ԹԱԼԻՇԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Մեր թերթի վերջին համարներից մեկում պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ ընդարձակ հարցազրույցով ներկայացրել էինք «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի ստեղծման նախադրյալներն ու հեռահար նպատակները։ Օրերս կլրանա «Թալիշստանի ձայնի» եթեր դուրս գալու մեկ ամիսը, բայց կրքերը ԼՂՀ տարածքից հեռարձակվող ռադիոկայանի նկատմամբ ոչ միայն չեն հանդարտվել, այլև ավելի են սաստկացել՝ ստանալով տարածաշրջանային խնդիր դառնալու երանգավորում։
Ստորև ներկայացնում ենք վերոհիշյալ խնդրի շուրջ Ռուստամ Իսկանդարիի «Հայացք Մոսկվայից» վերտառությամբ վերլուծականը, որն արդեն տարածվել է զանգվածային լրատվության տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցով։
Թալիշստանի ձայն. «Հայացք Մոսկվայից»
Թեև պաշտոնական Բաքուն չի շտապում իր վերաբերմունքն արտահայտել «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի առիթով, սակայն Ադրբեջանի Հանրապետության պետականամետ զանգվածային լրատվամիջոցները միանշանակորեն քննադատում են այն՝ տպագրելով «Դատապարտված Հայաստանը փորձում է փրկվել՝ սադրանքներ հրահրելով» (day/az), «Զավթիչների նենգադավ ծրագիրը» վերնագրերով վերլուծական բնույթի հոդվածներ։
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման խորհրդի նախագահ, Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Բայրամ Սաֆարովը, օրինակ, տարածել է հետևյալ հայտարարությունը. «Մենք դատապարտում ենք Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի գործունեությունը, որը ստեղծվել է հայ անջատողականների ջանքերով, և ակնկալում ենք, որ հայերի այդ ձեռնարկումը դատապարտվի միջազգային մակարդակով (ԸկԸ)։ Իսկ ահա Salamnews.org կայք-էջին նա հաղորդել է, որ «հայերը ձգտում են Ադրբեջանում ներքին հակամարտություններ հրահրել, բայց նրանց երազանքը մնալու է անկատար»։
Ահա այսպես, թալիշական խնդրին։ Լեռնային Ղարաբաղից հեռարձակվող ռադիոկայանը ի ցույց դրեց Ադրբեջանի հասարակությունում առկա էթնիկ հարաբերությունների ճգնաժամը իր ողջ խորությամբ, ճգնաժամ, որն այլևս անհնար է անտեսել կամ թաքցնել։
Իրականությունն այն է, որ վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունում հետևողականորեն ոտնահարվել են այնտեղ ապրող բնիկ ժողովուրդների ազգային իրավունքները, հետևողականորեն հալածվել, հետապնդվել են այդ ժողովուրդների հասարակական-քաղաքական գործիչները, մտավորականները, արվեստագետները… Դեռ մինչ օրս Ադրբեջանի Հանրապետությունը չի վավերացրել ազգային փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիան։ 1991թ. սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Էլչիբեյի՝ ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի և փոքրաթիվ ազգությունների մասին մեկ ամսվա ընթացքում օրինագիծ մշակելու հրամանը այդպես էլ մնաց թղթի վրա։ Այն ժամանակների իշխանության նախաձեռնած PR քայլի ուղղությամբ մինչ օրս որևէ քայլ ձեռնարկված չէ։ Ավելին՝ 2007 թվին շինծու՝ Իրանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով ձերբակալվեց թալիշերեն «Թալիշի սադո» («Թալիշների ձայն») թերթի գլխավոր խմբագիր Նովրուզ Մամեդովը, որը հետո՝ 2009-ին, սպանվեց բանտում։ Ավելի ուշ խիստ կասկածելի հանգամանքներում սպանվեցին նաև նրա երկու որդիները՝ Քամրանն ու Էմիլը։ Իսկ կինը ճարահատ արտագաղթեց Նիդեռլանդներ։ Գլխավոր խմբագրի պաշտոնում Մամեդովին փոխարինող Հիլալ Մամեդովը (ազգանվանակիցն է) ձերբակալվեց 2012-ին։ Նա, նախ, մեղադրվեց թմրանյութեր պահելու համար, ապա մեղադրանքը փոխարինվեց պետական դավաճանության հոդվածով՝ հօգուտ Իրանի լրտեսություն անելու համար։ Թալիշ շատ մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ֆախրեդդին Աբոսզոդեն, Ալիաքրամ Գումանովը և այլք, հալածանքներից խուսափելու համար լքեցին իրենց հայրենիքն ու այսօր ստիպված են ապրել վտարանդիության մեջ։
