«ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՄԵՐ ՔՈՒՅՐՆ Է ՄԵՌՆՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵԶ ՆՄԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ է…»
Փոքր երկրի քաղաքացի լինելը մի մեծ առավելություն ունի, այստեղ բոլորը, կամ գրեթե բոլորը ճանաչում են իրար։ Անգամ եթե չեն էլ ճանաչում, մի երկու-երեք խոսք փոխանակելով ու կծիկի ծայրը գտնել-քանդելով, հասնում են մինչև յոթը սերնդի «արմատ-սաղարթներին»։
Գագիկ Ասրյանին ճանաչում էի դեռևս ուսանողական տարիներից։ Գիտեի, որ նա Արցախյան շարժման առաջին իսկ օրերից նվիրումով էր լծվել այդ վեհ նպատակին։ Ասկերանի կուսշրջկոմում զբաղեցնելով պատասխանատու պաշտոն` նա, ոչ մի դժվարության առջև չերկնչելով, ակտիվորեն մասնակցել է ստորագրահավաքներին, հանրահավաքների կազմակերպմանը, Նորագյուղի գաղտնի ժողովին։ Նա է գաղտնի ձայնագրել Ադրբեջանի կոմկուսի ԿԿ երկրորդ քարտուղար Կոնովալովի ելույթն Ասկերանում, իր կնիքով կնքել է Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին շրջանի ակտիվի կողմից ընդունված որոշումը, քայլ, որը տվյալ ժամանակահատվածի համար մեծ համարձակություն էր։ Գ. Ասրյանը կնոջ` Լաուրա Մարտիրոսյանի (Ստեփանակերտի հ. 2 հիմնական դպրոցի տնօրեն) հետ եղել է Ղարաբաղից Երևան ժամանած և 1988թ. փետրվարի 20-ին առաջին մեծ հանրահավաքին Ղարաբաղի ձայնը հնչեցրած պատվիրակության կազմում, ինչպես նաև հաջորդ օրը` փետրվարի 21-ին, հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ` ի դեմս Կարեն Դեմիրճյանի։
Գ. Ասրյանը Պաշտպանության բանակի սկզբնավորումից մինչև 2010թ. հոկտեմբեր ծառայել է ՊԲ-ում, ՊՆ համակարգում եղել է ԶՈՒ իրավապահ մարմինների ստեղծման առաջատարներից և նախաձեռնողներից, զբաղեցրել ԼՂՀ զինտրիբունալի նախագահի, ՊԲ իրավաբանական բաժնի պետի, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնները։ Ծառայության բերումով մոտ մեկուկես տասնամյակ շփվելով Գ.Ասրյանի հետ` գնահատել եմ նրա նպատակասլացությունը, նվիրվածությունը, կողքինին կարեկից լինելը, հայրենի հող ու եզերքին ամուր թելերով կապվածությունը և, իհարկե, նրա մեծագույն «թուլությունը»` հայրենասիրությունը։
Վերջերս բարեպատեհ մի զրույցի ժամանակ տեղեկացա, որ Գ. Ասրյանն Արցախում առաջին անգամ Հայոց մեծ եղեռնին նվիրված միջոցառման կազմակերպիչներից էր և նրա գլխավոր զեկուցողը։
Հանդիպելով Գ. Ասրյանին` խնդրեցի ավելի մանրամասն պատմել իրադարձության մասին։
Հուշերը Գ. Ասրյանին տարան ոչ հեռու անցյալի կիզակետերից մեկը` Ասկերան, որտեղ նա աշխատում էր որպես կուսշրջկոմի հրահանգիչ։ Եթե տարիների հեռվից գնահատելու լինենք 1960-80-ականների սերնդի կատարածը, ապա առանց վերապահումների կարող ենք նրանց որակել որպես խիզախող սերունդ։ Որքան էլ որ տիրող կարգերը փորձում էին նրանց «զսպաշապիկ» հագցնել, այն նրանց հագով չէր։ Սերունդն այդ անհանգիստ էր, պրպտող, չհարմարվող։ Դրան նպաստում էին ընդհատակյա գործիչները, նաև հայատառ թերթերն ու ամսագրերը։ Գագիկը վերհիշում էր, թե ինչպես էին թերթերից ու ամսագրերից կտրում Գևորգ Էմինի, Էդուարդաս Մեժելայտիսի` Եղեռնին և արդարությանը նվիրված բանաստեղծությունները, այն բազմացնում ու տարածում ընկեր-մտերիմների շրջանում։ Նման գաղտնի շփումներից մեկի ժամանակ էլ Գագիկը Ղարաբաղյան շարժման նախակարապետներից մեկին` Սլավիկ Առուշանյանին, որն զբաղեցնում էր կուսակցության շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչի պաշտոնը, իրազեկեց, որ 1987թ. հունիսին Ստրասբուրգում Եվրապառլամենտն ընդունել է Հայոց մեծ եղեռնի իրողությունը։ «Սլավիկն ինձ չհավատաց,- վերհիշում է Գագիկը,- նույն օրը գնացի Խնապատ, բերեցի հանդեսի համարը, նա կարդաց, ու աչքերը ուրախությունից լցվեցին»։
