Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ



Հարցազրույց Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ

-Առանց չափազանցության կարող եմ ասել, որ Դուք Արցախյան պատերազմի ամենից հայտնի ու ամենից սիրված հերոսներից մեկն եք. հավանաբար Ձեզ շատ երջանիկ մարդ եք համարում։

-Իհարկե, երջանիկ եմ, որ մեր ժողովրդի համար բախտորոշ մի պահի Աստված ինձ հնարավորություն տվեց նրա կողքին լինելու եւ հազարավորների հետ միասին պայքարելու մեր իղձերի իրականացման համար։ Սա իսկապես որ մեծ երջանկություն է։ Երջանկություն է, երբ կարողանում ես արհամարհել մահն ու զենք ես վերցնում՝ քո տունը, հայրենիքը պաշտպանելու։ Ես ընդամենը հազարավոր նվիրյալներից մեկն եմ եղել, ոչ ավելին։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, նոր-նոր էի եկել Հայաստան ծառայելու։ Թբիլիսիի իմ հայրական տնից դուրս գալուց հետո զորամասից զորամաս, երկրից երկիր, քաղաքից քաղաք թափառելուց հետո ի վերջո եկել-հասել էի Երեւան, երբ պայթեց Արցախյան պատերազմը։ Երեւանյան իմ տունը թվով 17-րդն է իմ կյանքում… Աստված կամեցավ, որ ճիշտ այդ ժամանակ ես Երեւանում լինեմ։

-Հավատո՞ւմ եք նախախնամությանը։

-Ո՛չ, բոլորովին։ Ես նախապաշարումներից զերծ մարդ եմ…

-Իսկ Աստծո՞ւն։

-Աստծո՞ւն… Իմ պապերը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են եղել։ Մեր գերդաստանը հանուն Աստծո մարտիրոսված գերդաստան է։ Իմ Թադեւոս պապին՝ տեր Թադեւոսին, 1893-94թթ. ջարդերի ժամանակ Վանի մոտ իր ողջ ընտանիքով փակել են եկեղեցում, այն եկեղեցում, որտեղ ինքը ծառայել է, ու հրկիզել… Ընդամենը երկու հոգի է փրկվել. նրանք էլ շարունակել են մեր տոհմը։ Թադեւոսի ձեռքի Ավետարանը դարձավ նրա որդու՝ իմ Գաբրիել պապի, որը նույնպես քահանա էր, ձեռքի Ավետարանը։ Այդ Ավետարանը հիմա իմ տանն է։ Միշտ իմ գրասեղանի վրա է, մի՛շտ։ Օրս բացվում է այդ Սուրբ Գրքի հետ հանդիպումով… Հիմա ինքներդ դատեք, ես հավատացյա՞լ եմ, թե՞ ոչ։

-Հնատի՞պ Ավետարան է։

-Այո՛, 17-րդ դարի, տպագրվել է Վենետիկում, 1680 թվականին։ Խնամքով պահպանվել եւ սերնդեսերունդ փոխանցվել է, ոչ մի թերություն, պակաս էջ չունի… Այդ Ավետարանի լուսանցքներում մեր տոհմի պատմությունն է արձանագրված, շատ թանկ ու նվիրական հիշատակություններ կան, ձեռագրեր… Ինձ թվում է՝ մեր տոհմական Ավետարանը մեր տան, ընտանիքի պահապան հրեշտակն է… Արցախյան պատերազմը եկավ վերանորոգելու ոչ միայն մեր ոգու կորովը, մեր բազկի ուժը, մեր կամքը, այլեւ խորհրդային տարիներին սասանված հավատը։ Մենք մեր ուժը փնտրեցինք նաեւ մեր սուրբ հավատի մեջ, քրիստոնեական մեր արժեքներում, ճիշտ այնպես, ինչպես 5-րդ դարում…

-Պարոն գեներալ, դեռ պահպանո՞ւմ եք պատերազմական օրերի սովորությունը՝ հաց չկտրել, քանի դեռ սեղանն օրհնված չէ։ Ասում են՝ մի անգամ նույնիսկ քնած քահանային արթնացրել եք, որ հացն օրհնի…

