Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՏԼԵՐԸ ՉՆՎԱՃԵՑ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԸ



Ֆրանսիական Մեծ հեղափոխության հարյուրամյա հոբելյանի առիթով Ֆրանսիայի կառավարությունը որոշեց Փարիզի Մարսյան դաշտում համաշխարհային ցուցահանդես կազմակերպել։ Պատմական նշանակության, բայց ուրիշ ոչնչով աչքի չընկնող այդ վայրը նաեւ պիտի զարդարվեր մի շինությամբ, որն իր հավասարը չպիտի ունենար աշխարհում։ Հայտնի ինժեներ Գյուստավ Էյֆելը հանձնաժողովի դատին ներկայացրեց 300 մետրանոց երկաթե աշտարակի նախագիծը։

Էյֆելի մտահղացման հետ լուրջ մրցակցում էին վիթխարի գիլյոտինի (ի հիշատակ հեղափոխության ժամանակ զոհվածների) եւ 150 մետրանոց հսկա լապտերի նախագծերը։ Հանձնաժողովը երեք նախագծերից ընտրեց Էյֆելի աշտարակը։ «Անօգտակար է, բայց փոխարենը՝ մոնումենտալ»,- այսպիսին էր նրա եզրակացությունը։ Սակայն ոչ բոլորն էին կիսում հանձնաժողովի կարծիքը։ 1887թ. փետրվարին ապագա ցուցահանդեսի տնօրեն Ալֆանը մի հանրագիր ստացավ, որն ստորագրել էին Ֆրանսիայի նշանավոր գրողներն ու նկարիչները. «Մենք՝ մինչեւ այժմ Փարիզի չպղծված գեղեցկության կրքոտ սիրահարներս, մեր վրդովված հոգու ամբողջ ուժով բողոքում ենք ֆրանսիացու ճաշակը վիրավորելու դեմ…»։

1887թ. հունվարին, երբ Էյֆելի վարձած 300 բանվորներն սկսեցին աշտարակի շինարարությունը, քչերն էին հավատում, որ նման վիթխարի կառույցը կարելի է երկու տարում ավարտել։ Միայն հիմքի աշխատանքները տեւեցին 18 ամիս։ Որպեսզի նախատեսված ժամկետին կանգուն լիներ աշտարակը, Էյֆելը նախապես պատրաստել էր 12 հազար մետաղական հեծաններ եւ 2,5 միլիոն գամելներ։ Ընդ որում, հեծաններից ոչ մեկն իր քաշով չէր գերազանցում 3 տոննան, որը թեթեւացրեց մետաղական մասերի վեր բարձրացման աշխատանքը։

312 մետրանոց «երկաթե տիկնոջ» (ժողովրդի մեջ այդ անունն էր կրում աշտարակը) հանդիսավոր բացումը կատարվեց 1889թ. մարտի 31-ին։ Էյֆելը որպեսզի փարատեր այն կասկածները, թե մի օր աշտարակը շուռ կգա, կառույցի 276 մ բարձրության վրա կահավորեց իր բնակարանն ու աշխատասենյակը։

Աշտարակն ունեցավ անսպասելի հաջողություն. ցուցահանդեսի վեց ամիսների ընթացքում ցանցկեն գեղեցկուհուն, որն ասես պատված էր հյուսված ժանյակով, այցելեց ավելի քան 2 միլիոն մարդ։

Ինժեներ Էյֆելը բավարարված էր, սակայն երկու հանգամանք, այնուամենայնիվ, նրան մտահոգում էր։ Նախ, որ աշտարակը գործառական նշանակություն չուներ, երկրորդ՝ ըստ պայմանագրի, 20 տարի անց այն պետք է քանդվեր։

Աշտարակի «կյանքը» երկու անգամ մազից էր կախված։ 1890-ական թվականներին բանը հասավ ապամոնտաժմանը։ Օգնեց ռադիոկապի երեւան գալը։ 1898թ. հոկտեմբերին առաջին հեռագրային կապն անցկացվեց Էյֆելյան աշտարակի եւ Պանթեոնի միջեւ։ XX դարի սկզբին աշտարակի վրա տեղադրվեց մշտական գործող ռադիոկայան, եւ ե-թեր սփռվեց առաջին ռադիոհաղորդումը, որ կրում էր հենց «Էյֆելյան աշտարակ» անունը։ Իսկ մեկուկես տասնամյակ անց սկսվեց հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը։

