Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՄԱՆԸ



Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը մեր բանակը երիտասարդ մասնագետ սպաներով համալրելու հիմնական դարբնոցն է։ Կուրսանտների հիսուն տոկոսը սովորում է համազորային ֆակուլտետում, որն այսօր պատրաստում է մոտոհրաձգային, տանկային, հետախուզական և ինժեներասակրավորային դասակների հրամանատարներ։ Ընդունելությունը ինստիտուտ տեղի է ունենում նույն կերպ, ինչպես հանրապետության մյուս բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, այսինքն՝ միասնական քննությունների արդյունքներով։ Միաժամանակ, մեզ մոտ կարող են ընդունվել և սովորել այն զինծառայողները, ովքեր պարտադիր ժամկետային ծառայություն են իրականացնում ազգային բանակի զորամասերում։ Ինստիտուտում մեկամյա դասընթացների միջոցով մոտոհրաձգային դասակի հրամանատարի որակավորում են ստանում բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են անցնել զինվորական ծառայության։ Այս դասընթացները նույնպես կազմակերպվում են համազորային ֆակուլտետում։ Մեր մասնագետներն ակտիվորեն մասնակցում են հրետանային դասակի հրամանատարների նախապատրաստությանը, ինչպես նաև կապիտանների, մայորների և փոխգնդապետների վերապատրաստման ուսումնական գործընթացին, այսինքն՝ ինստիտուտի բազայի վրա կազմակերպվող սպայական որակավորման բարձրացման կենտրոնի աշխատանքներին։

Ֆակուլտետի կուրսանտներն առաջին և երկրորդ կուրսերում սովորում են նույն ծրագրով, մասնավորապես՝ ուսանում են մասնագիտական առարկաները, ընդհանուր ռազմական առարկաներ, ընդհանուր գիտական և ինժեներական առարկաները, ինչպես և ընդհանուր հասարակագիտական առարկաները։ Երրորդ կուրսից արդեն ձևավորվում են մասնագիտական՝ մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, ինժեներասակրավորային խմբերը, որոնցում ընդգրկված կուրսանտները հաջորդ երկու տարիների ընթացքում ավելի խորացված ուսումնասիրում և սովորում են իրենց ընտրած մասնագիտությունները։ Տարեկան երկու անգամ ինստիտուտում անցկացվում են գիտական կոնֆերանսներ, որոնց մասնակցում են ինչպես սպաները, այնպես էլ կուրսանտները։ Պետք է ասեմ, որ հաճախ են լինում հետաքրքիր նորարարական, գյուտարարական առաջարկություններ։ Եվ այդ տեսակետից ռազմական ինստիտուտը 2012թ. բանակում լավագույնն էր։ Սովորելու ընթացքում կուրսանտները երկու անգամ մասնագիտական փորձաշրջան են անցնում զորամասերում։ Առաջին անգամ երկրորդ կուրսից հետո փորձաշրջանին ներկայանում են որպես ջոկի, երկրորդ դեպքում՝ երրորդ կուրսից հետո՝ որպես դասակի հրամանատարներ և կարող են ընդգրկվել մարտական հերթապահության մեջ։ Անցած տարի մեր կուրսանտներից մեկն առաջին բուժօգնություն էր ցույց տվել վիրավորված զինվորին, կանգնեցնելով արյունահոսությունը։ Փաստը ցույց է տալիս, թե ինչպիսի համակողմանի գիտելիքներ ունեն մեր կուրսանտները, այդ թվում նաև ոչ մասնագիտական առարկաներից։