-Տեր Գրիգորի մասին է խոսքը… Նա մեր լավագույն մարտիկներից էր, իսկական հերոս… Բայց ես նրան չեմ արթնացրել, որ սեղանն օրհնի, ճարս կտրած՝ ընդամենը նրանից խնդրել եմ, որ աղոթքի խոսքեր մեզ ասի… Թեեւ մարտական հերթափոխից էին եկել զինվորները, սոված էին ու ծարավ, բայց չէին ուզում հենց այնպես սեղան նստել, առանց օրհնության։ Ես էլ ստիպված, երկար սպասումից հետո, մոտեցա տեր Գրիգորին ու ասացի. «Խնդրում եմ, մի րոպեով աչքերդ բացիր ու պարզապես աղոթքի խոսքեր մեզ ասա, թե չէ՝ սոված կոտորվեցինք»։ Այսպես է եղել իրականում։ Եվ դա պատերազմից մնացած լավագույն սովորություններից մեկն է՝ գոհունակություն հայտնել Աստծուն մի կտոր հացի համար։

-Քանի որ սովորություններից խոսք բացվեց, Ձեր եւս մեկ սովորության մասին հիշեցնեմ. սիրում եք բոլորին բարեւել, բարեւել՝ ամուր ձեռքսեղմումով։ Նկատել եմ՝ անգամ ճանապարհը շեղում եք՝ ձեռքով բարեւելու համար։

-Մեր ժողովուրդը մի շատ լավ ու գեղեցիկ խոսք ունի՝ բարեւն Աստծունն է։ Ինձ թվում է՝ բարեւելը միայն դաստիարակության, հարգանքի նշան չէ։ Գիտե՞ք, մարդը հզոր արարած է, բայց միաժամանակ՝ խիստ փխրուն ու խոցելի։ Ձեռքսեղմումը ներքին էներգիայի, ջերմության փոխանցում է։ Ձեռքով բարեւելը մտերմության, հարազատության, վստահության նշան է։ Ես բարեւում եմ, իհարկե, ակամայից, առանց այս ամենի մասին մտածելու։ Ես չեմ դատապարտում բոլոր նրանց, ովքեր թողնում են իրենց հայրենիքն ու գնում օտար ափերում ապրելու։ Նրանք գնում են իրենց տունը պահելու… Բայց նրան, ով մնում է այս հողի վրա, ով դիմանում է դժվարություններին, ով շենացնում է այս երկիրը, պահպանում-պաշտպանում, ես պարտավոր եմ բարեւել եւ նրա ձեռքը ամուր սեղմել։ Այդ ձեռքսեղմումը նաեւ ինձ է պետք։ Եթե իսկապես այնպես է, ինչպես դուք եք նկատել՝ ես բարեւում եմ յուրաքանչյուրին, ապա շատ լավ է, ուղղակի հրաշալի։

-Բայց չմոռանանք, որ հաճախ էլ չենք բարեւում նրան, ում չենք սիրում…

-Մարդիկ հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբի՝ լավի եւ վատի, ինչը բնական է, օրինաչափ։ Նույնիսկ մի մարդու մեջ են համատեղվում չարն ու բարին… Ես միշտ աշխատում եմ մարդու միջի վատը մի կողմ դնել ու միայն լավն ու բարին տեսնել։ Իսկ երբ բարին ես փնտրում, հավատա, անպայման գտնում ես։

-Ընդունված կարծիք կա. պատերազմը մարդուն կոպտացնում, չարացնում է, եւ որ մահ ու ավեր տեսած մարդը դաժան է լինում…