Արդեն այդ ժամանակ փարիզցիներն ընտելացել էին իրենց, ինչպես գրող եւ նկարիչ Ժան Կոկտոն էր ասում, «պողպատյա գեղեցկուհուն»։ Իսկ կոմպոզիտոր Շառլ Գունոն, ով թշնամուց վերածվել էր երկրպագուի, նստելով Էյֆելի աշխատասենյակում՝ հորինեց իր «Համերգ ամպերում» ստեղծագործությունը։ Հատուկ նրա համար աշտարակի վերին հարթակ բարձրացվեց մի դաշնամուր։ Այդ իրադարձությունը լայնորեն լուսաբանվեց թերթերում։

Էյֆելի նախագծած ու կառուցած վերելակներն անխափան աշխատեցին կես դար եւ անսպասելի կանգ առան 1940թ. հունիսին, երբ Փարիզ մտան գերմանական զորքերը։ Չորս տարի շարունակ, քանի դեռ զավթիչները Ֆրանսիայի մայրաքաղաքում էին, աշտարակը փակ էր այցելուների համար։ Հատուկ Բեռլինից ժամանած ինժեներներն այդպես էլ չկարողացան վերելակները գործարկել։

Հետեւաբար, Հիտլերին չհաջողվեց բարձրանալ աշտարակ եւ այնտեղից դիտել Փարիզը։ Իսկ նացիստ-լեռնագնացների` աշտարակին ամրացված սվաստիկայով դրոշն այնքան խոշոր էր, որ մի քանի օր անց քամին այն պոկեց։ «Հիտլերը նվաճեց Ֆրանսիան, բայց չնվաճեց Էյֆելյան աշտարակը»,- հպարտությամբ հայտարարում էին փարիզցիները։ Այդպես աշտարակը դարձավ նաեւ ֆաշիզմին չհնազանդվելու խորհրդանիշ։

Երբ Փարիզն ազատագրվեց հիտլերականներից, վերելակներն իսկույն սկսեցին աշխատել։ Ծեր մեխանիկը, ով իր հինգ մատի պես գիտեր վերելակների կառուցվածքը, կես ժամում դրանք վերանորոգեց։

Ի դեպ, 1944թ. օգոստոսին, երբ դաշնակից զորքերը մոտենում էին Փարիզին, Հիտլերը քաղաքի զինվորական նահանգապետ, գեներալ Դիտրիխ ֆոն Կոլտիցին հրամայեց Փարիզի այլ տեսարժան հուշարձանների շարքում ոչնչացնել նաեւ աշտարակը։ Ֆոն Կոլտիցը, վտանգելով կյանքը, չկատարեց ֆյուրերի հրամանը։

Այսօր Էյֆելյան աշտարակը բաժանված է երեք հարթակների միջեւ։ Առաջինը գտնվում է 57 մ, երկրորդը՝ 115 մ, իսկ երրորդը՝ 274 մ բարձրության վրա։ Վերելակների խափանման դեպքում կարելի է վեր բարձրանալ 1792 աստիճանով։

Առաջին երկու հարթակների վրա տեղադրված են ռեստորաններ, բարեր եւ դիտահրապարակներ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում։ Պարզ եղանակին մարդու հայացքն ընդգրկում է մինչեւ 70 կմ շառավղով տարածք։

Երրորդ հարթակի վրա գտնվում է օդերեւութաբանական կայանը։ Այստեղից իր ծրագրերն է սփռում Փարիզի հեռուստատեսությունը։ Հարթակում տեղադրված է նաեւ մի հաղորդիչ կայան, որն ապահովում է ոստիկանության եւ հրշեջ ծառայության կապը։

Պատրաստեց՝ Ս. Դ.

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013