ԷՐԴՈՂԱՆ-ՕՋԱԼԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ՞ ՀԱՇՏԵՑՄԱՆ
«Հայ զինվորի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը
-Պարոն Չաքրյան, մոտ մեկ ամիս ժամանակ է անցել թուրք-քրդական հաշտեցման գործընթացից, որն սկսվեց PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հայտնի՝ զենքը վայր դնելու (շատերի համար անսպասելի) կոչով։ Կարո՞ղ ենք այսօր այդ ուղղությամբ որևէ նկատելի առաջընթաց արձանագրել։
-Ինչ խոսք, շատերի համար անսպասելի կոչ էր, բայց, անտարակույս, դրան նախորդել են թուրքական իշխանությունների Օջալանի հետ վարած երկարատև բանակցությունները։ Օջալանի՝ զենքը վայր դնելու կոչն ընդամենը արդյունք է ամիսներ տևած ծանր բանակցությունների։ Մի բան ակնհայտ է, որ քրդական հարցի կարգավորման գլխավոր նախապայմանը արյունահեղությունը դադարեցնելու ձգտումն էր։ Հիշենք անցյալ տարիների արյունալի բախումները, երբ երկու կողմերն էլ մեծաքանակ զոհեր տվեցին։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը գոնե արյունահեղությանը վերջ տալու հարցում վճռական է։ Նույնն են գիտակցում նաև PKK-ի հրամանատարները։ Եվ պատկերացրեք՝ գոնե այս հարցում որոշակի առաջընթաց կամ արդյունք արդեն արձանագրվել է. շնորհիվ հաշտեցման այս նախաձեռնության վերջին ժամանակներում թե՛ PKK-ն և թե՛ թուրքական անվտանգության ուժերը զոհեր չեն տվել։ Սակայն, իմ համոզմամբ, թուրք-քրդական հաշտեցման նախաձեռնությունը չի հանգեցնի խաղաղության. հարցերը շատ են։ Օրինակ՝ քրդերին որքանո՞վ կբավարարեն կառավարության քայլերը, կամ ի՞նչ են նրանք հասկանում քրդական հարցի կարգավորում ասելով. այս հարցերի հստակ պատասխանն առ այսօր չկա, օդում կախված է։
-Պարոն Չաքրյան, կարծեմ՝ հաշտության նախապայմաններից մեկն էլ ոչ միայն զենքը վայր դնելը, այլև զինյալ մարտիկների՝ Թուրքիայի սահմաններից հեռանալն է։ Դուք ինչպե՞ս եք այդ հարցը պատկերացնում՝ հեռանալ, բայց ո՞ւր։
-Ենթադրվում է, որ զինյալները պետք է հեռանան Հյուսիսային Իրաքի «Քուրդիստանի» շրջան, որը դե-ֆակտո անկախ է… Բայց չմոռանանք, որ մինչ օրս թուրք-քրդական բախումների ժամանակ քուրդ զինյալները Թուրքիա են ներթափանցել հենց Հյուսիսային Իրաքից։ Այնպես որ, PKK-ի մարտիկները, Թուրքիայի սահմաններից հեռանալով և Հյուսիսային Իրաք տեղափոխվելով, բոլորովին էլ չեն դադարի մարտիկ լինելուց, եթե անգամ զենքերը թողնեն Թուրքիայում։ Անհրաժեշտության դեպքում նրանք կրկին կզինվեն ու Թուրքիա կներթափանցեն։
-Դուք ասում եք՝ անհրաժեշտության դեպքում, այսինքն՝ եթե հաշտության նախաձեռնությունը տապալվի, և կրկին սրվեն թուրք-քրդական հարաբերությունները։ Իսկ ի՞նչ գործոններ կարող են հիմնական դերակատարություն ունենալ։
-Ամենից առաջ՝ տարածաշրջանային երկրների, ինչպես նաև միջազգային ուժերի քրդական հարցի նկատմամբ վերջիններիս ցուցաբերած մոտեցումներից։ Եթե անհրաժեշտ է լարվածություն ստեղծել Թուրքիայում, ապա դժվար չի լինի PKK-ի մարտիկներին զինելն ու նորից սահմանից այն կողմ ուղարկելը։ Այդ երկրներից առանձնապես որոշակի դերակատարություն ունի Իսրայելը, որը լրջորեն հետաքրքրված է ոչ միայն քրդական հարցի զարգացումներով և PKK-ի զինյալների գործողություններով, այլև Հյուսիսային Իրաքի «Քուրդիստանի» շրջանով, որտեղ արդեն հասցրել է տեղակայել ռազմակայան։ Անգամ, ըստ որոշ տվյալների, հենց դրանք են մարզում «Քուրդիստան» շրջանի կանոնավոր զորքի զինվորներին՝ փաշմարգաններին։ Կրկնեմ՝ թուրք-քրդական հաշտության նախաձեռնության վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանային քաղաքական զարգացումները և այդ զարգացումներին միջամտելու (կամ ուղղորդելու) միջազգային ուժերի նախաձեռնությունները։
