ՉԱՐԻՑ ԱԶԱՏ ԿԱՄՔ
Մարդու ազատ կամքը ընտրողական է, Աստծո կամքը` տնօրինական: Մարդը ազատ է ընտրելու իր ընթացքը, որը արդեն տնօրինված է Աստծո կողմից, այսինքն` հնազանդ պատվիրանապահությունը տանում է դեպի փրկություն, իսկ ամբարտավան հպարտությունը` դեպի կործանում:
Այլ կերպ հնարավոր չէ: Աստված միառժամանակ թույլատրում է մարդու կամքի ոչ դրական դրսեւորումը, որովհետեւ այդ կամքի գոյության արդարացումն ու հիմքը` ազատությունը, անխախտ կերպով հաստատված է հենց Աստծո կողմից եւ կազմում է մարդու էության առանցքը:
Ազատությունը դրսեւորվում է միայն ընտրության պահին. մարդը պայմաններ թելադրող չէ, այլ ընդամենը` ընտրող եղած պայմաններից, որոնց նա պարտադրաբար կամ հարկադրաբար հարմարվում է: Թյուր է այն կարծիքը, թե մեր Աստվածը բարի ու հանդուրժող է այնքան, որ մեզ արտոնում է վարվել ըստ մեր ցանկությունների` արհամարհելով իր կամքն ու պատվիրանները, կամ որ քրիստոնյան ազատ է ընտրելու` լինել քրիստոնյա, թե ոչ քրիստոնյա: Եթե մենք ընտրել ենք Քրիստոսին, ուրեմն՝ ընտրել ենք Նրա՛ անցած ճանապարհը, Նրա՛ ապրած կյանքը եւ Նրա` մե՛զ պարգեւած կյանքը: Մարդը ստեղծվել է Աստծո պատկերով եւ առանց Նրա ոչինչ անել չի կարող: Ինչպես արտացոլումը հայելու մեջ կրում է նույն պատկերը այն անձի, որ նայում է նրա մեջ, սակայն պատկերն ինքնուրույն մի բան չի կարող անել, այլ կրկնում է այն, ինչ անում է անձը, այնպես էլ մարդը պետք է անի այն, ինչ պատվիրում է Աստված: Ինչպես առաքյալն է ասում.«Այժմ տեսնում ենք, ինչպես պատկերը հայելու մեջ, իսկ այն ժամանակ պիտի լինի դեմ առ դեմ»:
Քրիստոնեական ազատությունը ազատություն է մեղքից, չարից եւ աշխարհից, Աստծո պատկերով ստեղծված եւ արարչագործ մարդու ազատությունն է, Աստծո ստեղծարար սիրո հետ համագործակցող մարդու ազատությունն է: Տիեզերքը արարվել ու գոյատեւում է Աստծո հաստատած օրենքներով, եւ այդ օրենքներին հակասող ազատությունը ողջ գոյավորի հետագան վտանգող ազատություն է: Սեփական անձնիշխան ազատ կամքը եւ բնազդներից կամ, շատ անգամ, չարից թելադրված ցանկությունները շփոթող ու նույնացնող մարդկանց բանեցրած ազատությունը Աստծո վսեմ արարչությունը եւ հենց իրենց գոյությունը ճղճիմ ինքնանպատակության դատապարտող ազատություն է: «Սեփական» ցանկություններով առաջնորդվելու համար բոլորովին էլ պարտադիր չէ քրիստոնյա դառնալ: Ազատության սահմանները կոչվում են մեկ բառով` պատասխանատվություն: Լինել ազատ, նշանակում է ի սկզբանե ընդունել մեր կոնկրետ գործողություններից բխող հետեւանքների հանդեպ պատասխանատվությունը: Տիեզերքում ողջ գոյավորի միջեւ առկա են պատճառահետեւանքային առնչություններ, որոնք գործում են շնորհիվ աստվածային նախասկզբնական եւ հավիտենական արդարակամության:
