Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՐՃ ՍՈՂՈՅԱՆԻ «ԴԱՆԹԵԱԿԱՆԸ»



Պերճ Սողոյանը պատերազմ մեկնելու իր որոշումը կայացրեց, երբ օրերից մի օր փոստատարը տուն բերեց հորեղբոր «սեւ թուղթը»: «Ես 1942 թ. ավարտեցի Լենինականի մանկավարժական ուսումնարանը եւ նշանակվեցի հարազատ գյուղի` Հայրենյացի դպրոցի հայոց լեզվի դասատու, սակայն որոշեցի գնալ պատերազմի դաշտ եւ վրեժ լուծել զոհված հորեղբորս համար»:

Պերճ Սողոյանի տարիքը դեռեւս զորակոչիկի չէր, բայց իր մեծերի օրինակը ոգեւորում, ավելի վճռական էր դարձնում նրան: «Հայրս` Թադեւոսը, ցարական բանակի ֆելդֆեբել էր եղել, Սարդարապատի հերոսական ճակատամարտի մասնակիցներից էր: Իմ պատանեկան երեւակայությունը հաճախ էին բորբոքում հորս պատերազմական պատմությունները»: Խիզախ պատանուն, սակայն, չեն զորակոչում: Պերճ Սողոյանը հիշում է, թե ինչպես էին գյուղից ռազմաճակատ ճանապարհում զորակոչիկներին. «Ամբողջ գյուղը լաց էր լինում, մեծամասամբ` կանայք: Սրտաճմլիկ տեսարան էր»:

1943 թ. փետրվարին Պերճ Սողոյանին վերջապես զորակոչեցին: Նա սովորեց Վրաստանի Լագոդեխիի նշանառուների կրտսեր հրամկազմի դպրոցում:

Եվ արդեն 1944 թ. փետրվարին, որպես նշանառու սերժանտ, ռազմաճակատում էր` 51-րդ բանակի կազմում: «Մեր` նշանառուներիս մարտական առաջադրանքն էր. ոչնչացնել թշնամու բանակի սպաներին, սերժանտական կազմը, որ կազմալուծվեն հակառակորդի շարքերը: Բացի դրանից` լռեցնում էինք կրակային կետերը` գնդացրորդներին»:

Առաջին անգամ Սողոյանը որպես նշանառու գործեց 1944 թ.` Ղրիմի ազատագրման ժամանակ: Նա ասում է, որ հոգեբանական շատ դժվար պահեր է հաղթահարել` մարդ սպանելու համարձակություն ձեռք բերելու համար:

Սողոյանը մասնակցել է Ուկրաինայի, Բելոռուսիայի ազատագրման համար մղվող մարտերին: Վետերանը հիշում է, որ Ուկրաինայից գնացքով Բելառուս մեկնելիս իրենց էշելոնն սկսեցին ռմբակոծել: «Մենք մի քանի հոգով դուրս թռանք այրվող գնացքից եւ փախանք անտառ: Ես այդ ժամանակ կորցրի իմ ընկերներից Բաղդասարյան Արտաշեսին: Ես եւ Մինասյան Ժորան գերեզման փորեցինք երկաթգծի մոտ, թաղեցինք մեր ընկերոջը, խաչ տեղադրեցինք: Այնուհետեւ ոտքով հասանք ռազմաճակատի գիծ»…: Այստեղ մեր զրույցն ընդհատվեց. Սողոյանը դուրս եկավ սենյակից: Տիկին Ալլան` Սողոյանի կինը, մոտեցավ, բացատրեց. «Հուզվում է»:

«Հուզվում եմ, երբ հիշում եմ իմ կորցրած ընկերներին, հարազատ մարդկանց, երբ վերհիշում եմ չարենցյան «դանթեականը» հիշեցնող տեսարանները. կոտորված, խեղանդամ մարդկանց: Հուզվում եմ նաեւ այն գերմանացի զինվորների համար, ովքեր իրենց կամքին հակառակ էին կռվում»,-ասում է տարեց վետերանը:

Նա չի մոռանում, թե ինչպես գերմանացիները հաճախ ռումբի փոխարեն տարբեր տեղերից վնասված երկաթե տակառներ էին ցած գցում. «Ձայնը խլացնում էր, սարսափելի էր, մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Ասես մարմնիդ միսը պլոկվում էր ոսկորից»: Հերթական այդպիսի ռմբակոծության ժամանակ զինվորներից մեկը վազեց կամրջի տակ` պատսպարվելու: Եվ երբ Սողոյանը ռմբակոծությունից հետո իջավ կամրջի տակ, սարսափից քար կտրեց` զինվորի սիրտը վախից այլեւս չէր զարկում, նա անշարժ մնացել էր ծվարած տեղում. «Պատերազմում շատ կարեւոր է հաղթահարել վախը, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես պատերազմին: Դու պատասխանատու ես ոչ միայն քո, այլեւ ընկերոջդ կյանքի համար»:

Պերճ Սողոյանը Բելառուսի ազատագրումից հետո մասնակցեց Լատվիայի եւ Լիտվայի ազատագրմանը, երկու անգամ վիրավորվեց, սակայն բուժվելուց հետո վերադարձավ ռազմաճակատ եւ ընդգրկվեց 43-րդ բանակի կազմում: Պատերազմի ընթացքում հաճախ է պատահել, երբ Սողոյանը փոխարինել է դասակի վիրավոր հրամանատարին, վաշտի հրամանատարին եւ միշտ էլ պատվով է կատարել իրեն վստահված գործը:

Նա հիշում է, թե ինչպես Լիտվայում, հերթական քաղաքն ազատագրելիս, ստիպված եղան նահանջել, իսկ առավոտյան հասկացան, որ իրենց քաղ. գծով տեղակալ Պետրոսյանը մնացել է գերմանացիների տարածքում եւ հավանաբար գերի ընկել: «Ինձ եւ եւս երեք քաջերի հանձնարարեցին, ինչ գնով էլ լինի, ազատել Պետրոսյանին գերությունից: Երբ վերջապես զգուշորեն տեղ հասանք, զարմանքից ապշեցինք. չորս կողմը գերմանացիների դիակներ էին: Պետրոսյանը իր ենթակա մի ռուս տղայի հետ, որն արդեն սպանված էր, վերացրել էր գերմանացի վեց զինվորի… Ինքը վիրավոր էր, մենք նրան հասցրինք տեղափոխել ելման դիրք: Հետագայում նրան ներկայացրին Հերոսի կոչման»:

Սողոյանը մասնակցել է Արեւելյան Պրուսիայի գրավման մարտերին, որտեղ եւ ավարտել է իր մարտական ուղին. «Մենք ազատագրել էինք Քյոնիքսբերգը` ներկայիս Կալինինգրադը: Այնուհետեւ պետք է առաջանայինք դեպի Բեռլին` օգնություն ցուցաբերելու փողոցային մարտեր մղող մեր մարտիկներին: Հասել էինք Ռաստենբուրգ, գիշերը հանգստանում էինք, ես էլ հերթապահ էի ու հանկարծ ռադիոյով լսեցի, հաղորդեցին` «Կապիտուլյացիա»: Բոլորին արթնացրի, մայիսի 8-ն էր: Աննկարագրելի ուրախություն էր, իրար գրկում էինք, օդ կրակում» :

Սողոյանը մարտերի ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգեւատրվել է Հայրենական մեծ պատերազմի, Փառքի շքանշաններով, Մարտական ծառայությունների, Արիության, Քյոնիքսբերգի գրավման համար եւ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 20 այլ մեդալներով:

Պատերազմից հետո վաստակաշատ վետերանը աշխատել է որպես մանկավարժ, եղել է Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար, Կիրովականի ՆԳ բաժնի պետ, պաշտոնավարել է 12 տարի:

Վետերանի համար թանկ են հատկապես մարշալ Բաղրամյանի հետ կապված հուշերը:

Մեծ հայրենականի տարիներին Մերձբալթյան ռազմաճակատում, որի գլխավոր հրամանատարն էր այն ժամանակ բանակի գեներալ Հովհ. Բաղրամյանը, Սողոյանին բախտ է վիճակվել հանդիպելու լեգենդար զորահրամանատարին, լուսանկարվել նրա հետ: «Մի անգամ Բաղրամյանը «Կուկուրուզնիկով» ժամանեց շտաբ, իսկ ես հերթապահ էի: 1945 թ. ապրիլն էր, եւ ես առաջին անգամ տեսա Բաղրամյանին: Նա ազդեցիկ ելույթ ունեցավ, եւ իմ գլխում տպավորվեց նրա ասած մի նախադասությունը` գվարդիականները երբեք չպետք է նահանջեն»:

Երկրորդ անգամ Բաղրամյանին հանդիպեց պատերազմից հետո` Կիրովականում. «Նա պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի անդամ: Եկավ, մասնակցեց Մյասնիկյանի արձանի բացմանը, այդտեղ էլ առաջին քարտուղարը Բաղրամյանին ասաց, որ ես նրա զինվորն եմ եղել: Ես մոտեցա, կրկնեցի այն խոսքերը, որ ընդմիշտ ուղեղիս մեջ էին դաջվել, նա հուզվեց, փաթաթվեց ինձ: Այնուհետեւ, երբ գալիս էր Հայաստան, միշտ հանդիպում էինք»:

Ամեն մայիսի 9-ի Պերճ Սողոյանը ծաղիկներ է դնում իր հրամանատարի հուշարձանին, լուռ կանգնում է մի քանի րոպե` հուսալով, որ հաջորդ տարի էլ առողջությունը իրեն թույլ կտա հարգանքի տուրք մատուցել…

Գնահատելով Սողոյանի վաստակն ու գիտելիքները` 1992 թ. Վազգեն Սարգսյանը նրան գործուղեց Արցախ: Վետերանը օգնեց Բերդաձորում նշանառուական կետեր տեղադրել, նշանառուներին փոխանցեց իր հարուստ մարտական փորձը, օգտակար խորհուրդներ տվեց:

Այսօր էլ Պերճ Սողոյանի անելիքները շատ են, իսկ ժամանակը չի հերիքում: Նա Հայրենական պատերազմի վետերանների կոմիտեում զբաղվում է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով, միաժամանակ ներքին գործերի նախարարության վետերանների կոմիտեի նախագահի տեղակալն է: Տիկին Ալլան նշում է` «երբ ամուսինը տանը չէ, նշանակում է առողջ է»: Իսկ տանը եղած ժամանակ նրանք միասին Մեծ հայրենականի մասին պատմող ֆիլմերն են դիտում կամ էլ օպերա են լսում: «Ես մասնակցել եմ Չայկովսկու, Ռախմանինովի համերգներին: Իրավունք չունեի չմասնակցելու, մեզ անվճար տոմս էին տալիս: Երբ կառավարությունը Ստալինի գլխավորությամբ գնում էր օպերա, մենք պետք է պարտադիր մասնակցեինք: Վայ մեզ, եթե կարգը խախտվեր»: Եթե նախկինում Սողոյանը համերգ էր հաճախում հարկադրված, ապա այսօր նախկին լարվածությունը վաղուց վերացել է, և երաժշտությունը օգնում է թոթափել անցյալի բոլոր «վախերը» և նորից ու նորից փաստել ի հեճուկս մահվան. «Փրկվեցի եւ հաղթեցի»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013