ԶԻՆՎՈՐԸ
Հայկական 89-րդ դիվիզիայի փառապանծ մարտիկ Սուրեն Մարգարյանի հետ հանդիպումը հանդիպում է պատմության հետ։ Հերոս հայորդին, որի կուրծքը զարդարում են մի քանի տասնյակ պատերազմական շքանշաններ եւ մեդալներ, Հայրենական պատերազմի առաջին իսկ օրը զորակոչվել է բանակ եւ հայկական դիվիզիայի կազմում հաղթական կռիվներ մղել մինչեւ պատերազմի ավարտը։ Ծերունազարդ հերոսն այսօր էլ շարքում է։ Եվ զինվորի իր հարուստ փորձն է փոխանցում մեր ազգային բանակի երիտասարդ մարտիկներին։ Միայն 2008-09թթ. վետերանը այցելել է մի քանի զորամասեր, եղել է Արցախում, հանդիպումներ ունեցել զինվորների եւ հրամանատարության հետ։ Եվ որպես օրենք, ամեն հանդիպում փառապանծ վետերանի հետ հայրենասիրության եւ քաջության խոր դրոշմ է թողնում երիտասարդ զինվորների հոգում։ Նա հայրենասիրական կոչեր անելու կարիք չունի. նրա կյանքն ինքնին դրա վառ արտահայտությունն է։
«Ես պատվով եմ կատարել զինվորի իմ պարտքը»,- այսպիսի խոսքերով է նա սովորաբար եզրափակում իր բոլոր հանդիպումները։ Այս պարզ, ընդամենը մի քանի բառ պարունակող նախադասության մեջ պարփակված են պատերազմական դժվարին ու դաժան օրեր, ծանր հոգեկան ապրումներ, դառը կորուստներ, քրտինք եւ արյուն…
-Պատերազմական բոլոր օրերն էլ ծանր են, բայց որոշ օրեր անմոռանալի են։ Դաժանությամբ իր հավասարը չունեցան Կերչի ազատագրման համար մղված մարտերը։ Հայկական մեր դիվիզիան այդ մարտում շատ ծանր կորուստների գնով հերոսական էջեր գրեց խորհրդային երկրի պատմության մեջ։ Լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի ղեկավարությամբ մենք պատվով կատարեցինք զինվորական առաջադրանքն ու թշնամուց ազատագրեցինք Կերչը։ Ծանր օրեր էին, եւ մենք շատ դժվարին հաղթանակ տարանք։ Բայց ինչպես սովորաբար պատահում է կյանքում, ամեն ծանր պահի անգամ մի լուսավոր շող է երեւում։ Ինձ համար համընդհանուր մահ ու ավերի մեջ այդ լուսավոր շողը իմ հանդիպումն էր եղբորս՝ ավագ լեյտենանտ Ռուբեն Մարգարյանի հետ։ Ավաղ, իմ ուրախությունը շատ կարճ տեւեց։ Շուտով նա հերոսաբար զոհվեց եւ փառքով պսակեց Մարգարյանների մեր տոհմը։
Պատերազմի վետերան Սուրեն Մարգարյանը, սակայն, զինվորի իր ճակատագիրը երբեք չի առանձնացրել հայկական 89-րդ դիվիզիայի՝ ազգային դիվիզիաներից ամենափառապանծի ճակատագրից։ Նա առանձնահատուկ հպարտությամբ է հիշատակում, որ Խորհրդային Միության բոլոր ազգային դիվիզիաներից միայն հայկականը կարողացավ գրոհել Բեռլինի վրա ու Ռայխստագի վրա ծածանել հաղթանակի դրոշը։
-Դրոշը պարզապես խորհրդանիշ չէ. դրոշը զինվորի պատիվն է, դրոշը սրբություն է։ Ինձ բախտ է վիճակվել հինգ տարի տեւող պատերազմով տանել մեր դիվիզիայի դրոշը։ Մի օր ինձ իր մոտ կանչեց լեգենդար գեներալը՝ Նվեր Սաֆարյանն ու ասաց, որ ինձ է ուզում վստահել դիվիզիայի դրոշը։ Ես հոգեկան ծանր ապրումների մեջ էի. շատ ժամանակ չէր անցել եղբորս զոհվելուց։ Դա իմ կյանքի ամենապայծառ օրերից մեկը դարձավ։ Ես այդ դրոշը պահում էի աչքիս լույսի պես։ Այդ դրոշով մենք գրոհեցինք Բեռլինի վրա ու պարեցինք արդեն աշխարհին հայտնի մեր քոչարին։ Դրոշը, այո՛, ինձ մոտ էր, բայց նրա անվտանգությունը երաշխավորում էր մեր դիվիզիան, նրա ամեն մի մարտիկը։ Այդ դրոշի տակ մեր զինվորները աշխարհին ցույց տվեցին հայ զինվորի բազկի ուժը։
Զորացրվելուց հետո բազմակի շքանշանակիր Սուրեն Մարգարյանը ավելի քան 35 տարի աշխատել է Երեւանի ժամացույցի գործարանում, որից հետո անցել վաստակած հանգստի։ Վետերանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անշուշտ, այն բազմանդամ ընտանիքն է, որ նա ստեղծեց խաղաղ օրերին, հայրենի հողի վրա։ Նրա ավագ որդին՝ Սամվել Մարգարյանը, երկար տարիներ ղեկավարել է քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Թոռը՝ Սուրեն Մարգարյանը, օդաչու է եւ ծառայում է քաղավիացիայում՝ շարունակելով հոր գործը։
Հայրենական պատերազմի վետերան Սուրեն Մարգարյանը, չնայած ծերունազարդ հասակին, այսօր էլ ձեռքերը ծալած չի նստում եւ իր մասնակցությունն է բերում հասարակական կյանքում։ Նաեւ նրա ջանքերով 1998 թվականից գործում է «Աշխատանքի եւ պատերազմի վետերանների համահայկական ավագանին», որը մեծ դեր է կատարում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում։
ԱՐԹՈՒՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Խորագիր՝ Ճակատագրեր