«Ժողովուրդների բանտի» վերածված Ադրբեջանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների համար Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանն ունեցավ «Մի կում մաքուր ու թարմ օդ շնչելու» նշանակություն և կարևորություն։ Շեշտենք նաև, որ ռադիոկայանի ի հայտ գալով վերջ ի վերջո կոտրվեց թալիշերենով ռադիոհաղորդումներ հեռարձակելու տասնամյակներ շարունակ գործող արգելքը։ Երևույթ, ինչի դեմ այլևս անկարող են պայքարել այդ երկրի իշխանությունները։ Ի դեպ, բոլորովին էլ անկարևոր չէ այն փաստը, որ ռադիոկայանն ունի հենց «Թալիշստանի ձայն» անվանումը, ինչը թերևս մեկ անգամ ևս ընդգծում է թալիշներով բնակեցված տարածքների պատկանելությունը՝ Թալիշստան։
Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների, էթնիկ խմբերի և փոքրաթիվ ազգությունների շուրջ ստեղծված ստրկական նման իրավիճակը վարպետորեն օգտագործելու շնորհիվ է, որ հայերը կարողացել են ստեղծել ռադիոկայանը։ Եվ տեղին է հնչում ռադիոկայանի հիմնադիր՝ պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հարցադրումը. «Իսկ ինչո՞ւ, մասնավորապես, նրանք (ադրբեջանցիները) իրենց երկրում չեն ստեղծում թալիշերենով ռադիոհաղորդումներ, չեն անցկացնում թալիշագիտական գիտաժողովներ և այլն»։
Իսկ հիմա այն մասին, թե ինչ են մտածում իրենք՝ թալիշները, ռադիոկայանի առիթով։ ՌԴ շիա-մահմեդականների հոգևոր վարչության նախագահ, ազգությամբ թալիշ Ֆ. Ջաֆարովը, անդրադառնալով այս խնդրին, ասել է. «Ադրբեջանի բռնազավթված տարածքներից եթեր հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի գործունեությունը, իհարկե, հետապնդում է քաղաքական նպատակներ… Նրանց (հայերի) նման քայլի է «դրդել» թալիշների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը… Հայերն էլ օգտագործել են Ադրբեջանի իշխանությունների թույլ տված բացթողումները, սխալները»։ Նույնն է պնդում նաև «Ազերի թալիշական միավորման» երիտասարդական թևի ղեկավարը. «Ի վերջո, մենք երկար տարիներ ենք անհամբեր սպասել այն օրվան, երբ գոնե օրական 5 րոպե թալիշերենով նորությունների ծրագիր կլսենք։ Հուսով եմ՝ իշխանությունները կհասկանան և կփոխեն ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց որդեգրած քաղաքականությունը և այլևս ձեռք կքաշեն «պատմականորեն մենք եղբայրներ ենք» շինծու կարգախոսից։ Ըստ «Ազերի-թալիշական միավորման» ղեկավար Մ. Սաֆարովի, 4 ամիս առաջ իրենք երկրի նախագահ Իլհամ Ալիևին և ազգային հեռուստառադիոհաղորդումների խորհրդի նախագահին դիմել են Լանքոնում գործող «Ջանուբ» TV ալիքով թալիշերեն ռադիոհաղորդումներ հեռարձակելու խնդրանքով, սակայն այդպես էլ պատասխանի չեն արժանացել։ Երբ որևէ պատասխանի ակնկալիքով հիմա էլ դիմել են նախագահի աշխատակազմի ղեկավարին, ստացել են հետևյալ պատասխանը. «Չեմ հասկանում, ի՞նչ են ուզում թալիշները։ Ո՞վ է նրանց խանգարում. թող իրենց խոհանոցներում, ինչքան ուզում են, թալիշերեն խոսեն, երգեն, պարեն, ուրախանան… Ռադիոհեռուստատեսային հաղորդումներ մենք նրանց չենք տալու… Եթե նրանց տանք, ապա ինչ անենք մյուսների՝ լեզգիների, քրդերի, թաթերի (պարսիկ) և մյուսների դեպքում»։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի Հանրապետության ազգատյաց քաղաքականությունը, մանավանդ աշխարհով մեկ տարածված հակաալիևյան քարոզչության պայմաններում, այլևս չեն կարող հանդուրժել այդ երկրում ապրող ո՛չ թալիշները, ո՛չ էլ լեզգիները, ավարները, թաթերը և մյուս բնիկ ժողովուրդները, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար։ Որպես օրենք, նման իրավիճակներում իշխանությունները, ինչպես նաև «գրպանի» ընդդիմությունը սկսում են, իհարկե, մեղավորներ փնտրել ոչ թե երկրի ներսում, այլ դրսում՝ հայտարարելով, որ իրենք չորս կողմից շրջապատված են թշնամիներով՝ Հայաստան, Իրան, Ռուսաստան։ Olaylar.az կայք-էջի վերլուծաբանն, օրինակ՝ գրում է. «Թալիշական խնդիրը այնքանով է կարևոր Իրանի մոլլաների ռեժիմի համար, որքանով այն, ինչպես խաղաքարտ, կարող են ցանկացած պահի օգտագործել Ադրբեջանի դեմ պայքարելու համար։ Մեր հյուսիսային հարևանն էլ մի անգամ արդեն օգտագործել է «թալիշական խաղաքարտը», բայց, ինչպես հայտնի է, չի կարողացել արդյունքի հասնել։ Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր գործում են թալիշական ուսումնասիրությունների կենտրոններ։ Հավատարիմ մնալով իրենց կայսերապաշտական նկրտումներին, Մոսկվան այսօր էլ շարունակում է «աշխատել» Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ, և «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի թիկունքում հստակորեն երևում են Իրանի ու Ռուսաստանի ուրվագծերը։ Ռուսաստանը ֆինանսավորում է Ադրբեջանին ուղղված ցանկացած սադրանք… Իսկ Հայաստանն ընդամենը խաղալիք է այս երկրների ձեռքում, երկրներ, որոնց միավորում է միայն համատեղ շահը»։ Իսկ «Մուսավաթ» կուսակցության կայք-էջում (ի դեպ, այս կուսակցությունն անհիմն փորձում է իրեն ներկայացնել որպես ներկա իշխանությանն ընդդիմադիր ուժ և նույնիսկ որոշակի «խաղեր» է տալիս ազգությամբ թալիշ որոշ գործիչների հետ) կարդում ենք. «Բողոքի հզոր ցույցեր Իրանի և Ռուսաստանի սանձազերծած թալիշական սադրանքների դեմ» վերնագրով մի հոդված, որում պատմվում է, թե ինչպես երեք թալիշներ նամակով դիմել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ահմադինեժադին՝ խնդրելով թույլ չտալ, որ իրանցի թալիշներն աշխատեն Շուշիի ռադիոկայանում… Հենց այս երեք խեղճերի դիմումն է, որ Բաքվի լրատվամիջոցները ներկայացնում են որպես «բողոքի հզոր ցույցեր»։ Ահա թե ինչպես է մեկնաբանում «երեքի դիմումը» «Թալիշների վերածնունդ» շարժման առաջնորդ Ֆախրեդդին Աբոսզոդեն. «Նման մարդիկ նույնիսկ այնքան խելք չունեն հասկանալու համար, որ եթե հայերը, ելնելով իրենց ազգային շահերից, հարմար են գտել ստեղծելու նման մի ռադիոկայան, ապա թալիշները, եթե չեն կարողանում շնորհակալություն հայտնել նրանց, պետք է գոնե փաստն օգտագործեն իրենց ժողովրդի շահերի դիրքերից և ամբողջ աշխարհին ցույց տան, թե ինչպես են Ադրբեջանի Հանրապետությունում ոտնահարվում իրենց և ազգային մյուս փոքրամասնությունների շահերը»։ Աբոսզոդեն շարունակում է. «Ես տարակույս չունեմ, որ Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը գործում է ի շահ մեր ժողովրդի և մեր ժողովրդի պայքարի նոր դարաշրջանն է ազդարարում, իսկ ովքեր էլ այս կամ այն պատճառով չեն կարողանում հրապարակավ պաշտպանել «Թալիշստանի ձայնը», ապա թող գոնե լուռ մնան և անձայն ուրախանան ու վայելեն…»։
«Թալիշստանի ձայն» ռադիոկայանի ստեղծումից հետո Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունը նիստ է հրավիրել. «Անհանգստացած ենք Շուշիից հեռարձակվող «Թալիշսթոնի սադո» ռադիոկայանով և հայտարարում ենք, որ դրա հետևում կանգնած է Ռուսաստանի Դաշնությունը»։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի պառլամենտի պատգամավոր Ֆարաջ Ղուլիևը՝ ասելով. «Ռադիոկայանի հարցը պետք է քննարկվի Միլի մեջլիսում, որպեսզի ժողովուրդն իմանա Ռուսաստանի խաղերի մասին»։ Նախկին քաղբանտարկյալ Էյնուլլահ Ֆաթուլաևը, որը հիմա Ալիևի իշխանության խոսափողներից է, Ադրբեջանում բարձրացող դժգոհության ալիքը մեղմելու կամ շեղելու համար վերջերս հրապարակ է հանել մի նոր «հայկական» սկանդալ. նա անողոք քննադատության է ենթարկել Ռուստամ Իբրահիմբեկովի (աշխարհահռչակ արվեստագետ, հայտնի մտավորական, «Անապատի սպիտակ արևը» կինոնկարի սցենարիստը և այլն) վերջին հարցազրույցը, երբ նա, մասնավորապես՝ ասել է. «Լեռնային Ղարաբաղը միայն հող չէ, այլ նաև ունի բնակչություն, որի հիմնական մասը հայերն են կազմում»։ Արվեստագետի այս խոսքերը թեև տարածվել են պետական և ոչ պետական բոլոր լրատվամիջոցներով, սակայն չեն ունեցել այն արձագանքը, ինչ ունեցավ ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը։
«Այս ամենի մեջ ի՞նչն է մտահոգում մեզ՝ թալիշներիս. ի վերջո, ե՞րբ Ադրբեջանի իշխանությունները և, այսպես ասած, դեմոկրատները կընդունեն ու կհասկանան, որ Թալիշստանը հիմնականում բնակեցված է թալիշներով և պատմականորեն պատկանում է հենց թալիշներին»։
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ռազմաքաղաքական