Քրիստոնյայի վերջնական նպատակը պետք է լինի իր ազատ կամքի ուղղումը դեպի միանշանակ բարի նպատակակետը: Քանզի Արուսյակը իր ազատ կամքով ընկավ իր դիրքից, Ադամը իր ազատ կամքով կերավ պտղից, եւ վերջապես, Քրիստոս Իր ազատ կամքով Խաչ բարձրացավ, որպեսզի մենք մեր ազատ կամքով դառնանք դեպի Նա, զղջանք` սատանա չդառնալու համար, եւ նորից հագնելու համար «զպատմուճանն զառաջին», որից մերկացել էինք: Հենց ազատ կամքի բարի դրսեւորումը նկատի ունենալով է, որ Քրիստոս ասում էր օրենսգետներին. «Գնացեք, պարզեք ձեզ համար, թե ինչ ասել է` ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ»: Եւ երբ Տերը ասում է. «Բաժին հանեցեք ձեր ունեցածից եւ ոչ թե` չունեցածից», նկատի ունի ոչ թե այն, ինչ պիտի բաժին հանենք, այլ` ինչով պիտի բաժին հանենք` բարի կամեցողությունը: Երբ մենք չենք կատարում Աստծո կամքը, կամ որ նույնն է` կատարում ենք սատանայի կամքը, (քանի որ վերջինիս կամքը մեր` Աստծո կամքը չկատարելն է), մենք չարանում ենք, կամ, որ նույնն է` ոչնչանում ենք: Մարդը չի կարող լինել անկամ, այլ պարզապես կարող է հրաժարվել չարի կամակատար լինելուց: Մարդուն Աստծուց տրված են կարողություններ եւ հնարավորություններ եւ կամք` դրանք ի չարը կամ ի բարին կիրարկելու ազատություն: Մարդու կամքի կատարելությունը ոչ թե այն է, որ նա կամենա անել բարին եւ չկամենա անել չարը, այլ, որ` կամենա չանել չարը եւ չկամենա չանել բարին. «Նա, ով գիտի, թե որն է բարին ու չի անում, այդ նրա համար մեղք է»: Քրիստոնյան եւ ոչ քրիստոնյան իրարից տարբերվում են նրանով, որ ոչ քրիստոնյան ցանկանում է, արտահայտում է իր ցանկությունը եւ իրագործում է այն` անկախ նրանից` համապատասխանու՞մ է այն Աստծո կամքին, թե՞ ոչ, իսկ քրիստոնյան ուզում է, սակայն արտահայտում է իր ցանկությունը եւ իրագործում է այն միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է Աստծո կամքին: Հարցն այն չէ, որ մենք մերժենք մեր բոլոր ցանկությունները, այլ` որ մերժենք մեր` Աստծո կամքին չհամապատասխանող ցանկությունները: Քրիստոնյան ոչ թե ցանկանում է մեղք չգործել եւ այդպես էլ անում է, այլ ամեն մեղքից, մեղսակամ ցանկությունից հրաժարումն ապահովվում է անտեսանելի, բայց դաժան պայքարի արդյունքում, քանզի քրիստոնյան ոչ թե կատարում է իր կամքը, այլ կամքը իր Հոր, որ Երկնքում է:
Տիեզերքում կա մեկ հիմնական իրողություն. դա տիեզերական պայքարն է Բարու եւ չարի, ինչի եւ ոչնչի, լույսի եւ խավարի միջեւ: Ժամանակը վախճան ունի, իսկ հավիտենությունը չունի: Կգա մի օր, երբ կանցնեն մարդկանց ցանկությունները, իսկ Աստծո կամքը հավիտյան կմնա, եւ կլինեն մարդիկ` իրենց ցանկություններից հրաժարվել կարողացածները` դրախտը վայելող, եւ մարդիկ, որոնք ամբողջ կյանքում հագուրդ տվեցին իրենց ցանկություններին, (որոնք իրականում իրենց ցանկությունները չէին, քանզի աստվածակերպ մարդը բնականորեն կամենում է նույնը, ինչ եւ Աստված), եւ ստիպված են «վայելելու» դրա դառը պտուղները:
Աստծո կամքին հնազանդվելը հավիտենական իրական երջանկության երաշխիքն է:
ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քհն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Հոգևոր-մշակութային