Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ



Եղեռնից հետո դարեր էլ անցնեն, մեկ է՝ նույն հարցի շուրջ պիտի խորհենք` ինչո՞ւ: Հարց, որը չի կարելի անպատասխան թողնել, որովհետև եզրակացությունները մեզ անհրաժեշտ են ապրել շարունակելու համար: Քանի դեռ թուրքը մեր հարևանն է:

Պատասխանը բազմաշերտ է, ոչ միանշանակ. քաղաքագետը իր պատասխանը կտա, պատմաբանը` իր, հոգևորականը` իր: Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել.

նախ` մենք ունեինք մեղքի մեր բաժինը, բայց ո՛չ այն իմաստով ու մտայնությամբ, որը թուրքերն են այսօր հրամցնում: Մենք թույլ տվեցինք, որ մեզ ցեղասպանության ենթարկեն: Մենք պարտավոր էինք մեկ բռունցք դառնալ, բայց չդարձանք: Ահա մեր մեղքը: Արևմտահայ հայտնի գրող Հակոբ Օշականը, որի վեպերը խորհուրդ են տալիս կարդալ նույնիսկ թուրքերին` ինքնաճանաչողության համար, բացահայտել է թուրք մարդու հոգեկերտվածքի, հասարակական հարաբերությունների արատավոր կողմերը: Եւ դրան զուգահեռ` նաև հայ քաղաքական կյանքի և ազգային հոգեբանության այն խորշերը, որոնցում փարթամորեն աճում են ազգային միասնությունը ջլատող, կռվազանություն սերմանող որոմները. «Ու իրար կատենք, առանց անդրադառնալու մեր ամոթին»: Իսկ մեր պատմությունը որակում է իբրև «փոքր ու ստոր նախանձի դյուցազներգութիւն մը»: Ցավալի է, բայց փաստ. ամենօրյա հոգևոր և ֆիզիկական մաշումի մեջ հայությունը կորցրել էր թուրքին հակադարձելու` նախորդ սերնդի փորձն ու հմտությունը:

Երկրորդ` անկախ հայ հեղափոխությունից, թուրքը վճռել էր` «երկիրը մաքրել հայերից»: Այս հարցում ինքնադատափետմամբ զբաղվել պետք չէ:

Երրորդ` «երկիրը հայերից մաքրելու» ցեղասպանական, գազանային կերպը պայմանավորված էր թուրքի տեսակով, նրա էությամբ, որ հակադիր է հայի տեսակին ու էությանը: Այս մասին Օշականը գրում է. «Բայց պարտավոր եմ ավելցնել, որ այդ ամենեն պատուական մարդը պիտի ծնրադրե իր նամազը ընելու, Դանակը խսիրին երկարած, աղօթքէ խորունկ գոհունակութեամբ մը ու պիտի ելլէ ոտքի, քիչ անդին կապուած տղեկ մը մորթելու, երբ իրեն ըսուի, որ հայրենիքը այսպես կուզէ: Հոս է ահա ամենեն դժնդակ կողմը հայ և թուրք կառույցին»: Օշականը թուրքին «անապատի կենդանի» անունն է տալիս և կարևոր ընդհանրացում անում. «Թուրքը ծարավ է արեան և սերմի»: Ջարդելու և բռնաբարելու մոլուցքը, ըստ Օշականի, այն տափաստանի կանչն է, որից նրանք դեռ վերջնականապես դուրս չեն եկել: Հայատյացության մեջ թուրքերը միակամ ու միակուռ են: Չնչին բացառություններով, նրանց բոլորի սրտերում և հոգիների մեջ նստած է միակ ու միևնույն Սուլթանը` արյունարբու ու հայատյաց:

Չորրորդ` թուրքի համար թերևս անսպասելի էր ցեղասպանության արհավիրքից հայ ժողովրդի վեր հառնելը: Այսպիսի կենսունակություն նա մեզնից չէր սպասում: Մինչև վերջին թիզը Հայ ոգու տիրականությամբ շնչավոր հողերի վրա, փորձելով հայ վանքերը տափաստանի զավակի իր ճաշակով շպարել ու սեփականել՝ թուրքը հանկարծ գիտակցեց, որ «գերեզմանները ուժ են, ավերակները` սպառնալիք»: Գիտակցելով իր ձախողումը` սկսեց քանդել: Քանդելու հետևողական քաղաքականությունը հայի հոգու կենդանության մասին է վկայում:

Եւ ամենակարևորը. թուրքը ճակատագիր չէ, ու եթե ճակատագիր էլ է, ուրեմն կա այդ ճակատագրից վեր մի բան` Հայի ճակատագիրը, որ հոգևորի` արդարի, մնայունի ու կայունի հավերժական որոնումն է` տեսակի պահպանմանն ի խնդիր: Հայկական բարձրավանդակի խորհուրդը հակադրվում է անցողիկի մասնավոր դրսևորմանը` տափաստանյան հորդաների ներկայությանը, որոնք, մեծ գրողի խոսքով, մի օր «ինքնաբերաբար կամ բռնի պիտի քաշուին այս հողերեն»: Ու պիտի մնա Հայ հոգին իր դարավոր խարիսխների վրա ամուր:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


26/04/2013