Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Մենք …ԱՅՍՕՐ



Մայոր ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Մայոր Սամվել Հովսեփյանը՝ նախկին երկրապահը, այսօր արդեն ազգային բանակի սպան, մարտական լուրջ ուղի է անցել։ Զինվորի նկատմամբ անթաքույց սիրով տոգորված սպան մարդկային ամենավսեմ առաքինությունը հայրենասիրությունն է համարում։
-Այն հայրենասիրությունը, որ սահմանին կանգնած զինվորի ու հրամանատարի միասնական ջանքերով է ծնունդ առնում,- ասում է մայոր Հովսեփյանը։
Երբ վտանգվեցին մեր հայրենիքի սահմանները, Սամվելն էլ շատ հայորդիների նման համալրեց կամավորականների շարքերը եւ Կիրանց գյուղի կամավորական ջոկատի կազմում ձեռնամուխ եղավ հյուսիսարեւելյան սահմանների պաշտպանությանը։ 1992թ. Սամվելն իր զինակից ընկերների հետ համալրեց նորաստեղծ Հատուկ գնդի Իջեւանի հատուկ վաշտի շարքերը եւ մինչեւ օրս ծառայում է ազգային բանակում։
-Եթե թոշակի անցնեմ, բայց միեւնույն է, հոգով ու սրտով մնալու եմ բանակի հետ եւ այլ կերպ հնարավոր էլ չէ. ես այս սուրբ հողի զինվորն եմ։

Սերժանտ ՄԱՆՎԵԼ ԱՅՎԱԶՅԱՆ

Հենակետի ավագ, ավագ սերժանտ Մանվել Այվազյանը ծնունդով Աշոցքի շրջանի Բավրա գյուղից է։ Նա 2006-08թթ. ծառայել է սահմանամերձ զորամասերից մեկում, զորացրվել կրտսեր սերժանտի կոչումով։ Երեք ամիս առաջ անցել է պայմանագրային ծառայության։
-Մարտական հերթապահությունը տարվում է հաստատված գրաֆիկի համաձայն։ Ես սահմանային ծառայությունը գերադասում եմ թիկունքայինից, քանզի այստեղ չես հասցնում ձանձրանալ, ծառայությունդ էլ միօրինակ չի անցնում։ Սահմանում ծառայելով՝ զինվորականը կարող է հասնել իր երազած բարձունքին,- վստահ է ավագ սերժանտ Մանվել Այվազյանը։

Սերժանտ ՍՏԵՓԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հարգելի Ղազարյաններ, Ձեր որդին՝ հակատանկային դիվիզիոնի կապի ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Ստեփան Ղազարյանը, ծառայության ընթացքում իրեն դրսեւորել է լավագույն կողմերով։ Մենք անչափ շնորհակալ ենք, որ Ձեր դաստիարակած զավակը դասվում է իր զորամասի օրինակելի զինվորների շարքը եւ բարձր է պահում հայ զինվորի պատիվը։ Հավատացեք, որ Ձեր որդու նման զինվորների ջանքերով են նաեւ անառիկ մեր պետության սահմանները,- գրված էր հրամանատարության կողմից տրված շնորհակալական նամակում։
Ստեփանը ծնունդով Սիսական աշխարհից է: Մինչեւ ծառայությունը քանդակագործություն ու քարտաշություն է սովորել Սիսիանի ամենից ճանաչված քանդակագործ վարպետներից մեկի մոտ։ Եվ քանդակագործ զինվորի ստեղծած մի քանի խաչքարեր այսօր տեղադրված են զորամասում։
-Այդ խաչքարերը իմ ստեղծած առաջին ինքնուրույն գործերն են, որոնց մեջ ես մեծ էներգիա ու սեր եմ դրել։ Այդքանով նրանք անչափ թանկ են դարձել ինձ համար։ Ցանկությունս է, որ խաչքարերը միշտ մնան իմ սիրելի զորամասում,- ոգեւորված ասում է Ստեփանը։

Կրտսեր սերժանտ ԱՐԱՄԱՅԻՍ ԷՎՈՅԱՆ,
շարքային ԼԵՎՈՆ ՔԵՇԻՇՅԱՆ

Կրտսեր սերժանտ Արամայիս Էվոյանին ու շարքային Լեւոն Քեշիշյանին սահմանային ծառայությունը դարձրել է սրտակից ընկերներ։ Նրանք ծառայում են փոխգնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Արամայիսը հենակետի կապի պատասխանատուն է։
-Ծառայության մեջ եւ տանը ես միակն եմ ու անկրկնելին,- կատակում է Արամայիսը (նա ծնողների մինուճար զավակն է), որի շնորհիվ հենակետը մշտապես ապահովված է անխափան կապով։ -Մի քանի օր առաջ խրամատները մաքրելու ժամանակ կապը վնասվել էր։ Մետր առ մետր ստուգելով՝ գտա լարի վնասված հատվածը եւ շատ արագ վերականգնեցի,- ասում է հենակետի կապի պատասխանատուն։
Լեւոնը հենակետի գնդացրորդն է, կզորացրվի գարնանը։
-Ինձ ամրացված զենքը դեռեւս հարկ չի եղել գործածության մեջ դնելու։ Տա Աստված, մինչեւ զորացրվելս էլ դրա հարկը չլինի,- ասում է Լեւոնը եւ խնդրում մեր լուսանկարչին իրեն ու Արամայիսին միասին լուսանկարել։

Սերժանտ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Առաջին մոտոհրաձգային գումարտակի առաջին մոտոհրաձգային վաշտի առաջին ջոկի հրամանատար ավագ սերժանտ Արման Սարգսյանը լավ ծառայության համար արդեն երկու անգամ խրախուսվել է՝ արժանանալով «Քաջարի մարտիկ» եւ «Բանակի գերազանցիկ» կրծքանշանների։ Նա ծնունդով Սպիտակից է։ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտի կառավարում եւ շահագործում ֆակուլտետն ավարտելուց հետո շնորհալի պատանին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։
-Երկրորդ բուհն ընդունվեցի եւ անմիջապես զորակոչվեցի։ Ուզում եմ իրավաբան դառնալ, հմտանալ իրավագիտության ասպարեզում,- ասաց ավագ սերժանտ Արման Ավագյանը։

Շարքային ԱՐՍԵՆ ԲԱՅՐԱՄՅԱՆ

Ավագ հրաձիգ շարքային Արսեն Բայրամյանը ծնունդով Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղից է։ Նա ծառայում է փոխգնդապետ Ա. Սարգսյանի հրամանատարությամբ գործող հարավարեւելյան սահմանամերձ զորամասում։ Ի դեպ, այս զորամասը երկրորդ անգամ պարգեւատրվել է «ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զորամաս՝ 2-րդ տեղ» պատվո դրոշով։ Հետեւում են մնացել Արսենի ծառայության 20 ամիսները, ամիսներ, որոնք շաղախված են դժվարությամբ, հպարտությամբ, ուրախությամբ ու կարոտով։ Որպես ավագ հրաձիգ շարքային Բայրամյանը շատ լավ գիտի իր պարտականությունները, որոնց անթերի կատարման, կարգապահության եւ օրինակելի վարքի համար խրախուսվել է 10-օրյա արձակուրդով։ Զորացրվելուց հետո Արսենը որոշել է ընդունվել Երեւանի գյուղատնտեսական ակադեմիայի բնապահպանության ֆակուլտետ, իսկ մինչ այդ ուզում է իր ծառայության վերջին մի քանի ամիսները պատվով հասցնել ավարտին։

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Ազգային բանակ


03/03/2011