-Իսկ ինչպիսի՞ն է թուրքական քաղաքական շրջանակների արձագանքը վարչապետ Էրդողանի այս նախաձեռնությանը։
-Ո՛չ միանշանակ։ Շատերն այն պայմանավորում են Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցնելու՝ վարչապետ Էրդողանի հաշվարկներով. քրդերին զիջումներ է անում, որպեսզի նախագահ ընտրվելու դեպքում ստանա քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների աջակցությունը խորհրդարանում։ Ազգայնականները շատ ավելի հեռուն են գնում՝ Էրդողանին մեղադրելով դավաճանության համար։ Այնպես որ, վարչապետ Էրդողանի վիճակը, իրոք, աննախանձելի է։
-Իսկ հայտնի՞ է, թե ինչի դիմաց է PKK-ի առաջնորդը զենքը վայր դնելու կոչով դիմել իր մարտիկներին։
-Հստակ որևէ բան դժվար է ասել, սակայն շրջանառվում են մի քանի տեսակետներ. մեկը, որ Թուրքիան անցնում է, ինչպես ասացի, կառավարման նախագահական համակարգի։ Այս դեպքում, երբ նահանգապետերի և քաղաքապետերի պաշտոնը ընտրովի կլինի, ենթադրվում է՝ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում կընտրվեն ազգությամբ քուրդ նահանգապետեր և քաղաքապետեր։ Իրենց ձեռքը վերցնելով տեղական ինքնակառավարման մարմինների ղեկը՝ քրդերը Թուրքիայի հարավարևելյան և արևելյան շրջաններում իրենց համար կապահովեն որոշակի ինքնավարություն, այսինքն՝ նրանք կունենան եթե ոչ դե-յուրե, ապա գոնե դե-ֆակտո յուրատեսակ ինքնավարություն…
-Իսկ այդ, այսպես կոչված, «յուրատեսակ ինքնավարությունը», արդյոք կբավարարի՞ քրդերին։
-Իմ համոզմամբ՝ ո՛չ. հակամարտությունը տասնյակ տարիների վաղեմություն ունի, շատ արյուն է թափվել, և անկախության ձգտումներն ու իղձերը տարիների ընթացքում շատ ավելի խորն են արմատավորվել քրդերի հոգում։ Տեսեք. ես բավականին խորհրդանշական եմ համարում այն փաստը, որ Աբդուլլահ Օջալանի հաշտության կոչը ընթերցվեց հենց Դիարբեքիրում, որ համարվում է Հյուսիսային Քրդստանի մայրաքաղաքը։ Վայրը պատահաբար ընտրված չէր և ոչ էլ պատահաբար էր ներկա «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր տիկին Թուղլաքը, որը ելույթ է ունեցել կոչից հետո ու հայտարարել, որ տարիների անձնազոհ պայքարի վերջակետը լինելու է ազատությունը։
-Ասել է թե՝ թուրք-քրդական հաշտեցման նախաձեռնությունը հազիվ թե ցանկալի արդյունքի հանգի։
-Իհարկե։ Թուրքիան և թուրքերը սպառել են թուրք բնակչության հետ հաշտվելու, ունիտար պետության կազմում համատեղ գոյատևելու բոլոր հնարավորությունները՝ արգելելով քրդերին մայրենի լեզվով կրթություն ստանալ, իրենց իրավունքների մասին խոսել, ինչպես նաև՝ թույլ չտալով քրդական հարցի մասին հրապարակավ բարձրաձայն արտահայտվել… Հիշենք, որ մինչև վերջերս Թուրքիայում քրդական հարցը տաբու էր, ինչպես, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցը։ Թուրքերը տասնամյակներ շարունակ ամեն կերպ ժխտել են քրդերի ազգային ինքնությունը, ավելին՝ պատժվել են բոլոր այն քրդերը, որոնք փորձել են արտահայտվել քրդերի ազգային ինքնության մասին և անգամ քրդերեն խոսել տան սահմաններից դուրս… Եվ այսօր թուրքերը, ինչպես ասում են, հնձում են այն, ինչ ցանել են տասնամյակներ շարունակ…
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական