Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԵՐՆ ԱՆԻԾԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ»



Մի պայծառ գարնանային առավոտ էր։ Փարթամ կանաչի ու ծաղիկների բուրմունքը մարդուն երջանկություն ու խինդ էր պարգեւում։ Անուշ շնկշնկում էր զով քամին։ Ոտներին՝ տրեխ, շալակին՝ փոքր կապոց, մի մանուկ էր գնում՝ աչքն արցունքով լի, սիրտն ու հոգին՝ տագնապած, խռոված։ Ես էի… Մինչ այդ ապրում էի հորեղբորս տանը ու գիտեի, թե նա իմ հայրն է։ Հարեւաններից այդ օրը իմացել էի, որ հայրս զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում, իսկ մայրս… կմկմացել էին հարեւանները ու ոչինչ չէին ասել։ Ու գաղտնի հեռանում, փախչում էի։ Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու հորեղբորս կինը՝ Մարջանը, որի ամուսինը ռազմաճակատում էր, կանչում էր ինձ եու քրոջս իրենց տուն ու երեխաների հացից մի կտոր մեզ էլ բաժին հանում՝ կամաց մրմնջալով. «Մեղք են երեխեքը, որբ են» (հիմա՝ տարիների հեռվից, երբ վերլուծում եմ նրա արարքը, զարմանում եմ. նեղ, դժվար, պատերազմի ժամանակներում որքա՜ն բարություն եւ գութ կար մարդկանց մեջ, եւ որքա՜ն է այն պակասում հիմա, երբ քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ենք ապրում)։

…Ճանապարհին հանդիպեցի մեր գյուղի սայլապաններին, որոնք գնում էին Երեւան։ Խնդրեցի, որ ինձ էլ վերցնեն։ Նրանք մի փոքր դժվարությամբ համաձայնեցին. «Դե լավ,- ասացին,- կգնաս քաղաք, մի արհեստ կսովորես, մարդ կդառնաս»։ Չեմ էլ հիշում, թե քանի օրում հասանք Աշտարակ։ Սայլապան Սաֆարը ինձ տեղավորեց մի մեքենայի մեջ եւ ասաց. «Վարորդին բացատրել եմ, քեզ կտանի հորաքրոջդ տուն»։ Հասա Երեւան։ Ապշահար նայում էի մարդկանց, շենքերին, տրամվայներին։ Ինձ թվում էր՝ ընկել եմ հեքիաթային մի աշխարհ։ Հորաքույրս շատ ջերմ ընդունեց, բայց դժվար էր ապրում. ամուսինը մահացել էր, ընտանիքն էլ բազմանդամ էր։ Ստիպված ու ճարահատ` ինձ տարավ որբ երեխաների ընդունման կայան։ Այստեղ ինձ մի կին լողացրեց։ Խեղճ կինը ահագին չարչարվեց։ Նրա փոխարեն ես հոգնեցի։

-Հերիք չէ՞,- ասացի։

-Չէ՛, տղա ջան, բժիշկը կստուգի, վատ լողացնելու համար նկատողություն կանի։

Այդ կինն այնքան ջերմ էր խոսում հետս, այնքան փափուկ ու քնքուշ, մտածում էի՝ երանի հենց նա մայրս լիներ։ Հետո հագուստ, կոշիկ բերեցին։ Առաջին անգամ էի կոշիկ հագնում։ Երբ հագած-կապած կանգնել էի, միտս ընկավ մեր գյուղը՝ Նիգավանը, հարազատներս, ընկերներս։ Ա՜խ, երանի ինձ այսպես հագած-կապած տեսնեին…

Այդ մեղմ ու բարի կնոջ հետ գնացի հորաքրոջս հրաժեշտ տալու։ Հորաքույրս իմ հագուկապը տեսնելով՝ ծիծաղեց ու լաց եղավ։ Ու հենց այդպես էլ՝ մի աչքը արցունք, մի աչքը ծիծաղ փաթաթվեց ինձ ու խնդրեց-պատվիրեց ուղեկցող կնոջը՝ «Եղբորս միակ որդին է, նրա օջախի ծուխը, խնդրում եմ, լա՛վ նայեք»։

