Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂՆ ՈՒ ԺԱՄԸ



Մինչեւ հինգ օր առաջ, նախքան կոշկակարի գործը սովորելը, սովորում էինք զինվորի գործը, ակադեմիկոսի քղամիդը ուսելուց շատ առաջ հագնում էինք զինվորի շինելը, նախագահական երդում տալուց շատ ու շատ առաջ զինվորական երդում էինք տալիս։

Ամեն ինչից առաջ եւ ամենասկզբում զինվոր էինք մեզնից թաքուն։

Կոշկակարի գործը սովորելուց հետո մնում էինք զինվոր, ակադեմիկոսի քղամիդը ուսելուց ետքը դարձյալ զինվոր էինք, նախագահական երդում տալուց հետո վերստին զինվոր էինք։

Ամեն ինչից հետո եւ ամենավերջում զինվոր էինք եւ այդ մասին չգիտեինք։

Եվս եւ զինվոր էինք միաժամանակ՝ կոշկակար լինելու հետ միաժամանակ, ակադեմիկոս պսակվելու հետ միաժամանակ, նախագահ օծվելու հետ միաժամանակ։

Միշտ զինվոր էինք՝ ժամանակից դուրս, ժամանակից ասդին, ժամանակից անդին անընդհատ զինվոր էինք։ Սա էր մեր ճակատագիրը, դատապարտված էինք այդպես։ Օրհնանք էր, թե նզովք՝ դժվար է ասել։ Աստված, Ադամին նզովելով, դատապարտեց աշխատանքի, եւ Ադամը, որ դրախտում ընդամենը տնկված էր խնձորենու նման ու թզենու չափ, սրբեց իր ճակատի քրտինքը, գնահատեց ինքն իրեն եւ փրկվեց։ Նույն Աստվածը, միեւնույն Ադամին նզովելով, դատապարտեց ազատության, եւ Ադամը, որը դրախտում տնկված էր թզենու նման ու խնձորենու չափ, ծածկեց իր ամոթույքը, գիտցավ Եվային, գիտակցեց ինքն իրեն եւ մարդ դարձավ։ Աստված ինքն էլ տարակուսած չի հասկանում՝ ինչ անի. «Տանի՜, թողնի՜, ո՞րն է բարին, ո՞ր սահմանում՝ է՞ս, թե էն»։ Այդպես է։

Եվ այդ զինվորը, որ մենք էինք, քանի որ ժամանակից դուրս էր մինչեւ հինգ օր առաջ, չէր կարողանում իր կռիվը գտնել ժամանակի մեջ, իր կռվի ժամը չգիտեր, մնում էր անկռիվ կամ կռվում էր ինքն իր դեմ։

Մենք զինվոր էինք ոչ միայն միշտ։ Մենք զինվոր էինք ամենուր՝ ե՛ւ Աստծով դեռեւս բնակեցված Արեւելքում, ե՛ւ Աստծուց վաղուց թոթափված Արեւմուտքում, ե՛ւ անէպոս Ամերիկաներում։ Սփռված զինվոր էինք, զինվոր էինք ամենուր՝ տարածությունից դուրս, տարածությունից ասդին, տարածությունից անդին անընդհատ զինվոր էինք եւ այդ մասին չգիտեինք։

Եվ այդ զինվորը, որ մենք էինք, քանի որ տարածությունից դուրս էր, չէր կարողանում իր կռիվը գտնել տարածության մեջ, իր կռվի տեղը չգիտեր, մնում էր անկռիվ կամ կռվում էր ինքն իր դեմ։

