Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐ ԵՐԱԶԻ ՀԵՏԵՎԻՑ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԴԸ



Քիչ չեն նրանք, այն հերոսները, որոնք կերտեցին մեր նորագույն պատմության հիրավի պայծառ ու ոսկե էջերը։ Նրանց տեղը իրենց ծնած ժողովրդի սրտի ու հոգու մեջ է։ Սակայն քչերը կարողացան արժանանալ համաժողովրդական այն անկեղծ ու մաքուր սիրուն, ինչին արժանացավ Մոնթե Մելքոնյանը… Հերոս, որի կյանքը, վարքն ու բարքը, կենցաղը դեռ կենդանության օրոք դարձան առակ, խրատ, առասպել… Հերոս, որի ամեն բառն ու խոսքը՝ թե՛ կռվի պահին ասված, թե՛ հազվադեպ հանգստի, դարձավ թեւավոր ու ահա մոտ երկու տասնամյակ շուրթից շուրթ է անցնում՝ որպես ճշմարիտ, անկեղծ հայրենասիրության վկայություն ու պատգամ։ Եվ չկա համաժողովրդական սիրո ավելի մեծ ու ավելի վառ արտահայտություն։ Ժողովուրդն այսպես սիրում, այսպես մեծարում եւ այսպես առասպելականացնում է միայն իսկական, ամենաիսկական հերոսին…

-Ես այդքան մաքուր հայ չեմ տեսել։ 20-րդ դարը նման հայ չի ծնել։ Նա բյուրեղյա մաքրության տեր մարդ էր։ Մոնթեն ինչպես որ անակնկալ եկավ, այդպես էլ մի օր անսպասելի թողեց մեզ ու գնաց։ Գնաց՝ իր հետ ոչինչ չտանելով, համատարած ու համընդհանուր սիրուց բացի… Եվ դարձավ լեգենդ…

Այսպիսի գեղեցիկ ու այսպիսի դիպուկ խոսքերով է Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ֆենոմենը բնորոշում նրա մարտական ընկերը՝ Մավոն։ Մավոն գնդապետ է, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ։ Լրիվ անունը Մավր Օհանյան է։ Նա պաշտպանության բանակի միավորման հրամանատարի տեղակալ է։ Եվ Մավոն ուղնուծուծով զինվորական է. ձայնի մեջ հրամանատարի անթաքույց շեշտեր կան, ինքնավստահ է, կասեի՝ նույնիսկ չափազանց… Խոսքը դիպուկ է, ճակատային եւ հնչում է կրակոցի պես։ Սակայն Մավոյի հմայքը անկեղծությունն է. դարձյալ երբեմն-երբեմն, տեղ-տեղ չափազանց։

-…Երբ Մոնթեին առաջին անգամ տեսա, զարմացա։ Մանավանդ երբ նրան ներկայացրին որպես հրամանատար։ Ո՛չ տեսքն ինձ հավատ ներշնչեց, ո՛չ էլ հատկապես՝ խոսքը, լեզուն։ Ինձ սարսափելի գրգռում էր նրա տեղի-անտեղի «յալլա»-ն, «Ok»-ը… Անկեղծորեն եմ ասում. ես նրան այդ առաջին օրերին բոլորովին չէի վստահում, ինչ-որ բան, ինչ-որ անջրպետ մեզ բաժանում էր իրարից… Բայց երբ նա մի օր ասաց. «Ինձ կռվող տղերք պետք չեն, ինձ զինվորներ են պետք», ես միանգամից հասկացա նրա ով, ինչ լինելը։ Նրա խոսքը նիզակի պես խրվեց հոգուս, գիտակցությանս մեջ, եւ ես հստակորեն տեսա նրա հոգու ու մտքի թռիչքը, նվիրվածությունն իր պայքարին ու հայ զինվորի իր կոչմանը… Նա մեր կամավորական ոգեւորությանը, ինքնաբուխ քայլերին, ինքնագլխությանը հակադրում էր զինվորական կարգուկանոնն ու կարգապահությունը։ «Ինձ կռվող տղերք պետք չեն, ինձ զինվորներ են պետք»-ը նշանակում էր՝ հաղթանակի համար մեզ բանակ, բանակային կարգապահություն, զինվորական ենթակայություն է պետք։ Եվ Մոնթեն իր այս նշանաբանին հավատարիմ մնաց մինչեւ իր կյանքի վերջին պահը ու երբեք մի քայլ անգամ չնահանջեց իր իսկ սահմանած սկզբունքից։ Ես ինքս ինձ հաճախ եմ հարց տալիս. «Ինչո՞ւ այն ժամանակ, այն առաջին օրերին, երբ Մոնթեի համար այդպես դժվար էր, չհասկացար նրան»։ Եվ ինքս ինձ էլ պատասխանում եմ. «Որ հետո նրան ավելի շատ սիրեմ, որպեսզի խորությամբ զգամ նրա մեծությունը եւ ամբողջ հոգով զգամ այն ահռելի անդունդը, որ նրա մահով բացվեց իմ առջեւ»։ Հավանաբար այսպես է ծնվում լեգենդը…