-Եթե իրեն լավ պահի, եղբորդ օջախը կծխա,- հանգստացրեց կինն ու դիմեց ինձ։ -Գնանք, տղա՛ ջան, գնանք, Հիտլերի կյանքը մեռնի…

Վեց ամիս մնացի Կոնդի ընդունման կայանում։ Հետո՝ Փամբակի մանկատուն, ավելի ուշ՝ Գորիսի։ Ամառային արձակուրդների ժամանակ որբանոցի սաներով օգնում էինք պատերազմում զոհվածների եւ ռազմաճակատում գտնվողների ընտանիքներին։ Փորում էինք նրանց հողը, վառելիք կրում, կարտոֆիլ հավաքում։ Աղջիկներն էլ մեզ հետ հավասար աշխատում էին, գիշերներն էլ գուլպա եւ ձեռնոց էին գործում եւ գործածների մեջ տեղավորում իրենց անուն-ազգանունով մի նամակ. «Մենք հավատում ենք, որ դուք շատ շուտով կհաղթեք, կվերադառնաք ու մանկատնից մեզ տուն կտանեք»։ Մեծ ու փոքր միայն մի բան էինք ուզում՝ հաղթանակ։

Որբ լինելս կյանքում շատ ճնշեց ինձ։ Անձնական կյանքս ում հետ ուզում էի կապել, հաճախ էի լսում՝ «որտեղ սոված, ծարավ, անտեր ու որբ տղա կա, մեզ համա՞ր է»։ Պատերազմը շատ վնաս էր տվել։ Ավերվել էին ոչ միայն քաղաքներ ու շեներ, այլեւ՝ մարդկանց հոգիները։

Վերջապես գտա մի ընտանիք, որն ընդունեց, հասկացավ ինձ։ Հարազատի ջերմությամբ ընդունեց, թիկունք եղավ։ Ամուսնացա Ջուլիետայի հետ, ունեցա հինգ երեխա, ու կյանքս ընկավ հունի մեջ՝ իր մեծ ու փոքր հոգսերով։ Տարիներ հետո մորս էլ գտա. շատ երիտասարդ է եղել ու հորս մահից հետո կրկին ամուսնացել է։ Մեզ թողել էր հորեղբորս խնամքին։ Սկզբում մտածում էի, որ չեմ ների նրան, բայց ամենազոր ժամանակը մարդուն ներողամիտ է դարձնում։ Հասկացա, գիտակցեցի, որ մայրս էլ է հոգեպես տանջվել, զղջացել իր արածի համար։ Խառը ժամանակներ էին ու… ներեցի մորս…

…Աշխատանքի շնորհիվ հաղթահարեցի կյանքի դժվարությունները։ Միշտ ազնիվ ու շիտակ եմ ապրել։ Իմ արդար քրտինքով վաստակած հացս չեմ փոխի շռայլ կյանքի հետ ու նույնը պատվիրում եմ զավակներիս։

…65 տարի է անցել այն օրից, երբ ֆաշիստները վերջնական պարտություն կրեցին։ Հիշողությունս 65 տարի ետ է գնում՝ դեպի մանկատուն, երբ հաղթանակից հետո շատերի ծնողները եկան ու իրենց զավակներին տուն տարան։ Մի փոքրիկ տղայի եմ տեսնում, որ ամեն րոպե վիզը ծռում է դռան կողմը՝ հուսալով, որ էս անգամ հաստատ իր հետեւից են եկել։

Ես պատերազմի չեմ մասնակցել, բայց պատերազմի պատճառած տառապանքն ու ցավը մինչ օրս մխում են սրտումս։ Մեծ մարդ եմ արդեն՝ իմ ամենօրյա դարդ ու ցավով, ուրախությունով, բայց էլի երբեմն ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս՝ եթե չլիներ պատերազմը… Հերն անիծեմ պատերազմի, որ ինձ անհեր ու անմեր թողեց…

ՑՈԼԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013