ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Գնդապետ Դավիթ Խաչմանուկյանը կդառնար 50 տարեկան…
Նրա այրին՝ Նելլի Խաչմանուկյանը, պատմում է ամուսնու ապրած կյանքի, անցած ճանապարհի եւ սխրանքների մասին։
-Տիկին Նելլի, եթե գնդապետ Դավիթ Խաչմանուկյանը ողջ լիներ, ես նրան կխնդրեի պատմել իր արմատների, ընտանիքի, ծնողների, մանկության ու պատանեկության հիշողությունների մասին։
-Դավիթը ծնվել էր զինվորականի ընտանիքում։ Հայրը՝ գնդապետ Հենրիկ Խաչմանուկյանը, Թիֆլիսից էր, ավարտել էր տեղի հրետանային բարձրագույն ուսումնարանը։ Սկեսրայրս զինվորականի կատարելատիպ էր։ Ազնվագույն տղամարդ էր, մտավորական խառնվածքի տեր, բազմակողմանի զարգացած, առաքինի անձնավորություն։ Շատ խստապահանջ էր ու ճշտապահ, սիրում էր ռեժիմ, կարգուկանոն։ Ամուսինս պատմում էր, որ հայրը երբեք երես չի տվել իրեն, եղել է անզիջում, սովորեցրել է լինել աշխատասեր, պատասխանատու, օրինավոր։ Սկեսրայրս ծնվել-մեծացել է Թիֆլիսում, բայց հետագայում եկել է Հայաստան, որ երեխաները հայկական միջավայրում մեծանան։ Մեր ընտանիքում համերաշխության, սիրո մթնոլորտ էր, մենք շատ գեղեցիկ էինք ապրում։ Սկեսուրս մեր տան հիմնասյունն էր՝ իսկական հայ կին՝ ընտանիքին նվիրված, հոգատար, խոհեմ։
-Գնդապետ Դավիթ Խաչմանուկյանը ինչպիսի՞ մարդ էր։
– Մենք նույն դպրոցում ենք սովորել։ 14-15 տարեկանից ընկերություն ենք արել։ Դավիթը գեղեցիկ, կազմակերպված, լրջախոհ տղա էր, միեւնույն ժամանակ` ռոմանտիկ էր, զգացմունքային, նուրբ։ Այս հատկանիշները հազվադեպ են համատեղվում մի մարդու մեջ։ Ես դաշնակահարուհի եմ, արվեստ եմ սիրում, գրականություն, Դավիթը՝ նույնպես, շատ էր կարդում, գեղարվեստական բարձր ճաշակ ուներ։ Մենք շատ ներդաշնակ զույգ էինք։ Դպրոցն ավարտելուց հետո, ինչպես եւ սպասվում էր, Դավիթը ուսումը շարունակեց ռազմական բուհում, գնաց հոր հետքերով։ Նա սովորել է Բաքվի ռազմական ուսումնարանում, եղել է նախարար Սեյրան Օհանյանի, գեներալ Գարեգին Գաբրիելյանի, գնդապետ Իշխան Մաթեւոսյանի համակուրսեցին ու ընկերը։ Ես այդ ժամանակ Երեւանի կոնսերվատորիայում էի ուսանում։ Մենք չորս տարի նամակներ ենք գրել իրար, պատմել ենք մեր առօրյայի, մեր երազանքների ու զգացմունքների մասին։ Ես մինչեւ հիմա պահում եմ այդ նամակները ու վերընթերցելիս մեկ անգամ եւս համոզվում եմ, որ Դավիթը բացառիկ մարդ էր, բացառիկ տղամարդ։ Նրա բնավորության ամենաբնորոշ գծերն էին նվիրվածությունը, բարությունն ու անշահախնդրությունը։ Զուրկ էր ամենաչնչին խորամանկությունից, շիտակ էր, անկեղծ, միեւնույն ժամանակ՝ ուժեղ ու սկզբունքային։ Երբ բուհն ավարտեց, Դավիթին ծառայության նշանակեցին Ալմա Աթայում։ Ես տեղափոխվեցի հեռակա բաժին, որ կարողանամ կողքին լինել։ Դա փոքրիկ զոհողություն էր, բայց Դավիթը այնքան բարձր էր գնահատում, այնքան երախտապարտ էր։ Դավիթը գիտեր գնահատել մարդուն, սիրել գիտեր։ Մենք 6 տարի ապրեցինք Ալմա Աթայում, աղջիկ ունեցանք։ Դավիթը արտակարգ ամուսին ու հայր էր. լինելով այդքան զբաղված ու ծանրաբեռնված, ինձ շատ էր օգնում կենցաղում։ Անչափ հոգատար ու սիրող հայր էր, գեղեցիկ մակագրություններով գրքեր էր նվիրում աղջկան…