-Ես այդ մտքի հետ այնքան էլ համաձայն չեմ։ Հայրս անցել էր Հայրենական պատերազմի արհավիրքով, ավելին՝ նա ապրել էր խորհրդային գերու ֆիզիկական ու հոգեւոր բոլոր լլկանքները, նա հարազատ էր կորցրել՝ եղբայր… Նրան՝ խորհրդային զինվորին, մեղադրում էին գերմանացիների հետ համագործակցող Հայկական լեգեոնին հարելու համար։ Մի խոսքով, նա անցել էր ստալինյան բռնապետության մսաղացի միջով, բայց նա երբեք մարդկային իր դիմագիծը չկորցրեց։ Հիշում եմ, պատերազմից հետո նա բեռնատար վագոնով Հայաստանից՝ Արթիկից, տուֆ քար էր տեղափոխում Ռուսաստան։ Մի անգամ էլ նա նույն վագոնով մի կով բերեց Թիֆլիս։ Այդ կովը դարձավ մեր ընտանիքի ապրուստի միակ միջոցը։ Եվ հայրս մեր բակի մեջտեղում մի գոմ սարքեց անասունի համար։ Երբ եկող-գնացողը հարցնում էր. «Հովհաննես, ո՞վ է տեսել՝ գոմը բակի մեջտեղում կառուցեն», նա պատասխանում էր, որ այդպես է արել հարեւաններից ոչ մեկին չխանգարելու, չանհանգստացնելու համար։ Մեր հարեւաններին լավ հիշում եմ՝ հույներ էին, քրդեր, մալականներ…

-Իսկ հաճա՞խ եք հիշում Ձեր մանկությունը։

-Շատ, համարյա ամեն օր։ Հատկապես, երբ հիվանդ եմ լինում… Ինչքա՜ն մեծանում, այնքան շատ եմ կարոտում իմ մանկությունը, թեեւ այն համընկավ պատերազմի տարիների եւ հետպատերազմյան ծանր ժամանակաշրջանի հետ։ Ամենից շատ կարոտում եմ թիֆլիսյան իմ թիվ 9 դպրոցը, կարոտով եմ հիշում իմ առաջին ուսուցչուհուն՝ ռուսաց լեզու դասավանդող Թումանովային, նաեւ մաթեմատիկայի ուսուցչուհուն՝ վրացուհի Խուցիշվիլուն։ Դպրոցում ինձ բոլորը սիրում էին։ Եվ գիտե՞ք ինչի համար, ավելի ճիշտ՝ ինչի՞ շնորհիվ, չեք հավատա, մեր «Մաշա» անունով կովի։ Հետպատերազմյան ծանր՝ 1948-50 թվերն էին, մերոնք ամեն օր 4-5 կմ կտրում էին, որ կովի կաթը տանեն վաճառելու։ Դա շատ ծանր, հոգնեցուցիչ գործ էր, եւ ինձ բոլորովին դուր չէր գալիս։ Եվ մեկ-մեկ գլուխ էի պահում, գրքերը ձեռքս էի առնում ու սկսում էի կարդալ-գրել։ Հայրս տեսնում էր ու մորս ասում. «Ոչինչ, թող կարդա»։ Այդպես կապվեցի գիր ու գրականությանը, սիրեցի ուսումը եւ դարձա դպրոցի սիրելին…

-Իսկ ինչպե՞ս ընտրեցիք զինվորականի մասնագիտությունը։

-Պատճառը պատերազմն էր։ Ես պատերազմական սերունդ եմ։ Մերոնք բոլորն էլ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին՝ հայրս, հորեղբայրներս, մյուս հարազատներս։ Ես տեսել եմ հորս ու հորեղբորս վերադարձի ուրախությունը եւ հիշում եմ, թե ինչպես էր տատս մինչեւ իր կյանքի վերջն սպասում հորեղբորս վերադարձին ու չէր հավատում նրա զոհվելու մասին լուրերին։ Ես մեծացել եմ զինվորական համազգեստի մեջ։ Մայրս հորս ու հորեղբորս զինվորական համազգեստը ձեւափոխում էր իմ վրայով։ Հիշում եմ միշտ մաքուր, կարկատված այդ շորերը։ Հիշում եմ անգամ մեծերի խոսակցություններն այն մասին, թե այս կամ այն շքանշանն ու մեդալները ինչ մետաղից են, ինչքան ոսկի կա նրանց մեջ, ինչքան արծաթ, քարերը թանկարժե՞ք են, թե՞ ոչ։ Ես մեծացել եմ այդպիսի միջավայրում, եւ ինձ զինվորական դարձրեց պատերազմի դաշտից տուն դարձած տղամարդկանց մեդալների ու շքանշանների փայլը, զնգզնգոցը՝ երբ քայլում էին իմ մոտով։ Չմոռանանք նաեւ խորհրդային քարոզչական մեքենան՝ ֆիլմերը քաջ ու անվախ հետախույզների, անձնազոհ զինվորների մասին։ Այդ ամենը շոյում ու բորբոքում էր տղայական իմ ինքնասիրությունն ու երեւակայությունը։ Չեք հավատա, բայց իմ ամենամեծ երազանքներից մեկը զինվորականի, մանավանդ սպայի աստղակերպ ճարմանդով կաշվե գոտի ունենալն էր։ Եվ այս ամենն ինձ կամա թե ակամա տարավ զինվորական ուսումնարան, ապա եւ՝ ռազմական ակադեմիա։ Հետո արդեն Գերմանիա, Չեխոսլովակիա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա եւ… Հայաստան։ Եկել էի հանգիստ կյանք գտնելու, բայց հայտնվեցի պատերազմում…