Առայժմ մեր հանրապետությունում չկա որևէ այլ ուսումնական հաստատություն, որը դասախոսներ կպատրաստի ռազմական ինստիտուտի համար։ Այդ պատճառով էլ մենք մեր մասնագետներին վերապատրաստման ենք ուղարկում արտասահման։ Իսկ առայժմ ինստիտուտի դասախոսական կազմը համալրվում է հիմնականում զինված ուժերի սպայակազմից։ Դասախոսական աշխատանքի անցնել ցանկացողները պետք է լինեն իրենց մասնագիտությանը ամբողջությամբ տիրապետող, լավ պատրաստված, բազմակողմանի զարգացած սպաներ, որոնք ունակ կլինեն իրենց փորձն ու գիտելիքները հաղորդելու կուրսանտներին։ Մենք սովորաբար 3-4 ամիսը մեկ անգամ դասախոսական կազմի հետ անցկացնում ենք մեթոդական պարապմունքներ, իսկ վերջին մեկ տարում բոլոր թափուր հաստիքները լրացվել են մրցութային կարգով։ Տեղում դասախոսների պատրաստման հարցը քննարկման փուլում է, և ես վստահ եմ, որ այն իր լուծումը պետք է ստանա, որովհետև ինստիտուտը, ինչպես նաև մեր համազորային ֆակուլտետը, զարգացման նոր շրջան են մտնում։ Ինստիտուտն այժմ գործում է բակալավրիատի ծրագրով, բայց նաև աշխատանքներ են տարվում մագիստրոսական կրթություն կազմակերպելու ուղղությամբ։ Եվ եթե այդ անցումը կատարվի, մենք այլևս մեր սպաներին չենք գործուղի արտասահմանյան երկրներ՝ մագիստրոսական կրթություն ստանալու, կամ էլ համագործակցությունը շարունակելու համար կուղարկենք սահմանափակ թվով սպաների։ Ինչպես գիտեք, ռազմական ինստիտուտն ունի կեցության և ուսման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, սակայն զարգացման ծրագրով նախատեսված է առաջիկայում ինստիտուտին տրամադրել հանրապետությունում եղած հրաձգարաններից մեկը, որտեղ այժմ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում, նաև նախատեսված է ավելացնել գործնական պարապմունքների համար նախատեսված ուսումնական կետերի քանակը և կառուցել նոր փոքր հրաձգարան, որը հնարավորություն կտա ավելի քիչ ծախսով, բայց առավել արդյունավետությամբ կազմակերպել կուրսանտական կազմի ուսուցումը «սպառազինություն և հրաձգություն» առարկայից։

Ինստիտուտն ունի տանկի վարման զորավարժարան, արդեն ստացել ենք տանկերի վարման և հրաձգության վարժասարք, որն առաջիկայում կտեղադրվի հատկացված շինությունում։ Նախատեսված է ռազմական ինստիտուտին տրամադրել նաև ՀՄՄ-ների վարման և հրաձգության վարժասարքեր, իսկ կրակային ամբիոնն ապահովված է ինքնաձիգից և ԴԴՀ-ից հրաձգություն կատարելու վարժասարքերով, շատ շուտով կստանանք նաև ՁՀՆ-7-ի վարժասարքը։ Նախատեսված է նաև լսարանները կահավորել տեխնիկական միջոցներով՝ տեսապրոեկտորներով, ինտերակտիվ գրատախտակներով։ Ստեղծման փուլում է էլեկտրոնային գրադարանը։

Կասկածից վեր է, որ զարգացման նոր փուլում նախատեսված միջոցառումների իրականացումն ինչպես ինստիտուտում, այնպես էլ համազորային ֆակուլտետում է՛լ ավելի բարձր որակ կապահովի, բայցև այն տղաները, ովքեր ուզում են սովորել մեզ մոտ և ազգային բանակի սպա դառնալ, պետք է վերջնական որոշում կայացնելուց առաջ լավ մտածեն, հաշվի առնեն ծառայության առավելությունները և, իհարկե, զինվորական գործին բնորոշ դժվարությունները, գիտակցեն, որ ծառայությունը պահանջում է նվիրում, առանց որի անհնար է արժանի լինել հայրենիքի պաշտպանի կոչմանը։

ՄԿՐՏԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
գնդապետ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի
համազորային ֆակուլտետի պետ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/04/2013