«Սովետական Հայաստան» ամսագրում հաճախ էին հոդվածներ տպագրվում Եղեռնի մասին… Գագիկը հիշում է, թե ինչպես էին Կևորկովի հրահանգով ամսագրի մի շարք համարներ ետ խլվում բաժանորդներից, իսկ ինքը խնամքով թաքցնում էր, որ հետո տարածի ընկեր-համախոհների շրջանում։
Սլավիկ Առուշանյանի հետ (երկուսն էլ մասնագիտությամբ պատմաբան են) միշտ մասնագիտական քննարկումներ էին ունենում ու համարյա մշտապես համերաշխորեն նրանց էր միանում «Կարմիր դրոշ» թերթի խմբագիր Կոմիտաս Դանիելյանը։
Հոգեմտավոր ընդվզման մի պահի` 1988թ. ապրիլի 23-ի շաբաթ օրը, նրանց մոտ միտք է հղանում նշելու Եղեռնի 73-ամյակը։ Ասում են ու գործի անցում։
«Ժամանակը կարճ էր, սակայն ցանկությունը` մեծ, – վերհիշում է Գ. Ասրյանը,- չեմ կարող չհիշել Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Ղուլյանի` անվանի հայրենասեր տիկնոջ նախանձախնդրությունը, նույն դպրոցի ջոկատավարուհու կատարածը… Ընդամենը հաշված ժամերի ընթացքում նա 15 աշակերտի ո՛նց հասցրեց ասմունք- մոնտաժ պատրաստել։ Այդ այն դեպքում, երբ կուսշրջկոմի միջոցառումներին ամիսներով էինք նախապատրաստվում»։ Մանրամասները Գագիկը չի հիշում, սակայն լավ է հիշում իր` գլխավոր զեկուցողի ելույթի առաջին նախադասությունը` մեջբերված Անատոլ Ֆրանսից. «Արևելքում մեր քույրն է մեռնում, քանի որ մեզ նման քրիստոնյա է»։ Նրա զեկուցմանը հաջորդում է Ալյոշա Գաբրիելյանի ելույթը, Կոմիտաս Դանիելյանի հայթայթած ու ճիշտ ընտրած Մեծն Կոմիտասի «Պատարագը» մինչև ուղնուծուծը հուզում էին ներկաներին, իսկ երեխաների ասմունքը բառերով նկարագրել` կնշանակի ոչինչ չասել։ Ասկերանի ակումբի լեփ-լեցուն դահլիճը շունչը պահած հետևում էր ելույթներին ու վայելում Կոմիտասի աստվածային երաժշտությունը։ Դրսում անհանգիստ շրջում էին միլիցիայի աշխատողներն ու խորհրդային բանակի ներքին զորքերի ներկայացուցիչները` հրամանատար, փոխգնդապետ Անատոլի Սիդորենկոյի գլխավորությամբ։ Գագիկի հավաստմամբ` Սիդորենկոն հայասեր էր ու հայամետ, դեպքերից առաջ անցնելով, նա ասաց նաև, որ 1988-ի փետրվարի 23-ին հանդիպել է Անատոլի Յակովլևիչին, և վերջինս ասել է. «Դուք արդար եք, դուք հաղթելու եք»։ Իսկ 89-ին Ստեփանակերտում քայլերթերից մեկի ժամանակ կիսաձայն զգուշացրել է. «Ասացեք ժողովրդին` պրովոկացիաների չենթարկվեն, նրանց շարքերում սադրիչներ կան»։
Վերադառնանք Ասկերանի դեպքերին։ Այդ օրը` 1988թ. ապրիլի 24-ին, առաջինը Գագիկին շնորհավորեց Ասկերանի միլպետ, մայոր Վլադիմիր Ավագիմյանը։ Վերջինս սեղմելով օրվա հերոսի ձեռքը` ասել է. «Շնորհակալ ենք, մենք ևս մեկ անգամ մեզ հայ զգացինք»։ Ժողովուրդը հանգիստ ու խաղաղ ցրվեց։ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումն ազգային համախմբման վառ օրինակ էր։ Թերթերը գրեցին այդ մասին, հատկապես հանգամանալից դրան անդրադարձավ «Կարմիր դրոշ» շրջանային թերթը, գրեցին` մատնանշելով, որ նրանք առաջինն էին։
1989թ. նույն առիթով մեծամասշտաբ հանրահավաք տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, սակայն, ինչպես հայտնի է, մի խումբ կազմակերպիչների այդ օրը ձերբակալեցին։
ՍԻՐՎԱՐԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ
www.artsakhtert.com, 25.04.2013