-Ասում են՝ պատերազմը դաժան դեմք ունի… Արցախյան պատերազմից, զինադադարից անցել է մեկուկես տասնամյակից էլ ավելի. հետաքրքիր է՝ ի՞նչն եք ամենից շատ հիշում, ի՞նչ դեպք, պատկեր, որը երբեք չեք մոռանա։

-Իհարկե, տարիների ընթացքում անգամ նշանակալի շատ դեպքեր կամաց-կամաց կորցնում են իրենց նախնական գույնն ու փայլը, բայց կան բաներ, որ տարիների հետ ավելի են կարեւորվում, դառնում ավելի գունագեղ։ Մի դեպք հատկապես ինձ համար անմոռանալի է, ասես պատահել է ոչ թե իրականության մեջ, այլ կինոյում… 1991թ. օգոստոսյան շոգ օր էր։ Մենք շուտով ազատագրելու էինք Ումուդլուն։ Դիրքավորվել էինք Հաթերքի գյուղերից մեկի մերձակա տարածքում։ Մեր եւ թշնամու դիրքերի միջեւ ընկած էր հասած ցորենի ընդարձակ դաշտը։ Թեթեւ զեփյուռը ծածանում էր ծանրած հասկերը, եւ դաշտը ծփում էր ոսկե ծովի պես։ Չնաշխարհիկ տեսարան էր։ Հիանում էինք բնության այդ հրաշքով, երբ հանկարծ հրդեհ բռնկվեց. արտն սկսեց այրվել… Որտեղից որտեղ, ասես գետնի տակից, հայտնվեցին գյուղացիները՝ կին, տղամարդ, ծեր ու ջահել, երեխա, ամեն մեկը մի շոր ու փալաս առած, որն իր պիջակով, որը գլխի թաշկինակով, եւ սկսեցին, թշնամուն, մահն արհամարհելով, հրդեհը մարել… Զարմանալի, անհավատալի տեսարան էր։ Նույնիսկ՝ անհեթեթ։ Եվ, որ պակաս զարմանալի չէր, ոչ մի կրակոց՝ թշնամու դիրքերից։ Հացը փրկվեց։ Այդ օրը առանց կրակոցի հաղթել էինք բոլորս՝ բնության տարերքի դեմ արյուն-քրտինքով պայքարի մեջ մտած հողագործներն ու այդ ամենի լուռ վկաներս՝ մենք ու թշնամու զինվորները։ Այդ օրը ես համոզվեցի, որ մարդը, անկախ իր համոզմունքից, հավատից, ազգությունից, աշխարհ է եկել ոչ թե կռվելու, ջարդելու, փշրելու, մահ ու ավեր սփռելու, այլ ստեղծելու, արարելու համար…

-Պարոն գեներալ, հիշում եմ մի զրույցի ժամանակ ասացիք, որ Դուք խիստ կարեւորում եք զինվորի բարոյահոգեբանական վիճակը, նրա կամային հատկանիշները, որ հիմա էլ, պատերազմից տարիներ անց, հետաքրքրվում եք նման գրականությամբ։ Հետաքրքիր է իմանալ, ինչպիսի՞ն էր մեր զինվորի հոգեբանական, բարոյական վիճակը Շուշիի գրոհի նախօրեին։