Եվ ես Մավոյին պատմում եմ իմ տեսածի՝ արցախցիների տներում, խանութներում, զորամասերում, զինվորականների աշխատասենյակներում կախված Մոնթեի մեծադիր լուսանկարների մասին՝ որպես պայքարի ու հաղթանակի, որպես անկաշառ հայրենասիրության ու հայրենի հողի նկատմամբ որդիական անսահման նվիրվածության խորհրդանիշ… Եվ ես Մավոյին պատմում եմ Շուշիի նեղլիկ, սալարկված փողոցներից մեկում մոշ ուտող ու ամբողջ երեսը մոշից սեւացած փոքրիկ Մոնթեի մասին, նաեւ այն Մոնթեի, որ Ղազանչեցոց եկեղեցում անհամբեր սպասում էր ժամերգության ավարտին, որպեսզի օրհնված խաղող ուտի, եւ նաեւ այն փոքրիկ Մոնթեի մասին, որ ինձ ասաց. «Ձաձա, մյուս հետին, որ կյաք, ինձ համար թոփ կպիրե՞ս՝ խաղամ»։ Գնդապետը, սակայն, մտքով ի՛ր Մոնթեի հետ էր։

-Մի օր հերթական գյուղն ազատագրելուց, հերթական հաղթանակից հետո հանգիստ նստել էինք՝ վայելելով տաք ու զուլալ օրը։ Մոնթեն աչքը չէր կտրում բնությունից, հիացած ու զարմացած նայում էր շրջակա սարերին, երկնքին, անտառին ու կանաչին… Տեսնելով նրա ոգեւորված ու զմայլված դեմքի արտահայտությունը, ասացի. «Մոնթե, կռվից հետո կմնա՞ս մեզ մոտ՝ ապրես»։ Հանկարծ սթափվեց, ասես օ՛ձը նրան կծեց։ Դեմքի՝ քիչ առաջվա զարմացած ու հիացական արտահայտությունից բան չմնաց. «Ծո, գժվե՞լ ես, ինչ է։ Էշ-էշ մի խոսիր, մենք դեռ կռիվ ունինք տալու, ճամփա ունինք»։ Եվ ես հասկացա, թե նա ինչու երբեք քարտեզը մատով ցույց չէր տալիս, այլ թաթով. «Ասպես պիտի երթանք։ Ասիկա մերը պիտի ըլլա»։ Նա արցախյան հաղթանակը գալիք հաղթանակների միայն առաջին հանգրվանն էր համարում։ Ավոյի միտքն ու հոգին պայքարի մեջ էր։ Եվ նա իրեն պատրաստել էր երկարատեւ ազատագրական պայքարների համար։ Եվ Մոնթեն տեսնում էր մեր ապագա հաղթանակները…

