխուր էր. դա Հասանից չէր: Բացի այդ, քուրդ բարեկամիս ձայնը առանձնակի՛ է աշխուժանում, երբ զանգը Հայաստանից է լինում:
– Հո մի բան չի՞ պատահել,- հարցրի անհանգստացած:
– Չէ՛, ամեն ինչ կարգի՛ն է,- պատասխանեց:
Կինը գերմանուհի է, մինուճար որդին` տասնմեկ տարեկան:
– Տիկի՞նդ ոնց է, տղա՞դ,- հարցրի:
– Լավ են. կինս աշխատում է, տղաս` դպրոց գնում: Շատ լավ է սովորում:
– Այդ դեպքում ինչո՞ւ ես տխուր,- շարունակեցի հարցապնդումս,- չլինի՞ թե գործերդ լավ չեն…
Մեկ-երկու րոպե լռելուց հետո անկեղծացավ.
– Հորեղբայրս ասաց, որ մենք քուրդ չենք, հայրական կողմից հայ ենք:
Չէի ասի, թե լսածս հանկարծակիի բերեց:
Հասանի հայ լինելու մասին էլ էի, իհարկե, մտածել, բայց չէի հարցրել: Վայրկենապես ուրախություն համակեց ինձ, որովհետև հանձին Հասանի` գտել էի մի կորցրած հայ եղբոր ևս: Ճիշտ նույն կերպ միտքս ձևակերպեցի` մտաբերելով` ի՛նչ անմեկին հրճվանք կար ձայնի մեջ, երբ Արարատից էր խոսում, ի՛նչ սրտացավություն, երբ հուշեց, որ բիբլիական լեռան գագաթնամերձ, իսկ ավելի ստույգ` աջակողմյան փորվածքը շատ ավելի խորն է ստացվել գեղանկարում, քան կա իրականում, որ երկրաշարժից ավերված Ակոռիի հատվածում ևս ուրվագծային սխալ կա…
Հասանից ծպտուն դուրս չէր գալիս…
-Ասա՛, խնդրե՛մ,- շարունակեցի համառել,- մի՞թե ուրախ չես:
Կրկին ձայն չկար:
– Իսկ ինչո՞ւ ուրախ չես, Հասա՛ն,- կրկնեցի:
Այս մեկը, թերևս, այն հարցադրումների շարքից էր, որը բարձրաձայնվում է` պատասխանը կանխավ գիտենալով:
– Գիտես` բոլոր գործերս Թուրքիայի հետ են կապված,- ջանաց բացատրել, – հենց իմանան` հայ եմ, կփակվեն բոլոր դռները, որ իմ դեմ միշտ են բա՛ց եղել, կամ այդպիսիք ես աքացիո՛վ կբացեի, թե բաց չլինեին:
Մինչ օրս զրուցած չկայինք: Հայ Հասանին ժամանակ է պետք` ընդունելու, հետայդու նաև մարսելու համար այն հանկարծակի նորույթը, որ ավետիս էր եւ ո՛չ թե բոթ:
Հորը վաղուց էր կորցրել, և փառք ու պատիվ հորեղբորը, որ սիրտ էր արել եղբորորդուն հայտնելու ճշմարտությունը:
Քանի-քանի՛ այսպիսի Հասաններ են սպասում իրե՛նց ինքնությունը գաղտնազերծող բացահայտումների:
ՓՓՓ
Առջևում Մեծ եղեռնի հարյուրամյակն է:
Բնաջնջումների, հայրենազրկման, պատմական հայրենիքից բնիկ հայերի տարտղնման տակավին անպատիժ ոճրի կողքին չես կարող չմտաբերել մյուս կարևորագույնի` հայ գենոֆոնդի աղքատացման շուրջ, բռնի կրոնափոխված մեր ազգակիցներին, ինչի մասին այսօր միայն հայե՛րը չէ, որ մտորում են:
Այնպես որ, բարի գալո՛ւստ, Հասա՛ն, ուրախ եղիր, Հասա՛ն:
Բարի գալո՛ւստ Արևմտյան Հայաստանի հայաթափված բնակավայրերում թուրքի ու քրդի անուն-ազգանվամբ ապրող մեր մյուս Հասաններին, որոնց ազգովի՛ ենք սպասում: Թրքացած-քրդացած որակումը, ի դեպ, լավ որակում չէ՛: Այն ո՛չ միայն վատն է, այլև սխալ, որովհետև թուրքի կամ քրդի անուն կրելը բնավ էլ չի նշանակում թրքանալ, քրդանալ:
Հրանտ Դինքի սպանության շուրջ կատարվածն ապացուցեց, որ այսօրվա Թուրքիան այլեւս առաջվա Թուրքիան չէ՛:
Այդ երկրում վաղուց են հասկացել, որ ճանաչումը առաջին հերթին անհրաժեշտ է թուրքերի՝ ազգովի՛ ինքնամաքրվելուն, «ցեղասպան ազգ» արգահատելի որակումից ձերբազատվելու համար:
Որ թուրքական ուրացումը վերջ պիտի ունենա, անկասկած է, որովհետև չի կարելի ապրել ատելությամբ:
Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ռազմաքաղաքական