-Որ Շուշին մերն էր լինելու, գիտեինք, զգում էինք բոլորս, մի ինչ-որ ներքին ձայն, մղում համառորեն այդ էր մեզ հուշում։ Մեր զինվորը Շուշիի գրոհի նախօրեին արդեն «առաջ» հրամանի կարիքը չուներ։ Նա ինքն էր առաջ մղում, եւ անկասելի էր նրա այդ ներքին պոռթկումը։ Ասում են՝ Նապոլեոնը կռվող զինվորի նման հոգեվիճակը գնահատել է 1։3 հարաբերությամբ։ Մեր զինվորի հոգեբանական, բարոյական առավելությունը թշնամու նկատմամբ ակնհայտ էր։ Շուշիի՝ այդ անառիկ ամրոցի գրավման գաղտնիքը այստե՛ղ պետք է փնտրել եւ հենց այստե՛ղ էր։

-Իսկ որտե՞ղ փնտրենք Արցախյան պատերազմի հաղթանակի արմատները։

-Դարձյալ մեր ժողովրդի մեջ։ Իմ ընկերներից Աշոտ Խաչատրյանը պատմում էր, թե ինքն ականատեսն է եղել մի տեսարանի, երբ գրադի հարվածից անմիջապես հետո ինչպես է ղարաբաղցի պապիկն սկսել փլված պատը նորից շարել։ Ղարաբաղյան պատերազմը հաղթել է գրադի արկերից իր տան քանդված պատը շարող այդ պապիկը։ Ղարաբաղյան պատերազմը հաղթել են թշնամու նշանառու կրակի տակ իրենց այրվող ցորենի դաշտը փրկող գյուղացիները… Մի՞թե այս ժողովրդին հաղթել կլինի։ Ես տեսել եմ զոհված որդու վրա ողբացող ղարաբաղցի ծնողներին։ Տեսել ու ցնցվել եմ. ո՛չ անեծք, ո՛չ մեղադրանք… Նրանք ողբում էին իրենց զոհվածին պատերազմի օրենքով ու տրամաբանությամբ՝ արժանապատվորեն, իրենց հողի վրա ուղիղ կանգնած։ Ես նայում էի ու մտածում. «Չէ, այս ժողովուրդն անպարտ է, այս ժողովրդին հաղթելը՝ անհնար»։

-Պարոն գեներալ, ի՞նչ եք կարծում, պատերազմի վերսկսումը հնարավո՞ր է…

-Ոչինչ չի կարելի բացառել, բայց առողջ տրամաբանությունը կամ առողջ բանականությունն ինձ հուշում է, որ մոտ ժամանակներում նման բան չի լինի, եւ թշնամին այդ քայլին պարզապես չի դիմի…

-Բայց նրանք զինվում են եւ ամեն տարի՝ նավթային դոլարների աճին զուգահեռ, մեծացնում ռազմական ծախսերը…

-Այո՛, ես ուշի ուշով հետեւում եմ մեր հարեւանների, հատկապես` Ադրբեջանի բանակի, տնտեսության, քաղաքական զարգացումներին։ Նավթային դոլարները, ռազմական բյուջեի ավելացումը դեռեւս չի նշանակում բանակի ուժեղացում եւ հզորացում։ Ադրբեջանի քաղաքացին ծանոթ է երկրի քաղաքական կառուցվածքին, երբ մի ընտանիքի՝ Ալիեւների մենաշնորհն է երկրի կառավարումը, եւ թե ինչպես է ժառանգաբար՝ հորից որդուն փոխանցվում իշխանությունը։ Սա խոսում է երկրի ներքին թուլության մասին։ Եվ մի մոռացեք նաեւ ոչ պակաս կարեւոր մի բան. Ադրբեջանը բազմազգ երկիր է, որտեց ապրող ազգությունների ազգային ինքնագիտակցության աճն անխուսափելի է, ինչը այդ երկրին առաջիկայում մեծ խնդիրների առջեւ կկանգնեցնի։ Եվս մի կարեւոր հանգամանք, որն առայժմ բացառում է պատերազմի վերսկսման հնարավորությունը…

