Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍՆԵՐԸ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ



«2012թ. դեկտեմբերի 1-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Դեպքի մանրամասները ճշտվում են, կատարվում է քննություն»: Նմանատիպ ծանուցումների հանդիպում ենք պարբերաբար: Կարդում ենք՝ առողջություն մաղթում վիրավորին, ծանոթ-բարեկամի հետ քննարկում՝ երբ են վերջապես դադարելու այս արկածախնդրությունները: Այնինչ, քչերս ենք թերեւս գիտակցում, թե ինչ է թաքնված տողատակում: Հերոսություն, անձնազոհություն, նվիրվածություն, ընկերություն, հայրենապաշտություն… Գուցե նաեւ միամտորեն պատկերացնում ենք, թե հերոսություն ասվածը միայն մարտի դաշտում է լինում, եւ որ նմանատիպ հաղորդագրության «աներեւույթ» մասնակիցներն ընդունակ չեն որեւէ հերոսական արարք գործելու. մի կրակոց է ու վերջ, ինչ է եղել որ: Այնինչ, այսօր մեր զինված ուժերի յուրաքանչյուր զինծառայող ամեն պահի իր ծառայությամբ ապացուցում է, որ արժանի է ամենաբարձր գնահատանքի: Չէ՞ որ արդեն քանի տարի մեր պետությունը փաստացի զինադադարի պայմաններում է, եւ խաղաղության երաշխավորը մեր ազգային բանակի զինվորներն ու սպաներն են` կանգնած սահմանին: Պարզապես պետք է փորձենք նկատել նաեւ, այսպես կոչված, «խաղաղ պայմաններում» նրանց կատարած՝ հաճախ չերեւացող սխրանքը, եւ մեր հասարակությունը ավելի վստահ, ավելի համախումբ կլինի հավանական վտանգի պահին:

Եվ այսպես, 2012թ. դեկտեմբերի 1-ին հանրապետության հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության գոտում հենակետի անձնակազմը մարտական հերթապահություն էր իրականացնում սովորականի պես: Թեեւ սահմանագծի այդ հատվածում իրավիճակը, որպես կանոն, հանգիստ է լինում, բայցեւայնպես, մեր դիրքապահները միշտ պատրաստ են ցանկացած անակնկալ զարգացումների: Եվ ահա այդ օրը նման արտառոց զարգացում տեղի ունեցավ: Նախապես նշեմ՝ «ինչը հետեւանք էր մեր զինծառայողներից մեկի անվտանգության կանոնների կոպիտ խախտման»: Հուսով եմ՝ այսուհետ նման ինքնագլուխ արարքներ չեն կրկնվի:

Մեր պայմանագրային զինծառայողը, թողնելով համապատասխան կահավորված դիտակետը, դիտարկումը շարունակելու համար դուրս է գալիս հակառակորդի կողմից տեսահսկվող տարածք: Գրեթե անմիջապես լսվում է կրակոցի ձայնը, եւ ոտքից ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը գլորվում է ձորն ի վար: Լարելով վերջին ուժերը` նա կարողանում է կառչել քարերից եւ օգնություն կանչել: Այդ պահին խրամատում դիտարկում էին իրականացնում շարքայիններ Դավիթ Մկրտչյանը եւ Էրիկ Աբազյանը, որոնք արդեն հասցրել էին զեկուցել անմիջական հրամանատարին կատարվածի մասին: Ինչեւէ, օգնության սպասել նրանք չէին կարող, որովհետեւ յուրաքանչյուր վայրկյան թանկ էր. վիրավորն արյունաքամ էր լինում, կորցնում ուժերը եւ, ուր որ է, կարող էր գլորվել ներքեւ: Դավիթն ու Էրիկը հանում են իրենց սաղավարտներն ու զրահաբաճկոնները, քանի որ տվյալ տեղանքում հնարավոր չէր ծանր հանդերձված մի քանի մետր իջնել ձորը եւ վիրավորին բարձրացնել վերեւ: Կրակոցների ներքո նրանք հասնում են իրենց վիրավոր ընկերոջը: Թիկունքով պաշտպանելով վերջինիս` Դավիթը ամրակապ է դնում վիրավորի ոտքին՝ արյունահոսությունը դանդաղեցնելու համար: Ապաեւ գրկած նրան տեղափոխում են անվտանգ գոտի: Արդեն դեպի հենակետ բարձրանալու ճանապարհին նրանց օգնության են հասնում սպաները: Ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, հետագայում կատարվում է դեպքի քննություն, մանրամասները ճշտվում են, եւ արվում են համապատասխան հետեւություններ: Անձնակազմը տեղեկացվում է կատարվածի մասին` եւս մեկ անգամ ստանալով անվտանգության կանոնները խախտելու անթույլատրելիության մասին համապատասխան ցուցումներ:

Մի բան ակնհայտ էր. ինքնատիրապետման, արագ կողմնորոշվելու եւ իրենց անձնազոհության շնորհիվ տղաները մարդկային կյանք են փրկել: Երբ առաջին անգամ լսեցի այս մասին, միանգամից մտքովս անցավ` ի՞նչ է սա, եթե ոչ հերոսություն: Հակառակորդի նշանառու կրակոցների տակ գտնվելով հանդերձ՝ տղաները չեն վարանել եւ առանց պաշտպանիչ միջոցների նետվել են իրենց ընկերոջ կյանքը փրկելու` վտանգելով սեփականը: Գուցեեւ մեր տղաներն իրենք էլ չեն հավատացել կամ չեն մտածել, որ ունակ են նման արարքի, քանի որ ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե կոնկրետ իրավիճակում ինքը ինչպես կգործի:

…Դեպքից օրեր անց Դավիթը զորացրվեց: Հետո էլ, երբ համապատասխան հանձնաժողովներն արդեն ավարտել էին հետաքննությունը, երկու ընկեր ներկայացվեցին պարգեւատրման: Հունվարի 28-ին՝ ազգային Բանակի տոնի կապակցությամբ, Էրիկ Աբազյանը, որ դեռ ծառայում է, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվեց «Ծովակալ Իսակով» մեդալով, իսկ Դավիթ Մկրտչյանը` «Վազգեն Սարգսյան» մեդալով: Դավիթի պարագայում այս հանգամանքը վկայությունն է այն բանի, որ զորացրվելուց հետո էլ մեր զինծառայողների գերազանց ծառայությունը՝ սխրանքը, չի մոռացվում: Երբ հանդիպեցի Դավիթին, անկեղծ ասած, մի քիչ զարմացած էի. հերոսին վայել ոչ մի առանձնահատուկ բան. փոքրամարմին է, հանգիստ, նույնիսկ անտարբեր, եւ առաջին հայացքից երբեք չես կռահի, որ կարող է ընդունակ լինել նման անձնազոհության: Զրուցում ենք երկար, ողջ ընթացքում համեստորեն ասում է. «Պարզապես գնացել էինք մեր ընկերոջը փրկելու, այդ պահին չենք մտածել ո՛չ վտանգի, ո՛չ էլ աչքի ընկնելու մասին, եթե չգնայինք, նա կզոհվեր»: Վախ չեն զգացել նույնիսկ այն պահին, երբ դիմացից արձակված մի քանի կրակոցից հետո հստակ նկատել են իրենց կողմն ուղղված զենքերը:

Իմ այն հարցին, թե ի՞նչ է փոխվել իր մեջ այն պահից, երբ իմացել է, որ պարգեւատրվել է, Դավիթը հետեւյալ կերպ պատասխանեց. «Իհարկե, մեդալը ոգեւորում է, նաեւ պարտավորեցնում, ի վերջո՝ քչերն են ժամկետային զինծառայության ընթացքում մեդալի արժանանում, բայց ինձ համար ամենակարեւորը ընկերոջ կյանքը փրկելն է՝ առանց որեւէ ակնկալիքի:»

Դավիթը ջերմությամբ ու սիրով էր խոսում իր հարազատ զորամասի, ծառայակիցների մասին, արժանին մատուցում այն սպաներին, ովքեր դեպքից հետո օրեր շարունակ մնում էին հենակետում, գիշերները արթուն հսկում էին, որ հանկարծ զինվորներից որեւէ մեկի մեջ վախի կամ անհանգստության զգացում չառաջանա հակառակորդի՝ շարունակվող սադրանքների պարագայում: Նույն այդ ջերմությունն ու սերը տեսա, երբ Դավիթը այցելել էր զորամաս: Ինչ-ինչ պատճառներով խրախուսումը հետաձգվել էր, սակայն, միեւնույն է, ուշ, թե շուտ պարգեւը գտնում է իր հերոսին: Եկել էր պարգեւատրվելու, բայց ուշքնումիտքը զինվորներն ու սպաներն էին, ցանկանում էր բոլորի հետ ողջագուրվել, հարցնել յուրաքանչյուրի որպիսությունը. հետաքրքրվում էր ամեն ինչով, ինչպես վարվում են տունուտեղից երկար բացակայած եւ կարոտով տուն դարձածները: Շրջեց զորամասում, մտավ իր ստորաբաժանման կացարանը, իր` արդեն նախկին անկողնու մոտ զրուցեց մարտական ընկերոջ` Էրիկ Աբազյանի հետ: Այնքան հուզիչ էր պահը, որ երկար ժամանակ չէր կարողանում բաժանվել իր համար տեւական ժամանակ հարազատ օջախի վերածված միջավայրից: Եվ ահա վրա հասավ հանդիսավոր պահը:

