Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՏԵՐԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ



Մոտենում է Մեծ հաղթանակի 68-ամյակը։

Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան հաճախ եւ ուժգին ենք մենք վերապրում այն ամենը, ինչ տարել ենք 20-րդ դարի ամենադաժան ու արյունահեղ պատերազմի ժամանակ։

Ես անցել եմ երկար եւ շատ ծանր ճանապարհ պատերազմի հենց սկզբից մինչեւ նրա հաղթական ավարտը։ Խորհրդային զորքերի նահանջի ժամանակ մենք դառնությամբ եւ ցավով լի օրեր ենք ապրել։

Թշնամու կրակի տակ մենք թողնում էինք քաղաքներ ու գյուղեր, մեր՝ սովետական մարդկանց, ովքեր արցունքոտ աչքերով մեզ էին դիմում.

«Ինչպե՞ս եք մեզ թողնում, գնում»։

Մենք խոստանում էինք շուտ վերադառնալ ու իրենց ազատել ֆաշիստական ստրկությունից։

Ռազմաճակատը ձգվում էր հազարավոր կիլոմետրեր Հյուսիսային ծովից մինչեւ Սեւ ծովը, Սովետական Միության արեւմտյան սահմաններից մինչեւ Ստալինգրադ։

Հիշում եմ Ստալինգրադի տրակտորի գործարանը, որից մնացել էին միայն երկաթյա մասերը, Բատայսկը, որտեղ այրվում էին բազմաթիվ շենքեր, Դնեպրի ու Դոնի վրայով պանտոնային կամուրջներով անցումը։ Մեր զորամասը մարտերով ճեղքեց շրջապատումը, դուրս եկավ դեպի Կովկասյան նախալեռներ՝ Տուապսեի շրջան։ Ամեն օր մենք ռմբակոծության ու հրաձգության էինք ենթարկվում։ Թշնամու «Ֆոկեվուլֆ» տիպի ինքնաթիռները մեզ հանգիստ չէին տալիս։ Մենք գիտեինք, որ այդ հետախույզ ինքնաթիռների թռիչքից հետո կսկսվի մեր դիրքերի ռմբակոծումը։ Բայց չնայած այդ ամենին՝ մենք վստահ էինք, որ պետք է հաղթենք։

Նովոռոսիյսկի մատույցներում մեր բանակը գրավեց մի փոքրիկ հողակտոր, որն անվանեցին «ԾՈսՈÿ, ՏչվպվվՈÿ ջպՎսÿ»։ «ԾՈսՈÿ ջպՎսÿ»-ի վրա երեք կողմից՝ ծովից, ցամաքից եւ օդից թափվում էր տոննաներով մետաղ։ Այդ հողի վրա կռվող նավաստիներին ֆաշիստներն անվանում էին «սեւ սատանաներ», «սեւ մահ»։ Մենք՝ կապավորուհիներս՝ ես եւ Ֆրիդա Կացը, Սեւ ծովի ափին գտնվող քարանձավում թաքնված՝ ռադիոգիր էինք հաղորդում զորամասերի հրամանատարներից մալայազեմլյացիներին։ Նովոռոսիյսկի մերձակա տարածքների ու Մալայա Զեմլյայի պաշտպանությունը տեւեց 225 օր։ Մենք անհամբեր հակահարձակմանն էինք սպասում։ Երբեմն եթերում աշխատանքի ժամանակ լսում էինք գերմանացի կապավորի ձայնը՝ Ստալին կապուտ։ Ուզում էի պատասխանել՝ ոչ թե Ստալին, այլ Հիտլեր կապուտ։

…1943 թվի սեպտեմբերի 10-ն էր։ Ռացիայի մոտ նստած՝ հաղորդում եւ ընդունում եմ գաղտնագրեր։ Գիշեր էր։ Հանկարծ տեսա, որ երկինքը լուսավորվեց ինչպես ցերեկը։ «Ուռա՜»՝ վերջապես սկսվեց մերոնց՝ այդքան երկար սպասված հարձակումը։ 6 օր տեւեցին մարտերը, եւ սեպտեմբերի 16-ին Նովոռոսիյսկը ազատագրվեց գերմանացի զավթիչներից։

Ահա եւ քեզ՝ Հիտլե՛ր կապուտ։ Քաղաքն ավերակների մեջ էր, ցեմենտի գործարանի մոտ՝ գնդակներից ծակծկված վագոն…

Մեր ճանապարհը շարունակվում էր։ Հետո մեր՝ 18-րդ բանակն ազատագրեց Ուկրաինայի, Չեխիայի, Հունգարիայի մի շարք քաղաքներ եւ վերջապես Պրահան։

Մի քանի անգամ ինձ հրավիրել են Նովոռոսիյսկ, բայց միայն 2008թ. քաղաքապետ պարոն Սինյագովսկու հրավերով ես կարողացա ներկա լինել հերոս-քաղաքի ազատագրման 65-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Այցելեցինք մեր մարտերի պատմական վայրերը։ Կինոժապավենի նման աչքիս առջեւով անցան դաժան մարտերի այն հեռավոր օրերը։ Եվ միաժամանակ հաճելի էր տեսնել քաղաքի բնակիչների վերաբերմունքը, նրանց ուշադրությունը ազատագրողների նկատմամբ։ «Մենք անհատույց պարտք ենք ձեզ»՝ այս բառերն էինք լսում ամենուրեք։

Այնտեղ հանդիպեցինք նաեւ ուրիշ քաղաքներից եկած վետերանների, որոնք մտերմիկ զրուցում էին մեզ հետ, պատմում իրենց արտոնությունների մասին։

Մենք՝ պատերազմի մասնակիցներս, ապրում էինք մի տանիքի տակ՝ Սովետական Միությունում։ Մեր՝ վետերանների երիտասարդությունը նման էր, բայց, ցավոք, ծերությունը՝ տարբեր։ Տարիներն անցնում են։ Վետերանների թիվն օրեցօր պակասում է։ Պատերազմի ամենակրտսեր մասնակիցը այժմ 84-85 տարեկան է։ Նրանք բոլորն էլ խնամքի կարիք են զգում։

Հուսանք, որ Մեծ հաղթանակի հոբելյանական տարում կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի բարելավվեն վետերանների կյանքի պայմանները։

ՌՈԶԱԼԻԱ ԱԲԳԱՐՅԱՆ
Պատերազմի եւ աշխատանքի վետերան, վաստակավոր ուսուցչուհի

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013