-Իսկ ի՞նչ կասեք բանակի մասին։

-Ադրբեջանցի զինվորը դեռ երկար ժամանակ չի կարողանա հաղթահարել Ղարաբաղյան պատերազմի վախի սինդրոմը։ Այդ վախը դեռ սերնդեսերունդ փոխանցվելու է։ Եվ նրանց քարոզչական մեքենան, երբ գիշեր ու զօր հակահայկական հիստերիա է իրականացնում՝ ներկայացնելով հայերին որպես արյունարբու, դաժան մի ժողովուրդ, ինքն ակամայից խորացնում է այդ վախի սինդրոմը, ինչն էլ անուղղակիորեն մեզ օգնում է։

-Իսկ ի՞նչ կարծիքի եք հայ զինվորի, հայ մարդու հոգեկերտվածքի մասին։ Կարծեմ, Սարոյանն է ասել՝ ամեն հայ զինվոր գեներալ է։

-Հրաշալի է ասված, եւ նշանակում է՝ մեր զինվորը, քաջ, համարձակ, կռվող լինելուց բացի, նաեւ գեներալ է, այսինքն՝ մտածող։ Եթե ուզում եք իմանալ, հենց սա է հայ զինվորի գլխավոր առավելությունը, եւ մեր բանակի ամենից ուժեղ կողմը։ Նշանակում է՝ մեր զինվորը միայն կատարող չէ, այլեւ անհրաժեշտության դեպքում՝ որոշում կայացնող։ Նշանակում է՝ մեր զինվորը մարտի դաշտում կարող է որոշել կռվի ելքը… Բերեմ կամավորականի՝ ոչ պրոֆեսիոնալ զինվոր Յուրա Հովհաննիսյանի, Արցախյան պատերազմի իսկական հերոսներից մեկի օրինակը։ Նա մեն-մենակ մնալով թշնամու զորքի դիմաց եւ քաջ գիտենալով, որ ինքն անզոր է այդ ուժի դեմ, կատարում է հնարավոր միակ եւ լավագույն որոշումը։ Վերացնում է հրամանատարին, իմանալով, որ թշնամին առանց նրա ոչինչ է… Եվ իսկապես թշնամու առաջ խաղացող կանոնավոր զորքը առանց հրամանատարի վերածվում է հովվին կորցրած ոչխարի հոտի… Ահա ով է մեր զինվորը, ահա Սարոյանի ասած գեներալը։

-Պարոն գեներալ, հետաքրքիր է իմանալ, ի՞նչ եք մտածում Հայաստան-Թուրքիա դրական տեղաշարժերի մասին։

-Ես դիվանագետ չեմ եւ ոչ էլ քաղաքական գործիչ, ես ընդամենը զինվորական եմ։ Այդ հարաբերությունների անկեղծությանը ես կհավատամ միայն այն ժամանակ, երբ թուրք ժողովուրդը հասկանա եւ ընդունի իր պապերի հանցանքը, հասկանա եւ մեր սրբությունները մեզ վերադարձնի…

-Դուք հավատո՞ւմ եք այդ օրվան։

-Ես հավատում եմ Գանձասարին, ես հավատում եմ Գրիգոր Լուսավորչի ձեռքով հիմնված հոգու եւ ոգու տաճարին։ Պատահական չէ, որ մեր ժողովրդի հոգեւոր զարթոնքը այդ սուրբ հողում սկսվեց։ Եվ ընդհանրապես ազգային-ազատագրական պայքարի միտքն ու գաղափարը դարձյալ սնվել է ղարաբաղյան հողում։ Ես ղարաբաղցի չեմ, ոչ էլ՝ հայաստանցի, ես պարզապես հայ մարդ եմ ու հավատում եմ Գանձասարի հրաշքին։ Մենք կհանդիպենք իրար, կբարեւենք, ցտեսություն կասենք միմյանց եւ կգնանք, բայց Գանձասարը միշտ կմնա, որպես մեր ազատության ու պայքարի սրբազան խորհրդանիշ։