-Եվ այդ նպատակներին հասնելու ճանապարհին նա զոհաբերեց ամեն ինչ. տուն, տեղ, կյանք…

-Հաղթանակը կամ ավելի ճիշտ՝ վաղվա Մեծ հաղթանակը նրա համար գերագույն գաղափար ու նպատակ էր։ Իսկ իր կյանքի համար բոլորովին չէր դողում, թեեւ սիրում էր աշխարհը, մարդկանց եւ երեխի աչքերով էր նայում իրեն շրջապատող ամեն ինչի։ Հիշում եմ. Լաչինից քիչ ներքեւ գտնվող մեր բազայում էինք։ Գիշերը սաստիկ անձրեւ էր եկել, ու հիմա օրը պայծառ էր, արեւոտ, արեւի կիզիչ ճառագայթները չորացնում էին ջրափոսերը։ Մեկ էլ տեսնում եմ, որ հեռվում Մոնթեն ջրափոսերից մեկի մոտ չոքել, ուշադիր ինչ-որ բան է նայում։ Մոտենում եմ։ «Տեսնո՞ւմ ես, Մավո, շերեփուկն ինչպես է ծնվում, գորտ դառնում»։ Նայում եմ ու սիգարետիս մնացուկը անտարբեր նետում ջրափոսի մեջ։ Չպատմեմ, թե որքան զայրացավ։ «Ադ ի՞նչ էրիր»։ Հետո իմացա՝ զինվորներին խնդրել էր, որ օրվա ընթացքում փոսի մեջ ջուր լցնեն, որպեսզի նոր ծնված շերեփուկները արեւի տակ չսատկեն… Այս մասին պատմելով` չեմ կարող չհիշել նաեւ մեկ ուրիշ դեպք։ Թշնամին Շուշիից կրակ էր թափում շրջակայքի, Մարտունու վրա։ Գրադի հարվածները ահ ու սարսափի մեջ էին պահում քաղաքի բնակիչներին։ Ժողովուրդը, կանայք ուզում էին իրենց երեխաներին քաղաքից, տներից հանել… Եվ ուզում էին հրամանատարին տեսնել… Բայց Մոնթեն իրենն էր պնդում. «Ես կանանց հետ խոսելու բան չունիմ», այսինքն՝ ոչ ոք թող չմտածի քաղաքից հեռանալու մասին… Եվ նա կտրուկ էր իր այդ պահանջում։ Երբ հերթական անգամ ինձ հարցրեց, թե՝ «ի՞նչ կուզին», ու ես ասացի՝ «վախենում են իրենց, իրենց երեխաների կյանքի համար», նա զարմացած ասաց. «Է, պատերազմ է, թող քիչ մըն ալ վախնան, քիչ մըն ալ զոհվին»։ Ահա այսպիսին էր Մոնթեն. դողում էր շերեփուկի կյանքի համար, բայց «անտարբեր», «քարսիրտ» էր իր քույրերի ու մայրերի ախուվախի նկատմամբ… Նրա համար ամեն ինչ ենթակա էր պատերազմի պահանջներին ու կարիքներին եւ այդպես էր տեսնում փրկության, հաղթանակի ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը ձգվում էր նրա հոգու, սրտի, մտքի միջով, ճանապարհ, որտեղ սուտը, կեղծիքը, խաբեությունը տեղ չունեին պատերազմական այդ խառնակ օրերին անգամ։ Հիշում եմ՝ մեզ վրա իշխող բարձունքներից մեկը գրավելու համար նա հրամայեց տեխնիկային անհրաժեշտ վառելիքի քանակը հաշվարկել ու զեկուցել։ Զեկուցեցին՝ 500 լիտր։ Այս թիվն անշուշտ կլորացված էր։ Մոնթեն անմիջապես կապվեց հրամանատարության հետ ու խնդրեց գրոհի համար ապահովել 500 լիտր վառելիք։ Եվ դրական պատասխան ստանալուն պես կանչեց թհԾ-ի պետին ու հանձնարարեց շտապ գնալ վառելիքի հետեւից։ Վերջինս, որ տեղյակ չէր վառելիքի մասին խոսակցություններին, զարմացած ասաց, որ իրենք դեռ 700 լիտր վառելիք ունեն։ Մոնթեն անմիջապես նորից կապվեց հրամանատարության հետ եւ երեխայի ոգեւորությամբ ու անմիջականությամբ գոռաց հեռախոսի մեջ. «Չէ՛, չէ՛, մեզ վառելիք պետք չէ, մենք դեռ 700 լիտր վառելիք ունինք»։ Մենք զարմացած նրան էինք նայում. ինչո՞ւ հրաժարվեց այդ 500 լիտրից, չէ՞ որ պատերազմի ժամանակ վառելիքը երբեք «ավելորդ» չի կարող լինել։ Բայց Մոնթեն անկեղծ էր ու մաքուր, նա չէր կարող կեղծել, խաբել անգամ հանուն ընդհանուր շահի։ Եվ այդպիսին էլ մնաց մինչեւ վերջ։

-Մավո, դու մի պահ կարո՞ղ ես պատկերացնել, որ Մոնթեն ահա այսօր, ձեռքը ճակատին հովանի արած, Շուշիի բարձունքից խաղաղ նայում է Արցախ աշխարհին, այն աշխարհին, որի փրկությունը կերտողներից մեկն էլ ինքը եղավ…

-Անհնարին է նման բան պատկերացնելը։ Նա պայքարի համար էր ծնվել, ոչ թե խաղաղության… Նա զենքը վայր դնող չէր։ Իմ կարծիքով՝ հաղթանակից հետո նա իր զենքը կառներ ու կգնար… Ո՞ւր՝ չգիտեմ… Հավանաբար նա կգնար, կբարձրանար Արարատ սարն ի վեր, կգնար, կկորչեր նրա ձյունածածկ գագաթներում… Չէ, նա տանը նստող չէր. նա կգնար իր երազի հետեւից։ Ես չեմ հավատում նրա մահվանը, նրա զոհվելուն, չեմ հավատում, որովհետեւ լեգենդը երբեք չի մեռնում։ Եվ համոզված եմ, որ Մոնթեն մի օր իջնելու է Արարատի փեշերից…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013