-Ինչպե՞ս ծնվեց Հայաստան վերադառնալու որոշումը։
-Ալմա Աթայում մենք ամեն ինչ ունեինք. Դավիթը արդեն կապիտան էր, ես աշխատում էի կոնսերվատորիայում։ Բայց երբ լսեցինք, որ Հայաստանում սահմանային ընդհարումներ են սկսվել, ոչ մի վայրկյան չտատանվեցինք։ Դավիթը եկավ իր հայրենիքը պաշտպանելու։ Սկզբում նշանակվեց Իջեւանի զինկոմի տեղակալ, հետո հիմնեց Իջեւանի գունդը եւ դարձավ առաջին հրամանատարը։ Տղաս Հայաստանում ծնվեց։ Մենք ապրում էինք Իջեւանում, քաղաքից 10 կմ հեռավորությամբ՝ իսկական պատերազմ էր, եւ ամուսինս սահմանին էր։ Մի անգամ ուժեղ որոտ լսվեց, պատուհանից նայեցի դուրս, տեսա՝ մարդիկ գլխապատառ վազում են։ Զանգեցի Դավիթին, ասաց. «Դու զինվորականի կին ես, իրավունք չունես խուճապահար լինելու, մնա տանը»։ Հետո պարզվեց, որ ադրբեջանցիները «Գրադով» կրակել են քաղաքի վրա։ Մի օր հարեւանուհիներից մեկը հարցրեց. «Ո՞նց ես թողնում, որ ամուսինդ գնա կրակի բերան, չէ՞ որ յուրաքանչյուր օր կարող է վերջինը լինել»։ Ես ոչինչ չպատասխանեցի, բայց շատ զարմացա՝ ով, եթե ոչ իմ ամուսինը, ով պիտի Դավիթից ավելի խիզախ, ուժեղ ու հայրենասեր լինի։ Ես միշտ հպարտացել եմ Դավիթով։ Նա 30 տարեկանում գունդ էր տանում մարտի։ Այսօր շատ կանայք ապրում են ավելի անհոգ, բարեկեցիկ կյանքով, քան ես, սակայն եթե ընտրության հնարավորություն ունենայի, երբեք չէի փոխի ամուսնուս պատիվը, փառքը, հպարտությունը ոչ մի շքեղության ու ապահովության հետ։ Երեխաներս էլ են ինձ պես մտածում։ Աղջիկս ավարտել է համալսարանը, մասնագիտությամբ դիվանագետ է, տղաս սովորում է բժշկական համալսարանում։ Երեխաներս հոր գեներն են ժառանգել, ու ես անչափ հպարտ ու երջանիկ մայր եմ։
-Տիկին Նելլի, գնդապետ Դավիթ Խաչմանուկյանը եղել է զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, ինչպիսի՞ն էր նա՝ որպես խաղաղ ժամանակների հրամանատար։
-Երբ պատերազմի ժամանակ զինվոր էր զոհվում, Դավիթն ասում էր՝ ամեն զոհված զինվոր իմ կյանքից 10 տարի խլում է։ Խաղաղ ժամանակ ասում էր՝ ամեն զինվոր ինձ համար իմ որդին է՝ իմ Արտաշն է։ Սիրում էր զինվորին, իսկապես սիրում էր։ Իսկ Դավիթին սիրում էին ե՛ւ զինվորները, ե՛ւ սպաները, որովհետեւ հոգատար էր, կարեկից, ուշադիր։ Ծառայում էր առանց իրեն խնայելու։ Հետագայում նրա ընկերները պատմում էին, որ թերացող ենթակային ոչ թե պատժում, այլ սովորեցնում էր, բացատրում, օգնում։ Այնքան չափավոր էր, հասարակ, պարզ։ Մեր տունն իր ձեռքերով կառուցեց։ Ցավոք, չհասցրեց ավարտել։ Դավիթը մահացավ սրտի կաթվածից, մեքենայի ղեկին, ծառայական պարտականությունները կատարելիս։ Երկրում խաղաղություն էր, բայց պատերազմի ցավը, կորցրած ընկերների ու զինվորների վիշտը նրա հոգում շարունակում էին մխալ։ Սիրտը չդիմացավ։