-Իսկ ի՞նչ եք կարծում, որը պետք է լինի առաջիկայում մեր ժողովրդի գլխավոր խնդիրը։

-Սիրել պետությունը։ Սիրել ոչ միայն երկիրը, հողը, հայրենիքը, այլ նաեւ՝ պետությունը։ Սրանք նույն բաները չեն։ Մենք պետք է դառնանք պետականասեր ժողովուրդ։ Գիտե՞ք ինչու եմ հարգում մեր հարեւան պարսիկներին, որովհետեւ նրանք պետականասեր ժողովուրդ են, վկան՝ նրանց 5000-ամյա անընդհատ պետականությունը։ Այդ սերը դեպի օրենքը, պետական կարգուկանոնը, պետական կառուցվածքը, այսինքն՝ դեպի պետությունը, ես տեսել եմ ղարաբաղցիների մեջ։ Խամսայի մելիքությունների գոյությունն արդեն նշանակում էր սեր դեպի պետական կառուցվածքը։ Ես ուզում եմ, որ մենք դառնանք պետություն սիրող ժողովուրդ եւ կարողանանք պետական շահը գերադասել մեր անձնական շահից։ Կլինենք այդպիսին, ուրեմն` տեղ կունենանք արեւի տակ։

-Դուք նոր եք վերադարձել Շուշիից։ Ինչպիսի՞ն տեսաք Ձեր սիրելիին։

-Երբեք այսքան ուրախ չեմ եղել. Շուշին շուտով դառնալու է մեծ շինհրապարակ։ Եվ ես վստահ եմ, որ կարճ ժամանակում Շուշին կդառնա հայկական լավագույն քաղաքներից մեկը եւ կվերականգնի իր նախկին փառքն ու փայլը մեր ժողովրդի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում։ Երբ հանրապետության նախագահն է դառնում քաղաքի վերակառուցման ու նորոգման գլխավոր նախաձեռնողը, ես վստահ եմ, որ արդյունքները չեն ուշանա։

-Պարոն գեներալ, Դուք հրաշալի այգի ունեք, որին էլ հիմնականում նվիրում եք Ձեր ազատ ժամանակը։ Իսկ ե՞րբ եք ժամանակ գտնելու հուշերի համար։ Ինձ թվում է, հաջորդ սերունդներին ասելիք, գոնե Դուք, անպայման կունենաք։

-Այգին իմ թուլությունն է. այստեղ ես իսկապես հանգստանում եմ։ Այն ինձ իմ մանկությունն է հիշեցնում, թիֆլիսյան մեր տունը։ Հուշերի մասին… Ինչ մեղքս թաքցնեմ, մի անգամ նույնիսկ փորձել եմ գրել, կինս էլ էր ինձ օգնում։ Հետո կիսատ թողեցի, ավելի ուշ` պատռեցի… Մի օր, հավանաբար, գործի կկպչեմ։

-Ափսոս, իսկ կարո՞ղ եք գոնե ասել, թե գիրքն ի՞նչ վերնագիր ուներ կամ պետք է ունենա։

-Եթե գրելու լինեմ, իսկ ինձ թվում է՝ անպայման գրելու եմ, երեւի մի շատ խոսուն վերնագիր կունենա՝ «Ինչպես է եղել»։ Այսինքն՝ կասեմ այն, ինչ տեսել եմ իմ սեփական աչքերով, այն, ինչ եղել, կատարվել է իմ ներկայությամբ, այն, ինչ զգացել եմ։ Մի խոսքով, դա իմ անկեղծ ու անկողմնակալ վերհուշը կլինի այն հերոսական օրերի մասին, որն աշխարհին հայտնի է որպես Արցախյան պատերազմ։

-Պարոն գեներալ, մեր սիրելի Կոմանդոս, ընդունեք «Հայ զինվորի»եւ իմ անկեղծ շնորհավորանքները Արցախի հերոսի կոչմանն արժանանալու եւ Ձեր ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեր այս զրույցի համար. տեսնում եմ՝ այգին Ձեզ է սպասում…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013