Շարահրապարակում շարված ողջ անձնակազմի առջեւ զորամասի հրամանատարը` գնդապետ Ա. Օհանյանը, ներկայացնում է իրենց նախկին զինվոր Դավիթ Մկրտչյանին, հակիրճ պատմում նրա սխրագործության մասին, նշում, որ մեր բանակը հզոր է Դավիթի նման զինվորներով, եւ յուրաքանչյուրը պետք է ձգտի նմանվել նրան, ծառայել նույն ոգով եւ նվիրվածությամբ: Ապա զորամասի հրամանատարը հանդիսավորությամբ հանձնում է «Վազգեն Սարգսյան» մեդալը եւ հպարտությամբ սեղմում անձնազոհ զինվորի ձեռքը: Դավիթը մի քիչ շփոթված է, հուզված, ցանկանում է գլուխը շուտ ազատել «պաշտոնական» մասից, սակայն հրամանատարությունը ցանկանում է, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան նրա սխրանքի մասին: Քիչ հետո մենք արդեն Երեւանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցում ենք, որի շրջանավարտն է Դավիթը:

Դպրոցի փառքի սրահում հավաքված աշակերտներին, ուսուցիչներին Դավիթի ստորաբաժանման ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Ղազարյանը ներկայացնում է միջադեպի մանրամասները, հենց այդ օրինակի հիման վրա բաց դաս անցկացնում հայրենիքի անձնազոհ պաշտպանության, նվիրված ծառայության նշանակության մասին: Նա հատկապես կարեւորում է այն փաստը, որ դպրոցում սովորում են ավագ դասարանների աշակերտները, որոնք շուտով համալրելու են հայկական բանակի շարքերը, եւ որ Դավիթի օրինակով նրանք եւս է՛լ ավելի կամրապնդեն մեր զինված ուժերի մարտունակությունն ու կարգապահությունը, մարտական ոգին:

Օրվա եզրափակիչ հանդիպումը Դավիթենց տանն էր: Հավաքվել էին նրա հարազատները, հարեւանները, ընկերները: Բոլորն էլ միաբերան նշում էին, որ ոչ մեկը չզարմացավ, երբ լսեց, թե ինչ է կատարվել: Դեռ մանկուց Դավիթը բարյացակամ է եղել իր ընկերների, բոլորի հանդեպ, ինչով կարողացել է, օգնել է, ընկերներից մեկն էլ ասաց, թե` կզարմանայինք, եթե ինքը առաջինը չնետվեր օգնության: Իհարկե, բոլորից շատ Դավիթի համար ուրախացել, գուցեեւ հուզմունքից, վախից անհանգստացել, արտասվել է նրա մայրը` տիկին Նաիրան: Մայոր Ղազարյանը իր եւ զորամասի հրամանատարության անունից շնորհակալություն հայտնեց տիկին Նաիրային՝ հայրենիքի իսկական զինվոր, վեհանձն մարդ դաստիարակելու համար: Մարդ, որով պետք է միայն հպարտանալ:

Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի Դավիթի. Էրիկի քաղաքացիական կյանքը: Դավիթը ծառայության ընթացքում վաղաժամ կորցրել է հորը, Էրիկը երկկողմանի ծնողազուրկ է: Մի բան հաստատ է՝ նրանք չեն կորցրել ապագայի հանդեպ հավատը եւ տարբեր ծրագրեր իրագործելու մասին են մտածում: Դավիթն առայժմ սովորում է բուհում, եղբոր հետ մտածում է համատեղ աշխատանքի, մայրիկին թեւութիկունք լինելու մասին: Էրիկը, որպես ըմբշամարտի Հայաստանի կրկնակի չեմպիոն, մտադիր է զորացրվելուց հետո էլ զբաղվել սպորտով: Հավատում եմ, որ նրանք հաջողությունների կհասնեն նաեւ ցանկացած ոլորտում: Եվ դեռ երկար կլսեն շնորհակալության, երախտիքի խոսքեր:

Հ.Գ. Տարիներ առաջ «Հայ զինվոր»-ի նախկին ֆոտոթղթակից, մայոր Արմեն Ճենտերեճյանի հետ մեկնել էինք գործուղում: Մարտական հերթապահություն կատարող զորամաս էր, այցելեցինք առաջնագիծ: Որոշ ժամանակ անց խրամատում հանկարծ զգացի, որ իմ ավագ ընկերը մի տեսակ հուզված է, այլայլված… Նա անսպասելի մոտեցավ դիտակետում կանգնած զինվորին եւ ասաց. «Շնորհակալ եմ, տղա՛ս, ես գնահատում եմ քո արարքը…»: Պարզվեց՝ ընկերս, գործով տարված, անթույլատրելիության աստիճան մոտեցել-կանգնել էր դիտաճեղքին, որը հակառակորդի կրակակետի ուղիղ նշանառության տակ էր (տվյալ տարածքում կրակոցներ բավական հաճախ են հնչում): Ինչ-որ պահի դիտորդ զինվորը աննկատ կանգնել էր դիտաճեղքի եւ մեր թղթակցի արանքում` փաստացի իր մարմնով պատսպարելով տեղանքի, տվյալ մարտական դիրքի առանձնահատկություններին բոլորովին անտեղյակ մարդու կյանքը…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


26/04/2013