-Տիկին Նելլի, դուք աշխատում եք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, երաժշտության պատմություն եք դասավանդել, այժմ զինվորական էթիկա եք դասավանդում։ Ինչպիսի՞ն են հայկական բանակի ապագա սպաները, Դավիթ Խաչմանուկյանի պես նվիրյալների արժանի հետնո՞րդն են։
-Ես սիրում եմ իմ գործը, իմ դասավանդած առարկան, կուրսանտներին։ Ես նրանց սովորեցնում եմ զինվորականի համար ամենակարեւոր առաքինությունները՝ արժանապատվություն, քաջություն, ազնվություն, բարություն, պատասխանատվություն։ Ես նրանց դաստիարակում եմ ամուսնուս ու նրա նման քաջորդիների օրինակով։ Իմ խոսքը, պատմությունները հուզում են կուրսանտներին, հասնում են նրանց սրտին, արթնացնում են ազնիվ մղումներ։ Կցանկանայի, որ մեր կուրսանտները ավելի շուտ հասունանային, լրջանային, տղամարդ դառնային։ Այդուհանդերձ, վստահ եմ, որ առիթի դեպքում կբարձրանան, հայրենիքի սահմանները իրենց արյամբ ու կյանքով կպաշտպանեն։ Մենք երբեք հայրենասեր հայորդիների պակաս չենք ունենա։
-Դուք «Երաշխավոր» հայրենասեր այրիների հասարակական կազմակերպության անդամ եք։ Ի՞նչ առաքելություն ունի կազմակերպությունը, ինչո՞վ է զբաղվում։
– Զոհված եւ մահացած զինվորականների կանայք միացել են՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոս ամուսինների հիշատակին՝ նրանցից հետո ինչ-որ բան անելու, երկրին, բանակին օգտակար լինելու ցանկությամբ։ Մենք ամենից առաջ մտահոգ ենք երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ եւ համոզված ենք, որ ոգեղեն սերունդ ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է միշտ վառ պահել քաջարի նախնիների հիշատակը, չմոռանալ հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքը եւ երիտասարդներին դաստիարակել հենց նրանց օրինակով։ Ազգային բանակի կազմավորման տոնի առթիվ «Երաշխավոր» հայրենասեր այրիների հասարակական կազմակերպությունը կազմակերպեց իր առաջին միջոցառումը՝ տոնական երեկո՝ ազգային արժեքներին հավատարիմ մնալու, նախնիների արժանի ժառանգը լինելու հորդորով, հայրենիքը շենացնելու, երկրի ճակատագրի համար պատասխանատու լինելու պատգամով։
-Տիկին Նելլի, խոնարհումով, երախտագիտությամբ հիշատակենք «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Դավիթ Խաչմանուկյանի ծննդյան 50-ամյակը, շնորհավորենք ինքներս մեզ, որ ունեցել ենք գնդապետ Խաչմանուկյանի պես քաջորդիներ, որոնք իրենց ուսերին տարան պատերազմի ծանրությունն ու բանակաշինության լուծը, որոնց անսահման ինքնանվիրումը դարձավ մեր հաղթանակի ու խաղաղության երաշխավորը։ Հավատանք, որ նրանց սխրանքն ու անունը հավերժ ապրելու են մեր եւ գալիք սերունդների սրտում, կոչելու են նոր հաղթանակների՝ հանուն պայծառ ու հզոր Հայաստանի։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ Ճակատագրեր