Եթե մեկը դուրս է ժամանակից ու տարածությունից, բայց հրեշտակ չէ, ուրեմն՝ մեռած է կամ անկոպ աչքերով մեռյալ է, որը թաղում է իր մեռելներին։ Մենք ապրում էինք այդպես։ Մենք մեռյալ էինք եւ մեր մեռելին հպարտորեն հանում ու հպարտորեն թաղում էինք մի ուրիշ գերեզմանափոսում, սիրով հանում ու սիրով թաղում էինք երրորդ գերեզմանափոսում։ Երանությամբ հանում ու երանությամբ թաղում էինք անընդհատ։ Մի բանով պիտի զբաղեցնեինք մեզ եւ շատ լավ զբաղեցնում էինք՝ տեղը տեղին, մանրամասնված, նրբանկատորեն եւ ծիսակարգված այնպես ու այնքան, որ փռապանը թաղվելիս արքայից արքա էր։ Այդպես էր, որովհետեւ արքա չունեինք թաղելու, որովհետեւ չգիտեինք արքային հուղարկավորել։

Ասելիքս այն է, որ ժամանակից ու տարածությունից դուրս գոյավորողը, եթե նույնիսկ հրեշտակ էլ լինի եւ հրեշտակի պես անմահ ապրի մանավանդ, հայրենիք չի կարող ունենալ եւ դրա պետքը չունի հատկապես։ Իսկ հայրենիք չունեցողը հայրենիքի զինվոր չի կարող լինել, լավագույն դեպքում նա հայրենիքի գաղափարի զինվոր է։

Մինչեւ հինգ օր առաջ մենք հայրենիքի գաղափարի զինվոր էինք։ Բայց այսօր, երբ ինքներս մեզ գտել ենք տարածության մեջ եւ ինքներս մեզ բռնել ժամանակի հոսքում, այլեւս հայրենիքի զինվոր ենք եւ ոչ թե՝ հայրենիքի գաղափարի։ Իսկ հայրենիքի զինվորն իր կռվի տեղը պետք է իմանա, եթե չիմանա էլ, մեր մեջ նորից կգտնվի այն պառավը, որը շաղգամի արտը տրորող Դավթին ցույց կտա Կոզբադին հարկահավաքի տեղը։ Հայրենիքի զինվորը իր կռվի ժամն էլ պետք է իմանա, եթե չիմանա էլ նույնիսկ, մեզանում նորից կհայտնվի Դեղձուն Ծամը, որպեսզի Դավիթը կռվի մեջ նետվի իր հոր Կաթնաղբյուրից մի ափ ջուր խմելուց հետո։

Իր կռվի տեղն ու ժամը իմացող զինվորը երբեք չի հնձի այնտեղ, որտեղ չի սերմանել, այսինքն՝ աշխարհը ճշտող, ճշգրտող զինվոր է, աշխարհը բարոյական չափումների մեջ դնող զինվոր։ Այդ բանը գիտեին հին հույները եւ Դանիել Վարուժանը։ Երկուսն էլ կերտեցին Նեմեսիս աստվածուհու արձանը։ Քանի դեռ Հունաստանում Նեմեսիսին չէին իջեցրել պատվանդանից, հույնը Պլատոն էր ու Պերիկլես։ Իսկ մենք Վարուժանի կերտածը փակել ենք բանաստեղծի արվեստանոցում, եւ լավ է, որ չենք ջարդել, երեւում է, որ դեռ չենք ջարդել։ Զարմանալի աստվածուհի է Նեմեսիսը, նույնիսկ՝ մի քիչ արտառոց, նաեւ՝ մի քիչ անհասկանալի։ Այդ խենթուհին իրար է բերում իրարամերժ երկու բան՝ արդարությունն ու վրիժառությունը։ Երկվորյակելով միավորում է այնպես, որ ստացվում է Արդար Վրիժառություն, եւ ստացվածը միավորյալ է այնքանով, որ արժանի է պաշտամունքի ու երկրպագության։

Ուրեմն՝ կեցցե՛ Արդար Վրիժառությունը, ուրեմն, երկրպագելով Նեմեսիսին, իմ ամանորյա բոլոր բաժակները բարձրացնում եմ իր կռվի տեղն ու ժամը իմացող զինվորի համար, աշխարհը ճշտող ու ճշգրտող զինվորի համար։

Սա էր իմ ասելիքն այսօր եւ ասվեց այսպես։ Զոր ինչ գրեցի՝ գրեցի։

Սասունիկ Թորոսյան
1994թ.

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013